Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Համաեվրոպական կառույցները հետևողականորեն կաշխատեն ԵՄ ամբողջականության պահպանման ուղղությամբ»

«Համաեվրոպական կառույցները հետևողականորեն կաշխատեն ԵՄ ամբողջականության պահպանման ուղղությամբ»
12.07.2016 | 02:45

Միացյալ Թագավորությունում անցկացված վերջին հանրաքվեն, որի ընթացքում բրիտանացիների մեծամասնությունը՝ 52 տոկոսը, քվեարկեց Եվրամիությունից դուրս գալու օգտին, իսկական իրարանցում առաջացրեց աշխարհում։ Փաստորեն, Միացյալ Թագավորությունը Եվրամիությունը լքող առաջին պետությունն է՝ 43 տարվա անդամակցությունից հետո:


Ո՞րն է այս եվրաապահարզանի պատճառը և ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ։ Զրուցում ենք քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի դասախոս ԱՇՈՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ հետ։

-Պարոն Ալեքսանյան, ի՞նչն էր Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու որոշման պատճառը։
-Կարծում եմ՝ Brexit-ի հիմնական պատճառն ազգային պետական և վերազգային ինստիտուտների շահերի բախման և հակասությունների խորացումն էր: Ճիշտ է, Եվրամիության սահմանած փախստականների և միգրացիոն քվոտաները հայտնվեցին պետությունների անվտանգային և Եվրամիության աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետում, բայց, այնուամենայնիվ, խնդիրն ունի ինքնիշխանության կողմ։ Հենց այս բաղադրիչով Եվրամիությունը տարբերակվում է՝ որպես վերազգային միավորում և ազգ-պետությունների դաշինք: Եթե անդամ պետությունների մակարդակում իշխանության աղբյուրը ժողովուրդն է, ապա Եվրամիության մակարդակում՝ անդամ-պետությունների կուսակցություններն ու պատգամավորները, որոնք միջնորդավորված ներկայացնում են «եվրոպական ժողովուրդը» իր միասնության և բազմազանության մեջ: Ազգային ժողովրդավարության և եվրոպական ժողովրդավարության հարաբերակցության մեջ առկա է ոչ այնքան «ժողովրդավարության պակաս», ինչպես պնդում են շատերը, որքան «ժողովրդավարությունների հեռավարություն»: Կարծում եմ՝ վերջին տարիների աշխարհաքաղաքական գործընթացները (Իրաքի օկուպացիան, «Արաբական գարուն» քաոսը, համաշխարհային ահաբեկչության աճը և ռազմաքաղաքական միջամտությունը սիրիական ներքաղաքական հակամարտությանը, ուկրաինական ճգնաժամը, տնտեսական պատժամիջոցները ՌԴ-ի դեմ և այլն) արագացրին Եվրոպայում այլընտրանքային շարժումների, «հավասարակշռված և կառուցողական» ազգայնականների, «ծայրահեղ և ապակառուցողական» կառույցների ակտիվացումը։ Ժամանակակից աշխարհի փոխոխությունները բրիտանական քաղաքական ընտրանուց օրեցօր պահանջում էին և պահանջում են «ավելի ամուր ձգել գոտիները» և շուտափույթ կարգավորել ներպետական սոցիալ-տնտեսական անլուծելի հիմնախնդիրները:
-Հնարավո՞ր են Եվրամիության ներսում ճգնաժամի խորացումն ու այլ պետությունների դուրս գալը միությունից։ Եվ ընդհանրապես, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ այս ամենը Եվրոպայի համար։
-Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն ինձ համար մշտապես տեղավորվել են չերչիլյան «Եվրոպայի Միացյալ Նահանգներ» հայեցակարգի մեջ՝ կոչված լինելով միավորելու եվրոպական ժողովուրդներին: Եթե 1946 թ. սեպտեմբերի 19-ին Ցյուրիխում ՈՒինսթոն Չերչիլը վստահ էր, որ «առանց մեծ Ֆրանսիայի ու մեծ Գերմանիայի Եվրոպա գոյություն ունենալ չի կարող», ապա արդի դարաշրջանում հարց է առաջանում՝ արդյոք առանց Մեծ Բրիտանիայի կարո՞ղ է գոյություն ունենալ Եվրամիությունը: Ցավալի է, բայց փաստ, որ Brexit-ը Եվրամիության ներսում ճգնաժամի հաղթահարման եղանակներից մեկն էր, որը, կարծես, մյուս անդամ պետություններին ասում է. «Ահա՛ իմ ժողովրդի և իմ պետության որոշումը»: Ակնհայտ է, որ հետհանրաքվեի բեկումնային որոշումները դեռ պետք է ընդունվեն, իսկ հնարավոր զարգացումները առջևում են: Դրանք կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ Մեծ Բրիտանիայի և Եվրամիության համար՝ առաջացնելով անկայունություն, անվստահություն և անհանդուրժողություն: Հասկանալի պատճառներով EUexit-ը նոր քաղաքական օրակարգ կձևավորի «Այլընտրանքային Եվրոպայի» գաղափարախոսության կրողների, եվրասկեպտիկների և եվրապոպուլիստական հայացքների համար: Ավելորդ չի լինի հիշել նաև «Եվրոպայի համար Սահմանադրության ընդունման մասին պայմանագրի» վավերացման և Սահմանադրության նախագծի հանրաքվեի գործընթացը: Չիրականացման պատճառները հասկանալի են անդամ-պետությունների մեծամասնությանը, բայց անցանկալի՝ համաեվրոպական քաղաքական համակարգի ամրապնդման և եվրաինտեգրման խորացման կողմնակից փոքրամասնության համար: Կարծում եմ, որ համաեվրոպական կառույցները հետևողականորեն կաշխատեն Եվրամիության ամբողջականության պահպանման և ազգ-պետությունների ինքնիշխանության փոխհարաբերությունների ամրապնդման ուղղությամբ:
-Եվրամիությունում ստեղծված իրավիճակն ինչպե՞ս կանդրադառնա Արևելյան գործընկերության (ԱլԳ) քաղաքականության վրա։ Brexit-ից հետո արդյոք չի՞ թուլանա ԵՄ հետաքրքրությունը ՀՀ-ի ու ԱլԳ անդամ երկրների նկատմամբ։
-Կարծում եմ՝ կարճաժամկետ հեռանկարում Արևելյան գործընկերության քաղաքականությունը կպահպանի ԵՄ-ի առաջնահերթությունները ՀՀ-ի և ԱլԳ անդամ երկրների համար, իսկ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում կլինեն համարժեք փոփոխություններ: Բացասական տեղաշարժերը շատ ավելի նկատելի կլինեն Եվրաասոցացման համաձայնագրի երեք երկրների՝ ՈՒկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի համար: ԱլԳ-ն բազմամակարդակ դինամիկ մի համակարգ է, որն ապահովում է հասարակական միջոլորտային համագործակցության խորացում՝ ինտեգրելով պետական իշխանության, տեղական ինքնակառավարման և քաղաքացիական հասարակության ոլորտները: Այս առումով ԵՄ-ի հետաքրքրությունները կախված կլինեն ԱլԳ երկրների համապատասխան ինստիտուտների դինամիկ ակտիվության մակարդակից:


Զրույցը՝ Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2472

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ