Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Մենակյաց իդեալիստը

Մենակյաց իդեալիստը
12.07.2016 | 08:44

Հնամենի հայօջախներից մեկը Անկյուրիան է` ներկայիս Անկարան, և ես չունեմ ճշգրիտ պատասխան առ այն, թե Կ. Պոլիսը օսմանների գրավելուց հետո Անկյուրիայի հայերն ինչու գաղթեցին նորաստեղծ պետության մայրաքաղաք: Ենթադրում եմ, որ հիմնական պատճառը առևտրի և արհեստների ոլորտում թուրքերի տրամադրած խրախույսն էր: Այսպես, 1453 թ. Պոլիս գաղթեցին չորս հայեր, որոնց մասին Բյուզանդիայի անկման ականատես Աբրահամ Անկյուրացին իր «Ողբում» նշում է.


Եւ ոչ միայն Տաճկաց ազգին,
Այլ զքրիստոնեայսն ի մէջ բերին,
Ի քսան եւ ութ հոկտեմբերին
Չորս հայ ի յԱնկիւրիոյ բերին։

Աստուածատուր Սաթըլմիշին,
Եւ Սիմէոն Բարիփաշին,
Եւ Պապայի որդի Այվատն,
Եւ պարոն Գորգն Հէշիմ հաճին։


Սրանք, անշուշտ, մեծահարուստ վաճառականներ էին: Ի մասնավորի, Այվատն ու Սաթըլմիշը որդիներն էին անկյուրացի Իսկենդերի, որի առասպելական հարստության մասին գրավոր վկայություններ են պահպանվել:
Անկյուրիայի հույները, հրեաները և հայերը ապրում էին առանձին թաղամասերում, ընդ որում՝ ամենագեղեցիկը և արդիականը պատկանում էին վերջիններիս: Քաղաքի հայերի բացարձակ մեծամասնությունը` 9-10 հազար մարդ, կաթոլիկ էր ու մեծ հաջողությամբ զբաղվում էր առևտրով: Ահա այս հայերն էին, որոնք իրենց կապիտալներով տեղափոխվում էին Կ. Պոլիս և օգտվելով թուրքերի կողմից կաթոլիկների նկատմամբ դրսևորված որոշ բարեհաճությունից (քանզի կաթոլիկ հայերն անխոչընդոտ տնտեսական կապեր ունեին եվրոպական երկրների հետ)` ձեռք բերում ազդեցիկ դիրք:


Անկյուրիայից դեպ Պոլիս գաղթը շարունակվեց հետագա ժամանակներում ևս, և XVIII դ. գաղթականներից մեկն էր 1701 թ. ծնված Գրիգոր խոջա Թնկրյանը: Խոջա պատվանունը ակնհայտորեն ցույց է տալիս պարսկահայ ծագում ունենալը և վաճառական լինելը: Սակայն Գ. Թնկրյանը վաճառական չէր, 10 տարի` 1768-1778 թթ. եղել էր Պոլսում Ֆրանսիայի դեսպանատան թարգմանը: ՈՒշագրավ է հետևյալ հանգամանքը. երբ 1778 թ. Զաքարիա Կաղզվանցի պատրիարքը իր մոտ է հրավիրում հայ կաթոլիկների երևելիներին` նրանց հորդորելով, որ Տրիեստ նավահանգստի հետ որևէ առևտրային գործարք չկատարեն և իրենց որդիներին այնտեղ ուսման չուղարկեն, կաթոլիկների առաջնորդն է լինում Գրիգոր խոջան:
Գ. Թնկրյանը վախճանվում է 1781 թ., թաղվում Բերայի Բեյօղլի պոլսահայ հնագույն գերեզմանատանը: Նրա չորս որդիներից մեկն էր Կարապետը, որը դարձավ խիստ ունևոր սեղանավոր և մահացավ 1808 թ.` 54 տարեկան հասակում: Ինչու եմ հիշատակում այս մարդկանց, որովհետև մեկը պապը, մյուսը հայրն էր Պետրոս Թնկրյանի` արևմտահայոց ամենախորհրդավոր, միստիկ և հավուր պատշաճի չգնահատված անձնավորության:
Նա ծնվել է Կ. Պոլսում՝ 1799 թ. սեպտեմբերի 3-ին և առաջին անգամ հիշատակվում է 1811 թ., որպես Վիեննայի Մխիթարյան միաբանության սան: Այսինքն, ըստ երևույթին, հոր մահից հետո նրա մայր Մարիամը որոշել էր 12-ամյա որդուն հոգևորական դարձնել (Մարիամն ուներ ևս երկու որդի ու մեկ դուստր, և հավանաբար երեխաներին պահելը դժվար էր): 1813 թ. Պետրոսն ընծայվում է` ստանալով Կարապետ անունը, ուխտադրվում է 1816-ին, իսկ 1818-ին ձեռնադրվում քահանա և սպասարկության ուղարկվում Կ. Պոլիս:


1827-1830 թթ. կայսրության մայրաքաղաքում տեղի են ունենում կաթոլիկ հայերի հերթական հալածանքներն ու բռնաճնշումները, ինչի հետևանքով միաբանները վտարվում են Պոլսից: Քահանա Կարապետ Թնկրյանը նախ հասնում է Բուխարեստ, ապա 1828 թ. հունվարի 8-ին մեկնում Վիեննա, իսկ մայիսի 11-ին թողնում հոգևոր ծառայությունը և, վերստանալով ավազանի Պետրոս անունը, լքում Վիեննան: Ո՞րն էր կրոնավորի ուղուց հրաժարվելու և աշխարհական դառնալու պատճառը, պարզ չէ:
Այդուհետ նրան տեսնում ենք Հռոմում, ապա Ադրիատիկի ափին գտնվող Պեզարո աննշան նավահանգստային քաղաքում: Թե որքան ժամանակ է նա այստեղ բնակվել և ինչով զբաղվել, հայտնի չէ:


Որոշ ժամանակ անց Պետրոս Թնկրյանը տեղափոխվում և մինչ ի մահ` շուրջ կես դար, բնակություն է հաստատում Զմյուռնիայի արևելյան կողմում գտնվող Բուջա գյուղում ¥Այսօր դա Իզմիրին գրեթե միացած ավան է և հայտնի է Աթաթուրքի վիթխարի ժայռափոր քանդակով):
Թե ինչով է նա այս ընթացքում զբաղվել, ինչպես է հայերենից զատ տիրապետել հունարենի, լատիներենի, արաբերենի, պարսկերենի, իտալերենի, անգլերենի, ֆրանսերենի և… սանսկրիտի` հայտնի չէ, և ընթերցողը հավանաբար ուշադրություն դարձրեց, որ հաճախակի գործածեցի «պարզ չէ», «հայտնի չէ» նախադասությունները: Այժմ շարադրեմ այն, ինչ ստույգ հայտնի է:


Պետրոս Թնկրյանը, նախ, գնեց Բուջայի Ասպրա-Խոմաթա` Սպիտակ հողեր կոչված բլուրը, դրա վրա կառուցեց քարաշեն, քառակուսի, դիցաոճ ու մեհենաձև, դղյակ կամ ամրոց հիշեցնող մի տուն, որի ճակատամասին փակցնել էր տվել տարօրինակ գրերով Այզերադանտ բառը, ինչը թարգմանաբար նշանակում էր Տաճար իմաստության: Հյուրընկալության սենյակ ուներ, որը զարդարված էր չորացրած հասկերով, խոտաբույսերով ու դաշտային ծաղիկներով, իսկ առաստաղից կախված էին երկու գնդեր, որոնց իմաստի վերաբերյալ բացատրություններ էր տալիս հարցվորներին: ՈՒներ նաև աշխատասենյակ` բազում գրքերով, հիմնականում լեզվաբանության վերաբերյալ, սեղանների վրա շարված էին ծովային խեցիներ, հանքային ապարներ և զանազան իրեր, որոնց նշանակությունը լոկ իրեն էր հայտնի: Տան առջև ջրավազան կար: Առավոտները նստում էր դռան մոտ գտնվող մեծ քարաբեկորի վրա, իսկ ցերեկվա տապին պառկում էր բակում իր իսկ ձեռքով փորած… գերեզմանի մեջ:
Այզերադանտի առջև ուներ արտեր, որոնք մշակում էին վարձու խորվաթներ, իսկ տան գործերով ու պարենի հայթայթմամբ զբաղվում էր սպասավորը: Պարե՜ն… Տանտերը երդվյալ բուսակեր էր, և մի ամբողջ դարաշրջան պիտ անցներ, մինչև աշխարհում բուսակերության սննդակարգը, դրա օգտակարությունը մասնագիտական հիմնավորում ստանար: Մսակերությունը համարում էր վայրենություն, բարբարոսություն, բավարարվում էր բանջարեղենով, կաթով, ձվով: Կենդանական ծագում ունեցող սննդից հրաժարումն այն աստիճանի էր պահպանում, որ չէր հագնում անգամ կաշվե կոշիկ, այլ բացառապես կաուչուկե կամ ռետինե ոտնամաններ, քանզի կաշին համարում էր բնության օրինաց հակընդդեմ անասնասպանդի արդյունք:


Մի անխախտ սկզբունք էլ ուներ` բացարձակ կնատյաց էր: Իգական սեռի մուտքը Այզերադանտի տարածք կտրականապես արգելված էր, եթե որևէ կնոջ կամ օրիորդի նկատեր` տեղնուտեղը վռնդում էր: Թե որն էր նման վերաբերմունքի պատճառը, հաստատապես չգիտեմ, բայց ենթադրում եմ, որ սիրո խնդրում անջնջելի հիասթափություն էր ապրել: XIX դարում մարդիկ ուրիշ էին, բարքերն այլ էին, կնոջ համար մենամարտում էին, ինքնասպան լինում…


ՈՒժերիս ներածի չափ նկարագրեցի Թնկրյան-մարդուն, նրա տարօրինակությունները, կենցաղը, ապրելակերպը, այն ամենը, ինչի համար նրան անվանում էին «Բուջայի մենակյաց»: Հիմա պատասխանեմ ամենագլխավոր հարցին` ինչո՞վ էր, ի վերջո, զբաղվում:
Նա ստեղծեց միջազգային նոր լեզու, որն անվանեց «Սեհլերաի», ինչը նշանակում էր համաշխարհային լեզու: Ըստ Թնկրյանի, անհանդուրժողականության, պայքարի, կռիվների, վեճերի և առհասարակ մարդկային բոլոր դժբախտությունների աղբյուրը լեզվական ու կրոնական տարանջատվածությունն էր, և հարկ էր, որ համընդհանուր ներդաշնակության, երջանկության, խաղաղության համար ազգերն ու ժողովուրդները խոսեին միևնույն լեզվով: Նա մարդատեցության, չարյաց թշնամի էր և համարում էր, որ մարդկային ցեղի առաքելությունը բարեսիրությամբ, հաշտ ու խաղաղ ապրելն է: «Սեհլերաի»-ի տառաձևերը նման էին սանսկրիտերենի, իսկ իր նորագյուտ լեզվի ուսուցման համար ստեղծել էր այբբենարան, քերականություն ու բառարան, զանազան զրուցարաններ, օժանդակ նյութեր, որոնք տպագրել ու բաժանում էր այցելուներին: Իր լեզվով գրում էր բանաստեղծություններ, որոնք թարգմանել էր ֆրանսերեն ու հրամցնում էր հյուրերին: Ավելին, ստեղծել էր նաև հատուկ նոտագրություն, հորինում էր երգեր և դրանք կատարում երգեհոնով: «Սեհլերաի»-ի տարածումն այն աստիճանի կարևոր էր նրա համար, որ լեզուն սովորել ցանկացողներին ոչ միայն ձրի էր ուսուցանում, այլև ինքն էր վճարում: (Ընթերցողն անշուշտ նկատեց, որ Թնկրյանն ամենևին չքավոր մարդ չէր: Այս հրապարակումը չծանրաբեռնելու համար ես ավելի մանրամասնորեն չանդրադարձա Թնկրյան գերդաստանի մյուս անդամներին, բայց ասեմ, որ այդ բազմանդամ տոհմը պատկանում էր Կ. Պոլսի ամենաունևոր դասին: Պ. Թնկրյանն ուներ հորեղբայրներ, եղբայրներ, որոնք նրան ֆինանսավորում էին, որովհետև, ինչպես արդեն ասացի, XIX դարում մարդիկ ու բարքերն ուրիշ էին: Չեմ բացառում նաև, որ լեզվաստեղծն ինքը սեղանավորությամբ զբաղվեր` տոկոսով փող տրամադրելով հռչակավոր առևտրաշահ Զմյուռնիայի վաճառականներին):


Ո՞րն էր «Սեհլերաի»-ի նշանակությունը: Լեզվագետն ու փիլիսոփան ձևավորել էր ի՛ր աշխարհայացքը, իսկ նրա լեզուն, անկասկած, քաղաքակրթական արժեք է: Միջազգային լեզուներ ստեղծել են այլք ևս: Այսպես, լեզու ստեղծեց ու 1868-ին հրատարակեց ֆրանսիացի Ժան Պիրոն, 1887 թ. վարշավացի հրեա ակնաբույժ Լեյզեր Զամենգովը լույս աշխարհ բերեց «Միջազգային լեզու» աշխատությունը` էսպերանտոյի դասագիրքը, 1907 թ. ֆրանսիացիներ Լուի դը Բոֆրոնը և Լուի Կուտյուրան ստեղծեցին իդո լեզուն: Մեր Պետրոս Թնկրյանը իր «Սեհլերաի»-ն Զմյուռնիայում տպագրեց 1864-ին, և տարեթվերի համեմատությունն ինձ հիմք է տալիս եզրակացնելու, որ եթե անգամ նրա լեզուն աշխարհում առաջինը չէր (գուցե ուրիշներ էլ կան, չգիտեմ, չեմ ուսումնասիրել), ապա Արևելքում դա հաստատապես առաջինն էր:
…1881 թվականի մի օր 82-ամյա ալեհեր ու սմքած ծերունին` Պետրոս Թնկրյանը, զգալով մոտալուտ վախճանը, պառկեց իր իսկ ձեռքով փորած գերեզմանի մեջ և երկրային ուղին ավարտեց: Նրան հայտնաբերեցին հաջորդ օրը: Կտակի համաձայն, նրա թանկարժեք մատյանները, գրքերը, ուսումնասիրությունները, ձեռագրերը փոխանցվեցին Վիեննայի կայսերական գրադարանին:


Նրա կյանքին ու գործունեությանն անդրադարձած Մխիթարյան միաբան Աբրահամ Այվազեանը գրել է. «Ահա՛ այսպէս վախճանեցաւ Պետրոս Թնկըր, որոյ իմացականութիւնը ծայրապատար էր եւ տեսիլներն` ընդարձակ, որոյ կեանքը թէեւ սովորական շրջանէ դուրս, բայց խոկասէր անձանց մտածութեանցն առիթ կրնայ լինել…
Ե՛րթ ուրեմն, ո՛վ խոնջեալ եւ ամայացեալ հոգի, որ բանաստեղծութեամբ ծնար, լեզուագիտութեամբ օրորուեցար, փիլիսոփայութեամբ ապրեցար եւ հոգեխօսութեամբ մեռար:
Գնա՛ հոն, ուր ամենայն ինչ բանաստեղծութիւն է, հոգի է, ուր լեզուի Բաբելոն չկայ, ուր միջազգային սահման չկայ, ուր բեմի խնդիր չկայ, ուր կուսակցութիւն չկայ, ուր ոչ անտի կայ, և ոչ աստի…
Անդ լեզուի խնդիրը լուծուած է, բնակիչք համաբարբառ են…
Անդ կուսակցութիւն, հերձուած չկան, անդ է մի հօտ եւ մի հովիւ…»:


Ես էլ այս մեջբերմամբ ավարտեմ: Միայն մի հարց է ինձ մտատանջում` տեսնես թուրքերն ինչպե՞ս վարվեցին Պետրոս Թնկրյանի Այզերադանտի` Իմաստության տաճար տան ու նրա գերեզմանի հետ:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2520

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ