Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Հրաչյա Մաթևոսյանի մահով գոյացավ մի մեծ դատարկություն

Հրաչյա Մաթևոսյանի մահով գոյացավ մի մեծ դատարկություն
30.06.2016 | 00:41

Մեր ազգի մի երևելի ևս լքեց մահկանացուների աշխարհը՝ հարստացնելով հայոց երկինքը: Ինձ համար նա հարազատ մարդ էր, բծախնդիր ու բարյացակամ ընթերցող: Մշտապես վայելել եմ նրա հետ շփվելու բավականությունը և շատ հաճախ հյուրընկալել նրան Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանում:

Այդպիսի մի հյուրընկալության վավերագիր է ստորև ներկայացվող գրախոսությունը, որը գրել եմ տուն-թանգարանում 2008 թվականի մայիսի 17-ին կայացած գրական ցերեկույթի առիթով:


Զարմանքի, հիացմունքի, ցավի և հիասթափության համատեքստում

Գրող, հրապարակախոս, Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի անդավաճան հարազատ Հրաչյա Մաթևոսյանը միշտ էլ կարող է խոսակցության, խորհրդածության թեմա դառնալ իրեն ճանաչող ու սիրող ընթերցողների համար, սակայն այսօր այդ թեման բավական կոնկրետ է և, անկեղծ ասած, բավական էլ դժվար է ասելիքը սահմանափակել այդ կոնկրետի շրջանակներում: Անցյալ տարի գրողը լույս է ընծայել երկու գիրք՝ «Ինձ մի՛ փրկիր, երկի՛ր» թատերգությունը և «Հայրենանկար» պատմվածքների ժողովածուն:


«Հայրենանկարն» արժանացել ՀԳՄ Մ. Նալբանդյանի անվան մրցանակին: Այն հայրենի գույներից և պատկերներից հյուսված խճանկար-հայելանկար է, որում յուրաքանչյուրս կարող է տեսնել իր արտացոլանքը: Հրաչյա Մաթևոսյանի հերոսները մեզ շատ ծանոթ են ու միաժամանակ շատ անծանոթ՝ Խորեն Պալյան, Լուսինե Զաքարյան, հողարվեստագործ Մարկոս Գրիգորյան, գյուղի չոբաններ, երեք տարին բոլորած և ոտքը չորսի մեջ՝ ահնիձորցի Մհեր, նանի ծաղկաշորով հանգուցյալ, ջերմուկցի տորֆաբույժ Լաուրա, «գեղապետ» Թադևոս Միսակովիչ, արցախյան հերոսամարտի մասնակիցներ Ժիրայր Սէֆիլյան, Վարդան Մալխասյան, Աշխարհբեկ հորեղբայր Մաթևոսյան և նույնիսկ վերջինիս խոյն ու «սելմագ-գյուղխանութից» գնված միանման չորս պահարաններից միակ լավագույնը: Հանրածանոթ, թե անհայտ, տաղանդավոր-տիտղոսավոր, թե շարքային մահկանացու, շնչավոր, թե անշունչ՝ հեղինակի գրչի տակ դառնում են հավասարաչափ կարևոր, հավասարաչափ սիրելի, հավասարաչափ երկյուղածության, պատկառանքի, լրջության, մանրամասնության արժանի:
Ժողովածուն բացվում է «Աշխարհը աշուղինն է» պատմվածքով: Դա մանկության մշտարթուն կարոտ ու երազ է ՝ Հրանտախպոր կերպար-առանցքով, որի անվան շուրջ հյուսվող յուրաքանչյուր պատմություն լուսաթաթախ է, եթե անգամ խոսքը աչքի լույսը կորցրած պատանու մասին է: Արձակ բանաստեղծությունը հյուսվում է կուրության «հմայքների» շուրջ. եթե կույր ես, մյուսներից տարբերվում ես մի մեծ առավելությամբ՝ կարող ես «կույր աշուղ» դառնալ: Ու նույն այդ բանաստեղծությունը՝ հորինված մեծ եղբոր սիրո և հոգածության շաղախից, հանկարծ հօդս է ցնդում պատրանքազերծ իրականության թելադրանքով. տղան սկսում է տեսնել. էլ ի՞նչ աշուղի համբավ ու ճակատագիր: Հեքիաթը մարում է՝ տեղի տալով անհեքիաթ իրականության առջև: Ու այդ իրականությունը հառնում է գրքի հաջորդ էջերից` գորշ ու վառ գույներով, բարի ու չար իրողություններով:


Հեղինակն իր հյուսած մահախոսականներով անմահացնում է հասարակ մահկանացուներին. այդպիսի մահախոսականների կնախանձեին ամենաբարձր պաշտոնյաներն ու ամենահարուստ օլիգարխներն անգամ: Հետո սիրելի թոռնիկ Մանեն թութ է ուզում, պապը ուրախ է, որ կարող է տալ թոռան ուզածը, բայց… Հեքիաթն ու երանությունը տեղի են տալիս դարձյալ. բա որ Մանեն Մասիս ու հայրենիք ուզի, ի՞նչ է անելու: Գեղեցիկ ու բարի հեքիաթը մեկեն դառնանում է: Սրան շատ նման մեկ այլ պատմության մեջ փոքրիկ տղան՝ հենց հեղինակը, առավոտ շուտ իրենց գյուղի Սուրբ Զորավոր մատուռ ուխտի է գնում նանի հետ և վերադառնում անոթի փորով, բայց այնքան հագեցած, որ իր բաժին հացի պատառը տալիս է քրոջն ու եղբորը. ինքը կուշտ է, եկեղեցուց է գալիս:


Մանկության անմեղ թեմաներին փոխարինելու են գալիս մեծերի աշխարհը հեղեղած հոգսուցավերը: Էջ առ էջ թերթում ենք մեր իսկ ապրած կյանքի մանրամասները. այնքա՜ն ծանոթ են ամեն բան և ամեն ոք: Հենց թեկուզ հիշենք անանուն գյուղի անանուն «Գեղապետին», նրա ընտրություններն ու ընտրողներին՝ մեզ նման անտեղյակ ու անմասն իրենց սեփական ձայնին:


Հրաչյա Մաթևոսյանի անխոնջ գրիչը պատկերում է «Հայոց մեծապուճուր աշխարհը»՝ իր մեծ ու պուճուր մարդկանցով, որոնցից շատերն անգամ մի կարգին հասցե չունեն, ինչպես օրինակ ՝ Աշխարհբեկ հորեղբայր Մաթևոսյանի որդի Կառլեն-Սվետիկը, որի ունեցած-չունեցած հասցեն սա է. «Հայաստան, Ահնիձոր, Ցամաք փոսի փողոց, տուն համար առաջին ու վերջին»: Կյանքի բազմաչարչար հորձանուտում «ամեն օր մանրամասնորեն զոհվող» այս անհայտներից մեկը՝ Իխտիար պապը, որ «ուղտի ականջում քնելու ցեղական սովորություն ուներ», հանկարծ իմանում է, «որ իր ձեռքի տակ մեծացած էշերը խառնվում են տեղական իշխանության գործերին, առաջարկներ են անում, երբեմն ինքնամոռաց էշ-էշ քացի են տալիս, ախորժակով զռում են, կասկածել են տալիս, բայց պետք է խոստովանել, որ վերջ են տալիս քարացածությանը: Շատերը հրաժեշտ են տվել ախոռին, արոտին, փալանին, բռնել են քաղաքի կամ կուսակցության ճանապարհը, արդեն փողկապավորված մոտենում են ամբիոններին, ուզում են խելոք ու խելացի երևալ, բայց չեն կարողանում թաքցնել ականջները»:


Այո՛, սրանք իրենց տեսակից, իրենց արմատ-ծագումից հրաժարված էշերն են: Ու այդպիսի մի էշի հետքով էլ գյուղացի պապի չգիտեսորտեղացի թոռը հասնում է Մոնտե Կառլո, որովհետև այսօր բոլոր ճանապարհները տանում են ոչ թե Հռոմ, այլ խաղատուն: Ու հենց այս էշերի մեղքով էլ հայերս աշխարհին ներկայանում ենք իբրև անգետ ու ապաշնորհ մի ազգ, որին պետք է սովորեցնել կաթից մածուն մերել, մակարոն պատրաստել, ֆուտբոլ խաղալ… ու այսպիսի ուրիշ բաներ: «Ամեն ինչ գիտենք, բայց գալիս են, որ նոր-նոր բաներ սովորեցնեն, հինը նորոգեն, մեր աշխարհը աշխարհ դարձնեն, մեզ նորից հալեն, ձուլեն ու եվրոպացի սարքեն»,- բողոքում է հեղինակը:


«Դավ» պատմվածքում գրոտեսկը հասնում է գագաթնակետին՝ իր մեջ ներառելով տգիտության փայլով հրավառ նախագահին ու նրա հավատարիմ նազիրին, որոնց իմաստակությունը «շահեկանորեն» ի ցույց է դրվում Պատմահոր «Ողբի», արցախյան ազատամարտիկների կերպարների համապատկերում: Խոսքի սուր ածելին չի խնայում ո՛չ նախագահ, ո՛չ նախարար, ո՛չ օլիգարխ:


Նույն համատեքստում է ասելիքը «Ինձ մի՛ փրկիր, երկի՛ր» թատերգության մեջ: Գլխավոր գործող անձը՝ Հեղինակը, իր երևակայական զրուցակիցների՝ Չարենցի արձանի, Ազատ Գասպարյանի «չարենցահեղեղ» ձայնի, «սափրագլխի գիտական մակարդակը» նվաճած Ստվերի հետ շփման ընթացքում հաղորդակից է դարձնում մեզ իր և բոլորիս ցավին («Ամենուր դատարկությամբ լցնելը շատ է հեշտացել»: «Ձեռնասուն են դարձրել մտավորականներին»: «… հայերը թուրքին ազատել են մի գործից՝ արդեն իրենք են իրենց ոչնչացնում»):
Զրույցի ընթացքում ծնվում ու անպատասխան են մնում մի շարք հարցեր. «Մեր ժողովրդի անունը հա՞յ է, թե՞ մենակ»: «Տունը… երկիրը դրախտ դարձնե՞լն է հեշտ, թե՞ դժոխքի վերածելը»: Ապա և հնչում է պատասխանը. «Պոետին չենք լսել, շարունակում ենք չլսել»: Ու դրանից բխող նոր հարցը. «…Չլսելով ո՞ւր պիտի հասնենք»:


Գրողի մտահոգությունները աղաղակող են: Հայաստանի ողջ տարածքը սահման է, ու սահմանամերձ տարածքները դատարկ են: Մենք սովորել ու վարժվել ենք կորցնելու խայտառակ արհեստին, կողոպտվելու, թալանվելու դժբախտությանը: Իսկ մեկ օրվա կորցրածը հարյուր տարում չի կարելի հետ բերել: Ներկան կորցնելով, պապական ունեցվածքը կորցնելով՝ չի կարելի ապագայի հետ հույսեր կապել: Մենք օտարվել ենք ինքներս մեզնից: Բարոյականությունը տեղ չի գտնում իր համար մեր պատմական հողում, մեր` Խորենացի տված հողում, թեև արդեն գրեթե երկու տասնամյակ է՝ անկախացել ենք:


«Անկախության փողը փչեց ու փող բերեց փողասերներին»,- ասում է Հեղինակ հերոսն ու արտածում մեր ունեցած-չունեցած անկախության՝ իր բանաձևը. «Անկախությանը հասնելու համար միայն վեց հարյուր տարի երազել ենք: Օ՜, անկախություն: Իբր մենք հող ունենք, տեղ ունենք, ամեն ինչ տվել ենք օտարին, զավթել են, իրենցով արել: Մեր երազած անկախությունը որտե՞ղ հանգստանա, որտե՞ղ ինքնահաստատվի»:


Եվ այսպես՝ հարցեր-պատասխաններ, պատասխանների մեջ՝ նոր հարցեր, նոր որոնումներ, որոնց միջոցով հայի ցավին գերի հեղինակը բոլորիս մեջ կարողանում է բորբոքել մեր արժանապատվության, պահանջատիրության, ազգանվիրության անթեղված կրակը: Ուրեմն, պետք է ինքներս մեզնից չօտարվելու, մեր հենքն ու արմատը տարորոշելու համար ժամանակ առ ժամանակ թերթենք Հրաչյա Մաթևոսյանի գրքերը և դրանց էջերում ճանաչենք մեր անցյալը, ներկան ու, տա՛ Աստված, ապագան: Ճանաչենք դրանց հեղինակին, որը գրող լինելուց բացի, համարձակ քաղաքացի է. ինքն իրեն խոցելի դարձնելու չափ համարձակ:
Չգիտեմ՝ օրերի շիկացած քաղաքական մթնոլորտի՞ց է, թե՞ Հրաչյա Մաթևոսյանի քաղաքացիական դիրքորոշման հետ ունեցած համաձայնությունից, որ խոսքիս ընթացքում առավելապես շեշտադրվեցին հրապարակախոսական բնույթի երկերը, բայց սոսկ իբրև ընթերցող, իբրև գրի ու գրականության հանդեպ պատկառանք և փոքրիշատե գրական ճաշակ ունեցող մարդ՝ պիտի խոստովանեմ, որ Հրաչյա Մաթևոսյան մարդը և գրողն ինձ համար դառնում են համաժամանակյա արժեք հատկապես այն երկերի շնորհիվ, որոնցում նա իր հայրենի եզերքի, իր մանկության հուշերի, իր սիրելի մարդկանց ու հանգամանքների երգիչն է: Խոսքը մասնավորապես «Կաղնիներ», «Դառնամուխ կյանք», «Արևը, աղջնակը, ծիրանը և… էս ի ՜նչ սիրուն աշխարհ է», «Գեշ հոքիրը», «Աշխարհն աշուղինն է», «Գոյական պատմվածք ներգոյ նովելով», «Այ քեզ բա՜ն. ինչ կա-չկա, ինչ երևում, չի երևում՝ Հա՛յ-րե՛-նի՛ք է», «Հին պատմվածք», «Իմ հերը ասաց՝ գնա, ես էլ եկա՜», «Երազում երբ գա Սուրբ Սարգիսը, արթնացիր, որ տեսնես նրան», «Եղեգներգ» և այսօրինակ այլ պատմվածքների մասին է: Այս գրականությունը՝ ջերմ, մտերմիկ, անկաշառ, անմիջական շնչով ստեղծված, ոչ թե օրվա, պահի, այլ մշտամնա պարագաների համար է, և ժամանակի ամենակուլ փոշին չի կարող աղավաղել դրանց հմայքն ու արժեքը:

Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3747

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ