Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Կարևոր է Բենոյի երազած մանրաքանդակի դպրոցի ստեղծումը Հայաստանում»

«Կարևոր է Բենոյի երազած մանրաքանդակի դպրոցի ստեղծումը Հայաստանում»
29.07.2016 | 08:34

Իրատեսի հյուրն է «Բենիկ Պետրոսյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի նախագահ ԱԼԻՍ ԱԴԱՄՅԱՆԸ: Քանդակագործի ուսուցիչը՝ Թերեզա Միրզոյանը, այսպես է բնորոշել իր սանին. «Քանդակագործության մեջ նա կոմպոզիտոր է: Ամեն նյութ նրա ձեռքի տակ երգում է իր սեփական եղանակը»:

1970-ԱԿԱՆՆԵՐԻՑ ՆԱ, ԱՌԱՋԻՆԸ ԼԻՆԵԼՈՎ, ՑՈՒՑԱՍՐԱՀ ԲԵՐԵՑ ՄԱՆՐԱՔԱՆԴԱԿԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ


-Տիկին Ալիս, ի՞նչ է արվում այսօր Բենիկ Պետրոսյանի թողած գործերը հանրահռչակելու ուղղությամբ, և որքանով եք դուք՝ ընտանիքի անդամներդ, զգում պետության շահագրգռությունն ու աջակցությունն այս հարցում:
-Բենիկ Պետրոսյանը մահացավ 57 տարեկանում՝ ստեղծագործական թռիչքի պահին: Նա ուներ մեծ մտահղացումներ, սակայն ծանր հիվանդությունը գամեց նրան անկողնուն, և նա չկարողացավ իրագործել դրանք: Թեև նրա նկուղ-արվեստանոցը՝ Թումանյան-9 հասցեում, եղել է ակտիվ հավաքատեղի արվեստագետների և ոչ միայն արվեստագետների համար, եղել է «Վերնատուն», սակայն այն ցուրտ ու մութ տարիներին այդ պայմաններում աշխատելը քայքայեց Բենոյի առողջությունը և դարձավ նրա վաղաժամ մահվան պատճառը:
1970-ականներից նա, առաջինը լինելով, ցուցասրահ բերեց մանրաքանդակագործությունը: Բենոն այս ասպարեզում հետնորդների մի հսկայական դպրոց թողեց: Թեև շատերն այսօր նմանակում են Բենոյին, մանրաքանդակներ են անում, դնում տարբեր սրահներում, բայց դա էլ է մի ձև ընտանիք պահելու, ապրելու համար, և այս իմաստով կարելի է դրական երևույթ համարել: Իհարկե, կան իսկապես մանրաքանդակի փայլուն վարպետներ այսօր, որ սովորած լինելով Բենոյից, նվաճել են միջազգային ասպարեզներ, մասնակցում են տարբեր բիենալեների, արտասահմանյան ցուցահանդեսների, ներկայացնում հայ մանրաքանդակի արվեստը: Բենոյի մահից անցել է 20 տարի: Այս ընթացքում ընտանիքը ոչ միայն պահպանել է իր մոտ մնացած գործերը, այլև ձեռք բերել ժամանակին ուրիշ տեղերում հայտնվածների մի մասը: Այս ընթացքում կազմակերպել ենք մոտ 30 ցուցահանդես տարբեր երկրներում: 1997-ին արեցինք հետմահու առաջին ցուցահանդեսը Ազգային պատկերասրահում, որին ներկա եղան արվեստի ականավոր գործիչներ Հակոբ Հակոբյանը, Գրիգոր Խանջյանը, Ղուկաս Չուբարը, Հենրիկ Իգիթյանը, շատ ուրիշներ: Նրանք համատեղ նամակով դիմեցին երկրի նախագահին՝ Բենիկ Պետրոսյանի թանգարան ստեղծելու առաջարկով: Պիտի ասեմ, որ միշտ զգացել ենք հանրապետության պաշտոնյաների ուշադրությունն ու աջակցությունը: Մեր կազմակերպած ցուցահանդեսներին մշտապես ներկա են եղել և՛ ԱԺ նախագահները, և ՛ նախարարները, և՛ լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Վերջինս՝ Աշոտ Նավասարդյանի հետ, հենց առաջին հետմահու ցուցահանդեսից սկսած եղել է մեր կողքին: Պետական մակարդակով առաջինը հենց նա է բարձրացրել տուն-թանգարան ստեղծելու խնդիրը: Հետո մենք վաճառեցինք Բենոյի արվեստանոցը, Հանրապետության փողոցում մի երկհարկանի կիսախարխուլ շինություն գնեցինք, որը կարող էր դառնալ թանգարան: 2003-ին այդ տարածքում ցուցադրեցինք Բենիկ Պետրոսյանի աշխատանքները, և ցուցադրության բացումն արեց հենց Անդրանիկ Մարգարյանը: Նա խոստացավ հետագայում այդ տարածքում կառուցել իսկապես արժանի մի մշակութային օջախ: Բայց չհասցրեց իրականացնել այդ ծրագիրը: Իհարկե, հետագայում էլ մեզնով հետաքրքրվել և որոշակիորեն աջակցել են մեր պետական պաշտոնյաները: Ռոլանդ Շառոյանի նախարար եղած ժամանակ կազմակերպվեց Բենիկ Պետրոսյանի անվան առաջին միջազգային բիենալեն, որը, ցավոք, չունեցավ շարունակություն: Հասմիկ Պողոսյանը ևս, ի թիվս այլ հավաքածուների, ցուցաբերում է աջակցություն նաև մեր հավաքածուի հետ կապված ծրագրերին: Գրքերի տպագրություն, տեսաերիզի թողարկում, Բենիկ Պետրոսյանի հուշաքարի տեղադրում Թումանյան-9 հասցեում, և էլի այլ հարցեր լուծվել են ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Այսօր էլ շատ բարձրաստիճան պաշտոնյաներ խոստանում են աջակցել թանգարանի ստեղծման գործին: Սակայն մեր գնած շինության հետ կապված որոշ խնդիրներ կան, որոնք հարթելու համար տարիներ շարունակ աշխատանքներ ենք տարել պատկան կառույցների շրջանում, բայց հարցը ձգձգվում է: 2014 թվականին ես դիմել եմ Տարոն Մարգարյանին։ Արդյունքում 2015 թվականին մեզ տրամադրվել է 350 քմ հողատարածք Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ Բենիկ Պետրոսյանի թանգարան ստեղծելու համար: Այնպես որ, ես պետությունից, մեր կառավարությունից բողոքելու պատճառ չունեմ: Բայց Բենոյի մահից 20 տարի է անցել, և դեռ չկա այդ թանգարանը: Գիտեք, որ իմ ընտանիքը բաղկացած է արվեստագետներից, և նրանցից յուրաքանչյուրն իր գործով է զբաղված: Իմ երեխաները ո՛չ օլիգարխ են, ո՛չ բիզնեսմեն են, որ կարողանան սեփական ուժերով սարքել Բենիկ Պետրոսյանի թանգարանն ու պետական աջակցության կարիք չունենան: 4000 մարդ է ստորագրահավաքին մասնակցել, ինչը վկայում է, որ Բենիկ Պետրոսյանի արվեստի պահպանությունը և ցուցադրությունն ունեն պետական աջակցության կարիք: Այդ մասին տեղյակ են նախագահականում: Սպասում եմ պատասխանի: Իմ նպատակը բողոքելը չէ, իմ նպատակը թանգարան ունենալն է, որտեղ կպահպանվեն Բենոյի հրաշալի ստեղծագործությունները, որոնք այսօր պահպանվում են հիմնականում ընտանիքի ուժերով: Սա պետք է նաև մեր արվեստասեր հասարակությանը, որը հիմա զրկված է այս նմուշների հետ կանոնավոր կերպով հաղորդակցվելու հնարավորությունից: Վերջին ցուցահանդեսի ժամանակ Բենիկ Պետրոսյանի աշխատանքների տեղափոխումը Ազգային պատկերասրահ, դրանց վտանգվելու հավանականությունը մեկ անգամ ևս վկայեցին, որ այլևս չի կարելի Բենիկ Պետրոսյանի աշխատանքները տեղից տեղ տանել: Մենք պիտի պայքարենք, որպեսզի դրանց համար մշտական տեղ ունենանք, որովհետև դրանք համաշխարհային նշանակության գործեր են:


«ԲԵՆՈՆ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ ԵՂԵԼ Է ԸՄԲՈՍՏ, ԴԻՍԻԴԵՆՏ»


-Խորհրդային տարիներին չէին խրախուսվում ազգային թեմաները, բայց Բենիկ Պետրոսյանի գործերում դրանք շեշտադրված են: Ինչպե՞ս էր հարթում իր ճանապարհն այդ պայմաններում:
-Բենոն խորհրդային տարիներին շատ ճանաչված է եղել, բայց երբեք պարգևներ չի ստացել, որովհետև եղել է ըմբոստ, դիսիդենտ: Դա արտահայտվում է 70-80-ականների գործերում, հատկապես Եղեռնին նվիրված թեմաներում, խորհրդային պաշտոնյաներին պատկերող սարկազմով արված քանդակներում: Նա կյանքում էլ շատ կատակասեր էր: Ամեն օր գալիս էր տուն և ասում. «Ալի՛ս, ինձ կենտկոմից չեն զանգե՞լ: Իսկ Լենինը չի հարցրե՞լ իմ մասին»: Եվ մի օր իսկապես զանգեցին կենտկոմից: Ասացին, որ տիեզերագնացներ Ռոմանենկոն և Գրեչկոն վերադարձել են տիեզերքից և ցանկանում են այցելել Բենիկ Պետրոսյանի արվեստանոց: Նախապես արվեստանոց եկան անվտանգության աշխատակիցներ, տեսան, որ արվեստանոց կոչվածը գետնից չորս մետր խոր մի նկուղ է: Զգուշացրին, որ խստիվ արգելվում է սեղանին խմիչք դնել, խորոված պատրաստել և նվեր տալ: Իսկ Բենոն ենթարկվողներից չէր: Եկան տիեզերագնացները՝ մի մեծ կենտկոմական շքախմբով: Բենոն, իհարկե, իր ձեռքով խորոված սարքեց, ձուկ, սեղանին դրեց զանազան խմիչքներ, երկու տիեզերագնացներին էլ նվիրեց իր դրվագած սկուտեղները: Եվ նրանք պատմեցին, թե ինչու են եկել Բենոյին հյուր: Երբ տիեզերքում են եղել, «Правда» թերթում կարդացել են Բենոյի մասին հոդված: Խոսքը թերթի թղթակիցներ Առաքելյանի և Լեբեդևի «Մետաղին ստիպելով խոսել» հոդվածի մասին էր: Նրանք, իրենց ասելով, կյանքից լրիվ հիասթափված են եղել, հոգևոր տագնապների մեջ են եղել և չեն ցանկացել վերադառնալ Երկիր: Բայց այդ հոդվածն այնպես է ներկայացրել Բենոյի արվեստը, որ իրենք որոշել են վերադառնալ ու անպայման այցելել այդ քանդակագործին: Իրենց խոսքով՝ Բենիկ Պետրոսյանի արվեստը ոգեշնչել է իրենց ու վերադարձրել Երկիր:


«ՀԱԼԵՊՅԱՆ ՇԱՐՔԸ» ՀԱՄԱՐՈՒՄ ԵՆ ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑ»


-Բենիկ Պետրոսյանն ստեղծել է քանդակների «Հալեպյան շարքը», որից ասես հովվերգություն է ծորում: Սիրիայի այսօրվա ողբերգությունների համատեքստում դրանք բացառիկ հնչողություն են ստանում:
-Շատ ճիշտ նկատեցիք: Մոնումենտալ քանդակներից ու սուր թեմաներից նա հանկարծ անցում է կատարել դեպի այդ նուրբ «Հալեպյան շարքը»: Իհարկե, շարքն այդպես է անվանել, որովհետև այդ գործերը հիմնականում արել է Հալեպում: Եվ սրանք դրսում ամենաշատը ցուցադրված գործերն են: Դրանք վաճառելու բազմաթիվ առաջարկություններ եմ ստացել աշխարհի տարբեր թանգարաններից: Նա, այստեղ եղած գործերից բացի, շատ այլ գործեր էլ է արել և հենց Հալեպում վաճառել իր ցուցահանդեսի ժամանակ: ՈՒ մենք էլ այստեղ, նրա բուժման ծախսերը հոգալու համար, մի շարք գործեր ենք վաճառել, որի համար չափազանց զղջում եմ: Դրանց տեղը հիմա շատ է երևում: Սկսած այն րոպեից, երբ կարող էի չվաճառել «Հալեպյան շարքը», ես այլևս չեմ վաճառում: «Հալեպյան շարքը» և՛ մեր երկրում, և՛ դրսում, և՛ արվեստագետները, և՛ ոչ արվեստագետները համարում են գլուխգործոց: Սա իմ գնահատականը չէ: Թեև Բենոյից առաջ էլ եղել են մանր քանդակներ անող մարդիկ, ինչպես, օրինակ, Խաչատուր Իսկանդարյանը, որն ունի «Երևանյան քանդակներ» շարքը, բայց Բենոյին են համարում մանրաքանդակի հիմնադիրը մեզանում: Բենոյի մանրաքանդակները Բենվենուտո Չելինիի որակի գործեր են: Շղարշները, կիսաթանկարժեք քարերը, դրանցով ստեղծագործելու տեխնոլոգիան բացառիկ են Բենոյի մոտ: Դրանք արդեն մոտենում են ոսկերչության մակարդակին: Բայց եթե շատ անկեղծ լինեմ, կասեմ, որ նրա վաղ շրջանի աշխատանքներն ավելի եմ գնահատում իրենց գաղափարական կողմի համար: Երբ նա գամված էր անկողնուն, ես միացնում էի մագնիտոֆոնը, և նա շարունակ խոսում էր, մեզ հաղորդում իր մտքերը, ցանկությունները: Այդ ձայնագրություններում «Հալեպյան շարքին» է կապում նաև 1980-ականներին արված որոշ գործեր և իր վերջին գլուխգործոցները՝ խնձորները, որոնցում նա արտահայտում է Ադամի և Եվայի մեղքն ու Աստծո պատիժը:
-Դրանք, Բենիկ Պետրոսյանի բնորոշմամբ, էրոտիկ քանդակների շարքից են, այնպես չէ՞: Այդ առնչությամբ նա ասում էր. «Հայ քանդակագործության մեջ չկա էրոտիկա», և ինքն էլ հետամուտ եղավ այն ստեղծելուն:
-Այո՛, նա բազմաթիվ նորույթներ է բերել հայ քանդակագործություն:
-Բենիկ Պետրոսյանն ասում էր. «ՈՒնենք միջնադարյան մանրանկարչություն, ինչո՞ւ չունենանք նաև մանրաքանդակի դպրոց։ Շատ կուզենայի, որ Երևանում բացվեր մանրաքանդակի միջազգային կենտրոն իր ցուցասրահով և արվեստանոցներով։ Աշխարհի տարբեր ծայրերից հրավիրվեն քանդակագործներ, աշխատեն, ստեղծագործությունների մի մասը թողնեն Հայաստանին, մյուս մասը տանեն իրենց հետ։ Թող ստեղծագործական ժառանգությունս հիմք հանդիսանա այս գաղափարի իրականացման համար։ Սա երազանքս է, բայց հույս ունեմ, որ մի օր կիրականանա»: Ձեզ տրամադրված տարածքը, ի վերջո, կարո՞ղ է նաև այս նպատակին ծառայել:
-Այո՛, իհարկե: Թանգարան բացելու մեր մղումը հենց նրա խոսքերից է գալիս, դա է մեր գործունեության բուն շարժիչը: Այսօր մանրաքանդակագործությունը զարգացել է մի գլխավոր պատճառով. մարդիկ մեծ քանդակի պատվերներ չեն ունենում, իսկ մանրաքանդակները շատ պահանջված են: Եվ քանի որ կա Բենոյի օրինակն ու փորձը, դա ևս ստեղծում է լավ հնարավորություն մանրաքանդակագործության զարգացման համար: Այս իմաստով իսկապես կարևոր է դառնում Բենոյի երազած դպրոցի ստեղծումը Հայաստանում:
-Դուք եղել եք ՀՀ վարչապետի խորհրդական, ՀՀ մշակույթի փոխնախարար, «Հայ մտավորական կին» ՀԿ-ի նախագահ: Վարչական աշխատանքը կաշկանդո՞ւմ է արվեստով զբաղվող մարդուն:
-Այո՛: Իմ տեսակը, հավանաբար, բարեհունչ չէր վարչական կառույցների համար: Այդ աշխատանքի պատճառով միշտ տուժել է Բենիկ Պետրոսյանի թանգարանի խնդիրը: Երբ ես բարձրաձայնում էի այդ մասին, մարդկանց թվում էր, թե անձնական հարց եմ լուծում, և դա ինձ, իրոք, կաշկանդում էր: Ես ունեմ Վահագնի նման որդի, որին ճանաչում է աշխարհը, նա միջազգային մակարդակի ջազ-երաժիշտ է, բայց ես չեմ կարողացել աջակցել նրան, որովհետև դա կարող էր այլ կերպ դիտվել մարդկանց կողմից: Այնպես որ, իմ դեպքում իսկապես պաշտոնը խոչընդոտ է եղել:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1879

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ