Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հայաստանի հարևանությամբ տեղի ունեցող իրադարձությունները տագնապալի են ու դժվար կանխատեսելի

Հայաստանի հարևանությամբ տեղի ունեցող  իրադարձությունները տագնապալի են ու դժվար կանխատեսելի
29.07.2016 | 00:30

Խորենացու փողոցի իրադարձությունները Հայաստանի հասարակության ուշադրությունը շեղեցին այն ամենից, ինչ տեղի է ունենում մեր երկրի հարևանությամբ: Բայց հիմա մենք մտադիր չենք խոսելու այդ իրադարձությունների ու դրանց հետևանքների մասին. այդպես էլ շատերի համար հասկանալի էր, որ ՊՊԾ Էրեբունու գնդի հետ կապված միջադեպը մեր կյանքում որևէ խնդիր չէր լուծելու:


Այս պահին շատ ավելի կարևոր է այն, թե ինչ է տեղի ունենում Հայաստանի շուրջ, և սկսել պետք է, անշուշտ, Թուրքիայից, թեև այլ փաստեր ու իրադարձություններ ևս կան, որ տագնապալի ահազանգեր են: Մեզ՝ հայերիս համար են տագնապալի ահազանգեր, թեև, իհարկե, ոչ միայն մեզ համար: Օրինակ, երբ ՊՊԾ գնդում արդեն սպանել էին գնդապետ Վանոյանին, չորսին էլ ծանր վիրավորել, զոհերով ուղեկցված նույնպիսի հարձակումներ էին տեղի ունեցել Ալմաթիում և անգամ Վրաստանում: Լավ, Ղազախստանի իրադարձությունները և այնտեղ սպանված ոստիկանները մեզ համար, ասենք, այնքան էլ «ցավագին չեն»: Սակայն եկեք անաչառ լինենք, Վրաստանի ապակայունացումը միշտ էլ սպառնալիք է Հայաստանի համար: Երկրորդ փաստը. աշխարհում լրատվամիջոց չի մնացել, որ վերլուծած չլինի Թուրքիայում տեղի ունեցած իրադարձությունները և անդրադարձած չլինի ԱՄՆ-ին Թուրքիայի նախագահ Էրդողանի հղած պահանջներին՝ արտահանձնելու իսլամիստական քարոզիչ և «Թուրքիայի չափավոր իսլամիզմի գաղափարական հայր» Ֆեթուլլահ Գյուլենին: Արդյոք Գյուլենի մատը խա՞ռն է եղել Թուրքիայում տեղի ունեցած խռովությանը, ցույց կտա ժամանակը, բայց նա և իր կողմնակիցները կտրականապես ժխտում են դա: Սակայն փաստ է. հուլիսի 17-25-ին բազմիցս, և առաջին հերթին Իրանից և Ռուսաստանից, մեղադրանքներ էին հնչում, թե Գյուլենը վաղուց ԱՄՆ-ի ԿՀՎ-ի «կադրն» է և միշտ հաճույքով խրախուսում է ամերիկյան «փափկաբնույթ» գործողությունները: Դրա համար նա ունի խիստ ճյուղավորված կիսաընդհատակյա ¥Ռուսաստանում, Իրանում ու Չինաստանում ահաբեկչական ճանաչված և արգելված¤ «Հիսմեթ» կազմակերպությունը: Կազմակերպության անդամներին հաճախ անվանում են նաև «նուրջուլար»՝ նուրսիականներ: Պատկերացրեք, որ «Հիսմեթի» գործակալներ կան և՛ Ղազախստանում, և՛ Վրաստանում, նրանք անլեգալ գործում են Ռուսաստանում, Իրանում, Չինաստանում, Աֆղանստանում և նույնիսկ Հնդկաստանում ու Պակիստանում, թեև, թվում է, անելիք չպիտի ունենային այն երկրներում, ուր, փաստորեն, թուրքեր ու թյուրքախոսներ չկան:


Այս տեսակետից մեր սահմանների շուրջ տիրող լարվածության կապակցությամբ անհանգստության վերաբերյալ ռուսական իշխանությունների հայտարարությունը մի այլ իմաստ է ստանում: Իրանից արվող գրեթե նույնպիսի հայտարարությունները, որոնք իրանական բարձրաստիճան զինվորականներն ու քաղգործիչներն ավարտում են «ցանկացած թշնամու Պարսից ծոց կշպրտենք» ավանդական սպառնալիքով, խոսում են այն մասին, որ այդ լարվածության կուլիսային կազմակերպիչների գլխավոր նպատակն է ապակայունացնել ոչ թե սոսկ «վատ Ռուսաստանը» կամ «անհաշտ Իրանը», այլ, նախ, Ռուսաստանի և Իրանի արանքում ընկած տարածքներում ստեղծել մի «դանդաղընթաց, բայց մշտական անկայունության և քաոսայնության ընդարձակ դաշտ»: Եվ, ավաղ, դա մեր Անդրկովկասն է կամ Հարավային Կովկասը: Երկրորդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «արձագանքը» հասել է նաև (նույնիսկ հիմա առավելապես ռուսական) Ալմաթի, հասկանալի է դառնում, որ մեր կուլիսային «տիկնիկավարները» Գյուլենի ու «Հիսմեթի» հետ միասին տեղ են փնտրում և՛ անմիջականորեն ռուսներին լրացուցիչ «ցավ պատճառելու», և՛ հյուսիսարևմտյան Չինաստանում, այսինքն, տխրահռչակ Սինցզյան-ՈՒյղուրական ինքնավար շրջանում, անկայունության և քաոսայնության ալիք տարածելու (որքան կարելի է արագ) համար: Իսկ դա անմիջականորեն սահմանակից է Միջին Ասիային և Ղազախստանին:


Սիրիացի արաբները, վկայակոչելով իրենց թուրք ծանոթներին, ասում են, թե բանակում և մյուս ուժային կառույցներում Էրդողանի ծավալած նոր «զտումը» ուղղված է հենց «Հիսմեթի» անդամների, այսինքն, գյուլենականների դեմ, և շատ դեպքերում նուրսիականների փոխարեն վերականգնում են «քեմալական» ծառայողներին, այսինքն, ազգայնականներին, որոնց դեռ վերջերս Էրդողանն անխնա հալածում ու բանտերն էր նետում: Ներթուրքական թշնամանքը չափ ու սահման չունի. բանը հասել է նրան, որ իշխանությունները հրամայել են Գյուլենի պապական տունը (ի դեպ՝ Արևմտյան Հայաստանում) վերածել... հանրային արտաքնոցի:
Որպեսզի ոչ ոքի չթվա, թե ես թանձրացնում եմ գույները, ասեմ նաև, որ սկսած հուլիսի 14-ից մինչ օրս Իրանն էլ չի խուսափել ապակայունացման փորձերից: Դրանում Իրանը մեղադրել է ԱՄՆ-ին և, ոչ, Թուրքիային չէ, այլ... Սաուդյան Արաբիային: Թերևս, երկար տարիների ընթացքում առաջին անգամ Իրանը չի խոսում ահաբեկչական ակտերին ու դիվերսիաներին Իսրայելի մասնակցության մասին: ՈՒղղակի համառոտ թվարկեմ. 1) մերկացվել ու ձերբակալվել են բազմաթիվ մարդիկ, ովքեր մեղադրվել են Թեհրանում մի շարք ահաբեկչություններ կատարելու մտադրության մեջ, 2) ոչնչացվել է մի ավազակախումբ, որը փորձել է ներխուժել Բելուջիստանի և Սիստանի արևելյան օստան, բացահայտ նպատակ ունենալով ազդելու իրանական բելուջների վրա, 3) Խուզիստանի օստանում ձերբակալվել են սուննիադավան արաբներ (վահաբականներ), որոնց մոտ զենք ու պայթուցիկ նյութեր են եղել, 4) Իրաքին սահմանակից իրանական մի շարք օստաններում ոչնչացվել է մոտ 25 քուրդ զինյալ, 5) կանխվել է (հուլիսի 24-ին) դիվերսանտների փորձը՝ ներխուժելու Արևմտյան Ադրբեջանի օստան. մեկը սպանվել է, մեկը՝ գերվել, մնացածները փախել են: Կա՞ն, արդյոք, ապացույցներ, որ դրան մասնակից են Գյուլենն ու «Հիսմեթը»: Ո՛չ: Բայց հասկանալի է, որ եթե Սաուդյան Արաբիան է (դա, առհասարակ, ԱՄՆ-ի ԿՀՎ-ի հավաքական գործակալական ցանց է), ապա «թիկնոցի և դաշույնի» իր եղբորը՝ ի դեմս Գյուլենի, օգնելը սաուդյանների համար պատվի գործ է: Բացի այդ էլ, «Հիսմեթն» ու Սաուդյան Արաբիան ի վերջո օգնում են իրենց ընդհանուր «տիրոջը»՝ ԱՄՆ-ի ԿՀՎ-ին, ուրեմն և՝ պաշտոնական Վաշինգտոնին:


ՈՒշադրություն դարձնենք, որ հիմա՝ Թուրքիայում խռովության փորձից գրեթե երկու շաբաթ անց, Էրդողանը ատամների արանքից խոստովանում, միաժամանակ միանգամայն բարձրաձայն շնորհակալություն է հայտնում Ռուսաստանի հատուկ ծառայություններին այն բանի համար, որ նրանք Անկարայում ու Ստամբուլում խռովությունն սկսվելուց ութ ժամ առաջ կապվել են թուրքական հատուկ ծառայությունների հետ և համապատասխան տեղեկություն հաղորդել: Հնարավոր է, որ հենց այդպես էլ եղել է: Բայց ահա թե ինչն է հետաքրքիր. ինչպես Արցախում ապրիլյան «քառօրյա պատերազմի» պարագայում, պարզվում է, որ «գործի մեջ» առաջինը, այնուամենայնիվ, եղել են... իրանցիները: Կամ, առնվազն, Fast և Tasnim կիսապաշտոնական գործակալությունների հաղորդումները գալիս են ասելու, որ Էրդողանին օգնելու գործողությունը, կարծես, եղել է համատեղ՝ իրանա-ռուսական: Վստահաբար դա համապատասխանում է իրականությանը, եթե Ռուսաստանին և Իրանին լրացուցիչ հայտնի է եղել, թե ովքեր են կանգնած խռովարարների թիկունքին, ապա, հասկանալի է, որ Մոսկվային և Թեհրանին պետք չի եղել «գյուլենականների» զինվորական դիկտատուրան ԱՄՆ-ի հովանու ներքո։ Գրեթե բոլոր համաշխարհային լրատվամիջոցները հունիսին գրեցին, թե Էրդողանը փորձեր է անում կարգավորելու հարաբերություններն Իսրայելի և Ռուսաստանի հետ, և, ըստ էության, դա տեղի ունեցավ նույն օրը՝ հունիսի 27-ին։ Ոչինչ չգրվեց այն մասին, թե Թուրքիայի նախագահը փորձում է կարգավորել Իրանի հետ հարաբերությունները։ Բայց չէ՞ որ կարգավորելու բաներ կային. Արցախում տեղի ունեցած «քառօրյա պատերազմից» և Սիրիայում տեղի ունեցած մի շարք տհաճ իրադարձություններից հետո, Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին գլխավոր հրամանատար, այաթոլլահ Սեյեդ Ալի Հուսեյնի Խամենեիի բազմամյա զինվորական խորհրդական, գեներալ-մայոր Սեյեդ Յաղիա Ռահիմ Սեֆևին ապրիլի 28-ին տարածաշրջանային զարգացումներին նվիրված խորհրդաժողովում հայտարարել էր. «Թուրքիայի քաղաքական համակարգի հետ Իրանի քաղաքական, տնտեսական և անվտանգության հետ կապված հարաբերությունները պետք է վերանայվեն։

Անհրաժեշտ է նաև որոշակի կարգավորում կատարել, քանի որ Անկարան, իբրև ԱՄՆ-ի, Իսրայելի և որոշ արաբական երկրների դաշնակից, գործում է նրանց քաղաքականությանը համապատասխան»։ Կարող ենք մեկ անգամ ևս ընդգծել. արևելյան դիվանագիտության լեզվով, նման կարգի դեմարշը, ըստ էության, նշանակում է պատերազմի հայտարարում։ ՈՒ չէ՞ որ Էրդողանը, ի տարբերություն Իսրայելի և Ռուսաստանի հետ կապված դեպքերի, անմիջապես փորձեց կարգավորել հարաբերություններն Իրանի հետ. մեկ անգամ ևս հիշեցնենք, որ Էրդողանը (և հենց իրանցի գեներալ-մայոր Սեֆևիի հայտարարություններից հետո) «կամավոր» պաշտոնաթողության քշեց վարչապետ Ահմեդ Դավութօղլուին, ով անցած աշնանը պարծենալով հայտարարել էր, թե հենց ինքն է ռուսական Սու-24-ը խփելու հրաման արձակել, այն նույն Դավութօղլուին, ում պաշտոնանկությունից հետո արևմտյան մի շարք լրատվամիջոցներ գրեցին, թե «Ամերիկան զրկվեց Անկարայում ունեցած իր մարդուց»։
Այնպես որ, դատելով Էրդողանի խոստովանություններից և իրանական Fars և Tasnim գործակալությունների տեղեկատվական հաղորդագրություններից, Ռուսաստանն ու Իրանը, այնուամենայնիվ, որոշել են «ներել» Թուրքիայի նախագահին։ Բնական է, որ ժամանակավորապես, դիրքային եղանակով, որովհետև «լիակատար բավականություն» ստանալու համար Մոսկվային ու Թեհրանին Թուրքիայի իրական գործերն են պետք, ոչ թե Էրդողանի շնորհակալությունը։ Իսկ առայժմ Թուրքիայի նախագահը չի փակել Սիրիայի հետ սահմանը, Սիրիայից հետ չի կանչել իր «բոզ քուրտերին», չի դադարեցրել իր գործակալների մասնակցությունն ՈՒկրաինայի Խերսոնի մարզում կատարվող քայքայիչ ակտերին և այլն, և այլն։ Համոզված ենք, որ Թուրքիային Ռուսաստանի և Իրանի պահանջների ցուցակը շատ երկար է և ընդարձակ։


Բայց ահա մեր ամբողջ տարածաշրջանի համար, էլ չեմ ասում, ըստ էության, մեր ամբողջ մոլորակի համար, Թուրքիայում բարձրացված խռովության թնջուկում կա շատ քիչ շոշափված մի «մուգ բիծ»։ Ինջիրլիկի նատոյական ռազմաբազան, որտեղ առնվազն 50 ամերիկյան ատոմային մարտագլխիկ կա, մի որոշ ժամանակ շրջափակված ու հոսանքազրկված է եղել։ Այդ բազայի թուրք զինծառայողներն աջակցում էին խռովարարներին։ Իսկ մոտավորապես մեկուկես հազար ամերիկացի զինծառայողները ոչ մի բանով ցույց չէին տալիս, որ իրենք գիտեն, թե ինչ և ինչպես պետք է անել «ի դեպս, եթե...»: Այո, հիմա Էրդողանը վերականգնել է այդ բազայի էներգամատակարարումը։ Եվ ամերիկացիները չեն շտապում որևէ բան ձեռնարկել բազայում և նրա շուրջ միջուկային անվտանգության լրացուցիչ միջոցառումների ապահովման նպատակով։ Մինչդեռ արժեր այդ մասին մտորել և մերձակա շրջանները, այդ թվում՝ Անդրկովկասը չենթարկել հնարավոր միջուկային վտանգի: Հայաստանը լիովին ի զորու է գոնե խոսակցություն սկսելու այդ մասին։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 4243

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ