Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Պապի այցելության PR-ի սև և սպիտակ ստվերները

Պապի այցելության PR-ի սև և սպիտակ ստվերները
01.07.2016 | 02:34

Այս տարվա փետրվարից սկսած, երբ ՀՀԿ և իշխանական այլ վերնախավերին ՀՀ նախագահը ներկայացրեց իր հայտնի «կոնցեպտուալ բարեփոխիչ» ելույթը, թիվ մեկ հարցը, որ առաջացավ, այն էր, թե ինչը կարող է մղել արտաքնապես վստահ և կայուն կեցվածք ունեցող նախագահին ազդարարելու ներիշխանական «ռեֆորմների» մասին:

Բնականաբար, Սերժ Սարգսյանի զգուշավոր և ինչ-որ չափով նույնիսկ իներտ գործելաոճին սովոր փորձագիտական և լրատվական դաշտը ՀՀ նախագահի «մեսիջները» և ապագայի շուրջ տեսլականի այդ շնորհանդեսն ավելի շուտ ընկալեց որպես զուտ հերթական՝ նախընտրական ուղղվածություն ունեցող իմիտացիոն գործընթացի մեկնարկ: Բայց նույնիսկ նման կասկածներով հանդերձ արդեն իսկ հասկանալի էր, որ երկիրը իրոք շատ լուրջ համակարգային ճգնաժամի մեջ է և արտաքին մարտահրավերների առջև է կանգնած, այդ թվում՝ հավանաբար պատերազմական։ ՈՒստի իրական իրավիճակին բոլորից լավ ծանոթ ՀՀ նախագահը խնդիր էր դնում հնարավորինս արագ փոփոխություններ անել, որպեսզի իշխանական համակարգը ոչ աշխատունակ, ոչ արդյունավետ վիճակից դառնա քիչ թե շատ էֆեկտիվ թե՛ տնտեսական, թե՛ ռազմական և թե՛ ռազմարդյունաբերական առումով։

Այս ամենով հանդերձ խնդիր էր դրվում նաև փորձել փոխել իշխանության ու իշխանավորի կերպարը, որը, մի կողմից, այնքան անընդունելի է ժողովրդի համար, մյուս կողմից՝ անհասկանալի, անվստահելի արտաքին աշխարհում։ Առավել ևս, որ իշխանության շատ ներկայացուցիչներ գտնվում են սև և այլ գույնի ցուցակներում, և բավականին շատ կոմպրոմատներ կան նրանց դեմ, ինչը խոցելի է դարձնում ոչ միայն այդ անհատներին, այլև հենց երկրի տնտեսաքաղաքական և ռազմական անվտանգությունը։


Այս առումով հետաքրքրական է Սերժ Սարգսյանի՝ «Ռոյթերզ» գործակալությանը տված հարցազրույցը, որտեղ նա նշում է, որ եթե հանրապետական կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում պարտվի, ապա ինքը քաղաքականության մեջ անելիք չունի, սակայն միաժամանակ ընդգծում է, թե նման բան հնարավոր չէ։ Այսինքն՝ այդպիսով նախագահը շեշտադրում է, որ չի պատրաստվում քաղաքականությունից դուրս գալու և հրաժարվելու իշխանական ամենազոր լծակներից՝ միաժամանակ արևմտյան ամենահեղինակավոր լրատվական գործակալության միջոցով հասկացնելով, որ փորձելու է անել ներիշխանական բարեփոխումներ։ Իսկ այդ բարեփոխումներն արվելու են տարբեր մեխանիզմներով՝ ոչ միայն նոր, համեմատաբար մաքուր կադրեր նշանակելու արդեն սկսված գործընթացով, այլև ժողովրդին ցույց տալով, որ ամեն ինչ այնքան էլ գաղջ չէ, և այլընտրանքներ կան հենց իշխանության ներսում։


Իհարկե, ՀՀ նախագահի բռնած գործը բավականին բարդ է, քանի որ, մի կողմից, արտաքին և ներքին լսարանին ուղղված գործընթացը նպատակ ունի սահուն թիմափոխություն իրականացնելու ապագա իշխանավարության ժամանակաշրջանի համար: Բայց, մյուս կողմից, առայժմ չի նշմարվում հիմնարար համակարգային՝ հակակոռուպցիոն, հակամենաշնորհային և այլ արմատական վերափոխումների գնալու ձգտումը: Եվ 2016-ի սկզբից թե՛ ուժային, թե՛ այլ ոլորտներում թեկուզ և առայժմ ոչ ամենաառաջին դեմքերի մակարդակով արվող կադրային փոփոխությունները վկայում են, որ այդ գործընթացը մեկնարկել է. տեղի է ունենում ոչ միայն սերնդափոխություն, այլև մասնակի թիմափոխություն։ Այս վերջին հասկացության տակ, ամենայն հավանականությամբ, պետք է հասկանալ նաև այլ՝ ոչ հանրապետական կուսակցությունը ներկայացնող քաղաքական ուժերի հետ կոալիցիոն համագործակցությունը և նույնիսկ սերտաճումը: Ընդ որում, դժվար թե ամեն ինչ սահմանափակվի միայն ՀՅԴ-ով: Բնականաբար, նոր, ինչպես սիրում են ասել իշխանական որոշ շրջանակներում, «իշխանական ֆեյսով» հանդես գալու գործընթացը թափ հավաքելով աստիճանաբար իր դրսևորումներն է ունենում տարբեր ասպարեզներում և կոնկրետ գործողություններում:


Այս առումով ուշագրավ է Հռոմի պապի հայաստանյան այցելությունը։ Այն, բացի իր բուն՝ հոգևոր, քաղաքական, աշխարհաքաղաքական նշանակությունից, պարունակում էր նաև շատ լուրջ PR կոմպոնենտ։ Եվ այդ PR տարր ասվածը վերաբերում է ոչ միայն երկրին, ժողովրդին, այլև իշխանությունների, մասնավորապես, նախընտրական տարում քաղաքական գործընթացներին մասնակից որոշ խմբերի PR-ին, այն խմբերի, որոնք թիմափոխության արդյունքում պետք է գան իշխանության։ Առավել ևս, որ այդ թիմը Ֆրանցիսկոս պապի պես համաշխարհային ազդեցիկ ֆիգուրի հայաստանյան այցի կազմակերպման հարցում մեծ ավանդ է ունեցել։ Այս առումով հետաքրքրական է, որ հայաստանյան մամուլում Հռոմի պապի այցելությունից առաջ հրապարակված ասեկոսեների և լուրերի մեջ տեղ գտավ ինֆորմացիա, թե պապն ուղղակի պահանջել է՝ իրեն դիմավորողների, ճանապարհ դնողների և իր հետ քիչ թե շատ շփվողների մեջ չլինեն հայ գործարարներ կամ բիզնես էլիտայի ներկայացուցիչներ։ Լուրը գուցե սկզբում այդքան էլ լուրջ չընդունվեց և համարվեց ինչ-որ մեկի խառնակչություն կամ հայրենական լրատվամիջոցների հնարած հերթական մտացածին ինֆորմացիա, սակայն հետագա զարգացումները ցույց տվեցին, որ այն շատ ճշմարտանման է, և չի բացառվում, որ սրբազան քահանայապետը կրիմինալի հետ առնչվող անձանց հեռու պահելու պահանջը դրել է իր իմիջը չվարկաբեկելու համար։


Եվ իրոք, օդանավակայանում պապին դիմավորող հոգևոր և աշխարհիկ բարձրաստիճան դեմքերի մեջ չկային իշխանության մեջ կամ մերձակա շրջապատի մարդիկ, որոնք ուղղակի ասոցացվում են օլիգարխիայի կամ առավել ևս քրեական շրջանակների հետ (թեև նրանց, մեղմ ասած, կարիքավոր չես անվանի), ում անունները շոշափվում են տարբեր կասկածելի գործարքներում և քայլող կոմպրոմատ են նրանց հետ շփվող յուրաքանչյուր անհատի համար։ Ասպարեզում չկային նաև նրանք, որոնք նախկինում արարողակարգով երևում էին նման վայրերում, որոնք, իրենց պետական պաշտոնից ելնելով, պետք է ներկա լինեին թե՛ դիմավորող-ճանապարհողների, թե՛ միջոցառումների առաջին շարքերում։


Այդ մարդիկ հայտնվում էին թերևս միայն զանգվածային տեսարաններում, այն էլ՝ ոչ առաջին շարքերում, այլ էպիզոդիկ դերերում։ Նրանք, ովքեր միշտ առաջին պլանի խաղացողներ էին, հեռուստաէկրաններից դուրս չէին գալիս և քիչ թե շատ ազդեցիկ, հայտնի մարդկանց հետ կամ երևույթի ֆոնին սելֆիների առիթը բաց չէին թողնում, այս անգամ գրեթե չկային։ Ակնառու է, որ այս հարցում եղել է լուրջ ֆիլտրացիա։ Ընդ որում, ամենայն հավանականությամբ, այդ ֆիլտրացիան արվել է Բաղրամյան 26-ում՝ Վատիկանի պահանջով և հավանաբար հենց այն մարդկանց ակտիվ մասնակցությամբ, ովքեր ի պաշտոնե, ինչպես նաև ոչ ֆորմալ, սերտորեն աշխատում են Վատիկանի հետ և, բնականաբար, հավակնում են հներին փոխարինելու։
Քանի որ կաթոլիկ քահանայապետի այցը համաշխարհային ուշադրության կենտրոնում էր և թոփ նյուզերի մեջ, ուստի ակնհայտ էր, որ իշխանությունը ջանում էր տեսախցիկների միջոցով աշխարհին ներկայանալ հնարավորինս նոր իմիջով, նոր դեմքերով, որոնք, իհարկե, անհամեմատ ավելի ցիվիլ տեսք ունեն, ավելի կրթված են և գոնե ուղղակիորեն զերծ են կրիմինալ շրջանակների հետ առնչություններից։


Մյուս կողմից, հասկանալի էր, որ այցը կազմակերպողները չէին կարող չհասկանալ, որ նույն պապի համեստ, ժուժկալ կերպարը, որ երևում էր նրա արտաքինից, նրան սպասարկող ավտոմեքենայից, մարդամոտ վարքագծից և նույնիսկ խոսելու տոնայնությունից, կտրուկ դիսոնանսի մեջ է մտնելու Հայաստանում բարձր իշխանական օղակներում եղած և շատ ավելի ցածր պաշտոն զբաղեցնողների բարքերի հետ։ Ակամա երևացող այս կոնտրաստը մինչև հատակ իջեցրեց մեր էլիտայի բարքերը և առանց այդ էլ ցածր վարկանիշը։ Այն, որ պապն այդքան ընդունվեց ժողովրդի կողմից, վկայում է, որ մեր ժողովուրդը պարզապես կարոտ էր աշխարհիկ և հոգևոր առաջնորդի ու պաշտոնյայի մարդ տեսակին։ Կաթոլիկ աշխարհի առաջնորդի այցը, պարունակելով սպիտակ PR-ի տարրեր թե՛ երկրի, թե՛ այցը կազմակերպող իշխանական որոշ խմբերի համար, ուներ նաև ոչ ուղղակի, բայց ընդգծված սև PR բաղադրիչներ։ Պապի այցելությունը կառուցված էր կոնտրաստների վրա. վարկաբեկելով հին դեմքերին՝ մեխանիկորեն բարձրացվում էին ավելի թարմերը, նորերը։ Պապի յուրաքանչյուր քայլ և խոսք կարծես աշխատում էին այսօրվա իշխանությունների և բարքերի դեմ։ Նա իր տեսքով և վարքագծով ցույց էր տալիս, թե ինչպիսին պետք է լինել և ինչպիսին չպետք է լինել։ Եվ այս ֆոնի վրա նախատեսվում էր, որ երիտասարդ սերունդը կամ յուրահատուկ «ցիվիլ օլիգարխիան» շահեկանորեն պետք է ընկալվեր որպես այլընտրանք գործող իշխանություններին։


Պապը ոչ միայն իր մարդկային տեսակներով առանձնացավ, այլև իր տարբեր ելույթներում հնչեցրեց կոնկրետ ուղերձներ՝ ուղղակիորեն իշխանություններին մատնանշելով շատ ախտեր։ Ելույթներից մեկում խոսք եղավ նաև կոռուպցիայի մասին, հատուկ ուղերձ հնչեց երիտասարդությանը՝ կոչ անելով վերջինիս տեր կանգնել երկրին։ Նա փաստացի ակնարկեց, որ քրիստոնյա առաջին երկրում չի կարող նման իշխանություն լինել, և երիտասարդները պետք է աստիճանաբար իրենց ձեռքը վերցնեն երկրի ղեկը։ Սա իշխանության մի հատվածի կողմից կազմակերպված, մտածված լուրջ քայլ էր՝ ժողովրդին ցույց տալու համար, որ իշխանության մեջ կա ներքին այլընտրանք։


Սրան նպաստում է այն իրողությունը, որ իշխանությունն ընդդիմադիր դաշտում այսօր լուրջ խնդիրներ առանձնապես չունի, նա շատ ավելի լուրջ հարցեր ունի իշխանության մեջ։ Եվ այս այցը սկիզբ դրեց խորհրդարանական ընտրություններում ներիշխանական նոր խմբերի քարոզչությանը։ ՈՒ պետք է նկատել նաև, որ Հռոմի պապը, որ այս ամենի ուղղակի մասնակիցն էր, և ում միջոցով էլ խաղացվում էր այս նուրբ պարտիան, ինքն էլ շատ լավ հասկանում էր տեղի ունեցողը։ Այսինքն՝ այս առումով որոշակի փոխըմբռնում կար։
ՀՀ իշխանություններ-պապ կայացած համագործակցությունը ցույց է տալիս, որ, մասնավորապես, Արևմուտքում առանձնապես դեմ չեն, որպեսզի գործունյա և իրական ընդդիմության փաստացի բացակայության պայմաններում, երբ Սերժ Սարգսյանը կարողացել է համապատասխան պարտիան խաղալ և ընդդիմությանը դարձնել յուրային, շարունակել աշխատել գործող, բայց արդեն նոր դեմքով իշխանությունների հետ։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2225

Մեկնաբանություններ