Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Լեռնային Ղարաբաղ. Բաքուն փորձում է զրոյացնել պետերբուրգյան պայմանավորվածությունները

Լեռնային Ղարաբաղ. Բաքուն փորձում է զրոյացնել պետերբուրգյան պայմանավորվածությունները
02.07.2016 | 01:00

Ղարաբաղյան ուղղությամբ անսովոր քաղաքական-դիվանագիտական ակտիվություն է սկսվել: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանեով իրավիճակը, հայտարարեց, որ հիմա տեղի է ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետությունների արտաքին գործերի նախարարությունների համաձայնեցումների գործընթաց՝ կապված Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների մայիսի 16-ին Վիեննայի և հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում ձեռքբերված պայմանավորվածություններով:

Նրա խոսքով՝ հիմա «կարևոր է ձեռք բերված դրականը չփոշիացնել հրապարակային հռետորաբանության մեջ, պահպանել, որպեսզի իրականացվեն կոնկրետ քայլեր»: «Կան թեմաներ, որ լռություն են պահանջում, որովհետև պետք է աշխատեն դիվանագետներն ու փորձագետները»: Բայց լռություն ոչ մի կերպ չի ստացվում՝ միայն պաշտոնական շփումների թվարկումը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի թեմայով, արդեն հոդված է դառնում: Հեռախոսեցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, որի ընթացքում, ինչպես Կրեմլը հաղորդեց, «Վլադիմիր Պուտինը տեղեկացրեց Ֆրանսուա Օլանդին՝ իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրի նախագահի, հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում եռակողմ հանդիպման մասին»:

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները պայմանավորեցին «շարունակել համատեղ ակտիվ աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում այդ կարևոր ուղղությամբ»: Այցով Փարիզ մեկնեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Ի թիվս կարևոր միջազգային խնդիրների քննարկման՝ նա Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոյին տեղեկացրեց Սանկտ Պետերբուրգի հանդիպման արդյունքների մասին: Փարիզը հայտարարեց, որ պատրաստ է հարթակ տրամադրել Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հերթական սամիթի համար: Միաժամանակ տեղեկացվեց որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը առաջիկայում կմեկնի Երևան և Բաքու: Հարավկովկասյան այս մայրաքաղաքներում էր Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ- Վալտեր Շտայնմայերը: Երևանում նա հանդիպեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Թեպետ ադրբեջանական կողմը հայտարարում է, որ Շտայնմայերը զրուցել է Սահակյանի հետ միայն իբրև «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանի հայկական համայնքի ղեկավարի»:

Բայց բոլոր նշանները կան, որ այդպես չէ, հանդիպմանը ակտիվ մասնակցություն են ունեցել ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը և պաշտոնական այլ անձինք: Վերջապես՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսեց Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հետ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման հարցերի շուրջ, մասնավորապես՝ Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման կոնկրետության մասին: Այս ամենը մտածել է տալիս, որ կոնֆլիկտի կարգավորման բազմաչափ բանակցությունները Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահների ուղղակի մասնակցությամբ, նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների, ունեն կոնկրետ համաձայնության նախագիծ, որի մանրամասները բծախնդիր ուսումնասիրվում ու համաձայնեցվում են: Դա հաստատեց և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը՝ հաղորդելով, որ իրոք «կա փաստաթուղթ, որի վրա աշխատանք է տարվում»: Բաքուն, ինչպես միշտ, բովանդակությունը չի բացահայտում, լռում է և Երևանը:


Միևնույն ժամանակ Բաքվի ԶԼՄ-ները, ճիշտ է, հղում անելով հայկական աղբյուրներին, գրում են «Պուտինի պլանի» մասին: Նրանք հաստատում են, որ այդ ծրագիրն ունի մի քանի փուլ: Առաջին փուլ՝ հայկական ուժերը դուրս են բերվում օկուպացված հինգ շրջաններից՝ Աղդամից, Ֆիզուլիից, Ջեբրաիլից, Զանգելանից ու Ղուբատլուից: Երկրորդ փուլ՝ Լեռնային Ղարաբաղը ստանում է ամուր անցումային կարգավիճակ, որ չի ենթադրում վերադարձ Ադրբեջանի կազմ, բայց նաև՝ անկախության կարգավիճակ տեսանելի ապագայում:

Հաստատվում է, որ իբր «Ադրբեջանը համաձայն է տարածքների վերադարձ-կարգավիճակի որոշարկում բանաձևին, սակայն շարունակում է պնդել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ներառելու մասին (թեկուզ ձևականորեն), քանի որ երկրի Սահմանադրությունը չի կարող վերանայվել»: Իր հերթին «Հայաստանը համաձայն չէ որևէ տարբերակի, որի դեպքում Ղարաբաղը վերադառնում է Ադրբեջանի կազմ»: Հաստատել կամ հերքել այս տեղեկատվական «արտահոսքը» հնարավոր չէ: Սակայն կան կողմնակի նշաններ, որ այս պահին լուծվում են վիեննական ու պետերբուրգյան պայմանավորվածությունների կենսագործման կոնկրետ խնդիրներ՝ կոնֆլիկտի կողմերի շփման գծում վերահսկողության մեխանիզմների ստեղծման և կոնֆլիկտի գոտում միջազգային դիտորդների տեղակայման: Մնացածը թողնվում է «հետոյին»: Բայց ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզայի կարծիքով՝ «նախագահ Ալիևը նահանջում է ոչ վաղուցվա պայմանավորվածություններից»:

Դա պարզ դարձավ և Մամեդյարովի ու Շտայնմայերի հանդիպումից հետո, երբ Մամեդյարովը նորից գլխավորը համարեց «հայկական զինված ուժերի դուրս բերումը Ադրբեջանի տարածքներից» և հայտարարեց, որ «բանակցություններ հանուն բանակցությունների չպետք է լինեն», որ փաստացի նշանակում է հասկացությունների նենգափոխում՝ բանակցային նախկին օրակարգը փոխելու փորձ: Այդ առումով դժվար է չհամաձայնել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, որ «ամեն անգամ բարձր մակարդակով համատեղ հանդիպոումներից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հարցնում են՝ կհաջողվի այս անգամ կատարել ձեռբերված պայմանավորվածությունները»: Միջադեպերի հետաքննության մեխանիզմների տեղակայման պայմանավորվածության կատարման՝ միջնորդների հայտարարության վերաբերյալ Նալբանդյանը նշեց, որ «լիովին հասկանալի է՝ ում է հասցեագրված տվյալ հայտարարությունը, քանի որ Հայաստանը բազմիցս ընդգծել է, որ կողմ է դրանց տեղակայմանը»: Հարց է ծագում՝ ի՞նչ փաստաթղթի վրա է աշխատում Ադրբեջանը, ինչի՞ շուրջ է վարում իր «սուբստանցիոնալ բանակցությունները», որ Սանկտ Պետերբորգից հետո պիտի շարունակվեն Փարիզում, թեպետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը ասում է՝ «նախագահների հերթակա հանդիպման որոշակի ժամկետ դեռ չկա»: Եվ ինչու՞ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հենց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Բաքու այցի արդյունքների հետ է կապում նախագահների մակարդակով հերթական հանդիպման հնարավորությունը:


Փաստորեն՝ ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի «մի աղմկեք» կոչը գերադասում են չլսել: Չոր հաշվարկով մնում է՝ Շտայնմայերը հույս հայտնեց, որ «Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման լիարժեք բանակցություններ կսկսվեն արդեն այս տարի», իսկ ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտարարեց, որ «չի սպասում ինչ-որ ճեղքումային որոշումներ ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի Բաքու ու Երևան այցերից»: Մի՞թե ամեն ինչ նոր էջից պետք է սկսվի:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Լավրովի պլան, Պուտինի պլան, Կազանի սկզբունքներ՝ այս ամենը նույն պատմությունն է՝ բոլորի հիմքում տարածքների հանձնումն է Ադրբեջանին և «սուբստանցիոնալ բանակցությունները» հենց այդ «հանձնման-ընդունման» մասին են: Բայց կան մանրամասներ, որ իբր փորձում են հավասարակշռել կողմերի շահերը: Հենց այդ «հավասարակշռության» վերջնականացման համար է նախ Երևան՝ պարզելու, թե մինչև ինչքան է Երևանը պատրաստ զիջելու, ապա՝ Բաքու՝ հաղորդելու ու համաձայնեցնելու՝ որը ինչպես, ուղևորվում Սերգեյ Լավրովը: Սա բնավ էլ Վիեննայի բանակցությունների շարունակությունը չէ, սա Սանկտ Պետերբուրգի սեպարատ բանակցությունների շարունակությունն է: Եվ ինչ էլ լինի Լավրովի այցի ընթացքում, Փարիզի հանդիպումը կայանալու է ու հենց դա է ասել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին՝ նախ ապահովել բանակցությունների շարունակման պայմաններ՝ կատարելով Վիեննայի պայմանավորվածությունները, իսկ հետոն հետո կերևա: Ու դա արդեն բոլորովին էլ «Պուտինի պլանը» չէ: Իդեպ, զարմանալի չէ՞ր, որ Պետերբուրգի հանդիպումից տասնմեկ օր անց էր միայն ՌԴ նախագահը հարկ համարել Ֆրանսիայի նախագահին հանդիպման արդյունքների մասին պատմել: Կա ևս մեկ հետաքրքիր մանրամասն՝ Ադրբեջանի Սահմանադրությունը Ղուրա՞նն է, որ հնարավոր չէ փոխել: Չկա աշխարհում որևէ Սահմանադրություն, որ փոփոխություններ ու լրացումներ չունի: Սա պարզապես պատրվակ է, որ Ալիևը խաղարկում է, իսկ համանախագահները ընդունում են իբրև ճշմարտություն: Եվ՝ ինչո՞ւ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1813

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ