Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արցախ. Իրանն ու Ռուսաստանը չեն արագացնում իրադարձությունները, իսկ ԱՄՆ-ը «շտապում» է

Արցախ. Իրանն ու Ռուսաստանը չեն արագացնում  իրադարձությունները, իսկ ԱՄՆ-ը «շտապում» է
02.09.2016 | 08:59

Թեև սեպտեմբերն է արդեն, սակայն օգոստոսն այնքան շատ իրադարձություններ բերեց, որ անհնար է դիմանալ դրանք վերլուծելու գայթակղությանը: Տարբեր լրատվամիջոցներ, անդրադառնալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իրանի, Ադրբեջանի, Թուրքիայի ու Հայաստանի նախագահների մասնակցությամբ տխրահռչակ «բանակցային մարաթոնին», անհայտ պատճառներով մոռանում են անցած բարձր մակարդակի հանդիպումները գնահատելիս ճշտել իրադարձությունների ու հնչած հրապարակային հայտարարությունների ժամանակագրությունը: Օրինակ, գրեթե ոչ ոք ուշադրության չառավ այն, որ մինչ Բաքվում Ռուսաստանի, Իրանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, օգոստոսի 7-ին սկզբում Ապշերոն էր եկել Հասան Ռոհանին և հասցրել երկկողմ բանակցություններ վարել Իլհամ Ալիևի հետ: Երեք նախագահների ստորագրած Բաքվի հռչակագրում, դրա ենթատեքստերում և այն ամենում, ինչ լրատվամիջոցներում գրվեց այն մասին, թե ինչպես կարող էին անցնել Արցախի վերաբերյալ եռակողմ հանդիպումները, այդ երանգը պետք է համարել խիստ կարևոր. չէ՞ որ հազիվ թե Ռոհանին առիթը բաց թողներ Իրանի բարձրաստիճան ղեկավարության դժգոհությունը հայտնելու այն կապակցությամբ, որ այս տարվա ապրիլին Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողություններն ընդգրկում էին նաև Հյուսիսային Իրանին անմիջականորեն սահմանակից վայրերը: 2006 թ. մայիս-հունիսի իրանական «նախազգուշացումների» փորձից իմանալով, թե Իրանի բարձրաստիճան պաշտոնատար անձինք ինչպես են սովոր իրենց «մտահոգությունը» հայտնելու Ադրբեջանի նախագահին, կարելի է ենթադրել նաև, որ առերես շփման ժամանակ Ռոհանին կարող էր դիմել նաև բացահայտ սպառնալիքների: Ալիևն իր հերթին 2006 թվականից հաստատ գիտե, որ Իրանի սպառնալիքները դատարկ խոսք չեն, բացի այդ էլ նրա «աչքի առաջ» էին Իրանի հետ սահմանից ոչ հեռու գտնվող Շիրվան ավանում հուլիսին տեղի ունեցած պայթյուններն ու խոշոր պաշտպանական-արդյունաբերական համալիրի գրեթե լիակատար հրկիզումը:


Կարծում ենք, ինչ-ինչ նոր տարածաշրջանային պայմանավորվածություններին Իրանի մասնակցությունից էլ հենց պետք է սկսել այն ամենի վերլուծությունը, ինչ հնչել, ստորագրվել և մեկնաբանվել է Պուտին-Ռոհանի-Ալիև, Պուտին-Էրդողան և Պուտին-Սերժ Սարգսյան բանակցությունների կապակցությամբ: Բանն այն է, որ Ռուսաստանի և Հայաստանի նախագահների բանակցությունների ավարտից անմիջապես հետո Իրանի արտգործնախարար Մոհամմադ Զարիֆը օգոստոսի 11-ին մեկնեց Անկարա և հանդիպում ունեցավ իր թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ, նպատակ ունենալով, ինչպես նշեցին Իրանի և Թուրքիայի լրատվամիջոցները, «քննարկել երկկողմ համագործակցության հարցերն ու տարածաշրջանային խնդիրները»: Զարիֆը հանդիպում է ունեցել նաև Էրդողանի հետ, սակայն, պաշտոնականից բացի, Թուրքիայի նախագահի հետ բանակցությունների վերաբերյալ այլ տեղեկություններ չկան: Փոխարենը հայտնի է, որ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Զարիֆն ընդգծել է Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի կարևոր դերը Մերձավոր Արևելքում: «Թեհրանը, Մոսկվան և Անկարան առանցքային դերակատարներ են տարածաշրջանում: Մենք պետք է համագործակցենք և մշտապես լուծումներ գտնենք դժվարին կացություններում: Անգամ եթե մեր երկրների միջև կան նաև տարաձայնություններ, դրանք բոլորը պետք է հաղթահարվեն երկխոսության միջոցով»,- Իրանի արտգործնախարարի խոսքերն է մեջբերում Press TV անգլալեզու հեռուստաալիքը: Իր հերթին Թուրքիայի արտգործնախարարը Թեհրանին շնորհակալություն է հայտնել ձախողված պետական հեղաշրջման ժամանակ թուրքական կառավարությանը ցուցաբերած աջակցության համար: Չավուշօղլուի խոսքերով, «Իրանը խռովությունը դատապարտած առաջին պետությունն էր»:


Զարիֆի այդ հայտարարությունները թույլ են տալիս հասկանալ, թե ինչի են ձգտել հասնել Ռուսաստանն ու Իրանը իրենց «մաքոքային բանակցություններում»: Ընդ որում, հասկանալի է, թե ինչու Ռուսաստանից ոչ ոք չգնաց Թուրքիա, ընդհակառակը, օգոստոսի 9-ին Էրդողանն ինքը մեկնեց Սանկտ Պետերբուրգ. թուրքերն իրենց «պարտքի տակ» են զգում ոչ միայն Իրանի հանդեպ՝ հուլիսի 15-16-ի իրադարձությունների կապակցությամբ, այլև Ռուսաստանի հանդեպ: Վերջապես, ո՛չ Իրանը, ո՛չ Ռուսաստանը չեն թաքցրել, որ եռակողմ հռչակագրում հիշատակված «տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման» և «հակաահաբեկչական պայքարի» առումով Թեհրանի և Մոսկվայի համար Սիրիայի հակամարտությունը շատ ավելի կարևոր է, քան արցախաադրբեջանական հակամարտության հետ կապված իրադրությունը: Պահպանելով այն թեզը, որ անթույլատրելի է Մերձկասպյան տարածաշրջանում արտատարածաշրջանային երկրների «գործողությունների ազատությունը», միևնույն ժամանակ հաշվի առնելով Զարիֆի խոսքերը, նկատելի է, որ Իրանն ու Ռուսաստանը պատրաստ են ներգրավելու-«ներքաշելու» Թուրքիան. բայց ինչո՞ւմ: Այն, ինչ չասաց կամ «սվաղեց» Պուտինը Էրդողանի հետ հանդիպման ժամանակ, այն, ինչ առայժմ լռության է մատնում ՌԴ ԱԳՆ-ն ի պատասխան Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Էրդողանի ու Չավուշօղլուի բարձրագոչ հայտարարությունների, այդ ամենը դիվանագիտորեն, սակայն կոշտ ձևակերպել է Զարիֆը. Թեհրանն ու Մոսկվան Անկարայից համագործակցություն են սպասում միայն Մերձավոր Արևելքում, այսինքն, Սիրիայում և Իրաքում, բայց ոչ երբեք Անդրկովկասում:

Իրոք, Ալիևի հետ Պուտինի և Ռոհանիի խոսակցությունը, ինչպես նաև Էրդողանի հետ Պուտինի խոսակցությունը վերաբերել է նաև Սիրիային և մինչ օրս էլ Թուրքիայի բարեհաճությունը վայելող ահաբեկչական խմբավորումների դեմ մղվող պայքարին: Իսկ Ադրբեջանը «աչքի է ընկել» նրանով, որ ամբողջ աշխարհին է հայտնի, որ այդ երկրի քաղաքացիների շատ խմբեր մասնակցում են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող մարտական գործողություններին, և հետո այդ զինյալները շատ հանգիստ վերադառնում են իրենց տները: Իսկ ապրիլին լուրեր տարածվեցին, որ Արցախի դեմ մղվող մարտերում Բաքուն գործի է դրել նաև նրանց, ովքեր «փորձ են կուտակել» Սիրիայում տեղի ունեցող պատերազմական գործողությունների ժամանակ: Ի վերջո, պարզվեց, որ «սիրիական թեման» շոշափվել է նաև Պուտին-Սարգսյան բանակցություններում, թեև, կարծես, Հայաստանն առհասարակ ամբողջ պատերազմի ընթացքում առանձնապես չի «երևացել» Սիրիայում, իսկ հիմա, առավել ևս հուլիսի երկրորդ կեսին Երևանում տեղ գտած անկայունությունից հետո և Արցախի հարցի շուրջ Պուտին-Սարգսյան-Ալիև ևս մեկ եռակողմ հանդիպման նախօրեին, Երևանը կարծես առհասարակ պետք է անելիք չունենա Մերձավոր Արևելքում:


Այսպիսով, Ռուսաստանի նախագահի օգոստոսյան «բանակցային եռօրյան» երիզվեց Իրանի նախնական և եզրափակիչ դիվանագիտական «գրոհներով», համապատասխանաբար ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի: Մեր կարծիքով, դա ուրվագծում է Մոսկվայի և Թեհրանի իրական շահագրգռությունների պատկերը՝ ադրբեջանական և թուրքական կողմերի հանդեպ կանխիչ միջոցառումների առումով: Իսկ Արցախը Իրանին ու Ռուսաստանին, ամենայն հավանականությամբ, երկրորդ հերթին է հետաքրքրում. նախ և առաջ այն առումով, որ կողմերին (այդ թվում՝ Հայաստանին) նախազգուշացնեն, որ Ռուսաստանի և Իրանի իշխանությունները լուծում են հենց հայերի ու ադրբեջանցիների միջև լարվածության թուլացման (ինչպես և հայտարարեց Պուտինը), վերջին հաշվով Արցախում ռազմական գործողությունների նոր բռնկում թույլ չտալու խնդիրը: Հատկանշական է, որ օգոստոսի 7-ից՝ «բանակցային մարաթոնն» սկսվելուց մի քանի օր առաջ միայն Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի լրատվամիջոցները շտապեցին ապագա հանդիպումները ներկայացնել գրեթե որպես «վճռորոշ փուլ» հենց «արցախյան կարգավորման» համար: Ընդ որում` բոլոր երեք երկրներում տարբեր փորձագետներ ու քաղաքագետներ, վկայակոչելով «Կրեմլի աղբյուրները», իբրև կատարված փաստ էին ներկայացնում այն, թե, իբր, «Ռուսաստանը դավաճանում է Հայաստանին», «Ռուսաստանը Հայաստանին կստիպի հանձնել Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքները», «Ռուսաստանը Թուրքիային ներգրավում է հայերի վրա ճնշում գործադրելու համար» և այլն, և այլն:

Կարծիքների զարմանալիորեն տարօրինակ զուգադիպություն, ընդ որում, ասես խոսքները մեկ արած, նման կործանարար տեսությունների ու «կանխատեսումների» կողմնակիցները սկզբունքորեն լռության էին մատնում այն, որ, բացի Ռուսաստանի գերակտիվությունից, ընդգծվում է նաև Իրանի գերակտիվությունը «դիվանագիտական անդաստանում», և Թեհրանն էլ է խփում թե՛ Բաքվին, թե՛ Անկարային: Օրինակ, Ռուսաստանի և Իրանի պաշտոնական շրջանակները չէին ընդգծում Արցախի թեման, երբ հրապարակում էին Բաքվում և Անկարայում կայանալիք բանակցությունների օրակարգը:


Փոխարենը հայտնի է, թե ով էր անուղղակիորեն, դիտարկվող տարածաշրջանային «բանակցային մարաթոնն» սկսվելուց ուղիղ երկու օր առաջ, պաշտպանում, այսպես կոչված, «Մինսկի գործընթացի» փաստացի կազմաքանդման՝ Թուրքիայի և Ադրբեջանի նորագույն պլանը: Որքան էլ տարօրինակ լինի, դա ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքն էր: Այստեղ մի ոչ մեծ նախապատմություն կա: Համեմատաբար վերջերս Բաքու կատարած իր այցի ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, թե հուլիսի 18-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները գալու են Անկարա՝ քննարկելու ղարաբաղյան հարցը: Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել էր նաև այդ հարցում Ռուսաստանի հետ եղած փոխըմբռնման մասին: Սակայն, իբր, Թուրքիայում ձախողված զինվորական հեղաշրջման և հետագա իրադարձությունների պատճառով համանախագահների այցը չեղարկվել է: Հիշում եմ Ռուսաստանի ԱԳՆ-ի արձագանքը (էլ չեմ խոսում Հայաստանի ԱԳՆ-ի արձագանքի մասին). մի՞թե Թուրքիան որևէ կառուցողական բան ունի: Եվ ահա օգոստոսի 5-ին պարոն ՈՒոռլիքը, իր հայտարարությունն ասես հարմարեցնելով այն ժամանակին, երբ Պուտինը Բաքու մեկնելուց առաջ հարցազրույց էր տալիս ադրբեջանական «Ազեր Թաջ» գործակալությանը, դարձյալ ադրբեջանական մեկ այլ գործակալության՝ ԱՊԱ-ի, հայտարարում է, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահները «ցանկացած պահի պատրաստ են Անկարա այցելելու Թուրքիայի բարձրաստիճան անձանց հետ հանդիպում ունենալու համար», և որ ինքը պատրաստ է «ցանկացած ժամանակ» նրանց (այսինքն, Ռուսաստանն ու Ֆրանսիան ներկայացնող համանախագահներին) տանելու Անկարա: ՈՒոռլիքն ասել է, որ միջնորդները հրավերի են սպասում՝ այցի կոնկրետ ժամկետներ որոշելու համար. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով խորհրդակցելու համար մենք արդեն այցելել ենք Մինսկի խմբի անդամ բոլոր երկրների մայրաքաղաքներ: Մենք բարձր ենք գնահատում Թուրքիայի պաշտոնատար անձանց հետ կարծիքներ փոխանակելու հնարավորությունը, այն աջակցությունը, որ նրանք ցուցաբերում են բանակցային գործընթացում առաջադիմության հասնելու և բռնության վտանգը նվազեցնելու համար»:


Խաբեություն է. միայն սա կարելի է ասել ինչպես Թուրքիայի այն հայտարարությունների առթիվ, որ Ռուսաստանը «ճնշում է գործադրում Հայաստանի վրա», և որ Արցախի հարցում Անկարայի և Մոսկվայի դիրքորոշումները զուգադիպում են, այնպես էլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ «Անկարա մեկնելու» պատրաստակամության մասին ՈՒոռլիքի հայտարարության առնչությամբ: Թեկուզ և այն պատճառով, որ օգոստոսի 11-ին, այսինքն, Պուտին-Սարգսյան բանակցությունների ավարտից հետո, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախընտրեց հեռախոսային խոսակցություն ունենալ իր ֆրանսիացի պաշտոնակից Ժան-Մարկ Էյրոյի հետ և ոչ թե ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի: Եվ խոսակցության ժամանակ Ռուսաստանի ու Ֆրանսիայի արտքաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան ոչ միայն ՈՒկրաինային, «նորմանդական քառյակին» ու Ղրիմին, այլև լրջորեն քննարկեցին Սիրիայի և Արցախի հարցերը: Ըստ էության, ստացվում է, որ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի շրջանակներում խաղաղ միջնորդությանը մասնակցում է ստվերային Թուրքիան՝ ի դեմս պարոն ՈՒոռլիքի: Երևի դա տեղի է ունենում այն պատճառով, որ Ռուսաստանի ու Իրանի իշխանություններին Անկարայի անմիջական դիմումների առնչությամբ թուրքական կողմն առայժմ չի ստանում այնպիսի պատասխան, որը լիովին բավարարեր ԱՄՆ-ին, բուն Թուրքիային ու Ադրբեջանին։ Բայց հատկանշական է, որ խիստ ակտիվացել են նաև Մոսկվայի ներսում գործող տխրահռչակ «թուրքական լոբբիի» ներկայացուցիչները՝ ինչպես իշխանամետ, այնպես էլ «ազատական» փորձագետների, մեկնաբանների մակարդակի։


Իհարկե, միաժամանակ պետք չէ թերագնահատել այն փաստը, որ ԼՂՀ-ի շրջակա, այսպես կոչված, անվտանգության գոտու տարածքների հարցը մշտապես թե՛ շահի, թե՛ ճնշման օբյեկտ է՝ հասկանալի պատճառներով հիմնականում հայկական կողմերի վրա։ Այդ հարցն առաջադրված է նաև տխրահռչակ «Մադրիդյան սկզբունքներում», որոնց շուրջ շարունակում են պտտվել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ կապված բոլոր բանակցություններն ու կոնսուլտացիաները։ Այս կապակցությամբ, կարծում ենք, ժամանակն է և անհրաժեշտ է հիշեցնել, որ այդ նույն «սկզբունքներն» առաջին անգամ 2006 թ. հիշատակեց ԵԱՀԿ ՄԽ այն ժամանակվա համանախագահ և Ադրբեջանում ԱՄՆ-ի ապագա դեսպան Մեթյու Բրայզան, դրանք հրապարակելով Բաքվում ու Երևանում։ Այնտեղ ամեն ինչ կար. թե՛ ԼՂՀ-ի շրջակա անվտանգության գոտու տարածքների նախնական հանձնում, թե՛ այդ տարածքում ադրբեջանցիների շատ արագ բնակեցում, թե՛ հակամարտության գոտում ինչ-որ «միջազգային ուժերի» գրեթե ինքնաբերական տեղաբաշխում, որոնց նույն Բրայզան փոքր-ինչ անց փորձեց «միջազգային ոստիկանության» բնույթ հաղորդել՝ Բոսնիա-Հերցեգովինայում և Կոսովո-Մետոխիայում անցկացված գործողության նման։ Ինչպես հայտնի է, հիմա դրանք նույն «Մադրիդյան սկզբունքների» առանձին կետեր են։ Իսկ 2009 թ. Հայաստանի արտգործնախարարությանը ուղղակի ստիպեցին քննարկել «Բրչկոյի միջանցքի» կարգավիճակը... Բերձոր-Լաչինի համար։ Երևանի իրազեկ մարդիկ այն ժամանակ շտապով տագնապ հնչեցրին, ասելով, թե ԱՄՆ-ը որոշել է Արցախի համար նախապատրաստել «ղարաբաղյան Դեյթոնի» նման մի բան, որը, ըստ էության, վերջ դրեց Բոսնիայի Սերբական Հանրապետության (ԲՍՀ) անկախությանը, և իրենց առարկությունները ներկայացրին Հայաստանի նախագահի աշխատակազմին։ Ի դեպ, երբ 2006-ի ամռանը ԱՄՆ-ն սկսեց ուժեղացնել ճնշումը Հայաստանի վրա և պարտադրել «ղարաբաղյան Դեյթոնի» այդ նախնական պլանը, հենց դա էլ պատճառ դարձավ արագացնելու 2006 թ. դեկտեմբերի 10-ի համաժողովրդական հանրաքվեով ԼՂՀ-ի Սահմանադրության ընդունումը: ԼՂՀ հիմնական օրենքի 142-րդ հոդվածում սահմանվում է բոլոր տարածքների, այդ թվում` անվտանգության գոտու կարգավիճակը. «Մինչև ԼՂՀ-ի պետական տարածքի ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշգրտումը հանրային իշխանությունն իրականացվում է այն տարածքում, որը փաստացի ԼՂՀ-ի իրավազորության ներքո է»: Այսպիսով, պաշտոնական Ստեփանակերտը վերջ է դրել «օկուպացված հողերի» մասին բարբաջանքներին, քանի որ բանակցային գործընթացը դեռ շարունակվում է և, ինչպես երևում է, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջև էլ դեռևս լիակատար համաձայնություն, այնուամենայնիվ, չկա:


Իսկ մնացածն այնքան էլ էական չէ, եթե նկատի առնենք, որ Երևանը մերժում է որևէ միակողմանի զիջում, ինչպես նաև դեմ է, որ Թուրքիան հնարավորություն ստանա միանալու կարգավորման լծակներին առնչություն ունեցող երկրներին: Ասենք, Ռուսաստանն էլ է մերժում նման մոտեցումը, եթե նկատի ունենանք Պուտինի հայտարարությունները «Ազեր Թաջ» գործակալությանը, Բաքվում նրա դիտողությունները Ալիևին և հրապարակային հայտարարությունները Սերժ Սարգսյանի հետ բանակցություններից հետո: Բացի այդ էլ, նա ամենևին չի փոխել դեռ 2001 թ. հունվարից հայտնի իր դիրքորոշումները՝ և՛ այն մասին, որ Արցախի խնդիրը ժառանգվել է պատմությունից, խորհրդային կայսրությունից (անուղղակի ակնարկ՝ կարգավորման ճանապարհին պատմաիրավական սկզբունքին դիմելու անխուսափելիությանը), և՛ այն մասին, որ Ռուսաստանի համար անընդունելի է ճնշումը հակամարտության կողմերից որևէ մեկի վրա, և որ հակամարտության մասնակից բոլոր կողմերն իրենք էլ են ելք փնտրում, բայց այնպես, որ «հաղթողներ և պարտվողներ չլինեն» (ևս մեկ անուղղակի ակնարկ, որ Մոսկվան գիտակցում է Արցախի գործոնի առանձնահատկությունը և չի մեկտեղում նրան Հայաստանի հետ, այսինքն, ԼՂՀ-ին վաղ թե ուշ վերադարձվելու է բանակցությունների ինքնուրույն մասնակցի կարգավիճակը): Իսկ Ռուսաստանն ու «ԵԱՀԿ ՄԽ անդամ որոշ այլ երկրներ» «կարող էին հանդես գալ որպես երաշխավորներ, ընդունելով, եթե պետք է, նաև Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևեր»: Լավրովի ու Էյրոյի հեռախոսային խոսակցությունը, մեր կարծիքով, հստակորեն ցույց է տալիս, թե այդ ինչ «որոշ այլ երկիր» է. դա հաստատ ԱՄՆ-ը չէ: Իսկ Սերժ Սարգսյանի հայտարարություններն այն մասին, որ անհնար է նման հակամարտությունը հարթել, ապավինելով նրա հետևանքների վերացմանը և ոչ թե պատճառների, և որ «ղարաբաղյան խնդրի էությունը Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման պայքարն է, այդ խնդրի լուծման, այդ իրավունքի հարգման և ապահովման գործում բոլոր ժողովուրդների անկապտելի իրավունքը, ինչի մասին խոսվեց թե՛ 2014 թ. Սոչիում կայացած բանակցություններում, թե՛ հիմա, վկայում են այն մասին, որ և՛ Ադրբեջանը, և՛ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պետք է վերադառնան կարգավորման բանակցությունների ակունքներին, ոչ թե փորձեն հընթացս ինչ-որ բան նորացնել»:


Իրոք, եթե, ինչպես ասում է Պուտինը, զիջումները պետք է փոխադարձ լինեն և «ընդունելի հակամարտության բոլոր կողմերի համար», ապա ճիշտ ժամանակն է լուծելու բուն խնդիրը, իսկ հետո, ինչպես նախատեսում է ԼՂՀ սահմանադրության 142-րդ հոդվածը, ձեռնամուխ լինել տարածաշրջանում «սահմանների ճշգրտմանը»:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3181

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ