Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Աշխարհը, որ ստիպում է կորցնել հիշողությունը

Աշխարհը, որ ստիպում է կորցնել հիշողությունը
01.07.2016 | 14:17

Պաշտոնական դեմքերի շուրթերից, որ վերջերս անխնա քննադատում էին իրար, հիմա մեղր է ծորում: Լարման ժամանակ, որ ծագել էր, երբ ոչնչացվեց Թուրքիայի սահմանները խախտած ռուսական ռազմական ինքնաթիռը, կողմերը միմյանց ներկայացրին բազում մեղադրանքներ: Հիմա այդ մեղադրանքները կախվել են օդում: Պահանջելով հետաքննություն՝ Ռուսաստանը պնդում էր՝ «Թուրքիան վերավաճառում է ԻՊ-ի նավթը», Թուրքիան պնդում էր՝ «Ռուսաստանը սպանում է քաղաքացիական բնակչությանը Սիրիայում», նրանք մոռացել են՝ ինչ էին ասում: Երբ Թուրքիան Ռուսաստանից ներողություն խնդրեց, փոխադարձ մեղադրանքներին հաջորդեց համագործակցությունը:


Թուրքիայի շրջադարձը դեպի Մոսկվա
Նոր գործընթացի սկզբին փոխվեց և հռետորաբանությունը: Ինչպես նշեց ԵՄ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Չիժովը, պատճառներից մեկը, որ Անկարան Մոսկվայի հետ հաշտության քայլ արեց, պրոբլեմներն էին Բրյուսելի հետ հարաբերություններում: Չիժովն ընդգծեց, որ ԵՄ տարբեր երկրների հետ Թուրքիայի պրոբլեմները անխուսափելի են: «Թուրքիան տարաձայնություններ ունի ոչ միայն Գերմանիայի հետ, այլև ԵՄ մյուս երկրների և ժամանակի մեջ այդ պրոբլեմները միայն շատանում են»՝ ասաց Չիժովը, ընդգծելով, որ հենց այդ պատճառով է Անկարան շրջվել դեպի Մոսկվա:


Համագործակցության խոչընդոտներ չկան
ՌԴ Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Վիկտոր Օզերովը խոչընդոտներ չի տեսնում Մոսկվայի ու Անկարայի համագորակցության մեջ ահաբեկչության դեմ պայքարում: ТАСС-ին տված հարցազրույցում Վիկտոր Օզերովն ընդգծել է, որ ահաբեկչության դեմ պայքարում համատեղ գործողությունները կարող են նպաստել երկու երկրների հարաբերությունների բարելավմանը: «Ռուսաստանը միշտ պատրաստ է աջակցել մյուս երկրներին ահաբեկչության դեմ պայքարում, անկախ՝ ինչ վիճակում են նրանց փոխհարաբերությունները»՝ ասել է Օզերովը: Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանի միջազգային տերմինալում ահաբեկչության հետևանքով 41 մարդ զոհվեց, 239-ը տուժեցին: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասաց. «Դա մեր ընդհանուր ցավն է»: Facebook-ի իր էջում Զախարովան օդանավակայանի պայթյուններն անվանեց «դժոխային սպանդ»:


«Մենք պատրաստ ենք միջխորհրդարանական երկխոսությանը»
ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն երկխոսության պատրաստակամություն հայտնեց Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հետ. «Մենք պատրաստ ենք վերականգնել միջխորհրդարանական երկխոսությունը Թուրքիայի հետ: Հիմա մտածում ենք՝ ինչ ձևաչափ ընտրել»: Մատվիենկոն, դրական գնահատելով նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիբ Էրդողանի բանակցությունների արդյունքները, ասել է. «Վերջապես մենք հաղթահարեցինք խոչընդոտները, որ ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման ճանապարհին էին: Հիմա զարգացնելու ենք փոխգործակցությունը»: Յոթ ամսում լուրջ փոփոխություններ են եղել ռուս-թուրքական հարաբերություններում, և կպահանջվի վերականգնումի որոշակի ժամանակ՝ ընդգծել է նա: «Թեպետ Թուրքիայի ներողությունները յոթ ամսով ուշացան, կարևոր քայլ արվեց ռուս-թուրքական հարաբերությունների նորմալացման ճանապարհին»՝ շարունակեց Մատվիենկոն՝ նկատելով, որ Պուտինի ու Էրդողանի հեռախոսազրույցում ձեռքբերված պայմանավորվածություններից հետո բարձրացել է իր տրամադրությունը:
Birgün, Թուրքիա


Հ.Գ. Յոթ ամիս, որ կմոռացվի շատ արագ և ռուս-թուրքական եղբայրությունը կշարունակվի այնքան, քանի դեռ Ռուսաստանը պատժամիջոցների տակ է, իսկ Թուրքիան չի կարողանում գտնել ԵՄ դռների բանալիները: Ամենայն հավանականությամբ թուրք-սիրիական սահմանի փակման հարցում կայացել է պայմանավորվածությունը, այլապես ռուս-թուրքական հաշտությանը չէր հաջորդի ահաբեկչությունը Ստամբուլում, որի կազմակերպիչ թուրքերն անմիջապես անվանեցին ԻՊ-ին: Սա նաև կողմնակի փաստարկ է, որ Թուրքիան չփոխի ահաբեկչությանը վերաբերվող օրենսդրությունը, ինչպես պահանջում է ԵՄ-ն՝ վիզաների ազատականացման համար: Թեպետ ԵՄ-ն Մեծ Բրիտանիայի հեռանալուց հետո գուցե և փոխի դիրքորոշումը Անկարայի հարցում՝ ԵՄ-ին ներդրումներ են պետք: Փաստ է, որ ՌԴ Դաշնության խորհրդին, որ պատրաստվում է երկխոսության Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հետ, ամենևին չի մտահոգում փաստը, որ Թուրքիայի խորհրդարանի հարյուրից ավելի պատգամավորների նկատմամբ հարուցված են քրեական գործեր: Պատրա՞ստ են ռուս սենատորները երկխոսել թուրք «քրեականների» հետ, թեպետ հարուցված մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն և վերաբերում են քրդամետ ընդդիմադիր պատգամավորներին: Իրադարձությունների զարգացումները մեծ անակնկալներ չեն բերի, Ռուսաստան-Թուրքիա իրական համագործակցությունը ոչ խորհրդարանական հարթակում է ծավալվելու, ոչ էլ ահաբեկչության դեմ պայքարի: Նրանց միավորում է տնտեսությունը ալիքի վրա պահելու անհրաժեշտությունը և քաղաքական մեկուսացումից դուրս գալու ձգտումը: Ի վերջո, յոթ ամսում ոչ մի օր Ռուսաստանը չդադարեցրեց Թուրքիայի գազամատակարարումը, փաստ, որ վկայում է քաղաքականության և տնտեսության իրական փոխհարաբերությունը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2043

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ