Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Ապստամբությունը Թուրքիայում Էրդողանին թուլացնելու նպատակ ուներ»

«Ապստամբությունը Թուրքիայում Էրդողանին թուլացնելու նպատակ ուներ»
19.07.2016 | 00:41

«Վերջին 70 տարում մենք անընդհատ ականատես ենք եղել Թուրքիայում զինվորական ընդվզումների։ Դրանք պայմանավորված են ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոններով»,- Թուրքիայում հեղաշրջման փորձին անդրադառնալով՝ մեզ հետ զրույցում ասաց «Արևելք» հետազոտական և վերլուծական կենտրոնի տնօրեն, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դասախոս ԳԵՎՈՐԳ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ։

Ըստ նրա, նախագահ Էրդողանի կառավարման ընթացքում զինվորականները մղվել էին հետին պլան, թուլացել էր զինվորականության իշխանությունը. «Քանի որ Թուրքիայում Աթաթուրքից հետո գլխավոր դերում եղել են զինվորականները, վերջիններս իրենց վիրավորված զգացին։ Իհարկե, այս ամենում կա նաև դրսի գործոնը, և այս երկու գործոնները համընկան։ Բանն այն է, որ Էրդողանը տարածաշրջանում դարձել է բավականին ինքնուրույն։ Այսպիսով, Թուրքիայի նախագահին հասկացվեց, որ կարող է ունենալ խնդիրներ։ Չի կարելի ասել, թե սա ապստամբություն էր, որը նպատակ ուներ տապալելու Էրդողանին, պարզապես գլխավոր կազմակերպիչները, որոնք գտնվում են Թուրքիայից դուրս, խնդիր ունեին Էրդողանին հասկացնելու, որպեսզի նա մնա իր ուղեծրում։ Ապստամբության խնդիրն Էրդողանին թուլացնելն էր»։


Պատմաբանը համամիտ չէ, որ հեղաշրջման փորձը Էրդողանի կողմից կազմակերպված բեմականացում է։ Նա կարծում է, որ այս ամենը պայմանավորված է տարածաշրջանային և, առաջին հերթին, Սիրիայի գործոնով։

Անդրադառնալով Թուրքիայի և Եվրամիության հարաբերություններին, Գևորգ Մելքոնյանը նշեց, որ սիրիական խնդրի պատճառով՝ Թուրքիայի և Եվրամիության հարաբերություններն այնքան էլ լավ ժամանակներ չեն ապրում։ Նա ընդգծեց նաև, որ Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին փաստաթուղթն ընդամենը նախագիծ է, որի ընդունումը տարածաշրջանում Թուրքիայի վարած անկանխատեսելի քաղաքականության հետևանք է։ Ըստ պատմաբանի՝ իրականությունն այն է, որ թուրք-գերմանական հարաբերություններն ունեն շատ հարուստ պատմություն. «Թուրքիան տարածաշրջանում Գերմանիայի ամենագլխավոր գործընկերն է՝ սկսած Բեռլին-Բաղդադ երկաթգծի կառուցումից մինչև այսօր։ Խնդիրն այն է, որ գերմանական կառավարությունն ընդամենը ցանկանում է հայկական, քրդական, սիրիական հարցերի միջոցով ինչ-որ կերպ զսպել Թուրքիայի նախագահ Էրդողանի անկանխատեսելի քաղաքականությունը։ Իր հերթին Թուրքիան ցույց է տալիս, որ ինքը համամիտ չէ։ Բայց պետք չէ ակնկալել, թե լարվածությունն այս երկու երկրների միջև կխորանա, լուրջ զարգացումներ կլինեն, քանի որ տարածաշրջանում Գերմանիայի տնտեսական, քաղաքական շահերը մեծապես պայմանավորված են Թուրքիայով։ Եվ միամտություն կլինի կարծել, որ հարակից հարցերը կարող են լուրջ պատճառ դառնալ, որպեսզի Գերմանիան դիմի կտրուկ քայլերի»։


Վերջին մի քանի տարում Եվրամիության հետ Թուրքիայի հարաբերությունների աստիճանական լարումը պայմանավորված է հատկապես միգրացիոն գործոնով։ Այս խնդիրը ոչ մի կերպ չի կարգավորվում, և դա այսօր Եվրոպայում ամենագլխավոր հարցերից մեկն է, ավելին՝ սպառնալիք Եվրոպայի անվտանգությանը։ «Հետաքրքիրն այն է, որ Եվրոպայի անվտանգությանը սպառնում է հենց Թուրքիան, որը, ինչպես Եվրամիության երկրների մեծ մասը, ՆԱՏՕ-ի անդամ է։ Փաստորեն, ՆԱՏՕ-ի անդամն իր միգրացիոն քաղաքականության, Սիրիայի, Իրաքի մահմեդական բնակչությանը Եվրոպա տեղափոխելու միջոցով սպառնալիք է դառնում այս տարածաշրջանի անվտանգությանը։ Եվրոպան դա գիտակցում է, իհարկե, բավականին ուշացումով։ Եվ Գերմանիայի վերջին քայլերը հենց այդ ամենի պատասխանն են։ Միգրացիոն նշված քաղաքականությունը թուլացնում է առաջին հերթին գերմանական պետությունը ներսից, ուստի Մերկելի կառավարությունը փորձում է հասկացնել, որ խնդիրը լուրջ է, և խնդրի լրջությունը Եվրոպայում իսկապես ընկալում են»,- ասաց Գևորգ Մելքոնյանը։


Իսկ ռուս-թուրքական տանդեմի մերձեցումը, ըստ պատմաբանի, ժամանակավրեպ է. «Երբ մենք դիտարկում ենք ռուս-թուրքական հարաբերությունների պատմությունը, սկսած Ղրիմի պատերազմից առայսօր, տեսնում ենք՝ գալիս է մի պահ, որ և՛ Ռուսաստանը, և՛ Թուրքիան ունենում են միջազգային լուրջ խնդիրներ, հատկապես եվրոպական, արևմտյան պետությունների հետ։ Այսօր այդ խնդիրներն ունեն և՛ Թուրքիան, և՛ Ռուսաստանը։ Այս գործոնը նպաստում է, որպեսզի այս երկու երկրները գնան հարաբերությունների կարգավորման։ Ռուս-թուրքական հաշտեցումը ժամանակավրեպ է, որովհետև Սիրիայի հարցում Թուրքիան իր քաղաքականությունը չի փոխել՝ այն շարունակում է աջակցությունը թուրքմենական խմբավորումներին։ Սիրիայի հարցում իր դիրքորոշմանն է մնում նաև Ռուսաստանը։ Սա վկայում է, որ շուտով ականատես ենք լինելու հետընթաց մի պրոցեսի, երկու երկրների հարաբերությունների հերթական սրման, քանի որ Սիրիան երկու երկրների համար էլ ունի ստրատեգիական նշանակություն, և երկուսն էլ իրենց քաղաքականությունից չեն հրաժարվում։ Պարզապես արևմտյան գործոնով պայմանավորված, ՌԴ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման փորձեր են արվում, սակայն հեռանկարային առումով և՛ Սիրիայի, և՛ Իրաքի, և՛ Կովկասյան տարածաշրջանում առկա հարցերում այս երկու երկրները հակառակ բևեռներ են, ինչը նշանակում է, որ հարաբերությունների հեռանկարային կարգավորման մասին խոսք լինել չի կարող։ Բնականաբար, ծագելու է մի դեպք, ինչպես ռուսական ինքնաթիռի խոցումն էր, երբ երկու երկրների հարաբերությունները այդ կետում բախվելու են ու ավելի սրվելու»։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1425

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ