Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Բոլորն ընդդեմ բոլորի

Բոլորն ընդդեմ բոլորի
02.09.2016 | 08:54

Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ գործընթացում նկատվող որոշակի, հավանաբար ժամանակավոր պասիվությունը կարծես հնարավորություն տվեց հայաստանյան քաղաքական դաշտի հիմնական դերակատարներին ավելի ակտիվ հայացք նետելու հայաստանյան առաջիկա ներքաղաքական զարգացումներին: Բնականաբար, խոսքն առաջին հերթին վերաբերում է իշխանական համակարգի վերաձևման գործընթացին, որի գագաթնակետը գոնե ֆորմալ առումով պետք է լինեն հաջորդ տարվա գարնանը նախատեսվող խորհրդարանական ընտրությունները:


Պետք է նշել, որ թեև, ինչպես և սպասվում էր և բազմիցս կանխատեսվում, 4+4+4 ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածություններն ընտրական օրենսգրքի շուրջ ի վերջո տեխնիկական կամ ֆինանսական դրդապատճառներից ելնելով չեն կատարվել, այնուամենայնիվ, կարծես թե ավանդական ընդդիմությունն այդ փաստն այնքան էլ ծանր չի տանում։ Իսկ մյուս կողմը՝ իշխանությունը, փորձում է ամենատարբեր մակարդակի պաշտոնյաների միջոցով խոստանալ, որ ընդդիմադիրների բազմամյա երազանքն ընտրություններից հետո ընտրացուցակների հրապարակման վերաբերյալ կիրականանա։ Այսպիսով կարելի է ասել, որ քաղաքական նախկին պայմանավորվածությունները թե՛ ընտրական օրենսգրքի շուրջ, թե՛ ամենակարևորը՝ ապագա խորհրդարանում «խոհեմ» ընդդիմության տեղերն ապահովելու առումով, ամեն դեպքում ուժի մեջ են մնալու։ Ընդ որում, յուրաքանչյուր կողմը ֆորմալ տեսակետից կպահպանի իր դեմքը։


Այս առումով հասկանալի է, որ քաղաքական զարգացումները, բացի երևացող կոմպոնենտից, թերևս ավելի շատ պարունակում են հանրությանն անտեսանելի կամ քողարկված բաղադրիչ: Վերջինս լեցուն է առաջին հերթին իշխանության ներսում առկա ինտրիգներով, իշխանական տարբեր խմբերի միջև բավականին սուր քաղաքական և, իհարկե, ֆինանսատնտեսական հակասություններով, որոնք թեպետ փորձ է արվում քողարկել, բայց դա, որպես կանոն, դժվար իրագործելի խնդրի է վերածվում:


Որպես վերոնշյալ գործընթացի յուրահատուկ տեսանելի կատալիզատոր կարելի է դիտարկել արդեն մոտ ժամանակներս մի շարք բնակավայրերում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Եվ այստեղ արդեն ակնհայտ է դառնում, որ Սերժ Սարգսյանին շրջապատող իշխանական խմբավորումները շատ կոնկրետ և ամենակարևորը՝ տարբեր հետաքրքրություններ ու շահեր ունեն, որոնք արտահայտվում են թե կոնկրետ թեկնածուների ընտրության հարցում, թե տեղերում նկատվող բաց և ավելի շատ քողարկված ուղղակի հակամարտությունների տեսքով։ Եվ սա հասկանալի է, քանի որ խորհրդարանական կարևորագույն ընտրությունների շեմին իշխանական ազդեցիկ խմբավորումներից յուրաքանչյուրը փորձելու է տեղերում իր ազդեցությունն ամրապնդելու կամ լծակներին տիրանալու միջոցով ավելացնել սեփական կազմակերպչական, վարչական, ուրեմն նաև հետագայում բանակցային ռեսուրսները (առաջիկա ներիշխանական առևտրի համար)։
Ամենայն հավանականությամբ, արդեն մոտ օրերս մենք ականատես կլինենք ՏԻՄ ընտրությունների շուրջ որոշ էքսցենտրիկ դրսևորումների՝ առաջին հերթին իշխանական տարբեր՝ տեղական և կենտրոնական շահագրգիռ քաղաքական և օլիգարխիկ խմբերի կողմից: Այս ամենը տեղի է ունենում կառավարության լծակների և իհարկե առաջին հերթին վարչապետի պաշտոնի շուրջ վերջին շրջանում ակնհայտորեն աշխուժացած ներիշխանական պայքարի ֆոնին: Բնականաբար, խնդիրն արդիականացնում է Սերժ Սարգսյանի առայժմ ոչ հստակ արտահայտված դիրքորոշումն իր քաղաքական ապագայի շուրջ, ինչը բոլոր մրցակցող և բավականին հավակնոտ իշխանական խմբավորումներին և, այսպես կոչված, էլիտաներին դրդում է ինքնադրսևորվելու կամ նույնիսկ գուցե ժամանակից շուտ ինքնաբացահայտվելու:


Այս պարագայում բավականին հետաքրքիր երանգ են ստանում ներկայումս Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Արմեն Գևորգյանի շուրջ նկատվող զարգացումները: Նախ՝ համապատասխան տեղեկատվական արտահոսքի միջոցով հանրությունը և քաղաքական դաշտը տեղեկացվեցին, որ իշխանական վերնախավում Արմեն Գևորգյանը դիտարկվում է որպես Հովիկ Աբրահամյանին վարչապետի պաշտոնում փոխարինող թեկնածու: Իսկ որոշ ժամանակ անց հրապարակվեց արդեն Արմեն Գևորգյանի՝ «Մեդիամաքս» լրատվական գործակալությանը տված ծավալուն և մեթոդաբանությամբ, այնուամենայնիվ, քարոզչական բնույթի հարցազրույցը: Դրանում, ինչպես պնդում է մամուլը, վարչապետի հավակնորդ հանդիսացող գործիչը, բնականաբար, չի հաստատում տարածվող լուրերը, սակայն բավականին մեծ տեղ է հատկացնում տնտեսական քաղաքականությանը վերաբերող իր պատկերացումներին և տեսլականներին, ինչը փորձագիտական շրջանակներում անմիջապես գնահատվեց որպես սեփական հավակնություններն արտահայտելու վատ քողարկված փորձ:


Հետաքրքիր է, որ նույն հրապարակման մեջ հատուկ տեղ էր հատկացված նաև պարոն Գևորգյանի անվան շուրջ տարածվող այլ սկանդալային լուրերի, որոնք, ի դեպ, առաջ եկան հենց Արմեն Գևորգյանի հնարավոր վարչապետի թեկնածու լինելու մասին տեղեկությունների տարածման շրջանում, և որոնք, ըստ շրջանառվող գնահատականների, հենց մրցակից իշխանական խմբավորումների ձեռքի գործն են: Ընդ որում, չի բացառվում, որ սա այն բացառիկ դեպքերից մեկն է, երբ համընկան թե իշխանության հովիկաբրահամյանական «հին գվարդիայի» և թե նրանց փոխարինելու հավակնություններ ունեցող «երիտասարդ գվարդիայի» (գոնե մի հատվածի) քաղաքական և նույնիսկ կենսական շահերը: ՈՒշագրավ է, որ «պատվիրատուների» վերաբերյալ ուղղակի ակնարկներ արեց նաև Ազգային անվտանգության խորհրդի ներկայիս քարտուղարը: Բնականաբար, պարոն Գևորգյանը բարձրաստիճան պաշտոնյաներին բնորոշ «գործիքակազմով» և մեթոդաբանությամբ փորձեց բացատրել իր և իր ընտանիքի ու հարազատների բիզնես գործունեության, պատկառելի հարստությունների շուրջ հայտնի հրապարակումներում տեղ գտած տեղեկությունները:

Սակայն այստեղ ուշադրության է արժանի ևս մի նրբերանգ. պարոն Գևորգյանն իր հարցազրույցի ընթացքում ոչ մեկ անգամ, այսպես ասած, «հընթացս» արձանագրեց իր ձեռք բերած փորձառությունը և «նոր կապերը», որոնցով հարստացել է պետական համակարգը լքելուց հետո ԱՄՆ-ում սովորելու և վերապատրաստվելու կարճ ժամանակաշրջանի ընթացքում: Սա կարելի է ընկալել որպես յուրահատուկ «մեսիջ» արտաքին քաղաքական որոշ խաղացողների՝ թե աջակցության ակնկալիքների առումով, թե նույնիսկ ապագա թիմի ու ծրագրերի հեռանկարների տեսանկյունից: Իսկ որ աշխարհաքաղաքական նախասիրությունները և այսօր, և ապագա իշխանության ձևավորման գործընթացներում շարունակելու են առավել մեծ նշանակություն ունենալ, վկայում են թեկուզ ռուսաստանամետ լրատվամիջոցների որոշ սուր արձագանքները հայաստանյան ներքաղաքական և առաջին հերթին ներիշխանական և աշխարհաքաղաքական զարգացումներին։ Օրինակ, «Եվրազիա դեյլի» (www.eadaily.com) վերլուծական լրատվական գործակալությունը «ԱՄՆ «գործակալները» Հայաստանում. հետախուզական կենտրոն-դեսպանատունը որպես ազդեցության խորհրդանի՞շ» խոսուն վերնագրով վերլուծականում ուղղակիորեն գրել է հետևյալը. «Նախագահ Սերժ Սարգսյանին շրջապատող երիտասարդ սերունդն աչքի է ընկնում իր արևմտամետությամբ»։ Իսկ որպեսզի որևէ կասկած չլինի, թե ում է վերաբերում խոսքը, կոնկրետացնում է. «Դրանք Հայաստանի առաջնորդի աշխատակազմի գլխավոր ֆունկցիոներներն են, որոնց հետ ամերիկացիները ձևավորել են բավականին վստահելի երկխոսություն»: Ավելին, ռուսաստանյան իշխանական որոշ ազդեցիկ շրջանակներին մոտ կանգնած լրատվական ռեսուրսն ամփոփում է, որ «Հայաստանում առկա նման «հետախուզական կենտրոն-դեսպանատան» և ՀՀ նախագահի աշխատակազմի «երիտասարդ գվարդիայի» հետ մշտապես պահպանվող ակտիվ կոնտակտների պարագայում ԱՄՆ-ը «գործակալների» առանձնապես կարիք էլ չունի»:


Ինչևէ, նման պայմաններում հասկանալի է, որ Ռուսաստանում առավել շահագրգիռ և նյարդային ուշադրությամբ են սկսել հետևել հայաստանյան քաղաքական բիզնես և օլիգարխիկ էլիտայի որոշ ներկայացուցիչների նկրտումներին և այս առումով կարծես թե բավականին բացասական են վերաբերվում ՀՀ նախագահի աշխատակազմի բարձրաստիճան «ֆունկցիոներների» հեռանկարներին՝ լինի դա առանձին-առանձին, թե ԱԺ նախագահ-վարչապետ հնարավոր ապագա տանդեմով: Չի բացառվում, որ անպատասխան չի մնա նաև օրերս ԱՄՆ-ի պահանջով Երևանի օդանավակայանում Ռուսաստանի քաղաքացուն ձերբակալելու մութ պատմությունը, որն ավելի շատ նման է դեմարշի:


Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանին և նրա թիմին, ապա վերջինս օրերս կարծես թե նոր ազդակ ստացավ հավանաբար նախագահական նստավայրից, որ իր շուրջ ծանր ու մութ ամպեր են կուտակվում: Մասնավորապես, առաջին կիսամյակի տնտեսական լավատեսական ցուցանիշների շուրջ Հովիկ Աբրահամյանի հաղթական զեկույցների ֆոնին հանկարծ Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) ազդարարեց, որ հուլիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը կտրուկ անկում է արձանագրել՝ մոտ 4,8 %: Բնականաբար, սովորաբար կոնֆորմիստական վարքագծով աչքի ընկնող ԱՎԾ-ի այս հրապարակումը քաղաքական և փորձագիտական շրջանակներում գնահատվեց որպես իշխանության ամենավերին օղակից ստացած հանձնարարություն, որը գուցե հող պետք է նախապատրաստի ապագա փոփոխությունների համար: Առավել ևս, որ մոտ ապագայի համար կարծես ավելի տագնապալի միտումներ են նկատվում՝ առաջին հերթին կապված նրա հետ, որ արդեն չորրորդ ամիսն է, ինչ պետեկամուտների կոմիտեին չի հաջողվում ապահովել պետական բյուջեի հավաքագրման նախատեսված ցուցանիշները: Ավելին, հիմնականում կանխավճարների ու գերավճարների հիման վրա կառուցված մեթոդաբանությունն իրեն սպառել է:


Հետաքրքրական է, որ Հովիկ Աբրահամյանի համար հենց այս տագնապալի լուրերի ֆոնին ի հայտ եկան վարչապետի խնամու՝ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքական դաշտ վերադառնալու մասին լուրերը և որոշ գործիչների ու բնականաբար «աշխատավորների» խնդրանք-հորդորները՝ ուղղված ԲՀԿ նախկին ղեկավարին: Իսկ Հովիկ Աբրահամյանն էլ առիթը բաց չթողեց, որպեսզի Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահի հետ մեկնի օդանավակայան և այնտեղ բազմաթիվ հեռուստախցիկների ներքո դիմավորի մեր օլիմպիական հերոսներին:


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2278

Մեկնաբանություններ