ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Հրաչօ-Հրաչյա Մաթևոսյանի վերջին գիրը

Հրաչօ-Հրաչյա Մաթևոսյանի վերջին գիրը
08.07.2016 | 08:43

«Իրատեսի» հյուրը ՀՐԱՉՕՆ է՝ ՀՐԱՉՅԱ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ:

«ՊԱՐՈՆՈՎ ՉԴԻՄԵՔ»


Նրա հետ հարցազրույցը նախատեսել էի անել մահվանից մոտ քսան օր առաջ: Իմ հարցազրույցների աչալուրջ ընթերցողն էր ու միշտ պատրաստակամ՝ պատասխանելու «Իրատեսի» հարցերին: Սակայն բնությունն իր օրենքներն ունի, ու երբեմն դրանք շատ են դաժան:
Մեր հանդիպումն ուշանում էր ու ուշանում: Հասկացա, որ դժվար է հանդիպել, բանավոր զրույց ունենալ: Առաջարկեցի ուղարկել հարցերն ու նրանից ստանալ գրավոր պատասխաններ: ՈՒրախացավ, համաձայնեց:
Հարցերը նախօրոք կարդացի հեռախոսով:
-Ապրե՜ս, ապրե՜ս: Լավ հարցեր են: Մեկ շաբաթից ձեռագիր պատասխաններովս կգամ քեզ մոտ՝ թանգարան, կթելադրեմ, կհավաքես համակարգչով:
Իհարկե, չկարողացավ գալ, զանգահարեց, շա՜տ մեղավոր ձայնով ասաց.
-Չեմ կարողանում խոստումս պահել: Կներես:
Մտածեցի, որ ոչինչ էլ չի կարողացել գրել:


Միայն մահվանից հետո իմացա, որ բազմաթիվ էջեր է լցրել՝ շարադրելով ուղարկածս հարցերի պատասխաները: Խնդրեցի ընտանիքի անդամներին տալ ինձ ձեռագիրն ու անբնական հուզմունքով կարդացի-համակարգեցի մեծ մտավորական ու քաղաքացի Հրաչօյի վերջին գիրը:
Պատասխանները շարադրելուց առաջ զգուշացնում է. «Անառողջ եմ, դժվար հարցեր չտաք: Պարոնով չդիմեք»:


Եվ քանի որ հենց «պարոն»-ով էի դիմել, մի մեծ հորդոր-մեկնաբանությամբ է սկսել խոսքը. «Սիրելի՛ Կարինե ջան, մի անգամ խնդրել, հիմա էլ խնդրում եմ, թե ուզում ես մեր զրույցը լավ ստացվի, ինձ դիմիր դու-ով ու առանց «պարոնի»: Տարիներ առաջ էլ սիրելի Փիրուզան է հարցազրուցել ինձ հետ, նույնը խնդրել եմ նրան: Ինձնից ի՞նչ պարոն: Դա կոչում է, որին շատերն են արժանի, բայց ոչ՝ ես: Մեծարգոն էլ թողնենք մեծամեծներին, հարգարժանը, պատվարժանը՝ օլիգարխներին, պարապ-սարապ իշխանավորներին, կաշառակերներին, աղքատի զավակ զինվորի օրապահիկը լափող, տռզած ու հղփացած հրամանատարներին, մանավանդ գեներալներին»:


Հրաչօյին հարց տալը միշտ էր դժվար, որովհետև ինքն իրենով մեծ հարց էր ու մեծ պատասխան, բայց ես, փաստորեն, տվել ու ստացել եմ պատասխաններ, որոնք ի մի եմ բերել երկու մասի բաժանված գրի էջերից: Դրանց մի մասը նա համարել է սևագիր, մյուսը՝ անավարտ մաքրագիր: Շատ բծախնդիր ընթերցող էր ու շատ պահանջկոտ հենց իր խոսքի հանդեպ:
ՈՒզում եմ մտածել, որ նրան շատ չի հիասթափեցնի իր գրավոր էջերի տողերից ու լուսանցքներից հայթայթած տեքստի ներկայացվող տարբերակը, և այն հանգամանքը, որ իմ հարցերում բացակայում է կոչականը:

«ԼԱՎԻ ՀՈՒՅՍԸ ԵՐԲԵՔ ՉԿՈՐՑՆԵՆՔ»


-«Խաչքար Հայաստան», «Մեր էշուէշ կյանքը», «Ինձ մի՛ փրկիր, երկի՛ր», «Ծովահարսներն ի՞նչ անեն» և շա՜տ ու շատ այլ իմաստուն գրքերի հեղինակն ինչո՞վ է զբաղված այսօր:
-Ես ինձ համարում եմ «իրատեսցի», որովհետև «Իրատեսը» ասես Հովհաննես Թումանյանի ուզած թերթն է: Ես ո՛չ հոռետես, ո՛չ էլ լավատես եմ, ես իրատես եմ ու մի քիչ էլ իրատեսցի: Մորուքս ճերմակեցրել եմ՝ աշխատելով խմբագրություններում՝ տպագրելով հարյուրավոր հոդվածներ, ակնարկներ... Հիմա ինձ մնացել է բացել «Գրական թերթի», «9-րդ հրաշալիքի», «Իրատեսի», «Ազգի» բաց դռները, ռադիոյում չեմ աշխատել, բայց տիկին Կլարա Թերզյանը՝ հայտնի ռադիոլրագրողը և վաստակաշատ արձակագիրը, Օֆելյա Ասատրյան ռադիոլրագրողը սիրել տվեցին ինձ ռադիոն...
-Թումանյանն ասել է. «Ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած»: Ե՞րբ է լինելու փրկությունը և լինելո՞ւ է արդյոք:
-Երանի հարցնողը ես լինեի: Հուզող հարցերը բազմաթիվ են, խեղդում են ինձ: Մի անձի, մի ազգի, մի երկրի խնդիր ու հարց չէ, որ լուծվի կամ չլուծվի: Աշխարհն է հարցականվում: Մոլորակը չի հիշում, որ աշխարհը էսքան կասկածներով լիքը լինի: Աշխարհի մասին մտածելուց առաջ ամեն մեկս պարտավոր է մտածել իր և իր ազգի փրկության մասին: Մոլորակը կորցնում ենք: ՈՒրիշ մոլորակ չունենք: 2016-ի հունիսի 2-ն օր էր, եկավ ու գնաց: Բայց ի՜նչ օր էր: Մենք՝ հայերս, սպասում էինք հատուցումի հարյուրումի տարի: ՈՒ Հայոց ցեղասպանության գործում մեծ «վաստակ» ունեցող Գերմանիան արժանապատվություն ու համարձակություն ունեցավ, անհավատալի քայլ կատարեց: Բաց քվեարկությամբ ճանաչեց ոչ միայն հայոց, այլև հույների, ասորիների ցեղասպանությունը: Նախ զարմացա, ապա զգաստացա: Ախր Գերմանիան շատ է օգնել թուրքերին հայի վերջը տալու համար: Հիշեցի Հիտլերին, որը նացիստներին կոչ էր անում՝ սպանեցե՛ք, ոչնչացրե՛ք բոլորին. հիմա ո՞վ է հիշում Հայոց ցեղասպանությունը: Այնտեղ լինեի, կասեի. «Հայլ Հիտլեր-հրեշ, եթե դու հիշում ես, ուրեմն աշխարհն էլ է հիշում»: Գերմանիան այս քայլով փորձեց սրբել երեսի մուրը: Այսօրվա գերմանացին համարձակություն ունեցավ ասելու ճշմարտությունը: Այսօրվա թուրքին չի կարելի մեղադրել Աթաթուրքի, իր պապերի գործած բարբարոսության համար: Բայց քանի որ ամեն դարում, ամեն տեղ թուրքը մնում է թուրք, նրան դիմակայելու համար հարկավոր է միջազգային երաշխիք: Կարելի է ասել՝ թուրքն ու հայը պիտի անցնեն հաշտեցումի ճանապարհով: Բայց ամեն հայի մեջ, ապրելիս լինի մեծ Հայաստանից հազիվ փրկված էս հողակտորի վրա, Արցախում, Ջավախքում, թե աշխարհացրված լինի տասնյակ ու տասնյակ երկրներում, լուռ աղմկում է մի չմարող կարոտ. ո՞ւր է երկիրդ: Պիտի գլուխ խոնարհենք բոլոր էն երկրներին, ժողովուրդներին, որոնք անապատներով անցած հայ խոցվածներին տեղ տվեցին: Հիշո՞ւմ եք, Բեյրութը մեզ համար երկրորդ Հայաստան էր, Հալեպը՝ երազ: 50 տարի պահանջվեց, որ իմանանք ճշմարտությունը: Ստեղծվեց սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտե: Բայց ամեն ինչ ավերվեց: Հերթը հասավ Սփյուռքին: Հա՛յ: Ո՞Ւր է լեզուդ, հա՛յ: Եթե եղեռնից հրաշքով փրկվածները ապաստան գտան տարբեր երկրներում՝ հավատալով Էրգիր վերադարձին, ապա փրկվածների 4-5-րդ սերունդների մեջ կամաց-կամաց կորչում է հիշողության շեղջը: Էսօրվա սփյուռքահայն էն գիտի, որ իր պապը վասպուրականցի էր, որ իր տատը կարսեցի էր: Շատ արվեստագետներ, գրողներ, նկարիչներ, երաժիշտներ իրենց ազգանուն են ընտրում նախնիների ծննդավայրերի անունները՝ Սասունցի, Մշեցի, Վանեցի, Կարինցի: Գնացել ու գտել են պապական տունը, նայել են երկար, զարմացրել տնտեր քրդերին, նայել, նայել են ու արցունքոտվել: Սարոյանը Բիթլիսում որոնել է հենց իրեն ու ավելի է ճանաչել իր Արմենակ հոր ու Պետրոս պապի ցեղին... Լավի հույսը երբեք չկորցնենք:

«ՀԻՄԱ ԲՌՈՒՆՑՔՎԵԼ Է ՀԱՐԿԱՎՈՐ»


-Ինչպե՞ս վերապրեցիք ապրիլյան քառօրյա պատերազմը:
-Ես պատերազմին ծանոթ եմ մանկուց ու 1937-ից: Ես հայրենական պատերազմի մասնակից եմ համարում իմ սերնդին, հայ լինի, թե ռուս, սերբ լինի, թե ուկրաինացի, բելառուս լինի, թե եվրոպացի: Ի՞նչ է նշանակում գիշերով սահմանը խախտել: Նորից ավերմունք է սկսվել, մարդիկ են զոհվել: Քնած չէ՞ հայոց բանակը: Ի՞նչ է նշանակում 18 տարեկանին, թեկուզ կամավորական է, տանել կրակի առաջին գիծ... ուր երկու օրում գտնելու է իր մահը: Ո՞Ւր էր քո հրամանատարը, անկոտրում սերունդ: Ինչո՞ւ քաջարի գեներալները զորք չեն կապում և մեկնում հերոսանալու: Թող որ առաջին անգամ Արցախ մեկնողների հետ լինեն մի երկու փորձառու ազատամարտիկներ: Թող չննջեն, թուրքը հո չփախա՞վ: Ես մեր զոհված, վիրավորված տղաների համար ոչ միայն ափսոսանք եմ ապրում, ցավում, այլ նաև մեղադրում եմ ապաշնորհ հրամանատարներին, որոնց ուշքն ու միտքն օգուտն է, շահը: Աղքատների զավակները պիտի պաշտպանեն հարուստներին՝ Բաղրամյանից գնալով Արցախ, Մարտունի ու Մարտակերտ: Ինչո՞ւ չեն մեր հրամանատարները ուսումնասիրում մեծապատիվ հրամանատարի՝ Լեոնիդ Ազգալդյանի, մեծ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի թոռան՝ զորքի, զինվորի հետ խոսելու գրավչությունը, Գագիկ Գինոսյանի խիզախությունը: Բարձրաստիճան ի՜նչ զինվորականներ են ձերբակալվում: Ասում են՝ բանակը պետք է մաքրել թափթփուկներից: Ոչ միայն բանակը: Հենց մեզ՝ հայրենիքում ապրող, մաքառող հայերին նախ հոգու մաքրություն է պետք: Հիմա բռունցքվել է հարկավոր: Տեղից վերկենողը՝ դահլիճներում, տարբեր տեղերում, հանդիպումների ժամանակ պարտավոր է ասել. «Մեր բանակն ամենահզորն է տարածաշրջանում: Հաղթում են ոչ միայն զենքով, այլև ոգով»: Եվ անպայման չեն մոռանում նախագահ ու նախարար որոնել, որ նրանք իրենց ականջներով լսեն, թե ինչ է ասում «նորին մեծություն քծնողը»:

«ԱՇԽԱՐՀԻՆ ՇԱՏ ԲԱՆ ՏՎԱԾ, ԱՍՏԾՈՒՑ ՇԱՏ ԲԱՆ ՎԵՐՑՐԱԾ ԱԶԳԸ»


-Մեր ներսի՞ թշնամուց եք ավելի վախենում, թե՞ դրսի:
-Մենք շատ ենք կորցրել: Ազգը ազատություն ունենա ու՝ կորցնի՞, ազգը անկախություն ունենա ու՝ կորցնի՞... Արարող ժողովուրդը, աշխարհին շատ բան տված, Աստծուց շատ բան վերցրած ազգը ինչո՞ւ պիտի եղեռնվեր ու դառնար աշխարհացրիվ: Ո՞Ւմ աչքն էր հանել, որ երկրաշարժվեց: Հայը ճակատագիր է: Փորձաքար է: Հիմա խոհերին տրվելու ժամանակը չէ: Հիմա... թուրքը վրա է տվել: Նորի՛ց: Շատ ենք զոհ տվել: Կոտորվել ենք միլիոններով: Ինչո՞ւ միասին-միակամ չենք եղել: Հարցերը բազմաթիվ են: Մեր վերջին հողակտորն են ուզում զավթել: Զինվել են մինչև ատամները և վերջին՝ ծնկի բերող հարվածն են փորձում հասցնել Արցախ-Հայաստանին, հենց հայությանը... Աչքներս բաց, խելքներս գլուխներիս, բայց կորցնում ենք անկախությունը, ազատությունը: Օրը, տարին, ժամանակը, կյանքը թելադրում են իրենց կամքը: Մարդ ես, ազգ ես, տունուտեղ ունես, լեզուբերան ունես, հայրենիք ունես, աշխարհի հետ ճամփա ես ընկել, պիտի քայլես, պահես քո ինքնությունը, էս հին երկնքի տակ քո տեղն ունենաս: Վա՜յ թույլերին: Վա՜յ նրան, ով ունեցածը կորցնում է: Կորցնում է լեզուն, կորցնում է հողը, կորցնում է Հայրենիքը: Մեծերը, հզորները իշխում են, տիրում, խժռում:
-Մեկ այլ մեծ լոռեցու՝ Ձեր եղբայր Հրանտին հիշենք ու նրա խոսքը. «Մեր պատմության ծանրությունը լիուլի բավ է մեզնից ամենադիմացկունին անգամ տապալելու. ողջերս չծանրանանք… ողջերիս վրա, չծանրանանք… Հայ լինելը դժվար է, բայց անհնարը՝ Հայ չլինելն է»: Հիմա մենք լինո՞ւմ ենք, թե՞ չենք լինում:
-Իմ ախպեր Հրանտին հիշեցիր, ես՝ իմ մայր Արուսին... Իմ մայր Արուսը՝ ծնված Սանահինում, իր Մարիամ մորը կորցրել է, երբ եղել է յոթ ամսական: Իր ախպեր Ոսկանի հետ որբ-որբ մեծացել են: Շնողի, Հաղպատի, Ճոճկանի, Արճիշի բարեկամների պահածն է մայրս: Ավելի շատ՝ Արճիշի: Հրանտ Մաթևոսյանի «Աշնան արևի» անուշ տանջահար իմ մայրը: «Աշնան արևը» շատ թատրոններ բեմադրեցին, շատ դերասանուհիներ Արուս խաղացին, բայց Վիոլետա Գևորգյանը մնաց անգերազանցելի: Շատ էի ուզում բոլոր արուսներին մի օր հավաքել մի տեղ, հպարտանալ. էսքան Արուս էլ ո՞վ ունի: Խմել հայ մոր կենացը: Եղեգնաձորի թատրոնում ներկայացման ավարտից հետո հայտնվեցինք Եղեգիս գետի ափին: Ի՜նչ թագավոր օր էր: Օր չէր, ժամ չէր, պահ չէր: Սոնա անունով մի հրաշք հայուհի Եղեգիսի ջրերի հանգույն երգ չէ, սեր ու կարոտ էր թափում... գինին իր ազնիվ գործն էր անում: Երանի՜... Դստրիկս՝ յոթ ամսական Արուսյակս, մահացավ: Օգոստոսի 10-ի ծնունդ էր: Անցած տարի՝ օգոստոսի 11-ին, մայրը գնաց 48 տարի իրեն սպասած աղջկա մոտ: Ես էլ կգնամ: ...Արուս անունն իմ թուլությունն է, իմ սերը, իմ թախիծը: «Փայլոն Արուսյակ, ով սիրո՜ւն, սիրո՜ւն...»: Մենք տխուր ու թախծոտ ժողովուրդ ենք: Տխրությունը, դարդ ու ցավը անկոչ հյուրեր են՝ չուզես էլ պիտի գան: Դու փորձիր գտնել ուրախության մի հովիտ: Անցածի հետևից չեն ընկնի, անցածն անցած է: Դու մտածիր օրվա մասին, գալիք սերունդների: Հիմա ուրախանում ենք Հենրիկ Մխիթարյանի խաղով, Արթուր Աբրահամի հաղթանակներով, սոպրանո Հասմիկ Պապյանի (շատ են առաջարկել՝ փոխիր անունդ, ազգանունդ, արտասանելը դժվար է) ձայնով... Իրոք, ստեղծագործ ժողովուրդ ենք, հնար էլ չունենանք, պիտի մի ճար անենք:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 4287

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ