Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Ոսկե ծիրանի» մրցութային ծրագրերի համատեքստում

«Ոսկե ծիրանի» մրցութային ծրագրերի համատեքստում
12.07.2016 | 00:00

Հայաստանում պատմվում են աշխարհին հուզուղ թեմաները


«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ասուլիսները ներկայացնում էին Գունար Բերգդալի «Երկաթգիծ», Մոհամեդ Ուզինի «Սամիրը փոշու մեջ», Պիտեր-Յան Դը Պյուի «Լուսավորյալների երկիրը» ֆիլմերը:
Գունար Բերգդալի ֆիլմն ընդգրկված է Վավերագրական ֆիլմերի մրցույթում:
Բերգդալը տարիներ առաջ «Ոսկե ծիրանին» ներկայացել է «Լյուդմիլայի ձայնը», «Ինգմար Բարգման.. ինտերմեցցո» ֆիլմերով:


Ասուլիսի ընթացքում «Ոսկե ծիրանի» Վավերագրական ֆիլմերի մրցույթի ընտրությունը կատարած Արայիկ Խանջյանը նշեց, որ «Երկաթգիծ» ֆիլմը շատ անակնկալ կերպով է մոտենում գնացք երևույթին: Այն պատմում է գնացքի տակ իրենց նետող մարդկանց մասին: Բայց պատմությունը ոչ թե ինքնասպանություն գործող մարդկանց տեսանկյունից է ներկայացվում, այլ այն մեքենավարների, որոնց գնացքի տակ են նետվել այդ մարդիկ: Ֆիլմը հետաքրքիր գեղարվեստական լուծում ունի: Նրանում հնչում են միայն մեքենավարների ձայները և ցուցադրվում են գնացքի տարբեր ճանապարհները: «Մեքենավարները չեն նկատում իրենց շրջապատը, նրանց համար պատկերներն անցնում են մեծ արագության մեջ, ասես լղոզված են, բայց նրանց բոլորի մեջ տպավորվել է գնացքի տակ նետվողների աչքերը»,- ասում է Ա. Խանջյանը:


«Ինքնասպանությունը հասարակության պարտությունն է»,- կարծում է Բերգդալը: Եվ այս պարտության թեման է նրան մտահոգել ու դրդել նկարել «Երկաթգիծ» ֆիլմը:
«Իրատեսի» հարցը Բերգդալին հետևյալն էր. «Իմ առաջին շփումը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի և Ձեր արվեստի հետ սկսվել է «Լյուդմիլայի ձայնը» ֆիլմով: Դուք հետաքրքրվե՞լ եք Չերնոբիլի ատոմակայանի պայթյունից տուժած այդ կնոջ հետագա ճակատագրով»:


Այսպիսին էր նրա պատասխանը. «Ես կապը պահպանել եմ Լյուդմիլայի հետ, և տարիներ առաջ մի ֆիլմ եմ նկարել՝ «Լյուդմիլան և Անատոլին», որը ցուցադրվել է «Ոսկե ծիրանում»: Նա հանդիպել է մի տղամարդու, և նրա որդին հիմա մեծացել է, կրթություն ստացել: Բայց Ուկրաինայում նրա նման մարդկանց համար դժվար է՝ որպես ռուս ազգի ներկայացուցիչներ: Իսկ առողջական խնդիրներ նրանք չունեն, բարեբախտաբար»:


«Սամիրը փոշու մեջ» ֆիլմի ռեժիսորն իր ալժիրցի զարմիկի՝ Սամիրի մասին է պատմում՝ Ֆրանսիայում ապրող արաբի հայացքով: Սամիրը մաքսանենգ ճանապարհով վառելիք է տեղափոխում ջորիով՝ իրենց գյուղից հասցնելով Մարոկկոյի սահման: Նրա կյանքի անհրապույր իրականության և եվրոպական փայլին հասնելու պատմությունն է ներկայացնում ֆիլմը: Ինչպես նշեց ռեժիսորը, այժմ արդեն Սամիրը տեղափոխվել է Եվրոպա, բայց իր օրինակով նա վկայում է, որ դրանով չի բարելավվում մարդու կյանքը: Նա Եվրոպայում չի ընդունվում իբրև յուրային, իսկ հայրենիքում էլ դառնում է այնպիսի մեկը, որին կասկածանքով ու օտարոտի են ընկալում տեղացի արաբները:


Փառատոնի մրցութային ֆիլմերի լավագույն նմուշներից է բելգիացի լուսանկարիչ և ռեժիսոր Պիտեր-Յան Դը Պյուի «Լուսավորյալների երկիրը» ֆիլմը: Այն խաղարկային և վավերագրական տարրերով կառուցված ֆիլմ է, որ պատմում է հետպատերազմյան աֆղանական իրականության մասին:
Ռեժիսորն ասում է. «Ինձ հետաքրքիր էր տեսնել, թե աֆղանական պատերազմից հետո ինչպես էին ապրում այնտեղ երեխաները, թե ինչ երազանքներ ունեին: Եվ ինձ հետաքրքրում էր, թե ինչպես էին նրանք պատկերացնում կյանքը ամերիկացիների գնալուց հետո: Ուզում էի ցույց տալ ոչ միայն պատերազմի բացասական ազդեցությունները, այլև պոետիկ կողմը: Եվ կարծում եմ՝ ֆիլմը դիտած մարդիկ կվկայեն, որ ես դա կարողացել եմ անել. ես ներկայացրել եմ այդ պատանիների երազանքը՝ դառնալ Աֆղանստանի թագավոր»:


«Հետագայում խաղարկայի՞ն, թե՞ վավերագրական ժանրում եք մտադիր ստեղծագործել»- հարցրինք նրան:
Նա կարծում է, որ հաջորդ անգամ կրկին կնկարի այնպիսի ֆիլմ, որն իր մեջ կներառի թե՛ խաղարկային, թե՛ փաստագրական տարրեր:
Ինչպես և ենթադրվում էր, աֆղանական վտանգահարույց միջավայրում աշխատելիս նկարահանող խումբն ունեցել է լուրջ խնդիրներ, անգամ նրանց հանդեպ եղել է մահվան սպառնալիք:
«Այդ հալածանքները, ի վերջո, պատճառ դարձա՞ն, որ ինչ-ինչ կարևոր ասելիք, բնորոշ տարրեր բացակայեին ֆիլմի վերջնական տարբերակում»,- հարցինք ռեժիսորին:
Նա ասաց, որ բարեբախտաբար, իրենք կարողացել են խույս տալ հաշվեհարդարից և փրկել նկարահանված նյութը:


Մենք հետաքրքրվեցինք, թե նա չի՞ պատրաստվում արդյոք անդրադառնալ նաև ղարաբաղյան թեմային, քանի որ համագործակցելու է հայ ռեժիսոր Վարդան Հովհաննիսյանի հետ: Ռեժիսորն ասաց, որ դա որոշակի խնդիրների հետ կապված հարց է, և ինքը, թեև կհամագործակցի Վարդանի և «Bars Media» պրոդյուսերական գործակալության հետ, բայց կանդրադառնա այլ թեմաների, ոչ՝ ղարաբաղյան պատերազմին:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1412

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ