Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հետևանքներ և սպասումներ

Հետևանքներ և սպասումներ
15.07.2016 | 12:23

Գյուղն ու գյուղացին մշտապես են հայաստանյան կյանքի ուշադրության կենտրոնում: Օր չկա, որ գործադիրում թե օրենսդիրում կամ տպագիր ու էլեկտրոնային մամուլում որևէ անդրադարձ չլինի գյուղական համայնքներին, չխոսվի գյուղացու հոգսերից կամ հաջողություններից, կոոպերատիվ շարժման ծավալումից, հողի մշակին ու անասնապահներին տրվող օգնություններից, վարկերի տոկոսադրույքների մատչելիությունից, միջազգային արտոնյալ վարկավորումների արդյունավետությունից, գյուղացու և վերամշակողների հարաբերության պարզեցումից, մի խոսքով ոլորտ չէ, այլ մի ամբողջ համակարգ, որով հնարավոր չէ չոգևորվել, այն կառավարողներին էլ նվիրյալների շարքին չդասել: ՀՀ գյուղատնտեսության նախարարը գրեթե ամեն պահի է հեռուստաէկրաններին, նրան կարելի է թե սահմանամերձ համայնքներում տեսնել, թե Արարատյան դաշտում, սարալանջերին ու ջերմոցային տնտեսություններում, տեղական ու միջազգային մակարդակների գիտաժողովներում, հարցազրույցներ տալիս, հյուրեր ընդունելիս, անգամ տանը նրանց հետ հայկական հողի տվածով ճաշատեսակներ պատրաստելիս, կառավարության օգնությունները ներկայացնելիս, կարճ ասած՝ 24-ժամյա աշխատակարգով առաջնորդվելիս: Այն թերևս տարածվում է նաև իր 5 տեղակալների վրա, որոնց, ի տարբերություն այլ նախարարությունների տեղակալների, հայաստանյան հանրությունը առավել լավ է ճանաչում, դեմքերով գիտի: Մինչ հունիսի 9-ը, որին դեռ կանդրադառնանք:


Տեղակալներից յուրաքանչյուրը մի առանձին ոլորտի պատասխանատու է, այսպես ասած, ոլորտի յուրօրինակ նախարար: Թե ինչքանով գործելու ազատություն և հնարավորություն ունի, կախված է իր մասնագիտական գիտելիքներից ու հմտությունից, նաև փորձից, արածի դրականն ու բացասականը վերլուծելու ցանկությունից կամ պատրաստակամությունից, նաև կարծիքներ և հիմնավորումներ լսելու և դրանք կիրառելու կամեցողությունից: Այս եզրակացությանն եմ հանգել 2006-2008 թվականների 20 ամիսներին ՀՀ գյուղնախարարի խորհրդականի կարգավիճակ ունենալու արդյունքում: Թե ինչ չափով ու որակով են տեղակալներն իրականացրել իրենց ծառայողական իրավասությունը, պարբերաբար ներկայացրել են վստահված ոլորտների շուրջ իրենց մամլո ասուլիսներում ու հաղորդումներում, դրանք անվերապահորեն դրական ուղղվածության են եղել, միայն հաջողություններ արձանագրել, իսկ խնդիրներ ստեղծվել են միայն տարերային աղետների արդյունքում ու պատճառով: Իսկ ահա տողերիս հեղինակի դիտարկումը, թե տարաբնույթ աղետները յուրօրինակ երկնային նախազգուշացումներ են ՀՀ գյուղոլորտում տարվող գործընթացների հանդեպ, մեզանում որևէ ուշադրության չի արժանանում: Վերևների համընդհանուր ոգևորությունը հասավ այն աստիճանի, որ ԱԺ պատգամավոր ՀՀ նախկին վարչապետը նախորդ տարի համայնքների միավորման հարցի քննարկման ընթացքում ոչ ավելի ոչ պակաս հայտարարեց, թե գյուղը հարկավոր է հանգիստ թողնել, հազիվ ինքնաբավ ենք դարձել: Եվ սա այն պարագայում, երբ վերջին տարիներին ՀՀ գյուղատնտեսությունում մշտապես արձանագրվող աննախադեպ աճի պայմաններում երկրի պարենային ապահովությունն ու անվտանգությունը իրականացվում են աշխարհի 4 կողմերից պարենի ներկրումների միջոցով: ՀՀ են ներմուծվում բնակչության կողմից սպառվող հիմնական պարենամթերքներն ու դրանց պատրաստման հումքը՝ բուսական ու կենդանական յուղերը, հացահատիկն ու շաքարավազը, երշիկեղենի ու մսատեսակների զգալի ծավալներ, մրգեր, բանջարեղեն, սոխ ու սխտոր, անգամ ստեպղին Իսրայելից: Տխուր, գուցե և լուրջ անհանգստություն առաջացնող իրավիճակ է, որը մեզանում չտեսնելու պարզ աշխատաոճով է փոխարինվում: Անգամ ՀՀ վարչապետի հունիսի 9-ի արտառոց հրամանի արդյունքում: ՀՀ կառավարության կայքում կարդում ենք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշումներով Գրիգոր Բաղյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից, Սամվել Գալստյանը և Գառնիկ Պետրոսյանը՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալների պաշտոններից:


Ոչ մի խոսք կամ գնահատական միջին ու դրանից բարձր տարիքի բարձրագույն պաշտոնյաների ամբողջ եռյակի պաշտոնազրկման պատճառի թե պատճառների մասին, որոնց աշխատանքային ողջ կենսագրությունը կապված է միայն գյուղոլորտի հետ: Կարելի էր, չէ՞, ինչ-որ կերպ հանրությանը հասցնել կամ հասկացնել ազատումների դրդապատճառը, որը որոշ լրատվամիջոցներ ներկայացրին որպես պետական ապարատի ռացիոնալացման հայտարարված գործընթացի վճռական սկիզբ: Այսպիսին են նաև մեր գործընկերներից ոմանք, որոնք չգիտես ինչ նպատակներով ու շարժառիթներով կարող են ցանկալին իրականություն ներկայացնել: Որ ՀՀ գյուղնախարարի 3 տեղակալների պաշտոններից միաժամանակյա ազատումները մասամբ են առնչվում ՀՀ վարչապետի վերջին հայտարարությունների հետ, դա կարծես պարզ է, թեև տեղյակ ենք նաև «երբեք մի ասա՝ երբեք» արտահայտությանը: Մասամբ վստահությունը գալիս է այն հանգամանքից, որ նրանցից յուրաքանչյուրն իր ոլորտն ուներ և մինչ հունիսի 9-ը, իրենց իսկ գնահատականներով, լավագույնս են իրականացրել իրենց պարտականությունները: Սակայն, ինչպես հանրահայտ չեռնոմիրդինյան արտահայտությունում է ասվում՝ ցանկանում ենք լավը, բայց ստացվում է ինչպես միշտ: Ցավալիորեն, հայաստանյան պայմաններում «ինչպես միշտ»-ը մեր գյուղական համայնքների դատարկվելն է, դրանցում անգամ լավագույն պայմաններ ունեցող դպրոցներում աշակերտների թվի կտրուկ նվազումը, քարուքանդ ճանապարհները, հանգստի ու ժամանցի իսպառ բացակայությունը, մեղա, Տեր Աստված, վերջին մտքիս համար, քանզի մեզանում պարզվում է լոլիկի ու կարտոֆիլի մշակումն է կարևորը, այստեղ է իրական հաճույքն ու վայելքը: Իսկ որ ծառայությունից վերադարձած ամուսնանալու պատրաստվող տղայի համար գոնե մի փոքրիկ անկյուն է պետք կառուցել կամ ընտանիքի կանանց խնդրանքը՝ այգու ծայրին գտնվող սանհանգույցը լոգարանով հավելելով կառուցել տանը կից հատվածում, դեռ կսպասեն, դրանց ժամանակը չէ, ժամանակը ժամանակին բանկերից վերցրած վարկերի տոկոսները փակելն է:


Այսուհանդերձ վերադառնանք տեղակալներից 3-ի պաշտոններից միաժամանակյա ազատմանը: Նշեցինք, որ, ըստ նրանց, մասնագիտական պարտականությունները լավագույնս են իրականացրել, որոնք հաստատվում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության պարբերական հրապարակումներով: Տարին տարվա վրա հայաստանյան հանրությանն է ներկայացվում մի պատկեր, ըստ որի գյուղգործունեություն ասվածը, այն կառավարողների պատկերացմամբ, խաղողն է ու ծիրանը, մեկ-մեկ էլ՝ կարտոֆիլն ու լոլիկը, դեպքից դեպք էլ` հացահատիկային մշակաբույսերը: Իսկ թե ինչ նպատակով են միլիոնավոր, տասնյակ ու անգամ հարյուր միլիոնավոր տոննաներ աճեցնում Երկիր մոլորակի փոքր ու մեծ երկրներում, դա մերոնց բոլորովին չի հետաքրքրում: Ասենք, ՀՀ քաղաքացուս մի քանի շաբաթով հյուրընկալած Ավստրիայում:


Կենտրոնական Եվրոպայի այս երկիրը 1 բնակչի հաշվով վարելահողային նույն կարողությունն ունի, ինչ ՀՀ-ն՝ 1600-1700 քառակուսի մետր: Ավստրիայի կառավարության կայուն աջակցության շնորհիվ երկրում յուրաքանչյուր տարի հացահատիկային մշակաբույսերի արտադրության ծավալները կազմում են 6-7 մլն տոննա, որից ցորեն՝ 1,5-2 մլն տոննա, կոշտ ցորեն՝ 3,5-4 մլն տոննա և եգիպտացորեն հատիկի տեսքով՝ 1,5-2 մլն տոննա: Հացահատիկային մշակաբույսերի հանդեպ, այսպես ասենք, կախվածությունը մեծ է արդեն զարգացած և այդ ուղին ընտրած բոլոր երկրներում, որին պարբերաբար ենք անդրադարձել թե մամուլում, թե ՀՀ իշխանություններին ուղղված «Ահազանգում»-ներում: Ցավոք, դրանք գործնականության չեն արժանանում, որը հայ գյուղի ու գյուղացու հոգսերով մտահոգ Հրաչյա Մաթևոսյանին օրեր առաջ դրդել է «Իրատես»-ում տպագրված հեղինակիս հոդվածներից մեկը ներկայացնել ՀՀ վարչապետի ուշադրությանը: Այնպես որ, վերցրեք տնտեսության առումով ցանկացած եվրոպական երկիր և կնկատեք, որ գյուղատնտեսությունում առաջնահերթը բարձր կերամիավոր պարունակող հացահատիկի մշակությունն է, գերազանցապես անասնապահության կերային բազայի ապահովումը: Լիարժեք անասնակերն է, որի օգտագործման արդյունքում տարվա կտրվածքով կովերի միջին կաթնատվությունը կազմում է 10 հազար լիտր, խոզերի օրական միջին քաշաճը` 1-1,2 կգ, որպիսի ցուցանիշներ մեզանում անգամ երազել հնարավոր չէ:


Ավստրիայի հարևանությամբ Չեխիան է, տարածքով ոչ մեծ երկիր, որի նախագահն օրեր առաջ պաշտոնական այցով Հայաստանում էր: Հրապարակվեցին մեր երկրների միջև տնտեսական որոշ ցուցանիշներ. արտահանում ենք 2 մլն դոլարի հանքահումք, ներմուծում մոտ 20 մլն դոլարի չեխական արտադրանք, որոնցից մեր հյուրն առաջարկեց իրենց «Շկոդա» ավտոմեքենան: ՈՒնեինք, չէ՞, ավտոմոբիլների արտադրություն, որը կարող էինք վերաիմաստավորել ժամանակի պահանջներին համապատասխան: Բայց անգամ պարզ ու հասարակ էլեկտրալամպերի գործարանը չկարողացանք աշխատեցնել. թող տարօրինակ չթվա, հասարակություն-իշխանություն անհասկանալի հարաբերության արդյունքում: Առաջինն իր առօրյայի բարելավում է ակնկալում, երկրորդը անձնական շահի բավարարումով է ապրում: Հունվարին Չեխիայից ուղարկված մի հոդվածում նշել էի գյուղմթերքների որոշ գներ, որոնք պայմանավորված են նպատակային գյուղգործունեության հետ: Երկիրը յուրաքանչյուր տարի 6-7 մլն տոննա հացահատիկ է արտադրում, որի զգալի ծավալներն օգտագործվում են անասնակերի նպատակով: Չեխիայում տարեկան մսարտադրությունը 600-700 հազար տոննա է, դրանք մատչելի են բոլորին, ինչն էլ բարերար միջավայր է ստեղծում հանրություն-իշխանություն հարաբերություններում և բավարար պայմաններ երաշխավորում տնտեսության ողնաշար հանդիսացող փոքր ու միջին գործարարության ծավալման համար: Ընդամենը մեկ փաստ նշեմ. Պրահայի կենտրոնում գտնվող երկտեղանոց հյուրանոցի համարի օրավարձը 75 եվրո էր, անհավանական ճոխ նախաճաշով հանդերձ: Այսօրինակ աշխատաոճն արմատավորելու համար ոչ Նոբելյան մրցանակակիրների է պետք հրավիրել, ոչ էլ կայացած երկրների նախկին ղեկավարների հյուրընկալել, այլ ընդամենը պահանջվում է բարի կամք դրսևորել պարզ ու հասարակ հայրենակիցների հանդեպ: Տարօրինակորեն մեզանում այն դրսևորվում է հիմնականում յուրայինների հանդեպ, հանձինս մի քանի տասնյակ խոշոր վերամշակողների, գինի, կոնյակ, ծխախոտ արտադրողների, ձեռքի հետ էլ պահածոների նվազագույն քանակներ պատրաստողների: Ծանոթանալով եվրոպական երկրների տնտեսություններին՝ համոզվում ենք, որ նշված արտադրատեսակները շատ հաճախ ստեղծվում են ընտանեկան գործարարության միջավայրում, լրացուցիչ աշխատուժ ընդգրկելով միայն գարնանը և աշնան բերքահավաքի շրջանում: Այսօրինակ գործունեության արդյունքում հարյուր հազարավոր ընտանիքներ իրենց մառաններում ու պահեստարաններում հսկայաքանակ արտադրանք ունեն, որոնք իրացնելու նպատակով միավորումներ են ստեղծում, մեզանում հանրահայտ կոոպերատիվները:


Նշեցինք եվրոպական երկու երկրների մասին, իսկ այժմ բերենք միակուսակցական Չինաստանի օրինակը: 2000-2013 թվականներին հացահատիկային հիմնական մշակաբույսերից ցորենի արտադրությունը 100 մլն տոննայից հասել է 122 մլն տոննայի, բրինձը՝ 128 մլն տոննայից 159 մլն տոննայի, իսկ եգիպտացորենի հատիկը՝ 106 մլն տոննայից 218 մլն տոննայի: Նույն ժամանակահատվածում մսի արտադրությունը 56 մլն տոննայից հասել է 72 մլն տոննայի, որտեղ խոզի բաժինը 53 մլն տոննա է, համաշխարհային արտադրության մոտ 50 տոկոսը: Եվ սա 1 բնակչի հաշվով ՀՀ վարելահողային կարողունակության հազիվ կեսը՝ 800 քմ, ունենալու պարագայում: Այնպես որ, հարցը հողի մակերեսի չափը չէ, այլ այն արդյունավետ, ի նպաստ սեփական ժողովրդի ու պետության կառավարելը: Համանման պատկեր է փոքրիկ Իսրայելում, որտեղ խոզի միս չսպառող բնակչության պահանջները հոգում են տարեկան մինչև 600 հազար տոննա հավի մսի արտադրություն ծավալելով, հասկանալի է՝ անասնակերի նպատակով հսկայածավալ հացահատիկի ներկրումով: Իսկ ահա մշակելու բավարար հող ունեցող դանիացիները յուրաքանչյուր տարի 7-8 մլն տոննա հացահատիկ են արտադրում, այն օգտագործում լիարժեք անասնակերի նպատակով, մինչև 2 մլն տոննա մսի արտադրություն ծավալում, կաթ-կաթնամթերքների գրեթե անհատնում քանակներ ստանում: Եվ այս ամենը գյուղնշանակության հողերի երկու երրորդում հացահատիկ մշակելու շնորհիվ, երբ մեզանում նախապատվությունը տրվում է առվույտին ու կորնգանին, կարտոֆիլի գերարտադրությանը, դառնալով այլոց այգեգործա-բանջարանոցային կցորդը, սեփական առաջնահերթ կարիքները լուծելով ներկրումների միջոցով: Թե ինչ դեր են ունեցել այս ամենում ՀՀ պարենային ապահովության ու անվտանգության պատասխանատու կառույց գյուղատնտեսության նախարարության պաշտոններից ազատված 3 փոխնախարարները, կարծում ենք՝ հանրությունն առաջիկայում կտեղեկացվի, նրանց արածն ու չարածը կպարզվեն: Սպասենք…


Գեղամ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ
Գրաց, Ավստրիա

Դիտվել է՝ 3778

Մեկնաբանություններ