Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Կինոխորհրդանիշ ծիրանի 13-րդ մեկնարկը

Կինոխորհրդանիշ ծիրանի 13-րդ մեկնարկը
11.07.2016 | 08:53

Քաղաքը կինո է դիտում

13-րդ անգամ Երևանը հագավ ծիրանավառ գույնը՝ կինոյի համաշխարհային կիզակետը մեծ ու հանրահայտ քաղաքներից տեղափոխելով մեր մայրաքաղաք: Տոնն սկսվեց Ծիրանօրհնեքով՝ Սուրբ Զորավոր եկեղեցում:
Երեկոյան պաշտոնապես բացվեցին հայ կինոգործիչների՝ Էդմոնդ Քյոսայանի, Ալբերտ Յավուրյանի, Դմիտրի Կեսայանցի աստղերը՝ «Շարլ Ազնավուրի» հրապարակում: Ապա Կարմիր գորգն ուղղորդեց ոսկեծիրանցիներին «Մոսկվա» կինոթատրոն՝ Կարմիր դահլիճ՝ ծանոթանալու այս տարվա փառատոնային անակնկալներին և դիտելու թվայնացված, բայց ոչ՝ արդիականացված «Զարե» ֆիլմը, որն ուղեկցվեց տաղանդավոր ջազմեն Վահագն Հայրապետյանի և «Ակուստիկ ձայներ» խմբի նվագակցությամբ: Կատարվեց Վահագն Հայրապետյանի՝ հատուկ «Զարեի» համար գրած երաժշտությունը:


«Հայաստանի և հայ ազգի համար բավական դժվար տարի էր: Չորսօրյա պատերազմ, անհանգստություն: Բայց ի պատիվ մեր կառավարության, մեր բոլոր հովանավորների, մասնավորապես Ռակֆ Յիրիկյանի, պիտի ասեմ, որ նրանք ոչնչի առջև կանգ չառան՝ ապահովելով փառատոնի նորմալ ընթացքը»,- իր ելույթում նշեց «Ոսկե ծիրանի» հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը: Նա իր տոնական խոսքում նաև վշտալի լուր հայտնեց. մահացել է պարսիկ նշանավոր կինոռեժիսոր, «Ոսկե ծիրանի» բազմամյա բարեկամ Աբաս Քիառոստամին, որի հուղարկավորությունն էր փառատոնի բացման օրը: Ներկաները մեկ րոպե լռությամբ և ծափերով արձագանքեցին այդ տխուր իրողությանը:
Թե արտամցրութային ինչ ֆիլմեր են ցուցադրվելու առաջիկա մեկ շաբաթում, թե ինչպիսին են լինելու հետահայաց ցուցադրություններն ու պրեմիերաները, ներկայացրել ենք մեր նախորդ հրապարակումներում:


Մամուլի ներկայացուցիչների համար կազմակերպված ֆիլմերի նախնական ցուցադրությունն էլ հնարավոր է դարձնում կանխավ իրազեկել մեր ընթերցողներին մրցութային ծրագրում ընդգրկված մի շարք ֆիլմերի մասին:
Եվ այսպես, Խաղարկային ֆիլմերի մրցույթին կմասնակցի Ասիեր Ալտունայի «Ամամա» ֆիլմը: Այն բասկյան ընտանիքի ավանդական ու նորորյա որակների բախման ու հաշտեցման իմաստուն պատմությունն է մատուցում էկրանից՝ համեմված կինոարվեստի յուրատեսակ հնարներով, որոնք իրենց արտասովորության մեջ դյուրությամբ են ընկալվում ու հասնում հանդիսատեսին, քանի որ արված են բարձր արվեստով: Մարդկային բնույթի, վաղնջական պատմական շերտավորումների, բնության, նորարար արվեստի, հողագործի առօրյա տքնանքի ու էլի շատ այլ գործոնների համադրությամբ հյուսվող պատումը մեզ՝ հայերիս, հարազատացնում է բասկյան ընտանիքի ու այնտեղ խմորվող-հանգուցալուծվող կոնֆլիկտների հետ, որովհետև այնքա՜ն ծանոթ ու հասկանալի են մեզ համար դրանք:

Ֆանտաստիկ լուծումների մի բանալի է հայտնաբերում ֆիլմի հեղինակը՝ ժամանակի չափումների մի նոր բանաձևի արտածումով: Ֆիլմի գործողությունների կենտրոնում գտնվող Ամաման՝ ընտանիքի տատիկը, որ գեղջկական կենցաղի մեջ ապրող ազնվատոհմիկ մի երևույթ է, դառնում է չափման ինքնատիպ միավոր իր թոռնուհու՝ Ամայայի համար. «80 տատիկ առաջ մենք ապրում էինք նեոլիթյան ժամանակաշրջանում»: ՈՒ ֆիլմն էլ այդ բազմադարյա ժամանակների ու մեր օրերի կյանքի ներդաշնակ համադրության իմաստուն դրվագաշարն է ներկայցնում մեծ էկրանից: Անկեղծ պիտի լինեմ ու խոստովանեմ. դեռ փառատոնի մեկնարկից առաջ այս ֆիլմը դիտելով՝ ես սկսել եմ կանխավայելել փառատոնի փակումից հետո այն իբրև հաղթած ֆիլմ մեծ էկրանին կրկին տեսնելու հաճույքը:
Պիտեր-Յան Դը Պյուի «Լուսավորյալների երկիրը» ֆիլմը, որ պատմում է Աֆղանստանի արյունալի իրադարձությունների մասին, մինչև մրցույթն արդեն տեղիք է տվել բանավեճերի ու տարաձայնությունների. ֆիլմը նկարված է խաղարկային և վավերագրական ժանրերի սահուն համադրությամբ, և այն մրցութային ծրագրի խաղարկային բաժնում ընդգրկելը միանշանակ չի ընդունվել մասնագետների կողմից, ինչպես հավաստիացնում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը: Հիրավի, այս ֆիլմը դիտողի համար դժվար է որսալ դաժան իրականության և ռեժիսորի երևակայության թռիչքի սահմանագծերը: Սակայն ինձ համար այն ուներ մի կարևոր պատգամ. որքան էլ կյանքը պարտադրի գիշատչային վարք ու կենսաձև, մարդու երազանքն իր խորքում նույնն է ամենուր. ապրել դղյակում՝ կողքին ունենալով սիրելիին:


Պաբլո Լամարի «Վերջին եզերքը» ֆիլմն առանց խոսքերի պատմում է միայնակ մարդու անելանելի կացության մասին: Նրա կատարած բոլոր քայլերը կամ դրանց բացակայությունը ֆիլմում հանգում են փակուղու: Բելա Տարի «Թուրինյան ձին» հիշեցնող այս լուսանկարային ֆիլմը միանշանակ չի կարող ընկալվել թե՛ հանդիսատեսի, թե՛ մասնագետների կողմից:
Դավիթ Վերբեքի «Սերտ շփում» ֆիլմն անտարբեր չի թողնի պատերազմ երևույթի հանդեպ գերզգայուն հայ հանրությանը: Հեռակառավարման վահանակի առջև նստած՝ ժամանակակից մեթոդներով մահ սփռող դիպուկահարի մեջ մարդկային որակների արթնացումը անցնում է խութաշատ ոլորանների միջով, որոնք լարված սպասում են պարտադրում ֆիլմի հանդիսատեսին:


«Բալերի անունները» /ռեժիսոր՝ Բրանկո Շմիդտ/ սրտառուչ պատմություն է մարդկային հարաբերությունների մասին, որ ներկայացվում է աշխարհից հեռու մի անկյունում ապրող ծեր ամուսինների օրինակով: Կատոյի և Սլավկոյի՝ արտաքինից կռվազանության շերտով պատված խորը կապվածությունն ու սերը հորդում է հատկապես ֆիլմի ֆինալում: Կատոյի մահվանից առաջ նրանց կատարած երգը՝ թե՛ տեքստով, թե՛ մեղեդայնությամբ, վկայում է երիտասարդ տարիներին ապրած զգացմունքների կենսականության մասին ու ստիպում հանդիսատեսին հուզվել նրանց հետ միասին: Կենդանի, հումորով, փիլիսոփայությամբ, սկզբունքայնությամբ հագեցած փայլուն երկխոսությունների շարան է «Բալերի անունները»: Կարծում եմ, որ այս ֆիլմը ևս կարող է հայտնվել «Ոսկե ծիրանի» մրցանակակիրների շարքում: Նույն կարծիքը կա նաև «Դատախազը, դատապաշտպանը, հայրը և որդին» /ռեժիսոր՝ Իգլիկա Տրիֆոնովա/ ֆիլմի մասին, որն առանձնահատուկ ջերմությամբ է ընդունվել փառատոնային ֆիլմերի նախնական ցուցադրությանը մասնակցած հանդիսատեսի կողմից:


Վավերագրական մրցույթին ներկայացված «Օլմոն և ճայը» /հեղինակներ՝ Պետրա Կոստա, Լեա Գլոբ/ խաղարկային ֆիլմի ակնհայտ տարրեր պարունակող աշխատանք է, որում արծարծվող դերասանուհի հերոսուհու տարուբերումը կարիերայի և սպասվող մայրության միջակայքում ներկայացված է շատ հուզիչ ու համոզիչ պատումաշարով:


«Հայկական համայնապատկեր» անվանակարգում ընդգրկված «Ռադիոլա» /ռեժիսոր՝ Լուսինե Պապոյան/ կարճամետրաժը մարդու հարաբերություններն է քննում իր անցյալի, ապրած տարիների հիշողությունների հետ, որոնք հակիրճ ձևակերպումներով մարմին են առնում հոր՝ որդու հետ ունեած զրույցում: Այս ֆիլմը կարելի է համարել կինոթոթովանք, որում ակնհայտ են հեռանկարում լիարժեք կինոյի վերաճելու նախանշանները: Գոռ Մարգարյանի «Ավրորան» կարող է տարակարծություններ առաջացնել հանդիսատեսի մեջ, որովհետև ինձ համար այն չհստակեցված ասելիքի մի սառցապատ տարածություն էր:


Հայկական կինոն կներկայացվի նաև այլ ձևաչափերում, փառատոնային այլ ծրագրերի շրջանակներում, և մենք առիթ կունենանք ինչպես վերհիշելու մեր կինոանցյալը, այնպես էլ պատկերացում կազմելու այսօր ծնունդ առնող հայկական ֆիլմերի մասին:

Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1249

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ