Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Yandex vs gg. ինչ է կատարվում տաքսի ծառայությունների ոլորտում

Yandex vs gg. ինչ է կատարվում տաքսի ծառայությունների ոլորտում
01.07.2016 | 08:37

Օրեր առաջ կրքերը բորբոքվեցին տաքսի ծառայության ոլորտում, ականատես եղանք հայկական gg և ռուսական Yandex ընկերությունների առճակատմանը: Բանն այն է, որ Yandex ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ հուլիսի 1-ից Երևանում կգործի Yandex Taxi ծառայությունը, որը հնարավորություն կտա մեքենա պատվիրելու բջջային հավելվածի միջոցով։ Եվ ամենակարևորը՝ Yandex Taxi-ն առաջարկելու է 100 դրամ մինիմալ վճար՝ առաջին 2 կիլոմետրի համար։ Այս սակագինն էապես տարբեր է գործող տաքսի ծառայությունների սակագներից, ուստի բնական է վերջիններիս մտավախությունը։


Պատահական չէ, որ անմիջապես ենթադրություններ եղան, թե Yandex-ն իր մեծության ու ռեսուրսների շնորհիվ (իսկ այն Ռուսաստանի ամենախոշոր օնլայն տաքսի ծառայությունն է) գնում է գնային դեմպինգի։ Yandex Taxi-ի հայաստանյան շուկա մուտք գործելու դեմ արտահայտվել են և՛ տեղական gg-ն, որ օնլայն տաքսի ծառայություն է մատուցում, և, այսպես ասած, ավանդական տաքսի ծառայությունները։


gg ընկերության համահիմնադիր-տնօրեն ԱՐՏԱՇԵՍ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ նշում է, որ մինիմալը 100 դրամ սակագնով հայաստանյան շուկայում տաքսի ծառայություն մատուցելն անհնար է։ «Գնային քաղաքականությունը որոշվում է շուկայական հարաբերություններում, առկա լայն մրցակցային դաշտի պայմաններում։ Երևանում գործում է մոտ 120 տաքսի ծառայություն, մրցակցությունը շատ մեծ է, և եթե հնարավոր լիներ նվագագույնը 100 դրամով ծառայություն մատուցել, ապա մինչ այս որևէ մեկն արած կլիներ դա,- ասում է Արտաշես Թովմասյանը, ավելացնելով, որ իրենք պատրաստ են ընդունելու մրցակցությունը և ի սկզբանե գործել են մրցակցային դաշտում, ոչ թե մենաշնորհային։- Yandex-ն այնպիսի անհավանական գների մասին է հայտարարում, որ կասկածում ես: Հայաստանում առանց այն էլ տաքսի ծառայությունը բավականին էժան է, դրանից էժանը ֆանտաստիկայի ժանրից է»:


Ի դեպ, տաքսի ծառայության բնագավառում նման խնդիրներ առկա էին դեռ վաղուց։ ՀՀ տաքսի ծառայությունների ներկայացուցիչները բարձրաձայնում էին, որ իրենք անհավասար պայմաններում են gg-ի հետ։ Տաքսիստները վճարում են լիցենզիայի, վարորդի գրանցման, հեռահաղորդակցման սարքավորումների համար, ինչը անհավասար պայմաններում է դնում այլընտրանքային ուղևորափոխադրում իրականացնող gg-ի հետ։ Արտաշես Թովմասյանը, սակայն, նկատում է, որ իրենց գործընկերները գտնվում են նույն հարթությունում, ինչ ՀՀ-ում աշխատող ցանկացած անհատ վարորդ։


Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն ԿԱՐԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ նշում է, որ Yandex Taxi-ի հայտարարած սակագները շուկայականից էապես տարբերվում են և ինքնարժեքից ցածր են, ինչը նշանակում է, որ եթե Yandex Taxi-ն իր թիկունքին ունի մեծ ֆինանսական ռեսուրսներ, կարող է համաֆինանսավորվել և մյուս ծառայություններին ծանր դրության մեջ գցել։ Հետագայում, երբ մյուսներին ասպարեզից դուրս մղի, կարող է սակագինը բարձրացնել։ «Սա առիթ է, որպեսզի տաքսի շուկայի ոլորտը կարգավորվի՝ սկսած մուծվող հարկերից մինչև տարիֆները։ Աշխարհում սովորաբար դա լուծվում է տաքսիստների արհմիության կամ բիզնես միության և պետության համապատասխան օղակների բանակցություններով։ Սակայն ես չեմ կարծում՝ Yandex Taxi-ն այդքան վտանգավոր է, քանի որ տաքսի ծառայության հիմնական առաջ մղողը նորմալ վարորդն է, որը կկարողանա հաճախորդին պահել։ Ես չեմ կարծում, որ դեմպինգի շնորհիվ նրանք կկարողանան նորմալ վարորդների ընդունել աշխատանքի։ Դա բավականին մեծ ռեսուրս է։ Չեմ կարծում, որ, նախ, այդքան լավ վարորդ կա, բացի այդ էլ, եղած լավերին կարելի է մեկտեղել մի ընկերությունում։ Պետությունը պետք է վերահսկի և կանխի դեմպինգի հնարավորությունը, դրա համար ստեղծված համապատասխան հանձնաժողովներ կան։ Պետք է այնպես անել, որ Yandex-ն ու մյուս տաքսի ծառայությունները լինեն հավասար պայմաններում։ Հավասար դաշտի մեջ նրանք կարող են իրենց տարիֆները խաղացնել։ Բիզնես մոդելները կարող են տարբեր լինել, սակայն կմ-ի արժեքը մոտավորապես նույնը պետք է լինի։ Չի կարող նույն ծառայության սակագինը մեկի մոտ երկու անգամ պակաս լինել»,- ասում է Կարեն Վարդանյանը։ Նա նաև ընդգծում է, որ gg-ն դրական փորձ է ներդրել Հայաստանում։ Եվ որքան սեփական մշակույթ, սկզբունքներ ունեցող ընկերությունները Հայաստանում շատ լինեն, այնքան լավ։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Տեսանյութ

Ռուսաստանյան «Յանդեքս» տաքսի ծառայությունը մտնում է հայկական շուկա (տեսանյութը՝ «Ազատություն» ռադիոկայանի)
Դիտվել է՝ 6956

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ