Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արցախի անպատասխան հարցերը

Արցախի  անպատասխան հարցերը
02.09.2016 | 08:28

Այսօր Արցախը նշում է իր անկախության 25-ամյակը: Քառորդ դար, որի ընթացքում ո՛չ ղարաբաղցիները կարողացան մեծ աշխարհին համոզել, որ իրենք անկախ պետություն են, ո՛չ աշխարհը կարողացավ նրանց համոզել, որ… Ահա այս կետում ճանապարհները բաժանվում են՝ ոչ ոք չի կարող ասել, թե աշխարհն ինչ է ուզում ու ինչ չի ուզում Ղարաբաղում:

Զինադադարի կնքումից հետո այս ապրիլին Արցախը հանձնեց իր ամենալուրջ քննությունը՝ քառօրյա պատերազմում կորցնելով 800 հեկտար տարածք: Տոնական օրերին խոսում են միայն հաղթանակների ու հաջողությունների մասին, խոնարհումով հիշում նրանց, ում կյանքի գնով այդ հաղթանակներն ու հաջողությունները հնարավոր դարձան: Այդպես է: ՈՒ այդպես չէ, քանի դեռ պատերազմն ավարտված չէ. պատերազմը տոներ չունի: Դեռ շարունակվում են տարբեր սկզբունքներ ու ծրագրեր ի հայտ գալ, շարունակվում է բանակցային անորոշությունը: Սուբստանցիոնալ բանակցությունների ակնկալիքով՝ Բաքուն մնում է իր կարծր դիրքորոշմանը՝ երեք սկզբունքներից ընդունելով տարածքային ամբողջականությունն ու մերժելով բանակցել Ստեփանակերտի հետ, բայց ապրիլյան էյֆորիայից հետո Բաքուն հարկադրված է ընդունել, որ իր անկախության 25-րդ տարում Ստեփանակերտը պահպանում է դիրքերն ու պարտության կամ նահանջի սպիտակ դրոշներ չի պարզել, որ իր պարտությունն է:

Բաքուն հարկադրված է ընդունել նաև, որ, մինչև ատամները զինված, չկարողացավ ռազմական ճանապարհով լուծել հարցը, ինչպես տասնամյակներ սպառնում էր ու հետո ստիպված էր հայտարարել, որ նպատակը պատերազմը չէր, այլ աշխարհին հիշեցնել, որ ստատուս քվոն փոխվել է ու պետք է համապատասխանի տարածաշրջանում ուժերի նոր դասավորությանը, այսինքն՝ իր գերակայությանը: Չստացվեց: Ինչպես 25 տարի առաջ, հիմա էլ Բաքվի ճանապարհը փակեց հայ զինվորը, ում համար քաղաքականությունը՝ քաղաքականություն, դիվանագիտությունը՝ դիվանագիտություն, իր գործը թշնամուն խփելն է, երբ փորձում է առաջ շարժվել: ՈՒ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա քաղաքական ցինիզմի ու մարդկային անձնազոհության միջև խրվել-մնացել է մի պետություն, որ հազարամյակներ ապրել է իր հողում ու պատրաստվում է մինչև աշխարհի վերջն ապրել իր հողում, որի սահմանները, իբր, աշխարհն է որոշում: Բանակցությունները նոր հասցեներ կգրանցեն, միջնորդներն ու բանակցողները կփոխվեն, հողը թղթով չեն պահում կամ հանձնում: ԼՂՀ-ն պատրաստվում է նաև սահմանադրություն փոխել՝ ուժեղացնելով նախագահական կառավարումը, որ ճիշտ հակառակն է Հայաստանի կառավարման մոդելի: Գուցե դա նոր հավասարակշռություն է ստեղծում հայկական երկու պետությունների միջև, իսկ գուցե տեղավորվում է միայն քաղաքական գործընթացների շրջանակներում: Իր անկախության քառորդ դարը նշող Արցախը այսօր ունի անպատասխան հարցեր աշխարհին, բայց ավելի կարևոր են հարցերն ինքն իրեն, որոնց պատասխանները օտար մայրաքաղաքներում չպիտի որոնի: Քսանհինգ տարեկանում ուրիշի ձեռքին չեն նայում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. 5-րդ դարում առաջին դպրոցը Մեսրոպ Մաշտոցն Ամարասում է բացել, անկախության 25-րդ տարում Արցախում պիտի սովորեն հայերեն մտածել:

Դիտվել է՝ 1800

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ