«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Օգոստոսյան ընդդիմադիր ջանգյուլումներից մինչև իշխանական արտագաղթ

Օգոստոսյան ընդդիմադիր ջանգյուլումներից մինչև իշխանական արտագաղթ
02.09.2016 | 09:13

Ողջույն, անգին իմ ընթերցողներ, մտքով արի, սրտով էլ բարի սկսում ենք աշնանային հողմապտույտները: Իհարկե տեղյակ եմ, որ ձեր ճնշված փոքրամասնությունն օգոստոսին հանգստացավ բրազիլական հանրահայտ լողափերում, իսկ բռնաճնշված մեծամասնությունը` Սևանա լճում և Զանգվի ձորում: Նկատեցի, որ Բրազիլիայում հանգիստը վայելածների արևայրուքը կասկածելի դարչնագույն է, Հայաստանում եղածներինը` անուշ ցորնագույն: Չեմ թաքցնի. ողջ օգոստոսի ընթացքում թափառում էի Ազատության հրապարակում: Ի դեպ, գուցե վերականգնե՞նք օպերայամերձ այս խաղահրապարակի բուն անվանումը՝ «թատերական»:

ՀԵՌԱԳՐԵՐ ԹԱՏՐՈՆ-ՀՐԱՊԱՐԱԿԻՑ
(ընդդիմադիր քարկտիկ)
Թատրոն-հրապարակի հարթակից հայոց հրաշունչ մունետիկները (այրերը, ոչ տիկնայք) ինքնաբուխ համոզում էին հայությանը, իրենք իրենց և կենդանաբանական այգու մելամաղձոտ գերյալ գետաձիուն, որ ՊՊԾ գնդի գրավմամբ երկրում փոխվեց օրակարգը: Հրապարակում խարույկներ վառվեցին, հարթակից էլ առաջարկ լսվեց՝ ուս ուսի թռչել խարույկների վրայով, այնուհետև արշավել դեպի նախագահական նստավայր, դեպի ԱԺ և դեպի կառավարություն և հայտնել նրանց` օրակարգը փոխվել է, հեռացե՛ք:
Զարմանալի է, օրակարգը փոխվել էր, բայց իշխանավարական վերնադասը շարունակում էր անվրդով կայունացնել պետությունը: (Ցնծագին մի բան կատարվեց օգոստոսյան տապի ժամանակ… Ջրի գնով տիար Արամ Հարությունյանը ժամանակին ձեռք բերեց ՀՀ կառավարական տանը հարակից նախագծային ինստիտուտը, խոհեմաբար այն այլանդակեց տանիքի վրա վերնահարկ կառուցելով, հետո դարձավ պետական պատասխանատու պաշտոնյա և երկրից գնածը նույն երկրին արդեն վարձով է տալիս։ Սա ամենևին եզակի չէ։ Այսպես, ՀՀ սփյուռքի նախարարությունը վարձակալել է «Էրեբունի» հյուրանոցի հարկերից մեկը, նախարարուհին և այլք զօր ու գիշեր սփյուռքահայությանը «քարկապում» են Հայաստանին, Հայաստանն էլ, մի՞թե պարզ չէ, սփյուռքին։ Այս ամենից արտագաղթը սաստկանում է, նախարարությունն էլ անվերջ և անվախճան համազգային իր հանդեսն է բեմադրում՝ հո՛պ, զիլինա, զիլինա՜: Երկրի սեփականության տնօրինման այս ձևաչափը չափազանց սրտամոտ է ՀՀ կառավարությանը, և նա օգոստոսին շուրջ կես մլն դոլար վճարեց Արամ Հ.-ին: Այսինքն՝ կառավարությունն անում է ձեռքից եկածը, որպեսզի ՀՀ պետական բյուջեն չզորանա։ Գնահատենք սույն նվիրումը և շարունակենք մեր շրջայցերը։ Մի խոսքով, դեգերում էի թատրոն-հրապարակում, կերակրում էի տատրակներին և փնտրում էի տիկին Խանջյանին: Պետք է փարատեի կեղեքիչ տագնապս` ի՞նչ էր փնտրում ՊՊԾ գնդում նշյալ նշանավոր կինը: Չէ՞ որ 2013-ի գարնանը, ի թիվս սփյուռքահայ հանրահայտ գործիչներ Բալաքյան Պիտերի, Բոհջալյան Քրիսի, Էլսայեդ Դահիլայի, Կազանչյան Նիշանի, Գելիկյան Վիգենի, Ագաբյան Նենսիի և Ատոմի՝ Էգոյան, ուղերձ հղեց Հայաստանին. «Մտահոգ մարդիկ չպետք է անտարբեր մնան, երբ ԼԳՏԲ մեր բարեկամները թիրախավորվում և պիտակավորվում են»: Այո՜։


Մի խոսքով, ՊՊԾ գնդի գրավումն ու ջանգյուլումային հանրահավաքները թատրոն-հրապարակում խիստ փոփոխեցին օրակարգը` ընդդիմությունը դարձավ ավելի անդեմ-հայեցողական, իշխանությունն առավել մարդակենտրոն։ Օգոստոսին, ի դեպ, Երևանում մեկնարկեց «Արագընթաց Երևան» նախաձեռնությունը։ Վաղ առավոտից մինչև հաջորդ լուսաբաց իրենց ոռնոցով մայրաքաղաքը հերկում են մրցարշավային մոտոցիկլետներն ու շարժակազմերը։ Սա քաղաքապետարանի ընծան էր մայրաքաղաքի բնակիչներին։ Գնահատենք հավուր պատշաճի։

ԴԵՎՆ ՈՒ ՊԱՐՍԱՏԻԿԸ
(քաղաքական ենթատեքստով հեքիաթ՝ գրված ՊՊԾ գնդի գրավումից հետո)
Այբ երկրի Գիմ մայրաքաղաքն արդեն քառորդ դար անարգված էր: Դևը բազմել էր կենաց աղբյուրի գլխին և ջուր էր տալիս քաղաքին կամ կանաչագեղ մի կույսի, կամ էլ խարտիշագանգուր երկու պատանու դիմաց: Բայց մի օր էլ ընդվզեցին Այբի և Գիմի խենթերը, զինվեցին պարսատիկներով և գրոհեցին դևի վրա: (Գիմ քաղաքը խելակորույս սպասում էր լուսաբացին): Դևն արթնացավ բարձր տրամադրությամբ, չնայած քաղաքը թաղված էր թանձր մառախուղում, և կայծակներն էին շանթահարում երկինքն ու երկիրը: Այնինչ դևը պարսատիկի խճաքարերի հարվածներից ուղղակի ոջլաթափվել էր, ուրիշ ոչինչ: Երեկոյան դեմ դևը փոխեց օրակարգը. 1 ժամով ջուր կտրվի Գիմ մայրաքաղաքին՝ արդեն յոթ կույսի և տասնչորս պատանու նվիրաբերման դիմաց:
Երկնքից երեք վառ կարմիր խնձոր ընկավ, մեկը՝ Այբ երկրի, մյուսը՝ Գիմ քաղաքի, երրորդն էլ՝ դևի գլխին: Երեք խնձորն էլ խակ էին: Ինչ ցուցանեց առակն այս: Ի՜նչ իմանամ։

ԻՆՉՊԵՍ ՓՈԽԵԼ ՕՐԱԿԱՐԳԸ
(ահա այսպես)
Առայժմ ես և դուք անվստահ ճոճվում ենք կախաղանից կախված հնամաշ վերնաշապիկի պես: Սակայն այս ճոճքը մի՞թե պատվաբեր է։ Իսկ ի՞նչ անել, ինչպե՞ս ամորձատել աղբյուրի գլխին բազմած դևին: Հուշում եմ` համաժողովրդական խաղաղ դիմակայությամբ՝ շուրջկալներով, գործադուլներով և համազգային հացադուլով:

ՇՈՒՐՋԿԱԼՆԵՐ
Անհրաժեշտ է առավոտյան շուրջկալել նորհայկական (իշխանական և ընդդիմադիր) իշխաններին սպասարկող շարժակազմերը և ստիպել նրանց աշխատավայր հասնել քաղաքային տրանսպորտով կամ էլ ոտքով: Ոտնաքայլքն անհրաժեշտ է հիմնավորել պետության թիվ 2 պաշտոնյա տիար Գալուստ Սահակյանի հանձնարարականով: Հիշեք, երբ հանրությունը բողոքում էր ուղևորատար տրանսպորտի ուղեվարձի սպասվող թանկացման դեմ, նա հորդորեց բողոքավորներին՝ ապավինել սեփական ոտքերին:

ԳՈՐԾԱԴՈՒԼ
ԳԱԱ ինստիտուտները լուծարվում են, շենք-շինությունները նվիրաբերվում սրան-նրան: Ելքը մի՞թե ՀՀ ԳԱԱ նախագահության պատանդումն է: Բնա՛վ: Անհրաժեշտ է մի իմաստուն վերջնագիր ներկայացնել ՀՀ կառավարությանն ու ՀՀ ԳԱԱ նախագահությանը (Ազգային գիտության և նրա անխոնջ մշակների մաշկահանման գործում վերոնշյալ հաստատությունները միակամ են) ու անցնել անժամկետ գործադուլի և պահանջել ազգային գիտության հանդեպ դրսևորել ազգաշահ ու պետական վերաբերմունք: Այսինքն, քաղաքակիրթ գործադուլով ընդդիմանալ ՀՀ կառավարություն-ՀՀ ԳԱԱ նախագահություն տանդեմի քաղաքակրտյալ նենգադուլին։

ՀԱՑԱԴՈՒԼ
Վաղը ևեթ ծեր ու մանուկ, այր ու կին պետք է նստենք անժամկետ հացադուլի՝ պահանջելով օլիգարխիատի դարձը դեպի ՀՀ արդյունաբերության վերականգնում, բյուրոկրատիայի մանկուրտացում և, իհարկե, ԼԳՏԲ-ականների արտաքսում:
Ի դեպ, այս ձեռնարկը հույժ նշանակալից է. մենաշնորհատերերի ապրանքը, բնականաբար, կփչանա, գները, ինչ խոսք, խիստ կընկնեն, և աշխարհի լրատվամիջոցները հիացմունքից շնչահեղձ կխուժեն Հայաստան: Երկիրը կդառնա զբոսաշրջային Մեքքա:

ԱՐՏԱԳԱՂԹԻ ՕՐՀՆԵՐԳԸ
(հո՛պ, զիլինա, զիլինա՜)
Իշխանության և ընդդիմության զանգվածային արտագաղթը, վստահ եղեք, կփոխի օրակարգը: Խնդրի պարզաբանման համար ուշի ուշով ականջ դնենք պոետին Արտեմ՝ տոհմանունով Հարությունյան.
Բայց ինչպես սկսվեց
արդարության կտրուկ չքվելը
գենետիկայից,
թե կիբեռնետիկայից,
դիետայի հզոր խախտումներից
թե աղքատից հեռու պահվող
չոր հացից…
Դիետայի խախտո՞ւմ։ Կներեք, բայց անգամ աղեստամոքսային երկրաշարժը ոմանց արդեն չի փրկի, թո՛ւ, թո՛ւ, թո՛ւ, բարոյական սարկոմայից:

Վերջերս սահմանամերձ զորամասում էի, եթե չեմ սխալվում՝ Հադրութի մոտակայքում: Նորակոչիկները երդվում էին ծառայել հայրենիքին կամքով, սրտով և ողջ հոգով: Սակայն դառնություն կար նրանց աչքերում: Րոպեներ անց թնջուկը լուծվեց, նրանց ոտքերը ախտահարվել-ուռել էին զինվորական «սապոգներում»: Գուցե նշյալ ոտնամանները հագցնենք բանակի ավագ սպայակազմի՞ն և նրանց պարտադրենք անխախտ շարային քայլով հասնել մինչև սպասարկող ջիպերը: Իսկ ինչո՞ւ ոչ։

ՀԵՏԳՐՈՑ-ՄՐՈՑ
Ինն ամիս անց բախտորոշ ընտրություններ են: Տիկնայք և տիարք իշխանություններ և ընդդիմադիրներ, այսօր ևեթ բեղմնավորվեք ազգային-պետական բարոյականության ազնվացեղ հունդերով, ինն ամիս անց էլ դարձեք մեր աչքի լույսը: Է, մի՞թե չի ցնծա ձեր հոգին, երբ յուրաքանչյուրիդ ոտքի տակ ընտրական տեղամասերի դռների առաջ մի անմեղ գառ մատաղվի: Հնարավո՞ր է նման բանը: Ըստ իս, այո: Այնպես որ, կամ կառավարեք (և ընդդիմացեք) մարդավայել, կամ էլ հանդերձ ընտանյոք` արտագաղթեք:
Ո՛ղջ լերուք:


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3186

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ