Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Եթե հայհոյելուն հասնի, անհամեստ թող չթվա, բայց ես` Նաիրա Զոհրաբյանս, շատ քիչ մրցակից կարող եմ ունենալ»

«Եթե հայհոյելուն հասնի, անհամեստ թող չթվա, բայց ես` Նաիրա Զոհրաբյանս, շատ քիչ մրցակից կարող եմ ունենալ»
01.07.2016 | 02:38

ԱԺ այս շաբաթվա արտահերթ նիստում ընդդիմությունը նախընտրական տարվա մեկնարկը տվեց: Սակայն ելույթներին փողոցային բառապաշարով սրություն հաղորդելը բավականին տհաճ էր ու անտեղի: Մինչ այդ թեժ բանավեճերը ԲՀԿ խմբակցության ղեկավար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ հայտարարել էր, որ որոշ քաղաքական ուժեր վտանգավոր ցանցի են վերածվել: «Իրատեսի» հետ զրույցում նա իր միտքն ավելի «խորացրեց»` վստահեցնելով, որ քաղաքական բանավեճերի սրությանն ականատես կլինենք սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Այս հարցում տիկին Զոհրաբյանը մի փոքր սխալվեց, նրա հետ հարցազրույցից ընդամենը րոպեներ անց խորհրդարանի դահլիճը վերածվեց եռման կաթսայի:


-Ինչո՞ւ եք կարծում, որ որոշ քաղաքական ուժեր աղանդավորական ցանցի են վերածվել:
-Վերջին շրջանում մեր քաղաքական ուժերի արմատականությունը, ագրեսիվությունը, միմյանց չխնայելը, ամեն ինչի մեջ միայն վատը տեսնելու մղումը վտանգավոր են դառնում: Հայաստանում այսօր գրանցված է շուրջ 80 քաղաքական միավոր, սա նոնսենս է: Մենք պետք է գնանք դասական կուսակցությունների կայացման ճանապարհով, իսկ մնացած խմբակները, որ պետռեգիստրում 7000 դրամ են վճարում ու կուսակցություն են գրանցում, նոր ասելիք չեն բերում ու առաջնորդվում են «ինչքան վատ, այնքան լավ» ֆորմուլայով: Մեզ նման երկրի համար, որն ունի ղարաբաղյան հիմնախնդիր ու ամեն օր պատերազմի մեջ է, այսպիսի կոդերով քաղաքականություն կառուցողներին կուսակցություն համարելը դժվար է:
-Չնայած Դուք կարծում եք, որ արմատականությունն անընդունելի է, բայց հանրության զգալի հատվածը, որոշ քաղաքական ուժեր ևս կարծում են, որ եթե ընդդիմադիրներն արմատական պահանջներ չեն ներկայացնում, օրինակ, նախագահի, վարչապետի հրաժարականները, ուրեմն իրական ընդդիմություն չեն:
-Ցավոք, հանրությունը երկրում տիրող անարդարությունից այնքան է հիասթափվել, որ մի բան է ուզում` թող հայհոյեն, որ սիրտս հովանա: Բայց հայհոյանքից արդյո՞ք հանրության խնդիրները լուծվում են, իհարկե` ոչ: Քաղաքական այդ խմբակները սպասարկում են հանրային այդ կեղծ պահանջը: Եթե հայհոյելուն հասնի, անհամեստ թող չթվա, բայց ես` Նաիրա Զոհրաբյանս, շատ քիչ մրցակից կարող եմ ունենալ: Բայց դա ի՞նչ է լուծելու, է, բերեք հայհոյենք, ամբիոնը գրկենք, հրաժարական պահանջենք, ասենք` երեք րոպեից պահանջում ենք Սերժ Սարգսյանի հրաժարականը, այդ հարցը լուծվելո՞ւ է: Վաղը հրավիրում ենք Ազատության հրապարակ իշխանափոխության, լինելո՞ւ է: Որպես նախկին լրագրող էլ պիտի ասեմ, որ, ցավոք, մեր ընդդիմությունը միշտ պարտվել է: ՈՒնենք մի իշխանություն, որն ամեն գնով պահում է իշխանությունը: Փողոցի պայքարի միջոցով հնարավոր չէ իշխանություն փոխել:
-Ինչպե՞ս տարբերակել իրական ու կեղծ ընդդիմադիրներին:
-Իսկապես դժվար է: Ամեն ինչ խառնվել է իրար, անկեղծ ու կեղծ օրակարգը, մոտիվացիան: Ժողովուրդը շատ ճիշտ բնազդ, իմպուլսներ ունի: Հանրությունը շատ լավ գիտի` ով ով է: Երբ անկեղծորեն խոսում ես նաև քո սխալների մասին, ժողովուրդը դա գնահատում է: Ընտրություններին ընդառաջ շատ վտանգավոր միտում եմ նկատում: Այս աղանդավորականությունը, կեղտոտ պատերազմը սոցիալական ցանցերում ևս կան: Այն քաղաքական գործիչը, ով կարող է կանգնել ու իր ընդդիմախոսին ասել այն, ինչ մտածում է, ես նրան կհարգեմ: Բայց այն քաղաքական միավորները, որոնք տարբեր «ֆեյքերով» են դա անում (որովհետև իրենց անուններով հանդես գալու տղամարդկություն, արժանապատվություն, դուխ չունեն), խոսում է սեկտանտիզմի մասին: Կգա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսը, և մենք սեկտանտիզմի ռեալ վտանգը կտեսնենք, թե ինչպես են այս ուժերն ապականելու ողջ քաղաքական դաշտը` ներքաշելով հանրության օբյեկտիվորեն դժգոհ հատվածին` վերջիններիս զրկելով իրական այլընտրանքը տեսնելու հնարավորությունից: Այս դահլիճում խոսում են կոռուպցիայի մասին, բայց քաղաքական ուժերից մեկը հրապարակավ աճուրդի հանեց ընտրական հանձնաժողովում իր անդամների տեղերը. սա քաղաքական կոռուպցիայի բացահայտ օրինակ է (խոսքը Զարուհի Փոստանջյանի հայտարարության մասին է-Ռ.Խ.): Նման հայտարարությունից հետո քաղաքական վստահության ռեսուրս կարո՞ղ են ունենալ: Բոլոր քաղաքական ուժերը ժամանակ ունեն կանգ առնելու, բոլորս կանգնած ենք մի կարմիր գծի առջև, որից այն կողմ քաղաքական դաշտը կվերածվի քաոսի: Պետք է դադարեցնել միմյանց վիրավորելու, բոնուսներ հավաքելու այս տգեղ գործելակերպը: Սա փակուղի տանող ճանապարհ է:


Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2405

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ