Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ո՞վ կլինի թելադրողը Ռուսաստան-Թուրքիա տանդեմում

Ո՞վ կլինի թելադրողը Ռուսաստան-Թուրքիա տանդեմում
22.07.2016 | 01:03

Արդյո՞ք սենսացիա պետք է համարել այն, որ Ռուսաստանն ու Թուրքիան, առնվազն առաջին հայացքից, քայլ առ քայլ աշխատում են երկկողմ հարաբերությունները դուրս բերել սրընթաց անկման վիճակից: Ե՛վ այո, և՛ ոչ: Եթե ուշադրության առնենք Ռուսաստանի և Թուրքիայի իշխանությունների փոխադարձ «քարոզչական քարկոծումները», ապա, այո, խփված Սու-24-ի և սպանված օդաչուի՝ Ռուսաստանի հերոսի պատճառով բորբոքված 7-ամսյա առճակատման միջանկյալ ելքը բավական սենսացիոն է: Եթե դատենք ըստ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցչուհի, տխրահռչակ «թխվածք բաժանող» Վիկտորյա Նյուլանդի ռեպլիկի, ապա դարձյալ՝ այո, ստացվում է, որ ամերիկացիների համար էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի և նրա ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի քայլերը անակնկալ էին: Իհարկե, Նյուլանդը չճշտեց, ինչպիսի՞ անակնկալ՝ հաճելի՞, թե՞ տհաճ:

Կարգավորման գործընթացն արդեն խորանում է. այդ է վկայում նաև Սոչիում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի «հապշտապ» հանդիպումը: Բանակցությունները տևեցին մոտ 40 րոպե, ինչպես և պլանավորված էր: Նախարարները քննության առան տնտեսությանը, էներգետիկային, առևտրին և առաջիկա բարձր մակարդակի հանդիպմանն առնչվող հարցեր, պայմանավորվածություն ձեռք բերվեց պետությունների ղեկավարների հանդիպման վերաբերյալ, որը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա Սոչիում՝ օգոստոսին: Նախարարները միանգամայն «տանելի» տեսք ունեին, դիվանագիտորեն և սիրալիր ժպտում էին: Հունիսի 29-ին Էրդողանը հայտարարել էր, որ նույն օրը, ավելի վաղ Պուտինի հետ հեռախոսազրույցում իրենք պայմանավորվել են հանդիպում ունենալ G-20 գագաթնաժողովի շրջանակներում, որը կայանալու է սեպտեմբերի 4-5-ին՝ Չինաստանում: Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը չհաստատեց այդ տեղեկությունը. նրա խոսքով՝ հանդիպման տեղն ու ժամանակը կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով: Հունիսի 29-ի հեռախոսազրույցը տեղի էր ունեցել Մոսկվայի նախաձեռնությամբ և պատասխանն էր հունիսի 27-ին Թուրքիայի նախագահի հղած «ներողություններով» նամակի: Ինքնըստինքյան հասկանալի է, որ, ըստ էության, ոչ մի էական բան հայտնի չէ ո՛չ Էրդողանի նամակի տեքստից, ո՛չ նախագահ Պուտինի հետ նրա հեռախոսազրույցից, ո՛չ էլ Լավրով-Չավուշօղլու բանակցություններից: Թեև, ընդհանուր առմամբ, կարելի է պատկերացնել, թե ինչ պետք է խոսեին նախագահները, եթե նրանց հեռախոսազրույցը տևել է մոտավորապես այնքան, որքան Լավրով-Չավուշօղլու բանակցությունները՝ մոտ 40 րոպե։


Սակայն նկատելի է, որ, ինչպես ավելի վաղ ասել էր Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայության ղեկավարը, հարաբերությունների կարգավորումը առաջիկա ամիսների գործ չէ. առայժմ ուղղակիորեն չեղարկվել է Թուրքիայի հանդեպ կիրառվող երկու սահմանափակում՝ Թուրքիա ուղևորությունից ձեռնպահ մնալու հրահանգը և չարտերային ավիափոխադրումների արգելքը: Հրամանագրի մնացած կետերն ուժի մեջ են մնում, բայց ՌԴ կառավարությանը հանձնարարված է թուրքական կողմի հետ բանակցություններ վարել և դրանց արդյունքների հիման վրա փոփոխություններ կատարել հրամանագրում: Սոչիում կայացած հանդիպումը դարձավ առաջին իրական քայլը երկկողմ հարաբերությունների կարգավորման ճանապարհին: Հարց է առաջանում՝ Թուրքիայի համար արդյոք ամեն ինչ սահմանափակվեց «միայն պոմիդորո՞վ», թե՞, հաշվի առնելով ռուս-թուրքական վերջին շփումների «գաղտնիության երկար փեշը», Պուտինի խոստումը, թե Մոսկվայի հետ հարաբերությունների սրումը Անկարայի համար «միայն պոմիդորով չի ավարտվի», իրապես կենսագործվում է: Թեև, դեպի Թուրքիա ռուս զբոսաշրջիկների «հոսք», գոնե հուլիսի կեսերի դրությամբ, չկա: Չարտերային չվերթերը, չնայած թույլտվությանը, առայժմ չեն կարգավորվել, ընդամենը մեկ խումբ է մեկնել և այն էլ՝ բացասական քարոզչական տեղատարափի ուղեկցությամբ: Մեկ լսում ես, թե ռուս կանանց են բռնաբարում հյուրանոցներում, մեկ՝ հարձակվում ու ծեծում են, մեկ՝ սպառնում են սպանություններով և այլն, և այլն: Ռուսաստանի բնակչությանը բառացիորեն հիասթափեցնում են բոլոր առաջատար հեռուստաալիքներով: Այնպես որ, առայժմ տպավորություն է ստեղծվում, որ ՌԴ կառավարող վերնախավը «ոչինչ չի մոռացել, ոչինչ չի ներել»։


Եթե ամեն ինչ հանգեցվի սոսկ ռուս-թուրքական առճակատմանը և մոռացվի, որ, ախր, մեծ հաշվով հակամարտության պատճառը եղել են Սիրիան և Թուրքիայի աջակցությունը վայելող ահաբեկչական խմբավորումների դեմ ռուսական ռազմատիեզերական ուժերի գործողությունները, ապա իրավիճակը սենսացիոն տեսք չունի: Լավ օրից չէ, որ Էրդողանը «հաշտության» ձեռք է մեկնել Պուտինին. նրան այդ բանին մղել է տնտեսական ծանր վիճակը՝ ռուսական շուկայի և ռուս զբոսաշրջիկների կորստից հետո: Թուրքիան աղետի առաջ էր հայտնվել իր գյուղմթերքի վաճառահանման գործում, որը ԵՄ-ում, և հարևան երկրներում, ըստ էության, ոչ ոքի պետք չէ: Եվ կորցրեց էժան «զբոսաշրջային դրախտի» համբավը. չէ՞ որ, բացի Ռուսաստանից, Գերմանիան էլ դիմեց որոշակի սահմանափակումների: Իսկ զբոսաշրջիկների գերակշիռ մեծամասնությունը, որ ապահովում էր տնտեսական համակարգի ամբողջ գործունեությունը (որի վրա հենվում է Թուրքիայի «չափավոր իսլամականների» վարչակազմը), հենց ռուսներն ու գերմանացիներն էին: Եվ իբր քիչ էր Արևմտյան Հայաստանում ու Միջագետքում քրդերի ապստամբության և Սիրիայում դաժան արկածախնդրության պատճառած «գլխացավանքը», Էրդողանը կանգնած էր աշնանը նաև սոցիալ-տնտեսական հուժկու պայթյունի բախվելու վտանգի առջև, սնանկացման եզրին են հայտնվել տասնյակ հազարավոր փոքր ձեռնարկություններ, որոնք գոյություն էին պահպանում գերմանացիներին ու ռուսներին տարբեր արդյունաբերական ու արհեստագործական արտադրանք վաճառելու հաշվին:


Ինչ խոսք, լավ օրից չէ, որ Պուտինը ձևացրեց, թե ընդունում է Էրդողանի «ներողությունը»: Լուրեր են պտտվում, թե Ռուսաստանի նախագահի վրա ճնշում է գործադրել ռուսաստանյան թուրքամետ լոբբին, որը շահագրգռված է Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունների զարգացմամբ, հատկապես զբոսաշրջության ոլորտում, որի հաստատումը եղավ այն, որ Պուտինն առաջին հերթին կարգադրեց հանել սահմանափակումները դեպի Թուրքիա ուղևորությունների վրայից: Եվ այդ մասին, ի դեպ, ընդգծված դժկամությամբ սկսեցին խոսել, այսպես կոչված, «Կրեմլի պաշտոնական քարոզիչները», որոնք մի քանի օր անընդմեջ անսքող քամահրանքով հրապարակավ «զարմանք» էին հայտնում, թե, իբր, այ քեզ բա՜ն, բոլոր «ճեղքերից» թուրքամետ լոբբին է դուրս սողում: Բայց, նախ, թուրքամետ լոբբին, եթե անգամ համարենք, թե այն սկսվում է պրոֆեսիոնալ թուրքագետ, Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովից, այնքան զորեղ չէ, որ վերցնի ու ազդի մի մարդու վրա, ով հազար ու մի պարտավորություն ունի իր զինվորականների ու պաշտպանական արդյունաբերական համալիրի հանդեպ: Կարելի է առանց երկմտանքի պնդել, որ զինվորականների և պաշտպանական արդյունաբերության լոբբիստները տասնապատիկ ավելի զորեղ են, քան ՌԴ-ի բոլոր թուրքախոս բնակչությունը, էլ չենք խոսում տխրահռչակ «թուրքամետ լոբբիի» բավական նեղ շրջանակի մասին: ՈՒ քանի՞ տոկոս են Ռուսաստանում կազմում, ասենք, նրանց եկամուտները, ովքեր մասնագիտացել են Ռուսաստանում թուրքական գյուղմթերքի վերավաճառքի գործում կամ էլ իրենց բիզնեսն արել են այն ռուսաստանցիների դրամապանակներից «փող քաշելու» հաշվին, ովքեր անկարող են ավելի ապահով ու անվտանգ երկրի ուղեգրեր ձեռք բերել: Համարձակվենք ենթադրել, որ 2-3 %-ից ոչ ավելի, գուցե և պակաս: Բայց չէ՞ որ նկատելի էր, որ Կրեմլում հաստատ ինչ-որ բան էին սպասում Էրդողանից, ընդ որում, վաղուց: Եվ խոսքն անցյալ տարվա մասին չէ, այլ, ասենք, 2016 թ. գարնան-ամռան: Դրա համար էլ Պուտինն անսպասելիորեն արագ արձագանքեց, դառնալով Էրդողանի հետ հեռախոսազրույցի նախաձեռնող:


Սակայն թե՛ այդ խոսակցությունը, թե՛ Լավրով-Չավուշօղլու հանդիպումը, թե՛ օգոստոսին Չինաստանում Պուտին-Էրդողան հնարավոր հանդիպումն անգամ, մեր կարծիքով, սոսկ հաջորդական փուլերն են այն ոչ հասարակ գործընթացի, որի հիմքում Մոսկվայի համար հաստատ տնտեսության, առևտրի ու զբոսաշրջության առաջնահերթությունը չէ: Հիմարություն է կարդալ ամեն տեսակի դատարկաբանություններ այն մասին, թե որքան շնորհակալ են թուրքերը Ադրբեջանի նախագահին Ռուսաստանի հետ հարաբերությունների «կարգավորման գործում ցուցաբերած միջնորդության» համար: Ե՛վ Անդրկովկասում, և՛ Թյուրքական պետությունների կազմակերպությունում, և՛ ԱՊՀ-ում, և՛ էլի շատ ու շատ այլ միջազգային կառույցներում Ալիևի քաղաքական կշռի մանրազնին վերլուծությունը ցույց է տալիս, որ Արցախի ռազմաճակատներում ապրիլյան իրադարձություններից հետո Ադրբեջանի նախագահն ուղղակի այնքան հեղինակություն չուներ, որպեսզի, երբ դեռ վերջերս էր Թուրքիայի թելադրանքով ¥և, կարծում ենք, ոչ միայն Թուրքիայի¤ փորձում վերսկսել լայնածավալ պատերազմն Անդրկովկասում, որի դեմ միաժամանակ և կոշտ կերպով հանդես էին գալիս ¥և հենց ապրիլի 2-ից¤ Սիրիայի գծով դաշնակիցներ Իրանն ու Ռուսաստանը, հանկարծ վերցներ ու դառնար հաջողակ արդյունավետ միջնորդ Մոսկվայի ու Անկարայի միջև: Բայց որ ռուս-թուրքական հարաբերություններում առաջացած խութերի «հարթման» համար ուրախ կլինեին ԱՄՆ-ում և Իսրայելում, կասկած չկա: Եվ պետք չէ խաբվել տիկին Նյուլանդի «զարմանքին». իրականում Վաշինգտոնում այդ բանը շատ էին ուզում: Եվ ահա արդյունքը, այն էլ՝ լուրջ. Սիրիայի վերաբերյալ Վիեննայում կայացած հաշտության բանակցությունների նոր տեղապտույտի ժամանակ նախ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հանկարծ Ռուսաստանին «ռազմական համագործակցություն» առաջարկեց Սիրիայում «ահաբեկչության դեմ մղվող պայքարում», ապա Թուրքիան հանկարծ Սիրիայում Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի հետ համագործակցության առաջարկություն արեց, և դարձյալ՝ «ահաբեկչության դեմ մղվող պայքարում»:


Մեր կարծիքով, լիակատար անմտություն կլիներ ռուս-թուրքական հարաբերությունները քննության առնել Սիրիայում տիրող իրավիճակից կտրված և, ասենք, ռուս-ադրբեջանական կամ ռուս-հայկական հարաբերությունների հետ «շաղկապված»: Ի վերջո, թե՛ Սու-24-ն է խփվել Սիրիայում, թե՛ տարաբախտ զինվորական օդաչու Պեշկովն է զոհվել նույն տեղում և ոչ թե Հայաստանի, Ադրբեջանի կամ Արցախի երկնքում: Իսկ Սիրիայում, չնայած իրանցիների և Իրաքի բանակի խոշոր հաջողությանը, որ նրանք ձեռք բերեցին իրաքյան Էլ-Ֆալլուջա քաղաքն ազատագրելիս, հիմա բոլորի մոտ որոշակի «արգելակում» է: Իսկ ահաբեկիչները մի շարք տեղային հաջողություններ են ունեցել: Մասնավորապես, ձախողվել է քուրդ-ամերիկյան հարձակումը Ռաքքայի վրա, իսկ հետո ձախողվեց նաև այդ քաղաքի վրա սիրիական բանակի և իրանցիների հարձակումը: Վերջապես, «Սիրիայի կապակցությամբ» Էրդողանն էլ Պուտինի հետ հարաբերությունների կարգավորում երազելու քիչ առիթներ չունի: «Ռուսական սպառազինությունների մատակարարումները իրաքյան և սիրիական քրդերին, թուրքական քրդերի մոտ շարժական զենիթահրթիռային համալիրների հայտնվելու» հանգամանքը չի կարող չանհանգստացնել թուրքերին: Իսկ եթե հանկարծ Թուրքիայում քրդերի ձեռքը ինչ-որ ճանապարհով նաև ծանր սպառազինություն, մասնավորապես զրահատեխնիկա ընկնի՞: Թե՛ իրաքյան, թե՛ սիրիական քրդերն այդպիսի ծանր սպառազինություն արդեն ունեն, իսկ կապը Թուրքիայում ապրող ցեղակիցների հետ ավելի քան հուսալի է: Ստացվում է, որ մայիսի վերջին Էրդողանը սուրբ լեռ Աֆոն Պուտինի կատարած այցի պատճառով զուր չէր «նյարդայնանում» և բառացիորեն բղավում, թե Ռուսաստանն ու ԱՄՆ-ը դավ են նյութել Թուրքիայի դեմ, որ «նրանք թուրքերին չեն ներել Կոստանդնուպոլսի գրավումը»։
(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1551

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ