Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նախ եկեք վայելենք

Նախ եկեք վայելենք
01.07.2016 | 09:33

Երեկվանից սկսվեցին ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մեկ քառորդ եզրափակչի հանդիպումները: Չորս օր՝ չորս խաղ: Դրանցից մեկի՝ Լեհաստան-Պորտուգալիա դիմակայության արդյունքի մասին արդեն գիտենք: Առայժմ հայտնի չեն ՈՒելս-Բելգիա, Գերմանիա-Իտալիա, Ֆրանսիա-Իսլանդիա մրցակցության արդյունքները: Դրանք էլ, ժամանակը կգա՝ կիմանանք. էս աշխարհում ի՞նչն է անհայտ մնացել, որ սրանք մնան: Քենեդու սպանությունը հանկարծ աչքս չկոխեք. այն վաղուց բացահայտված է, պարզապես լայն հասարակության համար է թեման փակ: Ավարտվելուն պես մեկ քառորդի հանդիպումների մասին բնականաբար կխոսենք ու, խոստանում եմ, հիմնավոր կխոսենք: Դրանք մեզնից ո՞ւր պիտի փախչեն, իսկ, այ, որ նման «ցանկություն» ունեին մեկ ութերորդում կայացած Իտալիա-Իսպանիա, Անգլիա-Իսլանդիա դիմակայությունները, անժխտելի է: Ձեր թույլտվությամբ եկեք դրանց «բերման» ենթարկենք:

ԶԳՈՒՇԱՑԵՔ ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ՑԱՍՈՒՄԻՑ
Մինչ այս մեկ ութերորդը կողմերը հանդիպել էին երեսունհինգ անգամ, իսպանացիները առաջ էին մեկ հաղթանակով՝ տասի դիմաց տասնմեկ: Եվրոպայի վերջին առաջնությունում այս ընտրանիների ճանապարհները խաչվել էին եզրափակչում, որտեղ իսպանացիներն ավելի քան տպավորիչ էին: Իտալական փառաբանված պաշտպանությունը չորս անգամ ճաք տվեց, իսկ հարձակվողները մնացին ձեռնունայն: Հարվածը, մեղմ ասենք, ավելի քան դաժան էր: 2012-ին հաջորդած տարիներին կողմերն իրար հետ «ռաստվելու» ևս երեք հնարավորություն ունեցան: Դրանցից և ոչ մեկում հաղթական արդյունք չգրանցվեց: Եվրոպայի այս առաջնությունում ոչ-ոքի, բնականաբար, անհնար էր սպասել, քանզի, որպես մահվան վճիռ կայացնող դատավոր, տասնմեկմետրանոցի ուրվականը կկախվեր օդում:
Գիլիոտինից խուսափելու անհանգստությամբ Անտոնիո Կոնտեի սաները միանգամից առաջ նետվեցին: Ճիշտն ասած, սա նման էր դատապարտվածի հուսահատության: Սակայն, ինչպես ցույց տվեց խաղի ընթացքը, Կոնտեի մարտավարությունը ճիշտ էր. թիկունքում յուվենտուսյան պաշտպանության անհաղթահարելի քառյակն էր՝ լեգենդար Բուֆոնի գլխավորությամբ, իսկ այն ճեղքելու համար Իսպանիայի հարձակման գծին պակասում էր… Մեսին, ով, գիտեք, միայն ակումբային մակարդակով կարող է ներկայացնել իսպանական ֆուտբոլը: Վիճակը գուցե թե շտկելի լիներ Անդրես Ինիեստայի կողքին 2012-ի եվրոպականի օրինակով Չավիի կարգի ֆուտբոլիստի առկայությամբ, բայց դե ներկայումս որտեղի՞ց գտնես ֆուտբոլային նման երկրորդ գրոսմայստեր:
Ողջ հանդիպման ընթացքում իսպանացիները բախվեցին իտալական երկշերտ պաշտպանությանը՝ իրենց գրոհներով շատ ավելի հաճախ պարպվելով առաջին շերտի վրա: Խմբայիններում երեք գոլ հեղինակած Մորատան խաղից մեկուսացված էր, Նոլիտոն այդպես էլ չներդաշնակվեց խաղին, Սիլվան ակտիվ գործողությունների դիմելուց մեկուսացված էր, փոխարինման ելած Ադուրիցը, որ զարգացումների անցանկալիության դեպքում պիտի պայմանավորեր Վիսենտե դել Բոսկեի խոստացած նոր մարտավարությունը, ոչինչ չկարողացավ անել թիմին համակած ավելորդ շտապողականության ու վնասվածք ստանալու պատճառով:
Մի խոսքով, Նիկեն ամեն կերպ վկայեց, որ խռովել է իսպանացիներից (ի դեպ, խռովել է դեռևս աշխարհի առաջնության ժամանակներից) ու ակնհայտ սիրախաղի մեջ մտել իտալացիների հետ, ովքեր իրենց կազմում ունեին, ճիշտ է, թեկուզ և տեղական նշանակության, համենայն դեպս Պելե, ով էլ հանրագումարի բերեց հանդիպման արդյունքը՝ 2:0:
Ինչ խոսք, ցավալի է առաջնությունից իսպանացիների այսքան վաղաժամ հեռանալը, բայց եթե խաղում ես հնարավորություններիդ հիսուն տոկոսն անգամ ցույց չտված, բնականաբար, տեղդ հեռուստացույցի դիմաց է:
Ինչ վերաբերում է իտալացիներին, քառորդ եզրափակչում նրանց մրցակիցն է Գերմանիայի ընտրանին, որը մինչև այժմ ոչ մի գնդակ չի ընդունել սեփական դարպասը: Դեպքերից առաջ ընկնելն առանձնապես մի բան չէ, բայց չեմ էլ կարող չասել՝ ուժեղ մրցակցի դեմ փայլած մեկ թիմ չէ, որ սպառվել է այս առաջնության հաջորդ փուլում: Ես չեմ կռավում իտալացիների վրա, բայց տա Աստված, որ նրանք այս օրինաչափությունից դուրս լինեն, որքան էլ նման հանգուցալուծումը գերմանական ֆուտբոլի սիրահարներին ախորժելի չի լինի:


ՀՐԱԲՈՒԽՆԵՐԻ ԵՐԿԻՐ... ՀՐԱԲՈՒԽԸ
Մեր նախորդ նյութերից մեկում, անդրադառնալով Անգլիա-Իսպանիա սպասվելիք դիմակայությանը, մասնավորապես նկատել էինք. «Այնուամենայնիվ թույլ տվեք հարցնել՝ անգլիացիների հետ խաղում էդ ինչո՞ւ պիտի իսլանդացիները չխիզախեն: Համ էլ Եվրոպայի այդ ո՞ր մի առաջնությունում են անգլիացիները կատու ձևել (սա թագուհու կատվասեր լինելով չի պայմանավորված), որ այս մեկում ձևեն»:
Ես սա մեջբերեցի ոչ նրա համար, որ նոստրադամուսյան որակներս ևս մի անգամ ընթերցողի աչքը կոխեմ, բայց որ այն Հյուսիսային Իռլանդիայի ու Հունգարիայի հետ դարձել էր այս «Եվրոյի» ամենախոշոր սենսացիաներից մեկը, բոլորս էինք համոզվել: Ճիշտ է, վերջին երկուսը մնացին նվաճած բարձունքի վրա, իսկ ահա իսլանդացիները մեկ ութերորդում մրցակցին այնպիսի՜ դաս տվեցին, որ համաշխարհային լրատվամիջոցները եղածն իսկույն որակեցին որպես Brexit՝ նկատի ունենալով անգլիական հայտնի քվեարկությունն ընդդեմ Եվրամիության:
Անգլիացիների կրած պարտությունից հետո (1։2) ինչ ասես, որ չասվեց իսլանդացիների հաղթանակի կապակցությամբ: Ճիշտն ասած, ինձ ամենից շատ դուր եկավ երկրի բնակչությունից արված հետհաշվարկը, որի արդյունքում դուրս է գալիս, որ այս կղզի-տերությունում կա ճիշտ այնքան ֆուտբոլիստ, որքան բերել էին առաջնություն՝ քսաներեք: Ընդ որում, նկատեք, այդ համույթից ոմանք համատեղությամբ են զբաղվում կամ զբաղվել ֆուտբոլով. դարպասապահ Հալդորսոնը մինչև վերջերս օրվա հացը վաստակել է ռեժիսուրայով, հարձակվող Բոդվարսոնը՝ բենզալցակայանում աշխատելով, իսկ գլխավոր մարզիչներից մեկը՝ Հալդգրիմսոնը, թիմի հաստիքային ատամնաբույժն է: Ստացվում է, որ այս թիմը հարկ եղած դեպքում դիմացինի ատամն էլ կքաշի, կրակին կտա՝ կվառի էլ ու այդ ամենը մեծագույն հաջողությամբ կբեմականացնի: Իսկ ի՞նչ է, այդ հաղթանակն անգլիացիների ատամ քաշել չէ՞ր, կրակի տալ-վառել չէ՞ր, մեծագույն բեմականացում չէ՞ր:
Եզրափակչի մատույցներում Եվրոպայի առաջնությունները լքելն Անգլիայի ընտրանու համար նորություն չէ, մինչդեռ ընդհանրապես խմբայինից դուրս գալն էր իսլանդացիների համար նորություն, էլ չասենք մեկ քառորդում հայտնվելը, որը նորությունների նորությունն է: Այսքանից հետո թույլ տվեք հարցնել՝ եթե չլինի կողմնակի ուժերի ազդեցությունը, ինչ-որ բան կարո՞ղ է նրանց խանգարել նաև ֆրանսիացիների հարցերը լուծելու: Մի բան հաստատ իմացեք՝ մեկ քառորդի Ֆրանսիա-Իսլանդիա դիմակայությունում իսլանդացիները բոլոր դեպքերում չեն պարտվելու: Նրանք իրենց գլխավոր հաղթանակը տարել են, իսկ այդ հաղթանակն այն է, որ այսօր ֆուտբոլային ողջ աշխարհն է խոսում ու դեռ խոսելու է նրանց մասին:
Ահա այսքանը մեկ ութերորդի այն խաղերից, որոնց նախորդ նյութում չէինք կարողացել անդրադառնալ ժամանակի գործոնի պատճառով: Ինչ վերաբերում է քառորդ եզրափակչի հանդիպումներին, դրանցից մեկին մասամբ անդրադարձանք (ու դեռ կանդրադառնանք), ինչպես որ լինելու է, երեկ կայացած Լեհաստան-Պորտուգալիա ու դրան հաջորդելիք Իտալիա-Գերմանիա, ՈՒելս-Բելգիա դիմակայությունների պարագայում: Մենակ թե թողեք, նախ, վայելենք, հետո տեսնենք, թե ինչ ենք ասելու, իսկ որ մրցակցող կողմերը դրա համար ավելի քան առատ առիթ կտան, վայրկյան իսկ չկասկածեք:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1564

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ