Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Ամուսնություն» թուրքական ձևով

«Ամուսնություն» թուրքական ձևով
08.07.2016 | 01:18

Թերևս պետք է սկսել ոչ թե ռուս-թուրքական «սիրավեպից», այլ Brexit-ից վայրկյաններ անց ևս մեկ անգլո-սաքսական «անջատողականությունից»: Ասել, որ դա սկանդալ էր, նշանակում է ոչինչ չասել: Խոսքը դեպի Իրաք Մեծ Բրիտանիայի ձեռնարկած խաչակրաց արշավանքի և օրերս բրիտանական հայտնի փորձագիտական կարծիքի մասին է, որ պատճառաբանված չէր Բրիտանիայի հարձակումը Իրաքի վրա՝ Իրաքը կենսաբանական զենք չուներ: Ասել է` զուր էին խաղաղ բնակչության ռմբակոծությունը, անգլո-սաքսերի փայլուն բարեկամ Սադամի կախաղանը, այդ թվում՝ այնտեղ զոհված բրիտանացի զինվորների մահը:

«Սխալ» էր, փաստորեն: Պարզապես, ԱՄՆ-Մեծ Բրիտանիա տանդեմն այն օրերին ցանկանում էր նորովի գծել աշխարհը. սկսել իր Մեծ Մերձավոր Արևելք նախագիծը, և աշխարհն ու Իրաքը պարտավոր էին կլլել այդ զոհերին, Իրաքի, մերձավորարևելյան երկրների այդ մեծ ավերը: Եվ դա արվեց` սկսելով աշխարհի վերաբաժանման նոր միտումը, ինչն այս օրերին շարունակվում է նույն տեմպերով: Նկատի ունենք Brexit-ը, որն առաջին հերթին աշխարհին մատուցվում է որպես Բրիտանիային «վնասակար» գործընթաց, որովհետև, հասկանում եք, վերջինիս տնտեսությունը, ԵՄ-ից դուրս գալու արդյունքում, «վարի» է գնում, սակայն իրականում Ռոտշիլդների փիլիսոփայության վրա աշխարհ կառուցած ու քանդած մոդերատորները գիտեն` ինչ են անում, «ումով» են անում, ինչու են անում: Երկրորդ շերտում պահպանում են անգլո-սաքսական «անջատողականության» անչափ նրբագեղ խարիսխները, իրենց դարավոր «ձեռքբերումները», ցեղական արյունը` հանդեպ աշխարհի նորովի վերաբաշխման, հանդեպ Եվրոպայի` միգրանտներով հանդերձ, Արմագեդոնի գնացող աշխարհի հետ նորովի «փոխհարաբերությունների» ստեղծման: Աշխարհ, որտեղ եղել են և փորձում են մնալ դոմինանտ ու միակ խաղացող:


ՈՒստի, նախ և առաջ, սա ստիպեց գերակտիվանալ Ռուսաստանին և Թուրքիային, որպես աշխարհի նոր քարտեզագրումից հետո լուսանցքում հայտնվելու հեռանկար ունեցող երկրներ: Սա ստիպեց նրանց կրկին կառչել միմյանցից, որպեսզի «ընկերովի մահը հարսանիք» համարվի:


Այո, առաջին հերթին չեղած աշխարհաքաղաքական շահերն ստիպեցին Թուրքիային ու Ռուսաստանին այս փուլում միմյանց «սիրել»: Սակայն, ինչպես մեր և Ռուսաստանի, այնպես էլ նրանց դեպքում, «անկողինը» մեկն է, «բարձը»` տարբեր: Չեն զորելու միմյանց վայելել: Մեր դեպքում պատճառներն այլ են, շատ ենք խոսել այդ մասին: Թուրքիայի և Ռուսաստանի դեպքում բոլորովին այլ են: Չնայած կա նախորդ դարի այս ժամանակահատվածի պատմագրությունը, երբ երկու նույնական` իրար անչափ նմանները (ինչպես ասում է ոչ անհայտ Դորենկոն՝ նմանը նմանին է գտնում` նկատառելով Թուրքիան և Ռուսաստանը) մեր հաշվին փորձեցին կամրջվել. Ռուսաստանը հետ քաշվեց՝ թուրքի դեմ միայնակ թողնելով Հայաստանը: Սակայն այս անգամ մարտահրավերներն անչափ շատ են, որպեսզի միանշանակ պնդենք, թե պատմությունը սիրում է կրկնել իր դասերը: Հենց միայն ռուս-թուրքական նոր «ամուսնություն-նշանդրեքի» արարողություններն արդեն իսկ ինքնին ազդարարում են այդ մասին:


Հայտնի է` Թուրքիան ուղղակիորեն ներողություն չի խնդրել Ռուսաստանից, այլաբանել է` «լավ չստացվեց»: Սա դեռ` ոչինչ: Անչափ էական էր Ինջիրլիքի հետ կապված պատմությունը, որն ուղղակի ավելի տգեղ ու «քայքայիչ» պետք է լիներ քրիստոնեական արժեքներ դավանող, Աֆոնում բյուզանդական կայսեր տեղը կանգնած, լրատվական արտահոսքերով՝ նոր կայսր օծված Պուտին Վլադիմիրի համար: Ինջիրլիքի ավիաբազան օգտագործելու «մատանին» Վլադիմիրի մատին դրեց ոչ այլ ոք, եթե ոչ` Մևլութ Չավուշօղլուն: Ասաց՝ բա ո՞նց միասին կօգտագործենք այդ «անկողինը», որը ես կիսում եմ այլոց հետ, բայց առաջին հերթին այնտեղ «քնում» եմ ՆԱՏՕ-ի հետ: Ի՜նչ եք ասում՝ թերևս զարմացել էր ՆԱՏՕ-ի անդամ, քրդերի նկատմամբ առանձնակի սեր տածող ԱՄՆ-ը: ՈՒստի շատ արագ Չավուշօղլուն հայտնվեց Պուտինի պատուհանի տակ ու մեղա եկավ՝ սխալ եմ հասկացվել, անցած լինի: ՈՒ «անցկացրեց» պարոն Պուտինը դա ևս` Էրդողանի հետ 40-րոպեանոց հեռախոսազրույցով՝ բացելով ամառային ծովափնյա սեզոնը, նույն Դորենկոյի բնորոշմամբ՝ «Նատաշայի համար, ով սիրում է սև մազածածկույթով թուրքերին»: Է՛ս է:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1591

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ