Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Լռությունը, որ չի ստացվում

Լռությունը, որ չի ստացվում
01.07.2016 | 03:30

Աշխարհը գժական շրջապտույտ է մտել: Brexit՝ Մեծ Բրիտանիան անգլիական հեռացավ Եվրամիությունից: Լոնդոնը պնդում է երկու տարվա իր ընթացակարգային իրավունքը, Բրյուսելը շտապում է անջատվել: Անգելա Մերկելը հայտարարում է, որ Լոնդոնի հետ կշարունակվեն կապերը, հրաժարականի պատրաստվող Դևիդ Քեմերոնը խոստանում է, որ Լոնդոնը մեջքով չի շրջվի ԵՄ: Չորս միլիոն մեծբրիտանացիներ նոր հանրաքվե են պահանջում, խելահեղության օրինակ էլ կա՝ լոնդոնցիները դիմել են քաղաքապետ Սադիկ Խանին, որ մնան ԵՄ կազմում՝ դուրս գալով Մեծ Բրիտանիայի կազմից: Երբ խորհրդարանական վերջին ընտրություններում Դևիդ Քեմերոնի կուսակցությունը շլացուցիչ հաղթեց, պատմությունը խոստանում էր հաջողություններ: Մրցակիցներին հաղթելով՝ Քեմերոնը բրիտանական հարթ ասֆալտի վրա սայթաքեց՝ ԵՄ-ին զիջումներ պարտադրելու՝ կառույցից դուրս գալու շանտաժի փայլուն հաշվարկը վտանգեց Միացյալ Թագավորության միացյալությունը: Եվրամիությունը չի տրոհվի, հակառակը՝ ավելի ինքնուրույն կդառնա քաղաքականապես, կկորցնի տնտեսապես՝ Վեստմինստերն այլևս միլիարդավոր եվրոներ Բրյուսել չի ուղարկի:

Եվրոպական Կենտրոնական բանկի ղեկավարը հայտարարել է, որ տնտեսական վնասները այնքան մեծ չեն, որքան կանխատեսվում էին, և կառավարելի են: Միացյալ Թագավորությունից առաջինը պատրաստվում է հեռանալ Շոտլանդիան: Առաջին նախարար Նիքոլա Սթերջենը հայտարարել է, որ Շոտլանդիան ամեն ինչ անելու է՝ ԵՄ-ում մնալու համար, հնարավոր է նոր հանրաքվե, բացի այդ՝ Շոտլանդիան խորհրդարանում վետո կդնի Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու որոշման վրա: Երկրորդը կարող է լինել Հյուսիսային Իռլանդիան: Մեզ ի՞նչ: Չկա աշխարհում ոչինչ, որ հետևանքներ չունենա մեզ համար: Դրակա՞ն, թե՞ բացասական: Իբրև ինքնորոշման իրավունքի դրսևորման նոր օրինակ՝ դրական, ֆինանսապես՝ բացասական:


Սրընթաց զարգացան ռուս-թուրքական հարաբերությունները՝ մի նամակ և մի քանի տարընթերցումներ, ասե՞լ է, չի՞ ասել «կներեք», ո՞ւմ է ասել, տալի՞ս է, թե՞ չի տալիս փոխհատուցում, ո՞ւմ է տալիս՝ զոհված օդաչուի ընտանիքի՞ն, թե՞ պետությանը: Երկրորդական հարցեր են, կարևորը՝ Պուտինն ու Էրդողանը հեռախոսել են ու պայմանավորվել հանդիպել: Եթե զբոսաշրջության վերականգնման ու պարենային պատժամիջոցները հանելու հարցերով են զբաղվելու, թող զբաղվեն: Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները միայն տնտեսական չեն կարող լինել, իսկ քաղաքականը ի հաշիվ Հայաստանի է լինում: Միշտ: Մոսկվան նորից դերի մեջ է մտնելու իբրև Հայաստանի պաշտպան «ոխերիմ թշնամի» Թուրքիայից, իրականում փորձելու է տարածության վրա պահել Երևանի ու Անկարայի որևէ շփում՝ բացառելով դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, սահմանի բացումը, որ իր ծրագրերի մեջ չի մտնում: Թուրք-ադրբեջանական տանդեմն էլ՝ մեզ նվեր: Նորի՞ց կփորձի Անկարան խառնվել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորմանը: Հօգուտ Ադրբեջանի հայտարարությունների մակարդակում՝ այո, Մինսկի խմբի ձևաչափի փոփոխության քայլեր չեն լինի: Հիմա Անկարան ու Մոսկվան օրակարգում ունեն տնտեսական պատժամիջոցներից դուրս գալու, Սիրիայի հարցում համաձայնության գալու, Արևմուտքի դեմ համատեղ արդյունավետ քայլերի ձևավորման խնդիրներ: Նոյեմբերից հունիս երկու պետությունները դասագրքային դիվանագիտության օրինակ տվեցին՝ ինչպես սրել հարաբերությունները, ինչպես մեկ օրում կարգավորել՝ խոսելով ժողովրդի անունից՝ ժողովրդին հաշվի չառնելով: Թուրքիան համաժամանակյա կարգավորում է հարաբերությունները Ռուսաստանի ու Իսրայելի հետ՝ տարածաշրջանում մեկուսացումից դուրս գալու, ԵՄ-ի հետ հարաբերություններում նոր որակ ստանալու հույսով:

Տարածաշրջանում որևէ պետության դերի փոփոխություն չի կարող չանդրադառնալ հարևանի վրա, առավել ևս՝ Իրանի ու Թուրքիայի մրցակցության պարագայում, ու շուտով կերևան Թեհրանի հակաքայլերը:
Ի՞նչ է կատարվում Հայաստանում: Նոր՝ ոչինչ: Ամեն ինչ՝ ինչպես միշտ: ՀՀ նախագահը հարցազրույց է տալիս «Ռոյթերզին» ու ասում, որ եթե ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններում չհաղթի, ինքը քաղաքականության մեջ անելիք չունի: Հետո ինքն էլ իր ասածի վրա ծիծաղում է ու բացառում, որ ՀՀԿ-ն կպարտվի: ՀՀԿ-ն կգնահատի՞, թե՞ չի գնահատի իր նախագահի լավատեսությունը, փաստացի Սերժ Սարգսյանը բոլորիս ասում է, որ նախագահական ժամկետի ավարտից հետո չի հետևելու երկրորդ նախագահի օրինակին, մնալու է ալիքի վրա: Դատելով ներքաղաքական գործընթացներից՝ ոչ միայն ինքն է մնալու, կարող է առաջին նախագահին վերադարձնել մեծ քաղաքականություն ու՝ իշխանություն: Խորհրդարանական մակարդակում: Իդեալական դաշնակիցներ են՝ ոչ ներսում խնդիրներ ունեն, ոչ դրսում: Տարաձայնություններ՝ առավել ևս: Միմյանց ուղղած քննադատությունը հաշվի մի առեք՝ հին կովկասյան ավանդույթ է, մի տարվա մեջ ամեն ինչ կհարթվի՝ դաշինքի տեսքով: Պատկերացնո՞ւմ եք Վարդան Օսկանյանի վիճակը: Ռոբերտ Քոչարյանի օրոք «տնտեսական վագրի» թռիչքը տեղ չհասավ, Սերժ Սարգսյանի օրոք վագրը էլի վրիպեց: «Համախմբում», բայց ո՞ր խմբում՝ իշխանությա՞ն, թե՞ ընդդիմության: Ո՞րն է այդ ընդդիմությունը: Որ խորհրդարանի մակարդակում «տղայական ռազբորկե՞ք» է ծավալում: Անցան Վարդան Մինասիչի ոսկե օրերը՝ ոչ իշխանությունն է իշխանություն, ոչ ընդդիմությունն է ընդդիմություն, ոչ «Համախմբումն է» համախմբում:


Արտահերթ նստաշրջանում բարեհաջող խաղարկվեց «Կոնսենսուս կա, թե չկա, ոնց թե չկա» ներկայացումը, ընդունվեցին Ընտրական օրենսգրքի փոփոխությունները՝ ընտրությունները ընտրատեղամասերում կտեսանկարահանվեն, կներդրվի մատնահետքերի էլեկտրոնային գրանցման համակարգ, կընտրեն միայն նույնականացման քարտերով, ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակները պահանջի դեպքում կտրվեն վստահված անձանց։ Բայց՝ կարող է լինել, կարող է չլինել՝ Հայաստանը չունի 16 միլիոն դրամ՝ ընտրություններն ըստ Ընտրական օրենսգրքի կազմակերպելու համար: Գումար հայթայթելու ժամկետը՝ մինչև սեպտեմբերի 1-ը: Կառավարությունն ուզում է, որ Հայաստանի ժողովրդավարացման գինը դոնոր կազմակերպությունները վճարեն: Հակառակ պարագայում ստացվում է՝ կառավարությունը փող է տալիս, որ կազմակերպվեն խորհրդարանական ընտրություններ ու ընտրված պատգամավորները նշանակեն կառավարություն, այսինքն՝ ինքն իրեն նշանակելու փողը: Տալիս է պաշտոնապես: Ընդունեք, որ վայել չէ: ՈՒրիշ կլիներ, որ Հռոմի պապից խնդրեին ու ստանային: Կամ Ռուսաստանի Դաշնությունը վարկով տար, բայց նրանք սեպտեմբերին Պետդումա են ընտրում, փող չեն ունենա կամ կխոստանան, չեն տա: Ոնց պտտվում ես՝ մնում է ԵՄ-ն կամ ԱՄՆ-ը: Ժողովրդավարությո՞ւն եք ուզում, դե փողը տվեք: Նրանք էլ փորձ ունեն, գիտեն՝ տված փողերն ուր և ում են գնում: Մի 50 միլիոն դրամ պիտի տան, որ 16-ը աշխատի: Վերջը էլի Գագիկ Ծառուկյանին են ասելու՝ սպո՞րտ ես ֆինանսավորում, սա էլ է մրցում, 16 միլիոնը թի՞վ է քեզ համար, էն էլ դրամով, հաշվի կազինո է, փակվի, վերջանա-գնա: ԱԺ-ի բակում արձանդ կդնենք: Պատվավոր պատգամավոր կընտրենք, չենք ասի նիստի արի, չես գալիս՝ բժշկի թուղթ բեր:


Արտահերթ նստաշրջանում Ընտրական օրենսգիրքը միակ «ձեռքբերումը» չէր: Ավելին կա՝ Ռուսաստանի հետ միավորված հակաօդային պաշտպանության ուժեր ստեղծելու համաձայնագիրը: Տխուր զավեշտը՝ պատգամավորները լուրջ-լուրջ ուզում էին պարզել՝ ո՞ւմ են ենթարկվելու Հայաստանում տեղակայված ՀՕՊ միավորված ուժերը, ի՞նչ են անելու Ղարաբաղին սպառնացող վտանգի պարագայում։ ՊՆ փոխնախարար Արա Նազարյանն էլ լուրջ-լուրջ պատասխանում էր՝ «Մեր ՀՕՊ-ի պետն է հրաման տալու»: Շատ կարևոր է՝ որ ադրբեջանական ինքնաթիռը սահմանը խախտի, ո՞վ է խփելու հրաման տալու, որ թուրքականը խախտի՝ ի՞նչ է լինելու: Այդպես էլ չպատասխանվեց հարցը, եթե պատերազմ լինի, միավորված ՀՕՊ-ից ի՞նչ սպասել, թերևս՝ չհնչեց էլ: ՀՕՊ-ի համաձայնագիրը վավերացնելու փոխարեն ԱԺ օրակարգում պիտի լիներ ԼՂՀ-ի հետ ռազմաքաղաքական դաշինքի համաձայնագիրը: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այդ համաձայնագրի մասին պիտի ասեր. «Այս համաձայնագրով ևս մեկ անգամ փաստում ենք, որ Հայաստանի զինված ուժերը ամբողջությամբ ազատ, անկախ ու անկաշկանդ են լինելու Արցախում ցանկացած պաշտպանական գործողություն իրականացնելու համար»: Ո՞Ւմ համար է գաղտնիք, որ ՌԴ-ի համար Հայաստանի երկինքը, Ղարաբաղի երկինքը կարևոր են ճիշտ այնքան, որքան պետք է ՆԱՏՕ-ի հետ հակամարտության մեջ նահանջ չունենալու համար: ՆԱՏՕ-ն մտե՞լ է Ռումինիա, Լեհաստան, Մոսկվան պիտի պատասխանի: Մենք հայտնվում ենք ՌԴ-ՆԱՏՕ փոխհարաբերություններում՝ վտանգելով մեզ, ոչ թե ստանալով ՌԴ օդատիեզերական ուժերի համահրամանատարի գործառույթ:

Խաբեությունը վատ է, ինքնախաբեությունը պատժվում է: Փաստորեն թվացյալ էր, որ քառօրյա պատերազմից հետո Հայաստանը ինքնիշխանության վերադարձի քայլերի է ունակ կամ ինչ-որ եզրակակացությունների: Հակառակը՝ երկրի վրա եղածը տալուց հետո երկինքն էլ ենք հանձնում: Ոչ մի երաշխիք, որ թղթի կտորը, թեկուզ ստորագրված, որևէ նշանակություն կունենա, եթե Ռուսաստանի ու Հայաստանի շահերի բախում առաջանա: Իսկ որ կառաջանա, վկայում են աշխարհաքաղաքական վերավերադասավորումները: ՈՒ ի՞նչ, նորից համաշխարհային ողբուկոծ, որ մեզ խաբեցի՞ն: Պարտքի դիմաց գույքը վերցրին, ՀԷՑ-ը վերցրին, երկաթուղին վերցրին, գազատարը վերցրին: Միլիոնների ներդրումներ էին անելու, աշխատատեղեր էին ստեղծելու, նոր տեխնոլոգիաներ: Խաբեցի՞ն, լավ արեցին: Խաբում են նրան, ով ուզում է խաբվել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան, ի պաշտպանություն Ալիևի չպայմանավորված շատախոսության, հորդորեց լռություն պահպանել ԼՂ հարցում. «Անհրաժեշտ է տարանջատել պարզաբանումներն ու հանրային բանավեճը, հանրային տարածքն այս բարդագույն խնդրի լուծման համար օգտագործելու փորձերը»: Հորդորեց չփոշիացնել ձեռքբերումները՝ հանրային հայտարարությունների և հռետորաբանության մեջ: Հորդորը չլսվեց: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը գնաց Փարիզ ու Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոյի հետ ԼՂ հարցը քննարկեց: Փարիզը վերահաստատեց, որ պատրաստ է հարթակ տրամադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության նոր բանակցությունների համար: Երկուշաբթի Լավրովը գալու է Երևան: Նորից չի ստացվի «լռությունը»: ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը տարածաշրջանային այցը Երևանից սկսեց ու, գնահատելով իրավիճակը, ասաց. «Գուցե մենք ճիշտ դո՞ւռը չենք գտել»: Համենայն դեպս, նա Երևանում հաստատեց. «Առաջին հերթին պետք է ապահովվի, որ զինադադարը առաջվա պես գործի, այնուհետև՝ պարոն Կասպրշիկի գրասենյակի ընդլայնումը ու կարողությունների հզորացումը, համաձայնություն ձեռք բերելը վերահսկողական մեխանիզմների մասին»՝ նշելով, որ ստատուս քվոն տևականորեն հնարավոր չէ պահպանել: Էդվարդ Նալբանդյանը պնդեց, որ Սանկտ Պետերբուրգում չի քննարկվել Ադրբեջանի կազմում Ղարաբաղի ինքնավարության հարցը: «Եռանախագահողները ամենաբարձր` նախագահների մակարդակով մշտապես նշել են, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշի ժողովուրդը՝ ազատ կամարտահայտման միջոցով, որը պետք է ունենա միջազգային իրավական ուժ: Սա է ասում Հայաստանը, սա են ասում եռանախագահող երկրները ամենաբարձր մակարդակով»՝ հայտարարեց Նալբանդյանը: Չստացվի, որ Կազանի պարագայում երանի տանք Մադրիդին: Լո՞ւռ, թե՞ դուռ որոնելով: Աշխարհը գժվել է, իսկ մենք փորձում ենք բոլորից խելոք խաղալ:

Դիտվել է՝ 1831

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ