Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Այդ բնագավառն անչափ բարդ է, և բուլկի ուտելն այստեղ այնքան էլ դյուրին չէ

Այդ բնագավառն անչափ բարդ է, և բուլկի ուտելն այստեղ այնքան էլ դյուրին չէ
02.09.2016 | 08:50

Ասեմ` ծանոթ չեմ Ձեզ հետ և երբևէ մտքովս էլ չի անցել ծանոթանալ նման կարգի որևէ պաշտոնյայի հետ: Փա՜ռք Աստծո, այսօր ցանկացած պաշտոնյայի մասին կարելի է ցանկացած տեղեկություն ստանալ համացանցից, ինչպես նաև, եթե կարելի է օգտվել նման արտահայտությունից, ժողովրդական բանահյուսությունից, բնագավառ, որտեղ լավն ու վատը տարածվում են շատ արագ: Բերեմ մեկ օրինակ այդ «բանահյուսությունից»: Նախագծային մի կազմակերպություն տեղավորվել էր հրապարակին կից նախագծային ինստիտուտի շենքում: Որպես գյուղապետ հաճախ էի օգտվում այդ կազմակերպության ծառայություններից: Մի օր էլ գնացի կարևոր մի հարցով, և պարզվեց, որ նրանք տեղափոխվել են այլ փողոց: Իմ հարցին՝ ինչո՞ւ եք տեղափոխվել, պատասխանը շատ կարճ էր՝ արենդի գինը սեփականատերը բարձրացրել է:


Եվ ի՞նչ... Պարզվեց՝ այդ սեփականատերը հենց Դուք եք, պարոն Հարությունյան:
Փորձեցի համացանցով ծանոթանալ Ձեր՝ Արամ Հարությունյանի ով լինելուն: Ճիշտ է, համացանցում չկար որևէ տվյալ Ձեր ունեցվածքի մասին, բայց Ձեր առումով ժողովրդական բանահյուսությունը բավականին հարուստ է: Եթե քաղաքաշինության նախարարը առաջ կամ հետո դժվարությամբ է կարողացել սեփականացնել միլիոնավոր դոլարների արժողությամբ (անշուշտ, Դուք այն ձեռք եք բերել շան մսի գնով) հիմնովին մի կառույց, ապա բնապահպանության նախարար եղած ժամանակ ի՞նչը կխանգարեր Ձեզ օբյեկտներ ունենալ գեղատեսիլ Սևանի ափին, կամ էլ սեփականացնել որևէ հանք այս «աղքատ» երկրում:
Պարոն նախարար, հիշյալ մասով այդքանը, ու երբեք չմտածեք, թե չարությամբ եմ նայում Ձեր ունեցվածքին: Ամենևին:


Բայց մի բան ինձ զարմացնում է. ինչո՞ւ ոմն Լիսկայի մասին ԶԼՄ-ները այդքան «էնտուզիազմով» գրում են, իսկ իմ կարծիքով մեջտեղ կերած, եզր ման եկած Արամ Հարությունյանի մասին` համառորեն լռում: Հավանաբար այն պատճառով, որ Արամ Խաչիկի Հարությունյանը (Բուլկի մականունով) անցել է փառավոր աշխատանքային ճանապարհ:
Պատկերացնո՞ւմ եք, յոթ տարում Երևանի ճարտարապետաշինական ինստիտուտն ավարտած տղան... Բայց այստեղ մի փոքր կանգ առնենք և ուղղում մտցնենք երկու փաստերի ու թվերի միջև: Ձեր կենսագրության մեջ գրված է, թե 1985 թվականից մինչև 1992 թվականը սովորել և ավարտել եք Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտը: Իսկ փոքր ինչ ներքևում գրված է՝ 1985-1987 թվերին ծառայել եք խորհրդային բանակում:
Ա՜յ շնորհալի տղա եմ ասել, նույն թվերին և՛ խորհրդային բանակում է ծառայել, և՛ ինստիտուտում է սովորել: Ինչո՞վ բացատրել այս արտառոց իրողությունը:


Ըստ իս, բուլկի-տղեն շա՜տ-շատ շնորհալի է եղել, այնքան, որ 1988-1992 թթ. «Նաիրի» ագրոֆիրմայի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար է եղել: Եվ հերն էլ անիծած, որ ԽՍՀՄ-ը փլուզվել էր դեռևս 1991-ին: Չնայած հիշյալ կեղծիքներն այնքան էլ կարևոր չեն, որովհետև ավելի կարևորը Ձեր ստացած պարգևներն են, որոնց թիվը հասնում է շուրջ մեկ տասնյակի:
Մտածում եմ, լավագույն զինվորական ծառայության 2-րդ աստիճանի մեդալն ո՜ւր, մայրական երախտագիտության մեդալն ուր: Կամ «Սյունյաց արծիվներ» ՀԿ ոսկե մեդալն ինչու է տրվել Բուլկի Արամին: Այստեղ հիշեցի հայտնի առակի խոսքերը՝ արորն ուսին, ճանճը պոզին...
Եվ այդ տաղանդավոր բուլկի տղան փոխում է նախարարական պորտֆելները, ինչպես թաշկինակը: Եվ այստեղ կուզենայի կատարել հետևյալ հարցադրումը` Դուք ինչպե՞ս եք պատկերացնում ջրային կոմիտեում Ձեր աշխատանքը, ավելի ճիշտ՝ ընդհանրապես պատկերացնո՞ւմ եք այդ բնագավառի բոլոր նրբություններն ու բարդությունները:
Օգոստոսի 11-ին՝ ժամը 04.00-ին, գնացել եմ դաշտ, հավատալով, որ նախօրեին տված ջրի հերթը կհասնի ինձ: Եվ ի՞նչ, Մխչյանի ջրատարում մի կաթիլ ջուր անգամ չկար: Չփորձեցի տուն դառնալ, քանզի այլ աշխատանքներ կային դաշտում: Հենց դաշտում հանդիպեցի համագյուղացի Ցոլակին, որը, պարզվեց, ժամը 02.00-ին էր եկել դաշտ. նույնն էլ ինքն էր ասում՝ լոբին ջրելու համար, բայց իզուր: Հետո պարզեցի, որ ջրամղիչ պոմպերից մեկի խողովակը գիշերվա 00.30-ին շարքից դուրս էր եկել, իսկ երբ միացրել էին երկրորդը, այն էլ շարքից դուրս էր եկել ժամը 03.00-ին: Առավոտյան ժամը 11-ին դեռ ջրատարում ջուր չկար: Դա չէ ցավը, պարզապես կուզենայի հիշել ոչ վաղ անցյալից նման մի դեպք: Մխչյանի ջրհան կայանի տնօրենը վաստակաշատ մի մարդ էր` Ղազարոս Գալստյանը: Գիշերվա ժամը երեքին հերթապահը զանգահարում է, թե՝ երրորդ ջրամղիչ պոմպը դուրս է եկել շարքից, ինչպե՞ս վարվեմ: Պատասխանը լինում է շատ հստակ.


-Ոչ մեկին ոչ մի խոսք, միացրեք չորրորդ՝ պահեստային պոմպը, սկսեք շարքից դուրս եկած պոմպի նորոգումը, կես ժամից տեղ եմ հասնում:
Առավոտյան ժամը 7-ին երրորդ պոմպն արդեն պատրաստ էր աշխատանքի: Ոչ մեկի մտքով անգամ չի անցել, թե ինչ է կատարվել գիշերը պոմպակայանում: Այստեղ կուզենայի հարցնել՝ հարգելի ջրային պետական կոմիտեի հարգելի մականունով պաշտոնյա, Դուք ե՞րբ իմացաք կատարված վթարների մասին և ի՞նչ միջոցներ ձեռնարկեցիք: Ջրառի պետը Ձեզ զեկուցե՞լ էր կատարվածի մասին, թե՞ գերադասել էր լռել, որովհետև չար լեզուներն ասում են, որ արգելել եք առանց Ձեր իմացության մեխանիկական ջուր տալ գյուղացուն: Ճի՞շտ է, որ փորձում եք ՋՕ-ի պետերի և ջրառի միջև եղած կապը վերահսկելի դարձնել Ձեզ համար ցանկալի ձևով: Ճիշտ է, պարոն նախարար, խնայողությունը լավ բան է, եթե այդ խնայողությամբ միաժամանակ կարողանում եք ապահովել անխափան ջրամատակարարում: Ինչը չի ստացվում Ձեր պարագայում: Ինչո՞ւ... Որովհետև այդ բնագավառն անչափ բարդ է և բուլկի ուտելն այստեղ այնքան էլ դյուրին չէ:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ. Գ. 1. Պարոն նախարար, չգիտեմ ինչու հիշեցի հայ բանաստեղծին, որը հայրենիքը համարում էր ճոխ արոտավայր հարուստների ցոփ: Ասեմ, պարոն նախարար, որպեսզի այդ արոտավայրը փարթամ լինի և կանաչ, մի՛ փորձեք անիմաստ խնայողություն իրականացնել, քանզի բոլորի համար էլ պարզ է, թե այդ խնայողության արդյունքից ով ինչ է փորձում շահել:
Գյուղացու երեխան խրամատում «լապատկան» ձեռքին կռվում է թշնամու դեմ և հաղթում, իսկ Ձեզ նմանները դեռևս անհրաժեշտ եզրահանգման չեն գալիս:
Հ.Գ. 2. Սույն զրույցն օրեր առաջ ուղարկել էի լրատվամիջոցներից մեկին («Իրատեսն» արձակուրդում էր): Եվ ի՞նչ... Մինչ օրս որևէ արձագանքի չարժանացա: Ինձ թույլ եմ տալիս եզրակացնել՝ խմբագիրը, հավանաբար, բուլկի շա՜տ է սիրում:

Դիտվել է՝ 2637

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ