ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Կլինի՞ Հայաստանը «Հյուսիս-Հարավ» առանցքի առանցքում

Կլինի՞ Հայաստանը «Հյուսիս-Հարավ» առանցքի առանցքում
01.07.2016 | 02:44

«Հյուսիս-Հարավ առանցք. Հայաստան-Ռուսաստան-Վրաստան-Իրան համագործակցության արդի վիճակը և զարգացման հեռանկարները» քննարկելու համար հունիսի 27-ին գիտաժողով էին հրավիրել «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ-ն, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը, «Նորավանք» ԳԿՀ-ն, «Միջազգային հարաբերությունները և տնտեսական ինտեգրումը Հարավային Կովկասում» փորձագիտական ցանցը, ՌԴ «Գիտելիք» ընկերությունը, «Կովկասյան համագործակցություն» ոչառևտրային գործակցությունը: Օրը շոգ էր, զեկուցողները՝ շատ, թեմաները՝ բազմազան, ես փորձեցի հարցազրույցների միջոցով հասկանալ, թե ինչ է Հայաստան-Ռուսաստան-Վրաստան-Իրան համագործակցությունը: Իմ զրուցակիցները եկել էին հաստատուն տրամադրությամբ՝ վկայելու «Հյուսիս-Հարավ» առանցքում քառակողմ գործակցությունը, ու մասամբ անակնկալի էին գալիս իմ «սկեպտիցիզմից»:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ ԱՐՍԵՆ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ հարցրի.


-Ձեր կարծիքով՝ կա՞ Հայաստան-Ռուսաստան-Վրաստան-Իրան համագործակցություն, եթե այդ պետությունների միջև կա ներքին մրցակցություն:
-Իհարկե, պիտի լինեն մրցակից պետություններ, առաջին մրցակիցն այսօր Ադրբեջանն է, որ ցամաքային կապ ունի ԻԻՀ-ից ՌԴ, մրցակից կարող է լինել Թուրքիան՝ իբրև տարածաշրջանի խոշոր քաղաքական-տնտեսական միավոր, այնուհանդերձ, մենք կարծում ենք, որ Իրանի միջազգային շուկա վերադառնալու պարագայում՝ պատժամիջոցները հանելու, տնտեսության և հասարակական կյանքի աստիճանական դեմոկրատացման պայմաններում, Հայաստանը շահեկան միջանկյալ կամուրջ է ԻԻՀ-ՀՀ-ՌԴ և ԵԱՏՄ տարածք, ԻԻՀ-ՀՀ-ԵՄ տարածք դուրս գալու համար:
-Որո՞նք են Հայաստանի առավելությունները:
-Տարանցիկ փոխադրման մեր տոկոսադրույքներն այսօր ավելի մատչելի են, քան առաջարկում է Ադրբեջանը: Մեր ազատական տնտեսական օրենսդրությունը, չօգտագործված տնտեսական ներուժը: Արդեն մեկ տարի մենք աշխատում ենք, որ Իրանի խոշոր գործարարները Հայաստանում արտադրանքները պատրաստեն ու արտահանեն Made in Armenia պիտակով՝ մուտք գործելով եվրոպական շուկա՝ օգտվելով մեր GSP+ համակարգից, որը տրվում է խթանման ու զարգացման կարիք ունեցող տնտեսություններին: Արդեն բարձր մակարդակով երկու գործարար համաժողով արել ենք Երևանում և Թեհրանում, հոկտեմբերին նորից ենք համաժողով հրավիրելու, որ Իրանի խոշոր շուկայի գործարարներին կարողանանք ներկայացնել մեր առաջին հայացքից համեստ թվացող ներուժը և բերել Հայաստան: Մենք ունենք իրանցիների հետ աշխատելու բանալին, որ մեծ առավելություն է տալիս: Ռուսական օլիգարխները բանակցությունների կեսից կանգ են առնում՝ ոճերը տարբեր են: Մենք կարողանում ենք: Ոչ միայն այն պատճառով, որ հազարամյակներով հարևան ենք, այլև կապեր ունենք, համայնք ունենք, իրանական բիզնեսը Հայաստանում իր տեղը միշտ ունեցել է: Հայաստանը պետք է միջնորդ լինի, որ կարողանա խոշոր խաղացողների շահերը համադրել իր շահերին: Իրանի տնտեսությունն այսօր նման է լավ պահպանված պահածոյի՝ նրանք տեխնոլոգիական զարգացումով հետ են մնացել համաշխարհային տնտեսությունից պատժամիջոցների պատճառով և վերազինման կարիք ունեն: Մենք ունենք ոլորտներ, որ կարող ենք համատեղ զարգացնել՝ կենցաղային քիմիա, IT ոլորտ, այլ բնագավառներ:
-Կա քաղաքականություն՝ իր մտադրություններով, և կա իրականություն: Չե՞ք կարծում, որ այդ քառյակում կա ներքին՝ Իրան-Ռուսաստան մրցակցություն, մենք ունե՞նք քաղաքական ազատություն այդ մրցակցության մեջ մեր շահերը պաշտպանելու:
-Տնտեսական ծրագրեր իրականացնելու գործում ոչ ոք չի կարող Հայաստանի գործարարների ձեռքից բռնել ու ասել՝ մի արեք: Պետք է հստակ գիտակցում, որ մեր շահերի պաշտպանը մենք ենք, և չնայենք ոչ Հարավ, ոչ Հյուսիս, մեր չարչրկված կոմպլեմենտար քաղաքականությունը իրականացվում և իր արդյունքը տալիս է: Հայաստանը փորձում է բյուզանդական արծվի նման երկու գլուխ ունենալ և Արևելքի ու Արևմուտքի միջև իր քաղաքականությունն իրականացնել: Իսկ Իրանը և Ռուսաստանը մրցակցելու են, դա հակամարտություն չէ՝ Իրանին պետք է մտնել ռուսական մեծ շուկա, ռուսներին էլ պետք է իրանական շուկան, բիզնեսի տրամաբանությունն է՝ ով լավ է մատուցում իր ապրանքը, նա էլ շուկայում տեղ է գտնում: Իրանն առաջին հերթին կարիք ունի տեխնոլոգիապես վերազինվելու, ԵԱՏՄ-ն կարող է օգնել, ԵՄ-ն էլ: Անցյալ շաբաթ մենք հանդիպել ենք ԱՄՆ-ի պետդեպարտամենտի Կովկասը սպասարկող վարչության պետի հետ և հասկացանք, որ ԱՄՆ-ը իր տնտեսական ակտիվությունն Իրանում Հայաստանի միջոցով է փորձում զարգացնել՝ ԱՄՆ-ԻԻՀ երկկողմանի պատժամիջոցներ կան դեռ, և պետդեպը թույլ չի տա գործարարներին Իրանում ներդրումներ անել, կա և մենթալիտետի խնդիր, որ մենք Իրանի հետ չունենք:
-Մենք կկարողանա՞նք դա անել:
-Կկարողանանք, եթե լինենք խելացի, կազմակերպված և բիզնեսում համարձակ ծրագրեր դնենք: Արդեն երկու շաբաթ, օրինակ, Մոսկվա-Թեհրան ցանկացած տեսակի, հավաքական բեռներ ենք փոխադրում:

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս ՌՈՄԱՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ գիտաժողովում ներկայացնում էր «Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացի մեկնարկը և Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան առանցքով համագործակցության զարգացման հեռանկարները», բայց ես նրան տվեցի նույն հարցը.
-Կա՞ Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան առանցքով համագործակցություն, չկա՞ ներքին մրցակցություն, կդիմանա՞ Հայաստանը այդ առանցքում:
-Այդ ձևաչափով համագործակցության համար կան բավականաչափ լավ հիմքեր և թերի կողմեր: Լավ է, որ քառակողմ ձևաչափում երկկողմ և եռակողմ համագործակցության ձևաչափեր կան՝ ՌԴ-ԻԻՀ-ՀՀ և ՀՀ-ԻԻՀ-Վրաստան: Երկկողմ համագործակցության ծրագրեր կան Հայաստանի և Իրանի, Հայաստանի և Ռուսաստանի, Հայաստանի և Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի միջև, փաստորեն, մենք ունենք երկկողմ և եռակողմ համագործակցության ձևաչափեր, բայց չունենք քառակողմ հարթակ:
-Քաղաքական կամքի՞ պակաս է, թե՞ տնտեսական հիմքերը չեն ձգում:
-Քաղաքական կամքը՝ մեկ, բայց դա առաջնային գործոն չէ: Առաջնայինը ավելի գործուն զուգահեռ հարթակի առկայությունն է՝ Իրան-Ադրբեջան-Ռուսաստան ձևաչափով, որ բավականին թուլացնում է մեր հնարավորությունները: Մյուս կողմից՝ մեր ձևաչափը Իրանի համար կարող է ցատկահարթակ լինել դեպի Եվրոպա:
-Կոնկրետ ինչպե՞ս:
-Եթե զարգանան Իրան-Հայաստան-Վրաստան էներգետիկ համագործակցության ծրագրերը, դա կարող է ճանապարհ բացել դեպի Եվրոպա իրանական էներգետիկայի համար:
-Այդ ձևաչափում ի՞նչ դեր կարող է ունենալ չորրորդ կողմը՝ խթանո՞ղ, թե՞ արգելակող:
-ՌԴ-ն կարող է դրական դեր ունենալ, եթե ռուս-վրացական հարաբերությունները կարգավորվեն: Մեկ տարուց ավելի է՝ խոսվում է աբխազական երկաթուղու վերագործարկման հնարավորությունների մասին:
-Դուք հավատում եք քաղաքական հեքիաթների՞ն:
-Առանց այդ երկաթուղու շահագործման քառակողմ ձևաչափով համագործակցությունը փակուղի է մտնում: Եթե մենք կառուցենք Իրան-Հայաստան երկաթուղին, որի հնարավորությունը, քաղաքական ու տնտեսական պատճառները կան, առանց աբխազական հատվածի վերաշահագործման, առանց ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման, առանց ցամաքային սահմանի, Ռուսաստան-Հայաստան կապը անհնար է դառնում:
-Հնարավո՞ր է այդ քառակողմ ձևաչափին «Մետաքսի ճանապարհի» միացումը:
-«Մետաքսի ճանապարհին» միանալու ավելի մեծ շանսեր ունի Իրան-Ադրբեջան-Ռուսաստան հարթակը՝ եթե այնտեղ համագործակցությունը ռեալ ռելսերի վրա է, մենք խոսում ենք դեռ շանսերի մասին:
-Որքա՞ն է այդ հաղորդակցուղին անվտանգ տարածաշրջանային ֆորս մաժորների դեպքում:
-Տնտեսական զարգացման համար տարածաշրջանին խաղաղություն է պետք, եթե նկատի ունեք ռազմական գործողությունների վերսկսվելը, ճանապարհը կարող է վտանգավոր լինել թե Ադրբեջանում, թե Հայաստանում: Մենք պիտի կարողանանք ռեալ քայլեր անել՝ առաջինը Իրան-Հայաստան երկաթուղին իրականացնենք, աբխազական երկաթուղու հարցում դրական լուծում ստանանք, մենք պիտի զուգահեռ զարգացնենք այդ համագործակցության հարթակը, այլընտրանք ուղղակի չունենք:

ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տարածաշրջանային և միջազգային հետազոտությունների բաժնի գիտաշխատող ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԻՆ խնդրեցի բնորոշել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան համագործակցությունը, չկա՞ ներքին մրցակցություն:


-Ոչ, կա բավականին հստակ դիրքորոշում, կողմերը շահագրգռված են այդ ուղղությամբ, տարածաշրջանում իրավիճակ է փոխվել: Քանի դեռ Իրանը պատժամիջոցների տակ էր, դա ոչ իրական ծրագիր էր թվում: 2000-ին Իրանն ու Ռուսաստանը ստորագրեցին «Հարավ-Հյուսիս» ծրագիրը, որի էներգետիկ բաղկացուցիչը ձեռնտու է թե Ռուսաստանին, թե Իրանին: Այլ հարց է, որ մրցակցություն կա Հայաստանի ու Ադրբեջանի միջև:
-Հայաստանի առավելությունները որո՞նք են:
-Հայաստանն ունի մի քանի առավելություններ: Առաջինը՝ էներգետիկ աշխատանքի փորձ ունի թե Ռուսաստանի, թե Իրանի հետ, որն Ադրբեջանը չունի: Երկրորդ առավելությունը Վրաստանի գործոնն է, որը պիտի ճիշտ օգտագործենք, թե Ռուսաստանին, թե Իրանին Վրաստանի մասնակցությունը ձեռնտու է, Ադրբեջանի դեպքում Վրաստանը դուրս է մնում խաղից: Հայաստանի էլեկտրահաղորդման ծրագրերը հետաքրքիր զարգացումներ կարող են ունենալ, եթե մենք կառուցենք երրորդ գիծը, Հայաստանը շատ ավելի հզոր ու հետաքրքիր է դառնում տարածաշրջանի համար:
-Այդ համագործակցության մեջ կա՞ն գազային ծրագրեր:
-Այս պահին ոչ, տեսականորեն կարող են ներառվել:
-Մենք ունենք ծրագրեր, հեռանկարներ, ե՞րբ կարող ենք ռեալ արդյունքներ ունենալ:
-Ռեա՞լը: Հենց հիմա կառուցվում է էլեկտրահաղորդման երրորդ գիծը դեպի Իրան, որը կքառապատկի էներգահաղորդումը, նմանատիպ ծրագիր ունենք Վրաստանի հետ, որ նշանակում է լրացուցիչ էլեկտրահաղորդման գիծ է կառուցվելու: Եթե աշխատի Իրանի հետ երրորդ էլեկտրահաղորդման գիծը, Իրանից Հայաստան գազի առաքումը երեք անգամ կմեծանա, մինչև երեք միլիարդի տարողունակություն գազատարն ունի:

Այսքանը՝ հարցազրույցների մասով, իսկ գիտաժողովը սկսվեց «Նորավանք» ԳԿՀ-ի գործադիր տնօրեն ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ խոսքով, հետո Հայաստան-Իրան-Ռուսաստան առևտրատնտեսական համագործակցության հեռանկարները ներկայացրեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Սոցիոլոգիական գիտությունների թեկնածու ՍԱՄՎԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ խոսեց «Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան «Հյուսիս-Հարավ» ինտեգրացիայի ռազմավարական նախադրյալների ու խոչընդոտների մասին»: ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տարածաշրջանային և միջազգային հետազոտությունների բաժնի գիտաշխատող ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆԸ «Հյուսիս-Հարավ» միջանցքում Հայաստանի ու Ադրբեջանի մասնակցության հեռանկարների SWOT վերլուծություն ներկայացրեց, Պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող ՋՈՆԻ ՄԵԼԻՔՅԱՆԸ՝ Վրաստան-Իրան փոխհարաբերությունները և «Հյուսիս-Հարավ» քաղաքական առանցքը: Շատ էի ուզում գրել նրանց ելույթների մասին, բայց իմ փոխարեն դա անում է soyuzinfo.am կայքը, որտեղ կարող եք կարդալ գիտաժողովում հնչած զեկույցները:


Օրը շատ շոգ էր, առանցքում ամառն էր, որ այլընտրանքների ու տարբերակների բազմազանության մեջ միայն մեկ խոստում ուներ՝ Հյուսիսն ու Հարավը չեն կարող միմյանց հետ չհաղորդակցվել, մենք մեզ պիտի առանցք դարձնենք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ-ի նախագահ ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԸ իմ սադրիչ հարցերին չտրվեց, հավարտ խորհրդաժողովի՝ նա ասաց.


-Իբրև քննարկման կազմակերպիչներից մեկը՝ մենք արձանագրում ենք, որ վերջին շաբաթներին ոչ միայն ռուսական, այլև ամերիկյան և արևմտաեվրոպական քաղաքական ու դիվանագիտական շրջանակներում մեծացել է հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ: Գալով Հայաստան՝ նրանք գլխավոր խնդիրներից մեկը համարում են պարզել՝ կարո՞ղ է Հայաստանի տնտեսությունը իրական ու էական փոփոխություն գրանցել «Հյուսիս-Հարավ» առանցքի լիաթոք գործարկման պայմաններում: Մեր գլխավոր խնդիրն է հասկանալ՝ չօգտագործված ի՞նչ ներուժ ունենք, որ պետք է գործարկենք այս առանցքին մասնակցելու համար: Երկրորդ՝ պարզել, թե մրցակցային ի՞նչ առավելություններ ունենք Ադրբեջանի համեմատությամբ, որ կարողանանք հետաքրքրությունը ձգել դեպի մեզ: Եթե այդ հարցը հետաքրքրում է ԱՄՆ-ին, Եվրոպային, Մոսկվային, Հայաստանի հանրությունը, քաղաքագետները, գիտական ներուժը չպիտի՞ իմանան, թե որն է իրենց երկրի հնարավորությունների վերին սահմանը: Իզուր չէ, որ ամառվա այս շոգ օրերին քննարկումների շարք ենք նախաձեռնել տարբեր մակարդակներում: Հույս ունեմ, որ մեր աշխատանքի արդյունքը կամփոփվի զեկույցի մեջ, որը մեր ռուս գործընկերները կտրամադրեն ՌԴ արտաքին գործերի նախարարությանը և Առևտրաարդյունաբերական պալատին, իսկ մենք՝ Հայաստանի իշխանության պատկան կառույցներին:
-Անձամբ Ձեր պատասխանը ո՞րն է այդ հարցին:
-Իրականում Հայաստանն ունի երկու ռեսուրս՝ աշխարհագրական ու աշխարհաքաղաքական դիրքը, որը հենց «Հյուսիս-Հարավ» առանցքի մեջ է:
-Աշխարհագրական դիրքը աշխարհաքաղաքականի հետ հակասության մեջ է:
-Ոչ, մեր աշխարհաքաղաքական դիրքը մեզ «Հյուսիս-Հարավ» առանցքում բնական տեղ է ապահովում, մենք պիտի կարողանանք Ռուսաստանի հետ միասին հետաքրքիր լինել Վրաստանին, որ ադրբեջանաթուրքական կախվածությունից դուրս գա: Անկախ՝ աբխազական երկաթուղին կգործարկվի, թե ոչ, Վերին Լարսի ճանապարհը միանգամայն բավարար է հայ-ռուսական տնտեսական համագործակցությունն առաջ տանելու համար, քանի դեռ չկան թուրքական բեռնատարները: Երկրորդ կարևոր հարցը մեր տնտեսական ներուժն է՝ կարո՞ղ ենք Հայաստանում ունենալ այնպիսի արտադրություններ, որոնք կհետաքրքրեն ռուս և իրանցի գործարարներին, գլխավոր խնդիրը ԵԱՏՄ-ի շրջանակներում մեր արդյունաբերական ներուժը զարգացնելն է: Կառավարությունը առևտրաարդյունաբերական համալիրների զարգացման քայլեր է անում, որոնք կարող են ավելի շատ լինել, եթե կա ռուսների ու իրանցիների համատեղ հետաքրքրությունը: Այս առումով մեր խորհրդաժողովը համարում եմ միանգամայն արդիական:

Դիտվել է՝ 2474

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ