Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Հրեշտակների ու հակահրեշտակների հետ

Հրեշտակների ու հակահրեշտակների հետ
02.09.2016 | 08:32

Բարի աշուն ձեզ: Անհեթեթ է կյանքը բաժանել եղանակների, բայց մարդն ընտելացել է պայմանական բաժանումներին, որ իբր օգնում են ժամանակը հասկանալ ու ճիշտ օգտագործել: Գուցե այդպես է, գուցե ոչ: Ժամանակի համար մեկ է՝ ամա՞ռ է, աշո՞ւն, ձմե՞ռ, թե՞ գարուն, ինքն ունի իր հոսքը, որ ցրտից չի դանդաղում, շոգից չի արագանում: Մենք մեր սպասումները կապում ենք իրողությունների հետ, որոնց ընթացքը մենք չենք որոշում: Այդպես հեշտ է մեղադրել ուրիշներին ու դառնալ ամպոտ ոտքերով հրեշտակ, որ կորցնում է ունակությունները՝ հողին հպվելիս, որտեղ ապրում են հակահրեշտակները:

Մնաց մի լրիվ աշուն ու մի կիսատ ձմեռ 2016-ին, որ անակնկալների տարի էր: Գուցե այն պատճառով, որ ընդարմացել էինք իբրև հանրություն և փորձում էինք հարմարավետ տեղավորվել կրիայի մեր պատյանում՝ չեզոքացնելու արտաքին ներգործություններն ու հանգիստ ապրելու՝ չեմ տեսել, չեմ լսել, չեմ ասել սկզբունքով: Ի վերջո, Կապիկի տարի է, մի քիչ էլ կարող ենք կապիկություն անել: Ապրիլյան քառօրյա պատերազմը եկավ ու ասաց՝ իզուր եք ձեզ երևակայում, ամեն ինչ նոր միայն սկսվում է: Ստատուս քվոն վահան չէ: Զինադադարի պայմանագիրը հավերժ չէ: Բարեկամը բարեկամ չէ, թշնամին նույն թշնամին է: Հայելի դրեց մեր առաջ, որ տեսնենք մեր իրական պատկերը՝ քաղաքական, տնտեսական, ռազմական ու մարդկային: Մարդկայինով փակեցինք մյուս կողմերի բացերը: «Բացեր» խիստ մեղմ է ասված: Հանճարեղ պոռթկումների հայ ժողովուրդը պատրաստ է ամեն պահ՝ ապացուցեցին ապրիլյան պատերազմի մի քանի օրերը: Ժողովուրդը՝ այո, իշխանությունը՝ ոչ: Սառույցին գրվեցին ԼՂՀ-ի հետ ռազմաքաղաքական դաշինքի համաձայնագիրը, ԼՂՀ-ի ճանաչումը, բանակցելու նախապայմանները: 800 հեկտարի կորուստն անվանվեց անարժեք, վերադարձը՝ վտանգավոր՝ մարդկային կյանքերի գնի հետ համեմատած:

Թեպետ Հայաստանում մարդու կյանքը ոչ գին ունի, ոչ արժեք: Մարդու կյանքը միջոց է՝ պարբերաբար զրնգուն հայտարարություններում արժևորվելու, իրականում գրոշ չնշանակելու սկզբունքով: ԼՂ հարցը փաստացի մնաց նույն փակուղում՝ հոլովվեցին տարբեր քաղաքների ու սկզբունքների անուններ, իրականությունը մնաց նույն կետում՝ Բաքուն ուզում է սուբստանցիոնալ բանակցություններ, Երևանը՝ շփման գծում վերահսկողության միջոցների տեղակայում: Բանակցությունները շարունակվեցին Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում, Փարիզը հանդիպման վայր չդարձավ՝ բանակցային օրակարգի անհամաձայնության պատճառով: ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է գործել ու հայտարարություններ անել՝ նրանք միջնորդներ են, ավելին սպասել պետք չէ: Առավել ևս, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հարցի լուծումը տարբեր են տեսնում, ու դա ոչ թե խանգարում, այլ օգնում է մեզ: Եթե իսկապես ԱՄՆ-ը ու Ֆրանսիան Ռուսաստանին թողնեին նախաձեռնությունը ու կանխավ համաձայնեին նրա առաջարկներին, տոն էր լինելու Բաքվում, բայց ոչ Ստեփանակերտում ու Երևանում: Դա գիտեն բոլորը՝ թե՛ նրանք, որ պատրաստ են փոխզիջումների, թե՛ նրանք, որ ասում են՝ ոչ մի թիզ հող թշնամուն:


Եղան նաև այլ իրադարձություններ՝ Գյումրու ՌԴ ռազմաբազայի զինվոր Վալերի Պերմյակովը օգոստոսին դատապարտվեց ցմահ ազատազրկման յոթ Ավետիսյանների սպանդի համար: Ավետիսյանների իրավահաջորդները հայտարարում են, որ իրենց բոլորը խաբել են ու այդպես էլ չպարզվեց գլխավորը՝ ինչո՞ւ ռուս զինվորը մտավ իրենց տուն ու սպանեց քնած մարդկանց: Նրանք համոզված են, որ զինվորը միայնակ չի եղել, ու շարունակում են արդարություն պահանջել: Հիմա արդեն Եվրադատարանում: Չեն բացառում, որ նորից են փողոց դուրս գալու: Դատավարության սկզբից մինչև վերջ Պերմյակովը հայկական կողմին չհանձնվեց, ու հայտնի չէ՝ որտե՞ղ է կրելու պատիժը՝ Հայաստանո՞ւմ, թե՞ Ռուսաստանում: Դատավարության ընթացքում չհարցաքննվեցին ռազմաբազայի հրամանատարներն ու Պերմյակովի ծառայակիցները՝ նրանք Հայաստանում չեն:

«Զվարթնոց» օդանավակայանում օգոստոսի 26-ին ձերբակալվեց ու դատարանի որոշմամբ երկու օրից ազատ արձակվեց ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովը, ում Ինտերպոլը որոնում է զենքի ապօրինի վաճառքի ու փողերի լվացման մեղադրանքով: Հանելուկային ձերբակալություն ու ազատություն: ՌԴ քաղաքացին վերադարձավ տուն: Այդպես էլ չհասկացվեց` ինչո՞ւ ձերբակալվեց և ի՞նչ հիմքով ազատ արձակվեց: Նրա փաստաբանները հարցը որակեցին քաղաքական, նա երջանկություն համարեց, որ դեպքը Հայաստանում կատարվեց՝ որևէ այլ երկրում այդքան արագ ազատ չէր արձակվի: Մութ պատմություն, որ կարող էր սենսացիա դառնալ, եթե իրավական ընթացք ունենար: Հայաստանում ամեն ինչ է քաղաքականության մեջ:


Հենց քաղաքականության մեջ էլ պարզվեց, որ մենք հավերժ պարտք ենք Գազպրոմին ու հիմա էլ Մոսկվան Երևանի ջէկ-ն է ուզում՝ պարտքի դիմաց, թեպետ Երևանի ջէկ-ն աշխատել է Իրանից ստացված գազով: Այս անգամ կարծես՝ չենք տալիս, փակում ենք պարտքերը, ինչո՞վ ապստամբություն չէ:
Ապստամբության մասին՝ հուլիսի վերջին օրը՝ կեսգիշերին ավարտվեց «Սասնա ծռերի» ապստամբությունը, նրանք զենքը վայր դրեցին ու հիմա բանտում սպասում են իրենց ճակատագրի իրավական գնահատականին: Քաղաքականը սպառվեց: Նրանց աննախադեպ քայլի ու այդ քայլի հետևանքների տարբեր գնահատականներ են շրջանառվում: Նրանք ևս, ինչպես բոլոր նախորդները, ժողովրդին տուն ուղարկեցին՝ հայտարարելով, որ փորձում էին արթնացնել: Ո՞վ էր նրանց համոզել, թե ժողովուրդը քնած է: Ոստիկանության պարեկապահակային գունդ գրոհելով հեղափոխություն անելու անմտությունը ապացուցեցին հենց իրենք՝ չհասնելով ոչնչի և բավարարվելով բարոյական հաղթանակով, չոր հաշվարկում մնացին զոհերն ու վիրավորները: Հուսահատությա՞ն, թե՞ հերոսության պոռթկում:

Արկածախնդրություն: Երբ քո քայլերով վտանգում ես այլոց կյանքը, չես կարող քեզ հերոս համարել, որքան էլ ազնիվ նպատակներ հռչակես: Իշխանությունը չվախեցավ ու չէր վախենալու մի քանի զինյալներից: Իշխանությունը հետևություններ էլ չարեց, որ երկրում զինված ապստամբություն բարձրացնելու ունակ ուժեր կան, ու իր քայլերը պետք է շրջանակի իրավական ու բարոյական նորմերով: Ցուցարարների ու լրագրողների ծեծուջարդը, ձերբակալությունները՝ ապացույց: Ի՞նչ փոխվեց: Չգիտեմ: Իրեն չափահաս համարող ամեն մեկը իր քայլերը պետք է գնահատի արդյունքների տեսակետից: Արդյունքը քաղաքական տեսակետից համեմատելի չէ հետևանքների հետ՝ ոչ միայն ցավալի ու ցավոտ զոհերի պատճառով, այլև հերթական անգամ իշխանության անսասանությունն ապացուցելու: Ինչո՞ւ Խորենացու փողոցում չհավաքվեց կրիտիկական այն զանգվածը, որ ցանկացած երկրում ի զորու է իշխանափոխություն անելու: Այդ զանգվածը ձևավորող մարդիկ «Սասնա ծռերի» գործողություններում ու հայտարարություններում չտեսան ծրագիր, չհասկացան, թե ինչ է լինելու հետո, եթե նույնիսկ Սերժ Սարգսյանը հրաժարական տա, որ մեկ պահանջում, մեկ չէին պահանջում ՊՊԾ գնդում սոված ու անպաշտպան նստած զինյալները: Սէֆիլյանը մնաց բանտում, Սարգսյանը՝ Բաղրամյան 26-ում, ապստամբությունը ավարտվեց, հեղափոխությունը չկայացավ: Տարածքների հանձնման հարցը մնաց օդում կախված:

«Ապստամբության» միակ հետևանքը «Միայնակ գայլի» գյուղապետ առաջադրվելն է՝ հակառակ «Հիմնադիր խորհրդարանի» հորդորների, և վիրավորների վիրահատությունները, թերևս և դատավարությունները, որոնցով կզբաղեցնեն հասարակության ուշադրությունը մի քանի ամիս: Համարյա քաղաքական գործընթաց՝ բուն գործընթացի բացակայությամբ:
2017-ի խորհրդարանական ընտրություններից առաջ 2016-ի ամառը ևս մի առասպել սպանեց՝ իշխանության և ոչիշխանության 4+4+4 ձևաչափով համագործակցության արդյունքի: Ընտրական օրենսգրքի բարեփոխումները կորցրին կիրառական նշանակությունը՝ օգոստոսի վերջին ԿԸՀ-ն հայտարարեց, որ ժամկետը սպառվեց, քվեարկության ընթացքում տասը մատների մատնանշման համակարգի տեղակայման տեխնիկական պայմանը կատարված չէ՝ ֆինանսավորում չկա, լեհական ընկերությունը չի հասցնում, Քենեդիին խփեցին, նրանից էլ առաջ՝ Ֆրանց Ֆերդինանդին՝ Սարաևոյում, ու հիմա բոլորը միասին համագործակցության նոր տարբերակներ են որոնում ու նոր պայմաններ են առաջադրում՝ տեղնուտեղը հերքելով նպատակահարմարությունը: Պատգամավորներով, նախարարներով, ԱԺ աշխատակազմի ղեկավարով գիշերը ցերեկ էին անում, աշխատում ու աշխատում էին՝ փակ ու բաց, ելույթներ էին ունենում, հարցազրույցներ էին տալիս, զայրանում էին, ուրախանում էին, հույս էին հայտնում, համոզում էին, որ ԸՕ-ի փոփոխությունները երաշխավորում են արդար ընտրություններ, ու հիմա պիտի ասեն, որ հանուն այդ բարձր, շատ բարձր, փաստորեն անհասանելի բարձր նպատակի 16 միլիոն չգտնվե՞ց: Ինչո՞ւ էին մեծ քաղաքականությունից հեռացնում Գագիկ Ծառուկյանին, ուզեին՝ կտար, եթե Հովիկ Աբրահամյանի կառավարության աշխատանքի արդյունքում պետական գանձարանը ի վիճակի չէ այդքան մեծ գումարներ զոհել համապետական ընտրություններին: Եթե դոնորները վստահ չեն, որ իրենց հատկացրած գումարը նպատակային է ծախսվելու կամ գործելու է հանուն արձանագրված նպատակի: Հիմա նորից են խոսելու արդար ընտրություններ անցկացնելու քաղաքական կամքի մասին, ու դա այլևս ծիծաղելի չէ: Մարդը չի կարող իր ողբերգության վրա ծիծաղել:

Իսկ ընտրությունները կայանալու են: Ընտրական որևէ օրենսգիրք երբեք չի սահմանել ընտրակեղծիքները, որոնց պատճառով վիճարկվել են ընտրության արդյունքները, չի էլ կարող բացառել: Իրականությունը ավելի պարզ է՝ իշխանությունը հնարավորն անելու է վերարտադրվելու համար, կառավարելի ընդդիմությունը՝ իր տեղն ապահովելու, իրական ընդդիմությունը փորձելու է ոչ թե պատգամավորական մանդատներ ստանալ՝ խորհրդարանական ամբիոնից աշխարհացունց ելույթներ ունենալու ու ժողովրդական դիվանագիտությունը երկրից դուրս զարգացնելու համար, այլ համակարգային փոփոխությունների, որոնց անհրաժեշտությունը իշխանությունն էլ գիտակցում է, բայց ինքն իրեն չի կարող ապամոնտաժել: Լրատվամիջոցները շարունակելու են հայտարարել, որ երկրում չկա իրական ընդդիմություն ու չի կարող լինել, հետո զարմանալու են, որ ընտրությունների նախօրյակին ի հայտ եկավ ու հավակնություններ է ներկայացնում: Ի՞նչ է անելու ընտրողը: Քվեարկելու է, հետո փողոց է դուրս գալու: Նախագահական համապետական ընտրություններ այլևս չեն լինելու, կառավարման մոդելի փոփոխությամբ նախագահին խորհրդարանն է ընտրելու: 2018-ին լիազորությունների ժամկետի ավարտից հետո Սերժ Սարգսյանը Բաղրամյան 26-ի բանալիները հանգիստ կարող է տուն տանել, Հանրապետության հրապարակի Կառավարության շենքն է դառնալու քաղաքական թիվ մեկ հասցեն: ԱԺ ընտրություններին կես տարի է մնացել, երկրում չկան քաղաքական գործընթացներ՝ բոլորն ամեն ինչ գիտեն, ոչ ոք ոչինչ չգիտի: Այսպիսին էր ամառը, այսպիսին կլինի աշունը՝ հին, անկապ ավանդույթ է, իսկ մենք ավանդապաշտ ժողովուրդ ենք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Պաշտոնանկություննե՞ր: Կլինեն, ոչ առանցքային դեմքերի: Վարչապետի շուրջ ինտրիգները չեն դադարի, ինքն էլ դա չի ուզում ու վստահ է, որ պաշտոնավարելու է մինչև ընտրություններ: Իբրև վարչապետ մեծ օգուտ չկա իրենից, բայց իբրև պաշտոնանկված վարչապետ վտանգավոր կարող է լինել: ՏԻՄ ընտրությունները հեռուստաեթերը, թերթերի առաջին էջերը ու կայքերը կլցնեն: Մեծ ու մանր սենսացիաներ էլ կլինեն՝ տեղական նշանակության, ու կգա նոր տարին՝ հրեշտակների ու հակահրեշտակների համար: Մինչ այդ կրիայի պատյանից դուրս գալու և շուրջներս նայելու ժամանակ ունենք՝ տարածաշրջանին ու աշխարհին: Բայց ոչ թե սպասելու, թե էլ ի՞նչ ունեն մեզ ասելու, այլ՝ ի՞նչ ենք նրանց ասելու մենք: Հրեշտակները սավառնում են մեր գլխավերևում ու ծիծաղում՝ նրանք հակահրեշտակների կյանքից ոչինչ չեն հասկանում ու ժամանակը չեն բաժանում թեժ ամռան, աշնան, ձմռան, գարնան: Համենայն դեպս, բարի աշուն ձեզ:

Դիտվել է՝ 1685

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ