Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Թուրքիա. զինվորական հեղաշրջո՞ւմ, թե՞...

Թուրքիա. զինվորական հեղաշրջո՞ւմ, թե՞...
19.07.2016 | 08:49

2016-ի հուլիսի լույս 16-ի գիշերն Անկարայում և Ստամբուլում տեղի ունեցած իրադարձություններն արդեն դժվար է անվանել զինվորական հեղաշրջում կամ նույնիսկ ապստամբություն, ինչպես, երևի սխալմամբ կամ շփոթված, դեռ գիշերը բնութագրել էր Թուրքիայի նորանշանակ վարչապետ Բինալի Յըլդըրըմը։ Ամենաճիշտը բնութագրել է Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերի հանձնաժողովի անդամ Սեյեդ Հոսեյն Նաղավի Հոսեյնին. դատապարտելով Անկարայում և Ստամբուլում ծավալված փողոցային մարտերը` նա իրադարձություններն անվանեց խռովություն։ Ճիշտ է, Իրանը համոզված է, որ Թուրքիայում ծայր առած քաղաքական ճգնաժամը Սիրիայում «ահաբեկիչներին աջակցելու Անկարայի քաղաքականության հատույցն է»։


Թվում է, գիշերային գործողություններին մասնակցած, այնուհետև նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին հավատարիմ զորքերին հանձնված թուրք զինծառայողներին Լինչի դատաստանի ենթարկելու ներկայումս ընթացող զանգվածային գործողություններից հետո կգա ժամանակը պարզելու, թե ինչպես եղավ, որ մի խումբ բարձրաստիճան զինվորականներ կարողացան զավթել գլխավոր շտաբը, պատանդ վերցնել շտաբի պետ Խուլուսի Աքարին, գրավել օդանավակայաններ, կամուրջներ և այլն, իսկ հետո մի տեսակ անտրտունջ սկսել հանձնվել և անգամ պատրաստվել փախչելու... Հունաստան։ Գործող անձինք չէին կարող չհասկանալ, որ հարյուրավոր զոհերից հետո (այդ թվում, տարբեր գնահատումներով, 194-298 մարդ՝ ինչպես զինվորականներ ու ոստիկաններ, այնպես էլ քաղաքացիական անձինք) պետության անունից նրանց նկատմամբ հաշվեհարդարն անխուսափելի է, ինչպես դատական, այնպես էլ արտադատական՝ հաշվի առնելով զանգվածային հաշվեհարդարների մասին տեղեկությունները։ Ասենք, փախուստի ուղղությունն էլ է մի տեսակ տարօրինակ՝ ՆԱՏՕ-ի անդամ, թույլ ու նվաղուն Հունաստան, որը պարտավոր կլինի նրանց հանձնել Անկարային։ Հունական ERT հեռուստաալիքը հուլիսի 16-ի առավոտյան հաղորդեց, որ թուրքական ժանդարմության «Black hawk» տիպի մի ուղղաթիռ աղետի ազդանշան է արձակել և վայրէջք է կատարել։ Եկած մարդիկ կապ ունեն խռովության հետ, նրանք քաղաքական ապաստան են խնդրել Հունաստանում։ Ճշտված տվյալներով, ուղղաթիռում ութ զինվորական է եղել։ Այդ թուրք զինվորականների կոչումները հայտնի չեն, որովհետև նրանք համազգեստների վրայից հանած են եղել տարբերանշանները։ Գործը հանձնվել է Հունաստանի ԱԳՆ-ին։ Բայց Թուրքիան արդեն պահանջել է հանձնել փախստական խռովարարներին։


Հուլիսի 16-ի երեկոյան արդեն համարյա երեք հազար զինվորական էր ձերբակալվել, ձերբակալությունները նոր թափով շարունակվում են ամբողջ Թուրքիայում։ Միաժամանակ նկատելի է, որ հակամարտության երկու կողմերը ստել են և ստում են. սկզբում ստում էին խռովության մասնակիցները, ովքեր դեռ գիշերը ասում էին, թե ձերբակալված է Թուրքիայի ամբողջ ղեկավարությունը և նոր Սահմանադրություն է լինելու և այլն։ Հիմա ստում են իշխանությունները, պնդելով, թե բոլոր խռովարարները ձերբակալված են։ Մինչդեռ, հունական աղբյուրների շնորհիվ, հայտնի է, որ, բացի ուղղաթիռում եղած ութ բարձրաստիճան զինվորականներից, կա չհանձնված զինվորականների մի խումբ, որը Թուրքիայի գլխավոր ռազմածովային բազայում՝ Գելջյուում, զավթել է «Յավուզ» հետախուզանավը, որի վրա է գտնվում թուրքական ՌԾՈՒ գլխավոր հրամանատարը։ Բայց եթե ցանկություն չլիներ հանձնվելու, դժվար է պատկերացնել, ինչպես պիտի որևէ մեկը կարողանար ճնշել ապստամբությունը կամ խռովությունը, որտեղ լայնորեն գործադրվում էին թե՛ ռազմական ավիացիա, թե՛ տանկեր։ Այսինքն, հակաէրդողանյան խռովության միջուկը եղել են ՌՕՈՒ-ն և զրահատանկային զորքերը կամ այդ զորատեսակների մի զգալի մասը։ Եթե հավատալու լինենք Անկարայի քաղաքագլուխ Մելիխ Գյոկչեկին, ապա խռովարարների հետ է եղել նաև անցյալ տարի Սիրիայի երկնքում ռուսական Սու-24-ը խփած օդաչուն։ Անկարայի քաղաքապետն այս փաստով մի ամբողջ վարկած է զարգացնում «երրորդ կողմի ստահակների» մասին, ովքեր ձգտում էին հասնել Թուրքիայի միջազգային լայն մեկուսացման և թուրք-ռուսական հարաբերությունների կտրուկ վատացման։


Այս «կետից» սկսվում են շատ ավելի հետաքրքիր և հեռագնա դատողություններ, քան այն բանի հետաքննությունը, թե իրականում ինչ է տեղի ունեցել՝ «չափավոր իսլամականների» տապալման իրական փո՞րձ, թե՞ ինչ-որ ներկայացում, որը նպատակ ունի էլ ավելի մեծ ազատություն տալու Էրդողանի ձեռքերին և նրա իշխանությունը (այդ թվում՝ հույժ անձնական) համադրելի դարձնել, ու բացարձակ միահեծան սուլթանի իշխանության հետ։ Հասկանալի է, որ Անկարայի քաղաքապետը ոչինչ էլ չէր հայտարարի առանց նախագահի հավանության։ Ավելին, Էրդողանն ինքը հուլիսի 16-ի առավոտյան մի «վրիպում» թույլ տվեց. Ստամբուլի օդանավակայանում ելույթ ունենալով իր կողմնակիցների առջև, նա հայտարարեց, թե խռովարարները «հրահանգներն ստացել են Փենսիլվանիայից»։ Դրանով քար է նետվում «չափավոր իսլամականների» կնքահայր Ֆեթուլլահ Գյուլենի պարտեզը, ով, հետապնդումներից խույս տալով, ապրում է ԱՄՆ-ում։ Սակայն, նախ, Գյուլենն ու նրա կողմնակիցներն արդեն լրիվ կորցրել են կապերը իրար հետ էլ, զինվորականների հետ էլ։ Երկրորդ, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, ճիշտ է, գիշերային շա՜տ երկար լռությունից հետո, մեկնաբանելով Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները, հայտարարեց գործող կառավարությանը պաշտպանելու մասին և դիմեց Թուրքիայի քաղաքական կուսակցություններին, կոչ անելով աջակցել օրինական իշխանություններին։ Էրդողանը չի կարող չիմանալ, որ Գյուլենը գործում է ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների վերահսկողությամբ ու ղեկավարմամբ, այնպես որ, խռովության մասնակցության մեջ Գյուլենին մեղադրելու փորձերը միաժամանակ նաև մեղադրանք են Վաշինգտոնի հասցեին։ Մի խոսքով, Թուրքիայի նախագահի անհաջող «թատրոնը» մերկացրին նաև իրենք՝ զինվորականները, ընդգծելով, որ Փենսիլվանիայից իրենց ոչ ոք չի հրահանգել և չի հրահանգում։


Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Հ. Գ. Իրադարձությունները չեն հանդարտվում, թեև Էրդողանն արդեն ձերբակալել է ավելի քան 6 հազար մարդու, այդ թվում՝ իր գլխավոր ռազմական խորհրդականին, Ինջիրլիկի ռազմաբազայի հրամանատարին, տասնյակ դատավորների և այլոց։ Բայց խռովությունը շարունակվում է. դեռ ոչ բոլորն են հանձնվել օդանավակայաններում, դեռ ինչ-որ տեղ «լողում» է զավթված «Յավուզ» հետախուզական նավը՝ ՌԾՈՒ գլխավոր հրամանատարով։ Պարզվում է՝ խռովարարներին միացած են եղել նաև Թուրքիայի ՌՕՈՒ-ի ղեկավարը և... գլխավոր շտաբի պետը, ում մասին ավելի վաղ հաղորդել էին, թե պատանդ է խռովարարների մոտ։ Մի խոսքով, Անկարայի համար ամենավատ օրերը դեռ առջևում են։

Դիտվել է՝ 1724

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ