Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Սանկտ Պետերբուրգի արդյունքը. չվերադառնա՞նք 2001 թվականի հունվար

Սանկտ Պետերբուրգի արդյունքը. չվերադառնա՞նք 2001 թվականի հունվար
08.07.2016 | 00:48

Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակի կապակցությամբ հիշատակի ու սգո միջոցառումների նախօրեին՝ հունիսի 20-ին, Սանկտ Պետերբուրգի Կոնստանտին կայսեր պալատում տեղի է ունեցել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հույժ գաղտնի հանդիպումը։ Ինչեր ասես, որ չգրեցին Երևանում ու Բաքվում այդ գաղտնիության առնչությամբ։ Բայց, իհարկե, սա էլ է ավանդույթ, ամենից հեռուն գնացին մեր ապշերոնյան քոչվոր հարևանները. բանը հասավ այնտեղ, որ իր հորինած ստերի մեջ խճճվեց Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը։ Ընդ որում՝ այնքան խճճվեց, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ ի դեմս նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի, ստիպված էր պաշտոնապես հերքել ապշերոնցուն, նրա վարքագիծը գնահատելով իբրև «խեղաթյուրված մեկնաբանություն», և «հավաքական խնդրանք» հնչեցրեց (հավանաբար ԵԱՀԿ ՄԽ անդամ համանախագահ երկրների անունից)՝ առաջնորդվելու այն հայտարարության բնագրով, որ ընդունվել է Սանկտ Պետերբուրգի հանդիպման արդյունքների հիման վրա։


Ես միտք չունեմ որևէ բան առանձնակի մեջբերելու, որովհետև արդեն բավական ժամանակ է անցել, և ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում ու Ադրբեջանում ամենատարբեր լրատվամիջոցները լեցուն են լուրերով ու հաղորդագրություններով այն մասին, թե ինչ է հայտարարել Սերժ Սարգսյանը, և ինչ է ի պատասխան հակադարձել Իլհամ Ալիևը (իհարկե, այն, ինչ հասցրել են ընկալել լրատվամիջոցները Վլադիմիր Պուտինի հետ նրանց առանձնազրույցների ժամանակ), ինչով և ինչպես է նրանց ողջունել (բանավոր) Ռուսաստանի նախագահը և այլն։ Երեք նախագահների շփման ժամանակին կարելի էր հետևել միայն պայմանականորեն, գիտենք միայն, որ նրանք երեքով նստել են ավելի քան երկու ժամ, ավելացրած նաև «աշխատանքային նախաճաշը» և այլն։ Շատ բաներ հիշեցնում էին նրանց 2014 թ. Սոչիի հանդիպումը. հիշում եմ, այն ժամանակ էլ հանդիպումը տեղի ունեցավ Արցախի և Հայաստանի սահմանամերձ շրջանների դեմ Ադրբեջանի աննախադեպ ռազմական ակտիվությունից հետո։ Ի տարբերություն 2014-ի, այս անգամ հակամարտող կողմերից, և դեռ հենց ապրիլին, պատերազմական գործողություններն անմիջապես դադարեցնելու պահանջ էր հնչեցնում ոչ միայն Ռուսաստանը, այլև Իրանը, և հասկանալի է թե ինչու. ծայրաստիճան վատ էր իրավիճակը հատկապես ռազմաճակատի հարավային մասում, և այդ ամենը Իրանի հյուսիսային սահմանների անմիջական մոտակայքում։ Կարող ենք ենթադրաբար ասել, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ խոսել են նաև իրանական իշխանությունները, հաշվի առնելով այն հանգամանքը, թե այժմ որքան սերտորեն ու համաձայնեցված են գործում Մոսկվան և Թեհրանը կյանքի ամենատարբեր ոլորտներում և աշխարհի ամենատարբեր շրջաններում։


Սանկտ Պետերբուրգին, ինչպես հայտնի է, նախորդեց Արցախին նվիրված Վիեննայի հանդիպումը։ Այն ժամանակ մենք ենթադրեցինք, որ չնայած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ոչ միայն ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի, այլև Ռուսաստանի ու Ֆրանսիայի ներկայացուցիչների ստորագրած որևէ փաստաթղթի բացակայությանը, Վիեննայում միջնորդները ճանաչեցին ԼՂՀ-Արցախի իրավասուբյեկտությունը։ Վլադիմիր Պուտինի մոտ հանդիպումից հետո ադրբեջանական կողմն ուժգնորեն լուրեր է տարածում (սկսած վերոհիշյալ Մամեդովից), թե իբր Պիտերում հայկական կողմը «կոտրվել է» և ընդունել կարգավորման «փուլային տարբերակը»։ Ով ինչ ուզում է ասի, բայց եթե դա այդպես է, ապա «հաղթում» է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կոնցեպցիան և, իմ կարծիքով, շահող է դուրս գալիս Ադրբեջանը, քանի որ այդ դեպքում Արցախ-ԼՂՀ-ն վերածվում է ընդամենը մի «նոր Նախիջևանի», միանգամայն հասկանալի ճակատագրով։ Դե, Նախիջևանում վաղուց հայեր չկան։ Շատ վաղուց։ Ի դեպ, Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները խոսում են նույն բանի մասին, թեև անուղղակի փաստերից նկատելի է, որ ապշերոնցի նախագահն էլ է ստում, ինչպես ստում էր նրա աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մամեդովը։ Ադրբեջանի ղեկավարության ստախոսությունն այնքան մեծ զայրույթ է առաջ բերել, որ հունիսի 28-ին ԱՄՆ-ի կողմից ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ, թուրքամետ Մեթյու Բրայզան էլ է պահանջել, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները «բացահայտորեն պետք է բացատրություն պահանջեն Իլհամ Ալիևից, քանի որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախագահների ամենավերջին հանդիպումից հետո հայտարարվել էր՝ նախագահները համաձայն են զարգացնելու միջադեպի հետաքննության այդ մեխանիզմները։ Ստացվում է, որ այդ տեղեկությունը հակասում է հանդիպման արդյունքներին»։


Կարճ ասած, ադրբեջանցիների այս բոլոր կիսասկանդալային ու անտրամաբանական հայտարարությունները ժամանակավորապես շեղեցին ուշադրությունը թե՛ գլխավոր պայմանավորվածություններից (ինչպես Վիեննայի, այնպես էլ Սանկտ Պետերբուրգի), թե՛ այն բանից, ինչ կարծես «աննկատ», բայց հստակ արտասանեց Պուտինը Կոնստանտինյան պալատում։ Պետք է ենթադրել, որ իր ձևակերպումը Ռուսաստանի նախագահն արտահայտել է ոչ միայն Սերժ Սարգսյանի համար՝ «գաղտնի ամբողջ աշխարհին», այլև այն կրկնել է Ալիևի համար, ու դարձյալ «գաղտնի ամբողջ աշխարհին»։ Սկզբում Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված գլխավոր պայմանավորվածությունների էության մասին։ Վիեննայից Պիտերի երկրորդ տարբերությունն այն է, որ ստորագրվել է համատեղ եռակողմ հայտարարություն, ուր և տեղ են գտել ձեռք բերված պայմանավորվածությունները։ Այնինչ Վիեննայում ընդունվել էր միայն ԵԱՀԿ ՄԽ համանախագահների համատեղ հայտարարությունը, ինչը հիմա թափահարում է «հպարտ Ապշերոնը». իբր, ոչինչ չգիտենք, ոչինչ չենք ստորագրել, «սա նրանց (այսինքն՝ համանախագահների) գործն է» և այլն։

Սակայն Վիեննայում, միջնորդների ամփոփիչ հայտարարության մեջ ճշտվում էր, որ «հետագա բռնության վտանգը նվազեցնելու համար պետությունների ղեկավարները պայմանավորվել են ամենակարճ ժամկետներում ավարտել շփման գծում միջադեպերի հետաքննության ԵԱՀԿ մեխանիզմների ներդրումը»։ Այն ժամանակ նաև պայմանավորվածություն էր ձեռք բերվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի, այսինքն՝ լեհ Անջեյ Կասպրշիկի գրասենյակի լիազորությունների ընդլայնման շուրջ։ Ինչպես պիտերյան հանդիպումից հետո հայտարարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, կողմերը կոնկրետ քայլեր են նախանշել բանակցային գործընթացի ակտիվացման ուղղությամբ և պայմանավորվածության են եկել շփման գծում ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման շուրջ։ Իսկ հունիսի 27-ին արդեն տեղեկություններ տարածվեցին, որ, ի զարգացումն Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների, քննարկվում է այն հարցը, որ Արցախում ԵԱՀԿ դիտորդներին տրամադրվեն նաև անօդաչու թռչող սարքեր։


Իհարկե, Ալիևն ինչ-որ տեղ ճիշտ է. այս բոլոր պայմանավորվածությունները դեռևս չեն նշանակում, թե արդեն մշակված են, ներդրված են և գործում են Արցախում կատարվող զինված սադրանքների հետաքննության կոնկրետ մեխանիզմներ։ Բայց դա չի ուշանա. մեխանիզմներն արդեն մշակվում են և շուտով կառաջարկվեն Ադրբեջանին։ Իսկ ինչո՞ւ պիտի Հայաստանին և Արցախին առաջարկվեին, եթե հենց Երևանն ու Ստեփանակերտն են մոտավորապես 2010-11 թվականներից միջնորդներից պահանջում հետաքննել հրադադարի պայմանների խախտման բոլոր դեպքերը։ Այսպիսով, լիամասշտաբ բանակցությունների վերսկսման համար Հայաստանի նախապայմաններից մեկը սկսել են կատարել, և Ալիևը պետք է պատրաստվի դրան։ Այո, հակամարտության գոտում դիտորդներ առանց այդ էլ կային, բայց քիչ էին և շփման գծում լինում էին «ստուգայցերով»՝ եկան, նայեցին, հաճախ հասկանալի չէ, թե որտեղից, քանի որ ապշերոնցիները բազմիցս հրաժարվել են դիտորդներին տանել իրենց առաջնադիրքեր։ Արձանագրում էին՝ «ամեն ինչ նորմալ է» և գնում։ Իսկ հիմա, ամենայն հավանականությամբ, խոսքը շփման գծում նրանց մշտական ներկայության մասին է, եթե լուծում են ԵԱՀԿ դիտորդներին անօդաչու սարքեր տրամադրելու հարցը։ Ընդգծում եմ՝ ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացումը հակամարտության գոտում «միջազգային ուժերի տեղակայում չէ», այսինքն, ընդհանուր ոչինչ չունի Ադրբեջանի կողմից ասպարեզ նետվող «փուլային տարբերակի» հետ։ Եվ ընդհանուր ոչինչ չունի ԱՄՆ-ի կողմից ասպարեզ նետվող «զորքերի դուրսբերման», «փախստականների ու տեղահանվածների վերադարձի» և «միջազգային ուժեր մտցնելու» հետ։ Հակամարտության գոտում միջազգային մշտադիտարկման ինստիտուտի ստեղծումն ու նրանց ինչ-որ լիազորություններով օժտումը, այդ թվում՝ միջադեպերի հետաքննությունը, ոչ միայն հնարավորություն կտան մտցնելու քաղաքական բնույթի փոփոխություններ, այլև առավելագույնս կսեղմեն հակամարտող կողմերի գործունեության շառավիղը: Հատկապես Ադրբեջանի, եթե Ալիևն ու նրա իշխանության ներկայացուցիչները շարունակում են ստեր տարածել Արցախի վերաբերյալ բանակցությունների էության շուրջ:


Հիմա Վիեննայի պայմանական, «երկրորդ նվաճման» մասին: ԵԱՀԿ ՄԽ-ում Ռուսաստանի միջնորդ Իգոր Պոպովը մի տեսակ «վերապահություն է արել», իբր, քննարկվում են Արցախը «մի որևէ փուլում» ուղիղ բանակցային գործընթաց վերադարձնելու եղանակներն ու ուղիները: Սանկտ Պետերբուրգից հետո արդեն ամերիկացի միջնորդ Ջեյմս ՈՒոռլիքն էլ է կրկնում. «Կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշումը ներկայացված լինի: ՈՒստի համանախագահները կանոնավորապես հանդիպումներ են ունենում Լեռնային Ղարաբաղի դեֆակտո իշխանությունների հետ: Մենք պետք է որոշենք, թե ինչպես լավագույնս ապահովենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ձայնը համապարփակ լուծման շրջանակներում»: Իսկ Կոնստանտինյան պալատում կայացած հանդիպման օրը առանց բանակցություններին և ընդունվող որոշումներին Արցախի ուղղակի մասնակցության կարգավորման անհնարինության մասին խոսեց նաև ԼՂՀ-ի վարչապետ Արայիկ Հարությունյանը: Սանկտ Պետերբուրգից հետո մի տեսակ «աննկատ» Արցախ մեկնեց ռուսաստանցի հայտնի փորձագետ Եվգենի Սատանովսկին. ճիշտ է, աննկատ՝ հայերի համար, իսկ Ադրբեջանը ամեն ինչ քչփորել-իմացել էր և անմիջապես Սատանովսկուն մտցրեց «սև ցուցակի» մեջ:

Հիմա Բաքուն հիանալի հնարավորություն ունի այդ նշանավոր ցուցակը համալրելու. Սանկտ Պետերբուրգից հետո Պուտինի «գիծը շարունակելու» մտադրության մասին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարություններից հետո, նույն ՈՒոռլիքի այն հայտարարություններից հետո, թե համանախագահները ծրագրում են շուտով կազմակերպել Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի ևս մեկ հանդիպում, ԵԱՀԿ նորաթուխ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ևս հունիսի 23-ին հայտարարեց, որ իր առաջին այցը կլինի հենց Արցախ: Ընդ որում, նա այդ բանը հայտարարեց միայն Պոպովի և ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոյի հետ հանդիպումներից հետո, ամերիկացի ՈՒոռլիքը գերմանացի նախարարի հետ հանդիպմանը ներկա չի եղել: Ես չափազանցում եմ մի քիչ, իհարկե, Շտանմայերը չէր համարձակվի Արցախ մեկնել ոչ Բաքվով, սակայն, այդուամենայնիվ, մի լավ ծիծաղելու թեմա կլիներ, եթե ԳԴՀ-ի արտգործնախարարը համարձակվի Ստեփանակերտ գնալ Երևանով:


Այս ամենը, այդուամենայնիվ, Կոնստանտինյան պալատում կայացած բանակցություններին իրական դրամատիզմ չի հաղորդում, որովհետև դիտավորյալ (դրանում կասկած չկա) չի ընդգծվում այն, թե Պուտինը ինչ է պատասխանել Սարգսյանին՝ ի պատասխան Հայաստանի նախագահի հայտարարության, որ հակամարտության վերաբերմամբ Երևանի դիրքորոշումը հայտնի է: Իսկ չէ՞ որ տեսակադրերում դա հնչել է: Ռուսաստանի նախագահի պատասխանն է. «Խնդիրը մենք ժառանգել ենք պատմությունից, և Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվել»:

Պուտինին «մեկնաբանելու» անշնորհակալ աշխատանքը չեմ ստանձնի, բայց նշեմ, մեկ անգամ ևս կրկնելով, որ, ամենայն հավանականությամբ, նույնը Ռուսաստանի ղեկավարը հայտարարել է նաև Ալիևին: Այսպիսով, պիտերյան հանդիպումը բանակցային գործընթացը նետեց հետ՝ 2001 թվական, երբ հունվարի 9-11-ին Պուտինը պաշտոնական այցով Ապշերոնում էր: Այն ժամանակ Բաքվում կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսում նա հայտարարել էր հետևյալը. «Այսօր Կովկասում գոյություն ունեցող խնդիրը մեզ ժառանգություն է մնացել կայսրությունից, որի ճնշման ներքո այդ խնդիրները անկյուն էին քշվել, իսկ հիմա ջրի երես են դուրս եկել»: 2001 թ. հունվարին բոլոր փորձագետները գրեթե միանշանակ այն հետևությանն էին հանգել, թե Պուտինն ընդունել է խորհրդային դարաշրջանում Կովկասում տեղ գտած տարածքային սահմանորոշման անօրինականությունը:

Ահա թե ինչու Բաքվում հիմա էլ են խիստ անհանգստացած ու սկսել են դուրս տալ «փուլային տարբերակի» մասին, Արցախ-ԼՂՀ-ի համար Նախիջևանի օրինակի մասին: Ահա թե ինչու են Ադրբեջանի ընդդիմադիր քաղգործիչներն ու փորձագետները տագնապ հնչեցնում: Զարդուշտ Ալիզադե. «Ղարաբաղյան հակամարտությունը վերածել են պաղեստինյանի»: Ալի Քերիմլի. «Պետերբուրգում Բաքուն ստորագրեց իր տարածքները չվերադարձնելու պարտավորության տակ»: Իսկ այդ խուճապի բանալին Պուտինի՝ «ժառանգություն է մնացել պատմությունից, կայսրությունից» բառերն են։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1787

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ