Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նալբանդյան. Չպետք է թույլ տանք ՍԾՏՀԿ քաղաքականացումը

Նալբանդյան. Չպետք է թույլ տանք ՍԾՏՀԿ քաղաքականացումը
02.07.2016 | 01:25

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Սոչիում մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 34-րդ նիստին, որին ամփոփվել են ՍԾՏՀԿ-ում Ռուսաստանի 6-ամսյա նախագահության արդյունքները: Իր ելույթում Նալբանդյանը կարևորել է միջտարածաշրջանային փոխադրումների, տրանսպորտային համակարգերի զարգացումը, ՍԾՏՀԿ օղակաձև մայրուղու հիմնական երթուղու երկարաձգումը մինչև կազմակերպության բնագավառային երկխոսության գործընկեր հանդիսացող Իրանի սահման, բեռնային և ուղևորատար լաստանավային փոխադրումների զարգացման նախաձեռնությունները։ Նալբանդյանն ասել է, որ հայ մասնագետներն իրենց ներդրումն են ունեցել դեպի միջազգային շուկաներ ՍԾՏՀԿ փոքր և միջին ձեռնարկությունների դուրս գալու համար ուղիների մշակման, համացանցի միջոցով առևտրի և առևտրային գործարքների դյուրացման, մաքսային գործընթացների ներդաշնակեցման, համատեղ անցակետերի կատարելագործման, այլ խնդիրների լուծման հարցերում:

«Մենք ողջունում ենք առողջապահության նախարարների կողմից ՍԾՏՀԿ անդամ երկրների միջև «Դեղամիջոցների որակի երաշխիքի ոլորտում համագործակցության հուշագրի» ստորագրումը: Միաժամանակ, ափսոսանքով պետք է նշել, որ չի հաջողվել հասնել կոնսենսուսի «Սանիտարական պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագրի» նախագծի շուրջ: Հայկական կողմը կառուցողական մասնակցություն է բերում բնական աղետների կանխման և հետևանքների վերացման բնագավառում ազգային ծառայությունների միջև համագործակցության, արտակարգ իրավիճակների նախազգուշացման, ճգնաժամային կենտրոնների ցանցի ստեղծման նախաձեռնություններին: Հայաստանը հանդես է գալիս էներգետիկայի բնագավառում համագործակցության իրավական հիմքերի ամրապնդման օգտին», - շեշտել է ՀՀ ԱԳ նախարարը: Հայաստանը կողմնակից է միջազգային ասպարեզում ՍԾՏՀԿ դերի բարձրացմանը, այլ միջազգային տարածաշրջանային կազմակերպությունների հետ գործակցության ընդլայնմանը, ասոցացված կազմակերպությունների, դիտորդների և ոլորտային երկխոսության գործընկերների հետ համագործակցության ամրապնդմանը։ Այդ գործակցությունը պետք է զարգանա ՍԾՏՀԿ կանոնադրության և այլ հիմնարար փաստաթղթերին համապատասխան։


«Մենք չպետք է թույլ տանք ՍԾՏՀԿ քաղաքականացումը, վերածումը քաղաքական հակադրության հարթակի։ Ցավոք, մենք ականատես դարձանք, որ այսօր նորից ադրբեջանական պատվիրակությունն, իր նեղ քարոզչական նպատակներից ելնելով, փորձեց քաղաքականացնել լիագումար նիստի քննարկումները», - նշել է Էդվարդ Նալբանդյանը: Նա ընդգծել է. - «Ինչ վերաբերում է ղարաբաղյան հիմնախնդրին, կցանկանայի հիշեցնել, որ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում անցկացված գագաթաժողովները, առաջին հերթին, նպատակ էին հետապնդում կայունացնել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից ապրիլին իրականացված լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը: Բանակցային գործընթացը շարունակելու համար պայմաններ ստեղծելու նպատակով, առաջին հերթին, անհրաժեշտ է իրականացնել այն, ինչի մասին հատուկ շեշտվել է և ինչի շուրջ ձեռք են բերվել պայմանավորվածություններ գագաթաժողովներին՝ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորում, հրադադարի վերաբերյալ 1994-1995թթ. եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ իրականացում, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնում»։ Հանդիպման արդյունքում ՍԾՏՀԿ արտգործնախարարներն ընդունել են կազմակերպության գործունեությանն առնչվող բանաձևեր, որոշումներ՝ ուղղված տարածաշրջանային համագործակցության խորացմանը։ ՍԾՏՀԿ-ում նախագահությունը Ռուսաստանից փոխանցվել է Սերբիային:

Դիտվել է՝ 1434

Մեկնաբանություններ