«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Թող Տերը բոլորիս Իր շնորհով ցողի

Թող Տերը բոլորիս Իր շնորհով ցողի
01.07.2016 | 09:01

Վարդավառը, թերևս, մեր ամենասպասված տոներից է: Այս տոնը մնացածներից տարբերվում է նրանով, որ ժողովրդական ուրախ խաղիկներով է ուղեկցվում: Իսկ տոնի բուն իմաստը այս է. մեր Տեր Հիսուսն Իր երկրային կյանքում բազում հրաշքներ գործեց, բայց այս մեկը, որի մասին հիմա կկարդաք, արմատապես ու զորությամբ տարբերվում էր մնացածներից: Այն տեղի ունեցավ Թաբոր լեռան վրա. Տերը այլակերպվեց երկնալույս հանդերձանքով, ինչպես նկարագրում են ավետարանիչները. «Եվ այս խոսքերից մոտ ութ օր հետո Հիսուս Իր հետ վերցրեց Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին ու առանձին նրանց հանեց մի բարձր լեռան վրա և նրանց առաջ պայծառակերպվեց։ Եվ Նրա զգեստները փայլուն, խիստ սպիտակ դարձան, այնպես, որ երկրի վրա ոչ մի լվացք անող չի կարող այդքան սպիտակեցնել։ Եվ նրանց երևացին Մովսեսն ու Եղիան, ու նրանք խոսում էին Հիսուսի հետ Նրա վախճանի մասին, որ տեղի պիտի ունենար Երուսաղեմում» (Մարկ. Թ 1-3)։

Այդ զարմանահրաշ այլակերպության վկաները դարձան դարեր առաջ ննջած Աստծո ընտիր ծառաները՝ Մովսեսն ու Եղիան, որոնք դեռ իրենց ժամանակներում մարգարեացել էին Հիսուսի աշխարհ գալու մասին։


Պայծառակերպության այս իրադարձության երկրային վկաները տասներկու առաքյալներից միայն երեքն էին՝ Պետրոսը, Հովհաննեսը և Հակոբոսը, որոնք հանդերձյալ կյանքի մի դրվագ ըմբոշխնեցին։ Եվ այդ երեքի ընտրությունն էլ պատահական չէր, քանզի Հիսուսը անձամբ Ինքը ընտրեց և Իր հետ լեռը տարավ հենց այդ երեքին, որովհետև ամենագետ Աստված գիտեր նրանց հետագա ընթացքը: Պետրոսը դարձավ Եկեղեցու վեմը, որի հավատի վրա կառուցվեց այն, այսինքն, Պետրոսը առաջինը դավանեց, որ Հիսուս Քրիստոսը կենդանի Աստծո Որդին է: Հովհաննես առաքյալը միակն էր բոլորից, որ մինչև Գողգոթա գնաց ու Հիսուսի Խաչելությունն ու մահը տեսավ: Հակոբոս առաքյալը բոլոր առաքյալներից առաջինն էր, որ Քրիստոսին Տեր դավանելու համար նահատակվեց (ասենք, որ այդ սրբի գլուխը գտնվում է Հայոց Երուսաղեմի մեր վանքի սուրբ տաճարում)։
Եվ մինչ իջնում էին լեռան բարձունքից, Տերը պատվիրեց ու ասաց, որ այդ տեսիլքի մասին ոչ ոքի չասեն, մինչև Մարդու Որդին մեռելներից հարություն առնի, ինչպես և նախկին սքանչելագործությունների դեպքում, նույնպես և այժմ, որպեսզի չգայթակղվեն: Որովհետև որքան մեծամեծ բաներ իմանային Քրիստոսի մասին, այնքան դժվար կլիներ նրանց համար, երբ չարչարանքների ժամին և խաչի վրա տեսնեին Նրան:


Իսկ, ըստ մեր սուրբ հայրերի, այս տոնը Վարդավառ կոչելու մեկնությունն այս է. վարդը, քանի դեռ կոկոն է, ո՛չ իր գեղեցկությունը, ո՛չ էլ անուշահոտությունն է ի ցույց դնում որոշ ժամանակ, իսկ հետո փթթում է և իր գույնով ու անուշահոտությամբ մարդկանց հիացնում: Այդպես էլ Քրիստոս Տերը Իր մոր՝ Մարիամի կուսական արգանդում սնվեց որպես կոկոն և, ծնվելով, աստղերով ու հրեշտակներով հայտնվեց մոգերին ու հովիվներին, հետո էլ հայտնվեց մարդկանց ու առաքյալներին՝ զարմանալի նշաններով ու սքանչելիքներով:
Մեր Տեր Հիսուսը, Իր մարմնի վարագույրով որպես կոկոն ծածկվելով, Այլակերպության այդ տոնին առաքյալների առջև բացվեց ու հայտնեց երկնքի փառքը, իսկ անուշահոտության բուրմունքով՝ Աստվածությունը:


Վարդն ունի երեք որակ՝ գույն, գեղեցկություն և անուշահոտություն, որոնք խորհրդանշում են Երրորդությունը: Իսկ Քրիստոսի խորհրդում կարմրությունը խաչի վրա թափված արյունն է, սպիտակությունը՝ անմեղությունը, անուշահոտությունը՝ Հոգին, որ փչեց առաքյալների վրա՝ ասելով. «Առեք Սուրբ Հոգին»: Եվ սա ըստ խոսքի. «Իմ սիրեցեալը սպիտակ է եւ կարմիր, ընտրեալ է՝ տասը հազարից» (Երգ 5.10):
Իսկ այս տոնը մեր ժողովուրդը դեռ հեթանոս ժամանակներից կապել է Նոյի ընտանիքի՝ տապանից իջնելու իրադարձության հետ, այդ պատճառով էլ հայ մանուկներն ու աղջիկները այդ օրը իրար վրա ջուր են լցնում՝ ի նշան ջրհեղեղի ավարտի։ Իհարկե, կարելի է նման զվարճություններ թույլ տալ մեզ, բայց նախ սուրբ Պատարագով պատվելով Տիրոջ Պայծառակերպության տոնը, հետո նոր ջրով ցողվել, այն էլ՝ չափավոր, ոչ թե անխնա և ում պատահի ջրելով։
Որպես վերջին մաղթանք՝ թող Տերը բոլորիս Իր շնորհով ցողի ու քաղցրաբույր դարձնի բոլորիս կյանքը: Ամեն:


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2092

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ