Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Հայ քաղաքական մտքի ամբիցիաների բացակայության բացասական հետևանքները

Հայ քաղաքական մտքի ամբիցիաների բացակայության բացասական հետևանքները
01.07.2016 | 08:34

Հոդվածում ներկայացված են հեղինակի խորհրդածություններն ու մտորումները հայ քաղաքական մտքին անհրաժեշտ ամբիցիաների բացակայության բացասական հետևանքների գիտակցման խնդիրների վերաբերյալ։ Վերլուծելու փորձ է արվում բուն երևույթը և անձնավորման նպատակ չի հետապնդում։

«Դարասկզբին անպատրաստ գտնվեցինք դեպքերի իմաստը հասկանալու, նրանք մեր ձգտումներին համընթաց դարձնելուն, անզոր եղանք ուղղություն տալու, և դեպքերը զարգացան բոլորովին հակառակ մեր տրամադրություններին՝ արտաքին իրողությունների թելադրմամբ»։
Գարեգին ՆԺԴԵՀ

Երբ ուշադիր հետևում ենք ազգերի գոյատևման և զարգացման պատմական տրամաբանությանը, ապա տեսնում ենք , որ գործում է որոշակի օրինաչափություն։ Մասնավորապես, համաշխարհային պատմության մեջ ակնառու դեր խաղացած ազգերի անցյալն ուսումնասիրելով, ակնհայտ է դառնում այն իրողությունը, որ անցյալը հիմնականում օգնում է արդյունավետ գործել ներկայում, իսկ ճանաչելով ներկան, վստահաբար կարելի է համոզիչ և հիմնավոր դատողություններ կամ եզրակացություններ անել ներկայի երաշխավորած կամ էլ ոչ այնքան հույսեր ներշնչող ապագայի առնչությամբ։ Նշված օրինաչափությունը հիմք է տալիս անելու հետևյալ դիտարկումը։ Հատկապես մեծ կայսրություններ ստեղծած տիտղոսակիր ազգերի պատմական անցյալում նկատելի է մի ուշագրավ հանգամանք։ Այդ ազգերը, ըստ երևույթին, հավաքական-ինքնապահպանման բնազդի կամ պետական գերակա շահի թելադրանքով իրենց առջև դնում էին ռազմավարական բնույթի մեկ նպատակ, այն է՝ երաշխավորված գոյություն ապահովելու և զարգանալու միակ ճանապարհը կայսրության ստեղծումն է և ցանկացած գնով նրա պաշտպանությունը։ Այս դատողությունների մեջ, անշուշտ, առկա է պատմական փորձով հաստատված որոշակի ճշմարտություն։


Իբրև ասվածի ապացույց բերենք մի քանի օրինակ։ Այն ազգերը, որոնք ստեղծել են հսկայական տարածքներ ընդգրկող կայսրություններ և պատմական տարբեր հանգամանքների պատճառով զրկվել են նվաճած տարածքներից, որպես կանոն, չեն կորցրել իրենց հայրենիքը հանդիսացող (անշուշտ, առկա են նաև բացառություններ) բնապատմական աշխարհագրական այն վայրը, որտեղ ձևավորվել, ամրապնդվել ու աստիճանաբար կառուցել են իրենց հզոր պետությունները։ Այդպիսի ազգերից են՝ պարսիկները, հույները, ֆրանսիացիները, անգլիացիները, իտալացիները, ռուսները, իսպանացիները, պորտուգալացիները, մոնղոլները և այլն։ Դատելով պատմական արդյունքներից, կարծես թե, վերը թվարկված ազգերը իրենց առջև գոյատևման երկու hիմնական նպատակ են դրել. մեկը՝ նվազագույն, մյուսը՝ առավելագույն։ Ըստ էության, այս երկու տարբերակված նպատակները պետք է ծառայեին մեկ ընդհանուր ռազմավարական մեծ նպատակի՝ բնապատմական օրրան հանդիսացող հայրենիքի հզորացմանն ու բարգավաճմանը։ Այսինքն՝ առավելագույն նպատակի իրականացումը՝ կայսրության ստեղծումը (անկախ այն բանից, թե քանի դար կամ տասնամյակներ է գոյատևել այն), եղել է հավելյալ ազդեցության հնարավորություն, հարստության աղբյուր, որը հիմնականում երաշխավորել և նպաստել է նվազագույն նպատակի իրականացմանը, այն է՝ ապրել, հիմնավորվել, ամրապնդվել սեփական բնօրրանում։ Նրանք քայլել են ապագա դարերի միջով և հասել են մինչև մեր ժամանակները՝ ներկայանալով աշխարհին որպես հզոր, զարգացած և հիմնավորապես կայացած ազգային պետություններ։


Իսկ ի՞նչ պատահեց հայերի՝ Տիգրան Մեծի ստեղծած կայսրության հետ։ Կարո՞ղ ենք մեզ դասել պատմական տարբեր ժամանակաշրջաններում հսկայական տարածքներ նվաճած և կայսրություններ ստեղծած ազգերի շարքին։ Հարկավ՝ այո։ Բայց մենք կարողացա՞նք հետագայում օգտվել նրա ստեղծած հսկայածավալ կայսրության վիթխարի առավելություններից։ Իհարկե ոչ։ Ինչո՞ւ։ Որովհետև մենք` հայերս, առավելագույն նպատակին հասնելով` կայսրություն ստեղծելով, այդպես էլ չկարողացանք վերջինիս ընձեռած հսկայական ազդեցության հնարավորություններն ու հարստության միջոցները ծառայեցնել մեր իսկ բնօրրանի` Մեծ Հայաստանի հզորացմանը, պետականության ամրապնդմանը, ինչը պայմաններ կձևավորեր և ամուր հիմքեր կստեղծեր գալիք սերունդների համար ազատ ու անկախ ապրելու ու զարգանալու ավելի քան 300 000 քառ. կմ տարածքի վրա։ Սակայն Տիգրան Մեծի հիմնած կայսրությունը որպես առավելագույն նպատակի իրականացման անժխտելի իրողություն, ըստ էության, որևէ նշանակալից հեռանկար հետագայում չապահովեց նվազագույն նպատակի՝ Մեծ Հայքի, թեկուզ, ոչ էական տարածքային կորուստներով, գոյատևման համար։ Մենք երբևիցե փորձե՞լ ենք ինչ-որ կերպ տալ շատ թե քիչ համոզիչ պատասխան այն «առեղծվածին», թե ինչի շնորհիվ էր, որ իր հզորության գրեթե գագաթնակետին հասած Հին Հռոմի ( Ք.ա.1-ին դ.) և նույն ժամանակաշրջանում մեկ այլ գերտերության՝ Պարթևստանի գոյության պայմաններում Տիգրան Մեծին հաջողվեց ստեղծել հայոց առաջին ու վերջին կայսրությունը։ Ավելին, Տիգրան Մեծին հաջողվեց հպատակեցնել Պարթևստանին՝ դառնալով Հին Հռոմի ամենամեծ ախոյան կայսրությունն աշխարհում։

Ամենամեծ ցանկության դեպքում չի գտնվի որևէ ողջախոհ մասնագետ, որ Տիգրան Մեծի ապրած տարիները (նախորդածը` նույնպես) բնութագրի որպես բարենպաստ ռազմա-քաղաքական պայմաններով աչքի ընկնող դարաշրջան։ Բայց Տիգրան Մեծը կարողացավ ոչ միայն իրականացնել նվազագույն նպատակը (իմա` միավորել հայկական բոլոր հողերը), այլև հասավ առավելագույն նպատակին՝ ստեղծելով հսկայածավալ կայսրություն։


Իսկ ի՞նչ պատճառներով կարելի է բացատրել այն իրողությունը, որ Տիգրան Մեծին հաջողվեց ստեղծել հսկայածավալ մի կայսրություն, իսկ նրա հետնորդ թագավորները չկարողացան նույնիսկ պահպանել Արտաշես 1-ինի ստեղծած Հայաստանի պատմական տարածքները։ Պատճառներից մեկը, իմ կարծիքով, այն է, որ, եթե Տիգրան Մեծը որպես գահաժառանգ չգտնվեր գերության մեջ Պարթևստանում (այսինքն՝ մշտապես կայսրության ձգտումներով ապրող ու շնչող պարթևական արքունիքում), որտեղից նա հայրենիք վերադարձավ լիովին կայացած պետական գործիչ (45 տարեկան), գուցեև հայերս, չունենայինք մեր առաջին ու վերջին կայսրությունը։ Չցանկանալով լինել կատեգորիկ վերն արտահայտած կարծիքիս մեջ, այդուհանդերձ, ենթադրում եմ, որ պարթևական արքունիքում գտնվելը և որպես պետական գործիչ կայանալը անպայման նրա համար կայսրություն ստեղծելուն միտված պետական-քաղաքական ամբիցիաների ձևավորման որոշիչ գործոններից մեկն է եղել։ Կրկին հարց է առաջանում. ինչո՞ւ երկու հարևան ազգերի՝ հայերի ու պարսիկների պատմական ճակատագրերը դասավորվեցին բոլորովին տարբեր կերպ։ Օրինակ, Կյուրոս Մեծը ստեղծեց Աքեմենյան կայսրությունը, որը, ըստ մասնագետների, եղել է մարդկության պատմության մեջ առաջին մեծածավալ կայսրությունը։ Այնուհետև, Աքեմենյան կայսրությանը հաջորդեցին Պարթևական և Սասանյան կայսրությունները։ Ըստ պատմական տվյալների, մ.թ.ա. 6-րդ դարից սկսած պարսիկները 1500 տարուց ավելի եղել են կայսրություն ստեղծած տիտղոսակիր ազգ։

Այսինքն՝ իրականացրել են առավելագույն նպատակը 1500 տարուց ավելի (հասկանալի է, որ այս թիվը հանրագումարային է), ինչի արդյունքում ներկայումս մեր հարևան Իրանի տարածքը կազմում է մոտավորապես 1, 7 մլն քառ. կմ, իսկ բնակչության թիվը հասնում է մոտ 80 միլիոնի։ Անշուշտ, կարելի է ամենատարբեր պատճառներ, հանգամանքներ, նախադրյալներ, շարժառիթներ, պայմաններ, աշխարհագրական, կրոնական, էթնիկ, աշխարհաքաղաքական և այլ գործոններ թվարկել՝ օբյեկտիվորեն կամ սուբյեկտիվորեն արդարացնելով հայոց պետականության, քաղաքական անկախության գրեթե հազարամյա կորուստը (խոսքը միայն պատմական Հայաստանի մասին է, 1045-ից հետո)։ Տիգրան Մեծին հաջողվեց ստեղծել կայսրություն, որովհետև նա առաջին և վերջին թագավորն էր, ով հայ իրականության մեջ ցուցաբերեց աննախադեպ քաղաքական ամբիցիաներ, որոնց կյանքի կոչելուն միտված հետևողականորեն ու վճռականորեն իրականացրած քայլերը օրինաչափորեն հանգեցրին հզոր ու լայնածավալ կայսրության ստեղծմանը։ Ասել, թե Տիգրան Մեծի ժամանակներում պարսիկների թիվը եռակի կամ քառակի ավելի է եղել, քան հայերինը, նշանակում է մեղանչել պատմական արդարության առջև։ Եթե նույնիսկ պարսիկները իրենց են ձուլել նվաճված բազմաթիվ ցեղերի, ապա դատապարտելի ոչինչ չկա նման գործողությունների կամ էլ իրականացրած քաղաքականության մեջ, քանզի հանրահայտ ճշմարտություն-իրողություն է, որ քաղաքականության ոլորտում հաշվի են նստում կատարված փաստի հետ և հաղթողներին էլ չեն դատում։

Հիրավի, այն հեռավոր ժամանակներում աշխարհը նման էր տարբեր մեծ ու փոքր ժողովուրդների, ցեղերի անվերջ ձևավորման, ձուլման մի հսկայական խառնարանի: Ընդունենք, որ փոքրաքանակ ազգ ենք եղել... և այլն, և այլն։ Բայց կրկին ծառանում է նույն հարցը՝ ինչպե՞ս Տիգրան Մեծին հաջողվեց կայսրություն ստեղծել, իսկ նրան հաջորդող մյուս թագավորները չկարողացան պաշտպանել նույնիսկ պատմական Հայաստանի տարածքները։ Պատմական փաստ է, որ Տիգրան Մեծն իրականացնում էր հիմնականում հարձակողական մարտավարություն, իսկ բացառապես պաշտպանողական մարտավարության որդեգրումը, ինչպես վկայում է պատմությունը, հղի է մեծ վտանգներով։ Ենթադրվում է, որ ոմանք անպայման կպատճառաբանեն, թե մենք իրապես փոքրաքանակ ազգ ենք եղել, կամ էլ՝ ներիշխանական պայքարը, իշխանական տների կողմից հաճախակի կրկնվող կենտրոնախույս նկրտումները մշտապես թուլացրել են հայոց պետականության հիմքերն ու հասցրել այն կործանման և այլն, և այլն։ Սակայն այս պարագայում ևս բնական հարց է առաջանում՝ այդ ո՞ր ազգերն են հենց այդ դարաշրջանում եղել մեծաքանակ, կամ էլ այդ ո՞ր ազգերի թագավորական արքունիքներում ինտրիգներ, դավադրություններ, դավաճանություններ կամ կենտրոնախույս ձգտումներ ցուցաբերող ուժեր չեն եղել։ Միանշանակ կարելի է պնդել, որ գրեթե բոլոր ազգերի, առանց բացառության, կառավարող վերնախավի մեջ բոլոր դարերում միշտ էլ եղել են անհաշտ հարաբերություններ (նույնիսկ ներկա դարաշրջանում նման երևույթներն առկա են): Հետևաբար, մեր ժողովրդի մեջ տարածված այն թյուր մտայնությունը, թե «մենք միշտ անհաշտ ենք եղել» կամ՝ «դավաճանությունների պատճառով է, որ մենք պետություն չենք ունեցել» և նման բնույթի այլ «արդարացումները» առողջ քննադատության չեն դիմանում։


Վերն արծարծված խնդիրների վերաբերյալ ցանկանում եմ ևս մի նկատառում հայտնել։ Անկախ պետություններ ձևավորելու ժամանակաշրջանում բնապատմական-քաղաքական այդ գործընթացները ընթանում էին բարդ, ինքնատիպ ու հակասական դրսևորումներով, որոնք տողերիս հեղինակը բնութագրում է որպես ազգերի քաղաքականապես ինքնահաստատման գործընթացներ։ Պատմական բոլոր դարաշրջաններում այս կամ այն չափով կայացած ազգերը քաղաքականապես ինքնահաստատվելու հաջողված կամ էլ անհաջող փորձեր են արել։ Պատմականորեն քաղաքականապես ինքնահաստատման հաջողված փորձերի օրինակ կարող են ծառայել պարսիկները, իտալացիները և այլք (խոսքս վերաբերում է միայն հնագույն ազգերին), որոնք իրենց բնօրրան հանդիսացող տարածքներում այսօր էլ ունեն հզոր ու կայացած անկախ պետություններ։ Ցավոք, նույնը չենք կարող ասել մեր՝ հայերիս կամ Հայաստանի պարագայում։ Ես համոզված եմ, որ մ.թ. առաջին հազարամյակում եթե քաղաքականապես ինքնահաստատման գործընթացները չընդհատվեին, և պահպանվեր ազգային անկախ պետությունը, մեր պատմական հողերի թեկուզ գերակշռող հատվածի վրա, ապա անպայման ի զորու կլինեինք դիմագրավելու երկրորդ հազարամյակի բոլոր մարտահրավերներին ու փորձություններին այնպես, ինչպես հարևան պարսիկները։ Հարկ է նկատել, որ ազգերի քաղաքականապես ինքնահաստատման պատմական գործընթացները սկիզբ ունեն, բայց ոչ երբեք՝ ավարտ։ Ներկա դարաշրջանում նույնպես ընթանում են այդ խիստ ինքնատիպ գործընթացները, որոնք պայմանավորված են տվյալ ազգի անցած պատմական ճանապարհով, քաղաքական մտքի և հոգևոր-մշակութային զարգացման առանձնահատկություններով` վերջիններս համապատասխանեցնելով տվյալ ժամանակի պահանջներին։


Ազգերի քաղաքականապես ինքնահաստատման գործընթացի էությունն այն է, որ տվյալ ազգը յուրաքանչյուր դարաշրջանում ձգտում է բացահայտել իր քաղաքական-պետական, տնտեսական և հոգևոր-մշակութային զարգացման ողջ պոտենցիալը՝ դարձնելով այն աներեր հիմք հաջորդ տասնամյակներում կամ դարաշրջանում նվազագույն նպատակը իրականացնելու՝ պատմական բնօրրանում գոյատևելու համար։ Քաղաքականապես ինքնահաստատման գործընթացները միայն ազգային ինքնության ճանաչման և սեփական անվտանգության ապահովման գործընթացներ չեն, այլև նրա բոլոր առանձնահատկությունների հնարավորինս լիարժեք դրսևորման միջոցով մեծ նպատակի իրականացում։ Այդ գործընթացները եթե ինչ-որ ժամանակաշրջանում ընդհատվում են (անկախ պատճառներից), ապա տվյալ ազգի կենսագործունեության բոլոր ոլորտներում աստիճանաբար սկսվում են անխուսափելի դեգրադացիոն արատավոր գործընթացներ, որոնք էլ ինչ-որ իքս ժամանակահատվածում հանգում են իրենց տրամաբանական ավարտին, այն է՝ քաղաքականապես անկախ ազգային պետության կործանմանը։ Քաղաքականապես ինքնահաստատման գործընթացի ընդհատման հետևանքով էր, որ մենք 387 թ. կորցրինք հայոց անկախ պետությունը։ Որպես առողջ ու բավականին հզոր արմատներ ունեցող ազգ, մեզ կրկին հաջողվեց 9-րդ դարում վերականգնել հայոց անկախ պետությունը, որը գոյատևեց մեկ ու կես դարից ավելի (885-1045 թթ.): Սակայն, ինչպես հայտնի է, Բագրատունյաց թագավորության անկումից հետո գրեթե մի ամբողջ հազարամյակ հայ ժողովրդին այդպես էլ չհաջողվեց (մինչև 1918-1920 թթ.) պատմական Հայաստանի տարածքում անկախ պետականության վերականգնման, շատ թե քիչ հաջողված փորձեր անել (Կիլիկիայի հայկական պետության խնդիրն այլ է)։

Եթե տվյալ ազգը չունի հարձակողական բնույթի (խոսքը առավելագույն ինչ-որ մեծ նպատակի ձգտելու մասին է) քաղաքական միտք, ապա վերջինիս ամբիցիաների մասին քննարկումներ լինել չեն կարող։ Հայոց քաղաքական մտքի ամբիցիաների ռազմական, տնտեսական, սոցիալ-հոգեբանական և, վերջապես, սոցիալ-մշակութային նախադրյալները հիմնականում բացակայում էին, որովհետև մոտավորապես մի ամբողջ հազարամյակ դաժանորեն ընդհատվել էր հայ ազգի քաղաքական մտքի պատմական երթը, որը, բնականաբար, տեղի է ունենում բացառապես ազգային քաղաքականապես անկախ պետության մշտական գոյության պայմաններում։


Իհարկե, բոլորովին այլ են պատմական իրողություններն ու իրերի դասավորությունը ներկա փուլում։ Հարկ է արձանագրել, որ գրեթե մի ամբողջ հազարամյակի ընթացքում առաջին դեպքն է, որ հայոց քաղաքականապես անկախ պետությունը գոյատևում է արդեն 25 տարի։ Մասնավորապես հայոց Արցախ աշխարհի մի մասի ազատագրումը և, որ ամենակարևորն է, նրա պաշտպանությունը մինչև այսօր, համահայկական մեծագույն իրադարձություն են հազարամյա պատմության մեջ։ Ինչպես հայտնի է, պատմության մեջ եղել են դեպքեր, երբ մենք ազատագրել ենք մեր պատմական հայրենիքի այս կամ այն հատվածը, սակայն երկար ժամանակահատվածում պաշտպանել, պահել հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո, տարբեր պատճառներով (հատկապես՝ քաղաքական-դիվանագիտական) չի հաջողվել։
Իհարկե, չափազանց բարդ ու դժվարին աշխարհաքաղաքական թնջուկ է պատմական Հայաստանի տարբեր հատվածների վերամիավորման հիմնահարցը։ Ճիշտ է, Օտտո ֆոն Բիսմարկն ասում էր, որ քաղաքականությունը հնարավորի արվեստ է։ Սակայն մեր ժողովրդի անցյալը, ներկան և ապագան օբյեկտիվորեն պահանջում են, որ մենք անպայման կարողանանք ապացուցել, որ քաղաքականությունը նաև անհնարինը հնարավոր դարձնելու արվեստ է։ 2016 թ. ապրիլի 2-5-ին Ադրբեջանի սանձազերծած չորսօրյա պատերազմը կրկին ապացուցեց, որ ռազմավարական դաշնակից երկիրը հանուն սեփական աշխարհաքաղաքական շահերի պաշտպանության, կարող է ցանկացած պահի զոհաբերել և՛ Հայաստանը, և՛ Արցախը։ Եթե ուզում ենք, որ ներկայի և ապագայի աշխարհաքաղաքական խորշակների հարվածներից կրկին չկորցնենք այնքան տառապանքներով ու արյան գնով ձեռք բերած Հայաստանի և Արցախի անկախությունը (ընդ որում, գուցե, սա հայ քաղաքական մտքին պատմության կողմից տրված վերջին հնարավորությունն է), ապա ոչ միայն անհրաժեշտ է, այլև համայն հայությունը պարտավոր է նման պատմական առաքելություն իրականացնելու նպատակով անհնարինը հնարավոր դարձնելու համար միաբանված հզոր ուժով հիմք դնել հայ քաղաքական նոր մտքի ամբիցիաների և՛ ձևավորմանը, և՛ իրագործմանը։ Կարծում եմ, որ մենք ազգովին՝ Հայաստանը (Արցախը) և Սփյուռքը, միակամորեն ինքներս մեզ մի օր պիտի խոստովանենք, որ վերջնականապես սպառել ենք հայության ճակատագիրը ներքաղաքական, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումների (նաև՝ դաշնակիցների) քմահաճույքներին, կամ ինչ-ինչ հանգամանքների դասավորությանը հանձնելու իրավունքի պատմական լիմիտը։ Ավելին՝ հարկավոր է խորապես գիտակցել, որ վերջապես ավարտվել են հետին թվով հայության անխտիր բոլոր հատվածների կողմից հնչող անհիմն բարոյական արդարացումները և մեր սեփական սխալները անվերջ ուրիշների վրա բարդելու միայն թույլին և անկազմակերպ ազգին բնորոշ գործելակերպի ժամանակները՝ արմատական շտկումներ մտցնելով ոչ թե գոյատևման, այլ աստիճանական զարգացման ռազմավարության մեջ։


Ժամանակն է նաև, որ ազգովին փորձենք բացահայտել մի «առեղծված» ևս. ինչո՞ւ է հասարակական կյանքի մյուս ոլորտներում (տնտեսություն, գիտություն, արվեստ, ռազմական բնագավառ և այլն) մեզ հաջողվում մեծ բարձունքների հասնել, բացի քաղաքականությունից ու դիվանագիտությունից։ Որովհետև մենք հասարակական, ազգային կյանքի ու գոյատևման երաշխավոր հանդիսացող ամենավճռորոշ ոլորտներին՝ քաղաքականությանը և դիվանագիտությանը, վերաբերվել ու վերաբերվում ենք քամահրանքով, իսկ երբեմն էլ՝ իրավիճակի թելադրանքով կայացնում ենք այնպիսի քաղաքական որոշումներ, որոնց բացասական հետևանքները հաղթահարելու համար անհրաժեշտ են լինում տարիներ, տասնամյակներ, հարյուրամյակներ, նույնիսկ՝ հազարամյակ։ Ինչու ոչ, հնարավոր է նաև, որ ի զորու չլինենք վերացնելու քաղաքական մտքի կողմից թույլ տրված այս կամ այն սխալի հետևանքներն ընդհանրապես։ Հաճախ հնչում են կարծիքներ, թե հայի տեսակը խիստ անհատականացված, «հավակնոտ տեսակ» է, ինչը շատ հաճախ խանգարել է համազգային միասնության գաղափարի իրականացմանը։ Ինչո՞ւ է այդպես։ Որովհետև հայության մեջ ընդհանրապես բացակայում են հայկական քաղաքական մտքի ամբիցիաները։ ՈՒստի և ստեղծվում է վակուում, որը լցվում է անհատական ամբիցիաներով (շատ դեպքերում՝ առանց օբյեկտիվ հիմքերի), և որպես հետևանք, տեղի են ունենում անհատական ամբիցիաների (անձնական շահերի) և ազգային-պետական շահերի նկատելի կամ աննկատ բախումներ, որոնց պատճառով տուժում են ազգը, երկիրը, հայրենիքը, անկախ պետությունը, իսկ որոշ դեպքերում էլ կործանվում։ Եթե ընդունենք, որ հայը խիստ անհատականացված «հավակնոտ տեսակ» է, ապա չափավոր, առողջ տրամաբանության մակարդակում արտահայտված, օբյեկտիվ հիմքերով և գիտականորեն հիմնավորված համահայկական քաղաքական ամբիցիոզ մտքին պիտի ենթարկել տարբեր ձևերով դրսևորվող պետության և ազգի առջև մեծ պատասխանատվություն կրող հայերի անհատական ամբիցիաները։ Միանգամայն բնական է, որ պատմական տարբեր դարաշրջաններում հայ առավել ազդեցիկ, հզոր իշխանների ցուցաբերած հայրենադավ կենտրոնախույս ձգտումներն ու գործելակերպը միշտ էլ անընդունելի են եղել։ Նման գործելակերպի հավանական պատճառներից մեկն էլ եղել է այն, որ այդ իշխանները իրենց անհատական ամբիցիաների իրականացման երաշխիքներն ու անվտանգ ապրելակերպի հույսերը ավելի շատ կապում էին օտար թագավորի, քան թե իրենց սեփական թագավորի իշխանության հետ (վերջինիս մեջ չտեսնելով հզոր պետություն ստեղծելու ձգտում, կամ, այլ կերպ ասած՝ քաղաքական ամբիցիա)։ Հետևաբար, հարկավոր է, այսպես ասած՝ «համակարգել» և «հունավորել» (հանուն ազգային-պետական ռազմավարական շահերի) պետական-քաղաքական, տնտեսական և ռազմական պատասխանատվություն ունեցող անձանց տարբեր բնույթի հավակնությունները՝ ուղղորդելով դրանք դեպի հայոց պետական-քաղաքական ամբիցիոզ միտքը։ Վերջին հաշվով, ով չի ցանկանա ապրել ռազմական առումով հզոր, տնտեսապես զարգացած, քաղաքական մեծ ամբիցիաներ ունեցող երկրում և ծառայել նրան։ Չէ՞ որ հավակնոտ քաղաքական միտքը ենթադրում է և՛ պաշտպանական, և՛ հարձակողական ռազմավարական պլանավորում։ Իսկ ռազմավարությունը իմաստավորված շարժում է դեպի առաջ, այլ ոչ թե գոյատևման դիրքորոշման արտահայտություն։ Իսկ ի՞նչ հիմնախնդիր ենք լուծել նախորդ հազարամյակում, եթե ոչ միա՛յն գոյատևման։ Միայն գոյատևման հիմնախնդիր լուծել նշանակում է մշտապես բախվել ապագայի դաժան ու սարսափելի անորոշության պատին։ Այստեղից էլ կարելի է անել հետևություն. մեր՝ հայերիս, համազգային քաղաքական խեղճության և շատ դեպքերում ցուցաբերվող ծայրահեղ զգուշավորությամբ պայմանավորված բարդույթավորվածության հիմնական պատճառը համազգային քաղաքական մտքի ամբիցիաների իսպառ բացակայությունն է: Իսկ ծայրահեղ զգուշավորությունը քաղաքականության մեջ ամբիցիաների բացակայության պարագայում շատ հաճախ վերաճում է վախի։

Միայն գոյատևման կենսափիլիսոփայությանը սևեռված քաղաքական միտքը չի կարող ամբիցիաներ ունենալ։ Ողջախոհության շրջանակում գործող ամբիցիոզ հայ քաղաքական միտքը միայն կարող է ռազմավարական նպատակներ դնել իր առջև, հասնել դրան և ստեղծել կառավարելի ապագա։ Հայաստանին անհրաժեշտ են մեծ թվով ռազմավարական համարձակ մտածողության տեր քաղաքական և պետական գործիչներ, որոնք իրենց առջև կդնեն քաղաքական հավակնոտ նպատակներ և կիրականացնեն դրանք։ Առավել ևս, որ, որպես կանոն, ռազմավարական մտածողությունը և ռազմավարական պլանավորումը համատեղելու պարագայում ընդարձակվում են մարդկային ճանաչողության հնարավորությունները այնքանով, որքանով դրանք թույլ են տալիս իրական արդյունավետություն հաղորդել ապագայի ծրագրերի կառավարման բարդ ու դժվարին գործընթացներին։ Այլ կերպ ասած, միայն հայոց ամբիցիոզ քաղաքական միտքը կարող է ստեղծել հիմնավոր, ուժեղ և բոլոր առումներով զարգացած ներկա՝ հիմնվելով հատկապես Գարեգին Նժդեհի և Հայկ Ասատրյանի հարուստ և ուսանելի քաղաքական մտքի ժառանգության վրա։ ՈՒստի, ով ճանաչում և վերահսկում է ներկան, միաժամանակ հիմք է ունենում վերահսկելու նաև ապագան։ Եթե բնութագրելու լինենք նախորդ հազարամյակի տարբեր դարաշրջաններում հայ ազգի այս կամ այն չափով դրսևորած քաղաքական գործելակերպը (նաև՝ անկախության վերջին 25 տարին), ապա այն եղել է ու կա հիմնականում պաշտպանական և միայն պաշտպանական։ Իսկ միայն պաշտպանական ռազմավարությամբ և մարտավարությամբ ղեկավարվելու պարագայում, լայն իմաստով, ազգի քաղաքական ինքնագիտակցության մեջ դանդաղ, աննկատ սողոսկում է ինքնահանգստացման, ինքնախաբեության վտանգավոր հարուցիչը, և հանդուրժողական վերաբերմունք է ձևավորվում ոչ միայն բացասական երևույթների, այլև քաղաքականության մեջ բարդույթավորված, այսպես ասած, բարոյական գործոնի նկատմամբ, ինչը անցանկալի երևույթ է ցանկացած ազգի, պետության գոյատևման համար։ Իսկ քաղաքական միտքը իր էությամբ ագրեսիվ է և մարտնչող։ Բնականաբար, ամբիցիոզ քաղաքական մտքին նույնպես բնորոշ է ռազմա-քաղաքական անհրաժեշտությունից բխող և առաջ մղող դրական ագրեսիվությունը։ Մեր անցյալի պատմության թելադրանքով մշտապես պարտավոր ենք ունենալ դրական ագրեսիվությամբ աչքի ընկնող ռազմավարություն, որն էլ իր հերթին կապահովի հարձակողական բնույթի մարտավարություն՝ և՛ արտաքին քաղաքականության, և՛ դիվանագիտության, և՛ քարոզչության բնագավառներում: Որպես կանոն, հիմնականում փոքրաքանակ ազգերն են արժևորում բարոյական գործոնը և պաշտպանական ռազմավարությունն ու մարտավարությունը քաղաքականության մեջ։ Մարդկության քաղաքական մտքի պատմությունը վկայում է, որ հենց բարոյական գործոնը ներխուժում է քաղաքականություն, սկիզբ են առնում քաղաքական մտքի բարդույթավորման բարդ ու հակասական, տանջալի ու վիճարկելի գործընթացները։ Դարեր շարունակ բարոյական գործոնը եղել է հայոց քաղաքական մտքի անդավաճան «բարեկամը»։ Մեծ հաշվով, բարոյական գործոնի նկատմամբ հայ քաղաքական մտքի կողմից ցուցաբերվող այդ «բարեկամական» վերաբերմունքը կարելի է բացատրել, թերևս, դարերով անկախ ազգային պետության բացակայությամբ։ Բարդույթավորված է նաև այս կամ այն օտար (շատ դեպքերում՝ ազգային շահի հետ ընդհանրապես կապ չունեցող) գաղափարի կամ գաղափարախոսության տեղի, դերի ու նշանակության բացարձակացված, ծայրահեղացված ընկալումը (օրինակ, հայ կոմունիստը առավել կոմունիստ էր, քան Լենինը և այլն)։


Հայոց քաղաքական մտքի ամբիցիաների բացակայության պատճառով բարդույթավորված քաղաքական մտքի նախադրյալները թերևս երեքն են՝
ա. խոր թերահավատություն սեփական ուժերի նկատմամբ ընդհանրապես, և քաղաքական մտքի պոտենցիալի հանդեպ՝ մասնավորապես,
բ. ռազմական հաղթանակների համեմատությամբ քաղաքական-դիվանագիտական հաղթանակների դերի քրոնիկ թերագնահատում,
գ. անվստահ վերաբերմունք մեծ կորուստների գնով ձեռք բերված հաղթանակի արդյունքների (հետևանքների) պահպանման հանդեպ։


Վերը նշված գործոնների գերակայության պատճառով մենք միշտ հավատացել ենք դարերի ընթացքում մեր իսկ հյուսած քաղաքական-բարոյական բնույթի պատ-րանքներին և առասպելներին։ Կարծում եմ, որ ազգի ֆիզիկական գոյատևման հիմնախնդիրը պետք է տարանջատել հայ քաղաքական մտքի կողմից գործադրվող գոյատևման ռազմավարությունից (խոսքս վերաբերում է անկախության ժամանակաշրջանին)։ Համապատասխան դասեր չքաղելու պարագայում անցյալի սխալները կարող են պատանդ պահել այն քաղաքական միտքը, որը բարդույթավորված է։ Իսկ բարդույթավորված, քաղաքական ամբիցիաներից զուրկ միտքը կարող է պատանդ պահել ոչ միայն ներկան, այլև, ինչն առավել մտահոգիչ և վտանգավոր է, ապագան։


Եթե ուշադիր հետևում ենք աշխարհաքաղաքական և տարածաշրջանային զարգացումների տրամաբանությանը, ապա կարող ենք արձանագրել, որ 21-րդ դարի սկզբներին նկատվում է «փափուկ ուժի» կիրառման միջոցով նախկին կայսրությունների ազդեցությունների վերականգնման գրեթե ակնհայտ միտումներ։ Օրինակ, հայտնի են ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական հավակնությունները ամբողջ աշխարհի նկատմամբ, ՌԴ-ի կողմից նվազագույնը նախկին ԽՍՀՄ-ի ազդեցության վերականգնման փորձերը՝ ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի շղարշով ու այլ մեխանիզմների գործադրմամբ, Թուրքիան իր «նոր օսմանիզմի» գաղափարախոսությամբ ձգտում է հնարավորինս վերականգնել իր ազդեցությունը օսմանյան նախկին տարածքներում, Իրանը փորձում է իսլամական աշխարհում գրավել գերակայող, առաջնորդող դիրք, հատկապես պատժամիջոցների վերացումից հետո։ Էլ չենք խոսում Չինաստանի առայժմ տնտեսական հավակնոտ ծրագրերին հաջորդող գործողությունների մասին։ Ֆրանսիան իր Ֆրանկոֆոնիայի (ֆրանսախոս երկրների համագործակցություն) միջոցով փորձում է իր դիրքերն ամրապնդել աշխարհի տարբեր տարածաշրջաններում։ Նման նպատակներ են հետապնդում նաև Մեծ Բրիտանիան և Գերմանիան։ Օրինաչափ հարց է ծագում. ինչպե՞ս ենք գոյատևելու կայսերապետական հավակնություններով տառապող ներկայիս գերտերությունների և տարածաշրջանային հզոր պետությունների համադրված աշխարհաքաղաքական բազմակի ստանդարտներով մատուցվող խաղերի որոգայթներում՝ առանց հայ քաղաքական ամբիցիոզ մտքի գոյության։


Հայ քաղաքական ամբիցիոզ մտքի առկայության պայմաններում Գարեգին Նժդեհի և Հայկ Ասատրյանի ստեղծագործական ժառանգության հիմքի վրա կարելի է մշակել ընդհանրապես բարդույթներից ձերբազատված, ժամանակի պահանջները բավարարող, 21-րդ դարի ոգուն համարժեք որակական նոր մակարդակի և հիմնավոր հանդգնությամբ հագեցած համահայկական քաղաքական միտք։
Եթե ուզում ենք մրցունակ ազգ լինել և երաշխավորել հայոց անկախ պետության (Արցախը ներառյալ) առաջընթաց զարգացումը գալիք դարերի համար, ուրեմն հարկավոր է չվախենալ կենսագործել հայոց քաղաքական մտքի ամբիցիաներին վերաբերող ծրագրերը։ Իհարկե, հայ քաղաքական մտքի ամբիցիաները կընկալվեն վերացական, ամբարտավան, արկածախնդրությամբ ներծծված և մեծամիտ մտածելակերպի ձախողված դրսևորումներ, եթե չհիմնվեն մրցունակ և հզոր տնտեսության, մշտապես արդիականացվող ռազմաարդյունաբերական մեծ ուժի, օրենքների անվերապահ գերակայության և ժողովրդագրական խնդիրը օր առաջ լուծելու արդյունավետ քաղաքականության վրա։ Այսինքն՝ հայոց ամբիցիոզ մտքի առկայությունը ինքնանպատակ չէ։ Հակառակը, հայ քաղաքական ամբիցիոզ մտքի մշակման և գործադրման անհրաժեշտությունը թելադրված է օբյեկտիվ հրամայականով. այն կարող է դառնալ մեծ ռազմավարական նպատակ, որը նկատելիորեն կխթանի մյուս ոլորտների զարգացումը՝ ապահովելով որակական բարձր մակարդակներ։ «Ներքին քաղաքականության մեջ մենք սոսկ պարտություն կրելու վտանգին ենք ենթարկվում, իսկ արտաքին քաղաքականությունը ընդունակ է մեզ գերեզման տանելու»,- ասել է Ջոն Քենեդին։

Ավելորդ չէ նշել, որ «գերեզման տանելու ընդունակ արտաքին քաղաքականությունը» ներքին քաղաքականության օրգանական և տրամաբանական շարունակությունն է։
Եթե որևէ ազգ չի ղեկավարվում համակողմանիորեն հիմնավորված քաղաքական ամբիցիոզ մտքով, ապա նա գիտակցաբար մասնակցում է իր տաղանդի և ապագայի ամենօրյա թաղմանը։


Սիրակ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Քաղ. գիտ. թեկնածու, դոցենտ

Դիտվել է՝ 3193

Մեկնաբանություններ