Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Քաղաքը կինո է դիտում

Քաղաքը կինո է դիտում
12.07.2016 | 08:54

13-րդ անգամ Երևանը հագավ ծիրանավառ գույնը՝ կինոյի համաշխարհային կիզակետը մեծ ու հանրահայտ քաղաքներից տեղափոխելով մեր մայրաքաղաք: Տոնն սկսվեց Ծիրանօրհնեքով՝ Սուրբ Զորավոր եկեղեցում:
Երեկոյան պաշտոնապես բացվեցին հայ կինոգործիչների՝ Էդմոնդ Քեոսայանի, Ալբերտ Յավուրյանի, Դմիտրի Կեսայանցի աստղերը՝ Շառլ Ազնավուրի հրապարակում: Ապա Կարմիր գորգն ուղղորդեց ոսկեծիրանցիներին «Մոսկվա» կինոթատրոն՝ Կարմիր դահլիճ՝ ծանոթանալու այս տարվա փառատոնային անակնկալներին և դիտելու թվայնացված, բայց ոչ արդիականացված «Զարե» ֆիլմը, որն ուղեկցվեց տաղանդավոր ջազմեն Վահագն Հայրապետյանի և «Ակուստիկ ձայներ» խմբի նվագակցությամբ: Կատարվեց Վահագն Հայրապետյանի՝ հատուկ «Զարեի» համար գրած երաժշտությունը:


«Հայաստանի և հայ ազգի համար բավական դժվար տարի էր: Չորսօրյա պատերազմ, անհանգստություն: Բայց, ի պատիվ մեր կառավարության, մեր բոլոր հովանավորների, մասնավորապես Ռալֆ Յիրիկյանի, պիտի ասեմ, որ նրանք ոչնչի առջև կանգ չառան՝ ապահովելով փառատոնի նորմալ ընթացքը»,- իր ելույթում նշեց «Ոսկե ծիրանի» հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը: Նա իր տոնական խոսքում նաև վշտալի լուր հայտնեց. մահացել է պարսիկ նշանավոր կինոռեժիսոր, «Ոսկե ծիրանի» բազմամյա բարեկամ Աբաս Քիառոստամին, ում հուղարկավորությունն էր փառատոնի բացման օրը: Ներկաները մեկ րոպե լռությամբ և ծափերով արձագանքեցին այդ տխուր իրողությանը:


Թե արտամրցութային ինչ ֆիլմեր են ցուցադրվելու առաջիկա մեկ շաբաթում, ինչպիսին են լինելու հետահայաց ցուցադրություններն ու պրեմիերաները, ներկայացրել ենք մեր նախորդ հրապարակումներում: Մամուլի ներկայացուցիչների համար կազմակերպված ֆիլմերի նախնական ցուցադրությունն էլ հնարավոր է դարձնում կանխավ իրազեկել մեր ընթերցողներին մրցութային ծրագրում ընդգրկված մի շարք ֆիլմերի մասին:
Եվ այսպես, խաղարկային ֆիլմերի մրցույթին կմասնակցի Ասիեր Ալտունայի «Ամամա» ֆիլմը: Այն բասկյան ընտանիքի ավանդական ու նորօրյա որակների բախման ու հաշտեցման իմաստուն պատմությունն է մատուցում էկրանից՝ համեմված կինոարվեստի յուրատեսակ հնարներով, որոնք իրենց արտասովորության մեջ դյուրությամբ են ընկալվում ու հասնում հանդիսատեսին, քանի որ արված են բարձր արվեստով: Մարդկային բնույթի, վաղնջական պատմական շերտավորումների, բնության, նորարար արվեստի, հողագործի առօրյա տքնանքի ու էլի շատ այլ գործոնների համադրությամբ հյուսվող պատումը մեզ՝ հայերիս, հարազատացնում է բասկյան ընտանիքի ու այնտեղ խմորվող-հանգուցալուծվող բախումների հետ, որովհետև այնքա՜ն ծանոթ ու հասկանալի են դրանք մեզ: Ֆանտաստիկ լուծումների մի բանալի է հայտնաբերում ֆիլմի հեղինակը՝ ժամանակի չափումների մի նոր բանաձևի արտածումով: Ֆիլմի գործողությունների կենտրոնում գտնվող Ամաման՝ ընտանիքի տատիկը, որ գեղջկական կենցաղի մեջ ապրող ազնվատոհմիկ մի երևույթ է, դառնում է չափման ինքնատիպ միավոր իր թոռնուհու՝ Ամայայի համար. «80 տատիկ առաջ մենք ապրում էինք նեոլիթյան ժամանակաշրջանում»: ՈՒ ֆիլմն էլ այդ բազմադարյա ժամանակների ու մեր օրերի կյանքի ներդաշնակ համադրության իմաստուն դրվագաշարն է ներկայացնում մեծ էկրանից: Անկեղծ պիտի լինեմ ու խոստովանեմ. դեռ փառատոնի մեկնարկից առաջ այս ֆիլմը դիտելով՝ սկսել եմ կանխավայելել փառատոնի փակումից հետո այն իբրև հաղթած ֆիլմ մեծ էկրանին կրկին տեսնելու հաճույքը:


Պիտեր-Յան դը Պյուի «Լուսավորյալների երկիրը» ֆիլմը, որ պատմում է Աֆղանստանի արյունալի իրադարձությունների մասին, մինչև մրցույթն արդեն տեղիք է տվել բանավեճերի ու տարաձայնությունների. ֆիլմը նկարված է խաղարկային և վավերագրական ժանրերի սահուն համադրությամբ, և այն մրցութային ծրագրի խաղարկային բաժնում ընդգրկելը միանշանակ չի ընդունվել մասնագետների կողմից, ինչպես հավաստիացնում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը: Հիրավի, այս ֆիլմը դիտողի համար դժվար է որսալ դաժան իրականության և ռեժիսորի երևակայության թռիչքի սահմանագիծը: Սակայն ինձ համար այն ուներ մի կարևոր պատգամ. որքան էլ կյանքը պարտադրի գիշատչային վարք ու կենսաձև, մարդու երազանքն իր խորքում նույնն է ամենուր. ապրել դղյակում՝ կողքին ունենալով սիրելիին:


Պաբլո Լամարի «Վերջին եզերքը» ֆիլմն առանց խոսքերի պատմում է միայնակ մարդու անելանելի կացության մասին: Նրա կատարած բոլոր քայլերը կամ դրանց բացակայությունը ֆիլմում հանգում են փակուղու: Բելա Տարի «Թուրինյան ձին» հիշեցնող այս լուսանկարային ֆիլմը միանշանակ չի կարող ընկալվել թե՛ հանդիսատեսի, թե՛ մասնագետների կողմից:
Դավիթ Վերբեքի «Սերտ շփում» ֆիլմն անտարբեր չի թողնի պատերազմ երևույթի հանդեպ գերզգայուն հայ հանրությանը: Հեռակառավարման վահանակի առջև նստած՝ ժամանակակից մեթոդներով մահ սփռող դիպուկահարի մեջ մարդկային որակների արթնացումը անցնում է խութաշատ ոլորանների միջով, որոնք լարված սպասում են պարտադրում ֆիլմի հանդիսատեսին:


«Բալերի անունները» (ռեժիսոր՝ Բրանկո Շմիդտ) սրտառուչ պատմություն է մարդկային հարաբերությունների մասին, որ ներկայացվում է աշխարհից հեռու մի անկյունում ապրող ծեր ամուսինների օրինակով: Կատոյի և Սլավկոյի՝ արտաքինից կռվազանության շերտով պատված խոր կապվածությունն ու սերը հորդում են հատկապես ֆիլմի ֆինալում: Կատոյի մահվանից առաջ նրանց կատարած երգը՝ թե՛ տեքստով, թե՛ մեղեդայնությամբ, վկայում է երիտասարդ տարիներին ապրած զգացմունքների կենսականության մասին ու ստիպում հանդիսատեսին հուզվել նրանց հետ: Կենդանի, հումորով, փիլիսոփայությամբ, սկզբունքայնությամբ հագեցած փայլուն երկխոսությունների շարան է «Բալերի անունները»: Կարծում եմ, այս ֆիլմը ևս կարող է հայտնվել «Ոսկե ծիրանի» մրցանակակիրների շարքում: Նույն կարծիքը կա նաև «Դատախազը, դատապաշտպանը, հայրը և որդին» (ռեժիսոր՝ Իգլիկա Տրիֆոնովա) ֆիլմի մասին, որն առանձնահատուկ ջերմությամբ է ընդունվել փառատոնային ֆիլմերի նախնական ցուցադրությանը մասնակցած հանդիսատեսի կողմից:


Վավերագրական մրցույթին ներկայացված «Օլմոն և ճայը» (հեղինակներ՝ Պետրա Կոստա, Լեա Գլոբ) խաղարկային ֆիլմն ակնհայտ տարրեր պարունակող աշխատանք է, որում արծարծվող դերասանուհի հերոսուհու տարուբերումը կարիերայի և սպասվող մայրության միջակայքում ներկայացված է շատ հուզիչ ու համոզիչ պատումաշարով:


«Հայկական համայնապատկեր» անվանակարգում ընդգրկված «Ռադիոլա» (ռեժիսոր՝ Լուսինե Պապոյան) կարճամետրաժը մարդու հարաբերություններն է քննում իր անցյալի, ապրած տարիների հիշողությունների հետ, որոնք հակիրճ ձևակերպումներով մարմին են առնում հոր՝ որդու հետ ունեցած զրույցում: Այս ֆիլմը կարելի է համարել կինոթոթովանք, որում ակնհայտ են հեռանկարում լիարժեք կինոյի վերաճելու նախանշանները: Գոռ Մարգարյանի «Ավրորան» կարող է տարակարծություններ առաջացնել հանդիսատեսի մեջ, որովհետև ինձ համար այն չհստակեցված ասելիքի մի սառցապատ տարածություն էր:
Հայկական կինոն կներկայացվի նաև այլ ձևաչափերում, փառատոնային այլ ծրագրերի շրջանակներում, և մենք առիթ կունենանք ոչ միայն վերհիշելու մեր կինոանցյալը, այլև պատկերացում կազմելու այսօր ծնունդ առնող հայկական ֆիլմերի մասին:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2271

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ