Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ժամանակը՝ բնական դաշնակից

Ժամանակը՝  բնական դաշնակից
15.07.2016 | 02:18

Ղարաբաղյան հիմնախնդիրը բավականին հետաքրքիր փուլ է թևակոխել: Ակնառու է` Ռուսաստանի շունչը կտրվում է անհամբերությունից, վերջինս կիրառում է բոլոր գործիքները, որպեսզի կարողանա այս փուլում իր խաղաղապահներին տեղակայել շփման գծում, եթե ոչ, կորցնում է տարածաշրջանը:


Ռուսաստանը դա կարող է անել բացառապես Հայաստանի հաշվին: Միշտ է այդպես եղել: Այնպես որ, ո՛չ նեղանալ, ո՛չ զարմանալ, է՛լ առավել` սպասումներ ունենալ վերջինից ամենևին պետք չէ: Քաղաքականությունը դաժան արվեստ է: Ռուսաստանի նկատմամբ նույնպես անչափ դաժան են վարվում իրենից հզորները, ուստի Ռուսաստանը ոչ միայն փորձում է ինքնավերափոխվել առաջին քրիստոնյա ազգի հաշվին, այլև քաղաքական իր շահերը «կերտել» տարածաշրջանում: Ընդ որում, պետք է նաև հասկանալ, որ Ռուսաստանի բոլոր քայլերը` զենքի նոր պայմանագիր Ադրբեջանի հետ, ռևերանսների աննախադեպ մակարդակ` Ալիևի հետ, Իրանն իրենով անելու անդուլ-անխոնջ քայլերի շարք, Թուրքիայի` իրեն հասցրած ապտակի շատ արագ մոռացում, ծառայում են մեկ նպատակի` դուրս չթռչել տարածաշրջանից, որտեղ ավանդաբար ինքն է եղել մոդերատորը:


Ի դեպ, չմոռանանք. փորձագիտական շրջանակներում տեսակետ է շրջում, որ եթե Ռուսաստանը չկարողանա հայկական կողմին պարտադրել «լավրովյան պլանը», ուր արձանագրված է զուտ Ղարաբաղի միջանկյալ կագավիճակի նորմը, ապա չի երկնչի ևս մեկ բլիցկրիգի «հրել» Ադրբեջանին, այն է` ևս մի ութ հարյուր հեկտար հող գրավելուն: Հետո` էլի մեկ ութ հարյուր հեկտար, և այդպես շարունակ:


Հասկանալի է նաև՝ Ռուսաստանը, առանց հանրաքվեի ամրագրման, չի կարող Հայաստանից որևէ բան ստանալ: Եթե չասենք` ավելին: Հասկանալի է, Հայաստանի գլխին կախված են և Հոկտեմբերի 27-ի ուրվականը, նոր պատերազմը, ներքաղաքական Մարտի մեկի առավել դաժան ուրվագիծը… Այս ամենը մենք տեսել եք: Սակայն, միևնույն է, առանց հանրաքվեի Ռուսաստանը ոչնչի չի հասնի, որքան էլ Ադրբեջանը ղարաբաղյան սահմանին զինավարժությունների «թույն» ցուցանք կազմակերպի:


Իսկ ի՞նչ պետք է անի Հայաստանը. պետք է նախ` ապավինի իր Աստծուն, ապա` իր բանակին: Պետք է պարզ, հասկանալի խոսել ժողովրդի հետ, բացատրել իրավիճակը` գեներացնելով հայոց ամենաակտիվ գենը` վտանգի ժամանակ ինքնության տեսակը բազմանում է:


Չնայած տեսանելի են նաև այն ուժերը, որոնք անհամբեր են Ռուսաստանի չափ, որպեսզի Հայաստանում ու Ղարաբաղում լինի… վատ. որքան` վատ, իրենց համար՝ այդքան լավ:
Բանակից, մարտնչող զինվորից, վտանգի առջև ծառս լինողի կերտվածքից զատ, մենք ունենք ևս մեկ բնական դաշնակից: Չէ, խոսքն այն մասին չէ, որ Իրանը երբեք թույլ չի տա իր սահմանին կանգնի ռուս «խաղաղապահը»: Հարցը նաև այն չէ, որ Արևմուտքը, այդ թվում՝ Թուրքիան, նույնպես դա թույլ չեն տա, հարցը դրանով չի լուծվի, իսկ ՆԱՏՕ-ի առաջխաղացման, Ռուսաստանի շուրջ օղակի սեղմման և տարածաշրջանում սպասվելիք մնացյալ գործընթացներում Ռուսաստանը կկորցնի հարմար պահը և կվրիպի իր նպատակից:
Մեր բնական դաշնակիցն է ժամանակը. Հայաստանը խաղալու է և խաղում է ժամանակի վրա: Մեր մյուս բնական դաշնակիցը կարող է լինել, գեղարվեստորեն ասած, «աստղերի դասավորությունը», որը, ի դեպ, ցայս օգնել է Հայաստանին:


Այսպիսով, Ռուսաստանն այս պահին Հայաստանն անկյուն քշելու երկու լուրջ «ջոկեր» ունի` խորհրդարանական ընտրություններ` Հայաստանում, սահմանադրական փոփոխություններ` Ղարաբաղում:


Իսկապես պարարտ «հող» նրա համար` մանիպուլյացնելու երկու խնդիրներն էլ` ի շահ իրեն:
Պետք է անչափ զգոն-ուշադիր ու քրիստոնյա լինել: ՈՒրիշ ոչինչ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1919

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ