Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Կործանումից առաջ հպարտությունն է գնում»

«Կործանումից առաջ հպարտությունն է գնում»
22.07.2016 | 00:57

Ապրիլյան քառօրյա պատերազմը դադարեց Աստծո զորակցությամբ, մեր քաջերի արյունով ու ազգի միաբռունցք ուժով: Սակայն պատերազմը, այնուամենայնիվ, զուգահեռվում է ազգի բոլոր շերտերում՝ հոգևոր, մտավոր ու մարմնավոր։ ՈՒ կործանարար է, երբ այդ շերտերի միջև թշնամանք և ատելություն է առաջանում, որովհետև դա ամենավտանգավորն է, քանզի ազգն առանց միաբանության արդեն պարտված է: Մարդկության թշնամին՝ սատանան, լավ գիտի «բաժանիր, որ տիրես» հնարքը։ Արդեն վեց հազար տարի բանեցնում է այդ մահաբեր զենքը ադամորդիներիս վրա: Հիշյալ պառակտիչ հնարքը նա առաջինը գործածեց աստվածատունկ Եդեմի այգում ու Եվայի անհնազանդությամբ, Ադամի համաձայնությամբ, մարդուն զատեց Աստծո ներկայությունից և կյանքի պարտեզից մահվան հովիտ աքսորեց: Երկրորդ անգամ նա գործեց Կայենի ու Աբելի հարաբերություններում ու արդարի սպանությամբ եղբայրների միջև մահվան թշնամություն սերմանեց:


Եվ այսպես շարունակ, մինչև մեր օրերը բանսարկուն իր հին ու գործող պառակտող զենքն է բանեցնում, սկսած ազգային բջիջ հանդիսացող մեր ընտանիքներից մինչև Տիրոջ առաքյալների արյան գնով հաստատված եկեղեցական կառույցները: Երբեմն մեր ազգի երևելի կոչվողների շուրթերից այնպիսի անհարկի խոսքեր ես լսում, որ մի պահ կարծում ես, թե թշնամու խոսնակն է մեր մեջ լրտեսաբար գործում ու ազգին դեպի պառակտում առաջնորդում: Եվ այդ խոսքերը լսում ես մարդկանցից, ովքեր պետք է որ ազգի սյուներ լինեին, սակայն...
Վերջերս մի գրքի ազդօրինակ ընկավ ձեռքս, ամենախառն էր ու մոլորության հասնող եզրահանգումներով խճողված։ Անհայտ մի հեղինակ՝ Սիմոն Մոսոյան, Ռուսաստանից իր «Իրականություն» գրքի մի քանի ազդօրինակներն էր ուղարկել Հայաստան՝ մեր հոգևորականների ու պատմաբանների կարծիքն իմանալու համար: Մեր սթափ մտածող մասնագետները, գրավոր հիմնավորումներով, մերժեցին հիշյալ գրքի սին եզրահանգումները, կասեցնելով տվյալ խոտանի լույսընծայումը:


Գրքի հենց առաջին տողերից իրեն մաքուր հայ մտավորական համարող հեղինակն ամեն գնով ուզում է ապացուցել, որ Հիսուս Քրիստոսը Աստծո Որդին չէ, այլ ընդամենը առասպել։ Մինչդեռ Ավետարանում հավուր պատշաճի հաստատվում է Հիսուսի Աստվածությունն ու Աստծո Որդի լինելը։ Իսկ այս հեղինակը փորձում է Ավետարանի սրբության դեմ գնալ ու դրանով իսկ մի ամբողջ ազգի, իր սուրբ նախնիներով հանդերձ, համարել տգետ, ովքեր դարերով չկարողացան մարդը Աստծուց զանազանել և Հիսուսի ով լինելը որոշել:


Ըստ նման իմաստակների, Հիսուսն Իր ողջ գիտությունը սովորել է Հնդկաստանում ու Տիբեթում։ Այս արևելյան լեգենդը մեր Տիրոջ վերաբերյալ սկզբից էլ սուտ է եղել ու ոչ մի ապացույց չկա այդ մասին լուրջ գրականության մեջ։ Այնուհետև Հիսուսի մանկությունը նկարագրելիս հեղինակն օգտվել է ապոկրիֆ (երկրորդականոն) խեղաթյուրված գրականությունից, որտեղ մանուկ Հիսուսը դաժան կախարդի դեր է կատարում, և ում ուզում սպանում է, ում ուզում կենդանացնում։ Հեղինակը ոչ միայն սխալ հետևություններ է անում, այլև փորձում է ընթերցողին էլ մոլորեցնել ու կասկած հարուցել Հիսուսի Աստվածության վերաբերյալ։ Մինչդեռ Հովհաննես առաքյալը պարզից էլ պարզ գրում է. «Իսկ ո՞վ է ստախոսը, եթե ոչ նա, ով ուրանում է, թե Հիսուսը Քրիստոսն է։ Նա է նեռը, ով ուրանում է Հորը և Որդուն» (Ա Հովհաննես 2.22)։


Վերջերս Facebook-յան օգտատերերից մեկի գրառումն եմ կարդում. «Ի՞նչ իրավունքով են տերտերները մեր զինվորներին Աստծո առաջ ծնկի բերում, դրանով իսկ նրանք թուլացնում են զինվորի քաջությունը»: Զարմանալին այն է, որ շատ հայորդիներ «like» են տալիս, ասել կուզի՝ համաձայնում են նման գաղափարին: Տիրոջ Սուրբ Հոգին, Ով մեր ժողովրդին արյունարբու ու հեթանոս ակ և իկ կոյունլուների հարևանությամբ պահեց-պահպանեց, ավա՜ղ, շատ անմիտ հայորդիների կողմից հալածանքի ու հայհոյանքի է ենթարկվում: Հիրավի Աստծո վախից զրկված սերնդի հանդգնության մեծ նշան, քանզի գրված է. «Իմաստության սկիզբը Աստծո երկյուղն է»: Բայց հեզ ու խոնարհ Տիրոջ Հոգին, համբերատար լինելով հանդերձ, ահավոր է է լինելու Արդարության Օրը։


ՈՒզում եմ հարց տալ այն հայորդիներին, ովքեր քաջալերում են գիտակցաբար, թե անգիտակցաբար սայթաքումներին. դուք ի՞նչ ունեք մեր ազգի դեմ, ձեզ ո՞վ է կերակրում և ո՞ւմ դեմ եք բերան բացում. այն Աստծո՞ ու Իր եկեղեցո՞ւ, Ով դարերով ազգ է ապրեցրել ու պետականությունը կորցրած ժամանակ ազգ է ներկայացրել հզորագույն պետությունների հետ դիվան կտրելիս, որ գոնե մի բուռ ածու մնա մինչև այս օրերը: Մի «մտավորական» էլ, որին արդեն շատերը գիտեն, բայց ում անունը չեմ էլ ուզում բարձրացնել, ով իր փառքն ու առատ լափը տարիներով ստանում է մեր դարավոր եկեղեցիների հաշվին, որոնք նա հուշարձան է համարում, դրանց մասին հաստափոր գրքեր տպագրում, արտասահմանյան գրանտների հաշվին, ու ի վերջո վերածվել է չարացած մի ոգու և մեր ազգի հիմնաքարերն է փորձում խարխլել։ Ինչու ես անարգում մեր հավատն ու եկեղեցին, ա՛յ հուշարձանագետ։ Օրը հինգ անգամ իրենց ալլահի առաջ ծնկաչոք երկրպագողների դեմ ի՞նչ հոգևոր զենք ունենք մենք, քան Քրիստոս Տիրոջ հաղթական Խաչն ու մեր հինավուրց պապենական խաչազարդ եկեղեցիները, աղոթք-շարականները:


Մարդու կյանքն ընդամենը իր ռունգերի շնչի մեջ է. Արարիչ Տերը համբերող է, ու չի ուզում ոչ մեկը կորսվի, այլ ամենքը ապաշխարությամբ փրկվեն, բայց երբ մարդիկ հանդգնաբար չարաշահում են Աստծո համբերատարությունը, ապա այն վերածվում է բարկության վրեժխնդրության: Չմոռանանք, որ Աստված Հայրն է ամենքիս, բայց և արդար Դատավոր մեղքի ու անօրենության հանդեպ: Իսրայելի ժողովուրդը երբ մեծամեծ հրաշքներով դուրս եկավ Եգիպտոսից, հասկացավ, որ առանց Տիրոջ ներկայության զորության ինքն անկարող է թշնամիներին հաղթելու, նույնիսկ Ամաղեկի դեմ մարտնչելիս, երբ Մովսես մարգարեն ձեռքերը վեր էր բարձրացնում աղոթքի, Իսրայելի ժողովուրդը հաղթում էր, իսկ երբ հոգնածությունից իջեցնում էր, պարտվում էր: Անշնորհակալ ու խստապարանոց հրեա ժողովուրդը, սակայն, շուտով սկսեց տրտնջալ ու բերան բացեց Աստծո դեմ: Տերն ամեն կերպ համբերեց, ներեց, հորդորեց, բայց երբ համբերության բաժակը լցվեց, այդ ժամանակ Տերն Իր վճիռը կայացրեց՝ ասելով. «Զզվանք զգացի այդ սերնդից և ասացի. «Սրտով միշտ մոլորված են, և նրանք չիմացան Իմ ճանապարհները». այնպես որ երդվեցի Իմ բարկության մեջ՝ ասելով, թե երբեք չպիտի մտնեն Իմ հանգստի մեջ» (Եբր. 12.9): Նույն Պողոս առաքյալը նման մոլորյալներին հորդորում է, ասելով. «Եղբայրնե՛ր, տեսե՛ք, ձեզանից որևէ մեկի մեջ թող երբեք չլինի չար ու անհավատ սիրտ և ապստամբի կենդանի Աստծու դեմ» (Եբր. 12.14):


Ամեն ինչ Աստծո աչքի առջև է։ Երբ իրեն հայորդի համարող մարդը Աստծո դեմ է մեղանչում, ուրեմն նրա դատաստանն էլ Աստված պիտի կատարի։ Երբ մուսուլմանների առաջնորդին հանկարծ մի թթու խոսք են ասում, մահմեդական ողջ աշխարհը ոտքի է կանգնում պահելու իրենց մարգարեի պատիվը, բայց երբ մեր Աստծուն՝ Հիսուս Քրիստոսին են անարգում, չի գտնվում գեթ մի հոգի՝ իշխանավոր կամ ազգի երևելի համարվող, որ հրապարակավ հանդիմանի կամ նախատի այդ հանդուգնին։ Հետևաբար պարտավոր ենք իմանալ, որ Աստծո բարկությունը պիտի գործի նման ազգի դեմ, որովհետև անհնազանդ այծերի են վերածվել Տիրոջ առաջ:
Զուր չի ասել Սողոմոն իմաստունը. «Կործանումից առաջ հպարտությունն է գնում»։
Թող Տերն ապրեցնի Իրեն հավատարիմներին, մինչև որ կգա ամեն բանի ահեղ հատուցման օրը:


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2575

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ