Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իմաստուն, զվարճախոս, անմիջական, հմայիչ Ժակլին Բիսեթը

Իմաստուն, զվարճախոս, անմիջական, հմայիչ Ժակլին Բիսեթը
15.07.2016 | 00:53

Աշխարհահռչակ աստղաբույլի հերթական ներկայացուցիչը «Ոսկե ծիրանում»

Երևան ժամանումի պահից սկսկած՝ համաշխարհային կինոաստղ Ժակլին Բիսեթը հայտնվել է հայկական բուռն սիրո և հետաքրքրության կիզակետում: Հանդիպումների, շփումների ձևաչափերը նրա հետ տարբեր են փառատոնի տարբեր օրերին, տարբեր միջավայրերում: Մամուլի ներկայացուցիչների հետ շփումն ապահովեց դերասանուհուն առավել համապարփակ ընկալելու հնարավորությունը:

Բիսեթին ներկայացնող Հարություն Խաչատրյանը նշեց, որ անիմաստ է պատմել նրա ֆիլմերի մասին, որովհետև բոլորս տեսել ենք այդ ֆիլմերը: «Ժակլին Բիսեթը բավական չէ, որ գեղեցիկ է, նաև տաղանդավոր է: Եվ այս տաղանդավոր կնոջ հետ մեծ երջանկություն է շփվելը, որովհետև շատ հասարակ մարդ է ու սիրում է մարդկանց,- ասաց Խաչատրյանը,- մենք նրա հետ միասին պարեցինք հայկական պարեր, և ես սիրահարվեցի նրան մեկ անգամ ևս»:

«Որովհետև երաժշտությունը շատ լավն էր, դիմանալ հնարավոր չէր»- միջամտեց Բիսեթը, ում կարծիքով մենք՝ հայերս, քեֆչի, ուրախ ժողովուրդ ենք, թեև նա տեղյակ է, թե ինչ դժվարությունների միջով է անցել ու անցնում մեր պատմությունը:

«Իբրև ստեղծագործող անհատականություն՝ ո՞ր ֆիլմում նկարահանվելիս եք Ձեզ ավելի բավարարված զգացել»,- հարցրինք Ժակլին Բիսեթին:

Նա այսպես պատասխանեց «Իրատեսի» հարցին. «Դրանք նույնիսկ մի քանիսն են: Բայց կա մի ֆիլմ, որն այստեղ չի էլ հասել: Կոչվում է «Քնկոտ ժամանակի աղջնակը»: Մի երիտասարդ ռեժիսոր էր այն նկարում: Նկարահանումները տևեցին երեք տարի, որովհետև փող չկար միանգամից նկարելու համար: Շատ խրթին կանացի կերպար էր պետք խաղալ այդ ֆիլմում, և բավականին ջանք էր պետք թափել, որպեսզի հասնեի իմ մարմնավորած կերպարի էությանը: Կնշեմ նաև «Հարուստներն ու հանրահայտները» ֆիլմը, որում երկու դեր էր ինձ վերապահված. ես նաև համապրոդյուսեր էի: Չէի ուզում համապրոդյուսեր լինել, բայց ստիպված դա արեցի, որովհետև ինձ որպես դերասանուհի չէին ընկալում, բայց պրոդյուսերություն անելուց հետո կարողացա դեր ստանալ այդ ֆիլմում: Ուզում էի ավելի ինտելեկտուալ (կարծես ճիշտ բառ չօգտագործեցի. պիտի ասեի՝ խելացի) կնոջ դեր խաղալ, որովհետև մինչ այդ ինձ ավելի շատ ընկալում էին իբրև գլամուրային դերասանուհի»:

Իրեն ուղղված հարցերի պատասխանները բացահայտում էին մեծ էկրանից իր փայլով հանդիսատեսին բազմաթիվ տարիներ շլացրած դերասանուհու մարկդային մեծ հմայքը, որը, հիրավի, ավելին էր, քան նրա արտաքին գեղեցկությունը (Newsweek-ը Ժակլին Բիսեթին հռչակել է «բոլոր ժամանակների ամենագեղեցիկ դերասանուհի»):

Նա հանրության հետ շփվելու իր բարձր կուլտուրայով, ամենաանհեթեթ հարցին անգամ իմաստուն պատասխան տալու նրբանկատությամբ ու հմտությամբ («Ամուսնությունն ու երջանկությունը հոմանիշներ չեն»), իր կինոկարիերային, ապրած կյանքին, անձին վերագրվող արժանիքներին տված ինքնագնահատականներով, շատ հաճախ՝ հեգնական մեկնաբանություններով պարզապես նվաճեց բոլոր ներկաների սրտերը: Մենք տեսանք կենդանի, իրական, անմիջական մի կնոջ, որին ասես մեզանից երբեք էլ չէին բաժանել կինոթատրոնների մեծ էկրաններն ու հեռուստարկղի խաբկանքը:

Մենք բոլորս պատրաստ էինք ստորագրել կինոգետ Սիրանույշ Գալստյանի հնչեցրած արտահայտության տակ. «Ձեր գեղեցկության հանդեպ Ձեր վերաբերմունքը նույնիսկ ավելին է, քան Ձեր գեղեցկությունը»:

Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1214

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ