Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայքի զարթոնքը

Հայքի զարթոնքը
02.09.2016 | 09:16

(սույն էսսեաշարը, ավելի ստույգ՝

քնարական երգիծապատումը, խոհեմ սրտով և
մտքով արի նվիրում եմ ՀՀ անկախ
պետականության 25-րդ փառահեղ հոբելյանին)

ԲԱՐԵՊԱՇՏ ՈՐԴԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ
Մհերն ահա բացեց քարայրի դուռը և մի արցախյան ընկուզենու կոճղի վրա նստեց։ Նրա հայացքը քիչ գինով էր և ուղղված էր դեպի Երկիր, Էրգրից՝ Երկիր։ Մհերը ցանկանում էր որոտալ ձայնով Օհանի և կայծակել թրով Դավթի, Երկրում եռագույն դրոշն էր ծածանվում, սակայն դրության տերը նահանջի երգն էր և պատեհապաշտության եռքը։ Այո՜, Երկրում կուսակցականացված զարթոնքը պղծեց գաղափար և երազանք, և արդեն ընկույզը փուչ էր, ազգային աշխարհազորն էլ գամփռակորույս և հովվազուրկ հոտի նման կտրուկ շրջվել էր հետ ու, խնդրեմ, ախտահարված և ամբարիշտ ոչխարներն առաջնորդում էին հոտը... դեպի գայլի քավարանը։ Մհերը քարայր մտավ։ Եվ քայլ առ քայլ հեռացավ դեպի քարայրի խորքը, ուր ծծումբ էր եռում։

Լաո աղավնին (կտուցը, այո, վառման դեղին) բույն էր հյուսում Կարմրաշեկ խոյի հեթանոս եղջյուրների կենտրոնում ու քարագրում էր մի առակ՝ երկրի անառակ և բարեպաշտ որդիների մասին։ Խոյը աղավնուն պատասխանում էր, որ Երկիրը արթնացել է, սակայն դեռ սալահատակ մի ճանապարհ պիտի անցնի, իսկ սալերի միջև չէ՞ որ շատ են գայթաքարերը։ Մհերն ունկնդիր չէր նրանց զրույցին։ Մհերը չէ՞ որ Սասնա ծռերի հավաքական անդրադարձն էր և գիտակ էր նորահայոց վարքին, մի զարմանահրաշ, չափն ու կշիռը խախտող և երեք ալեկոծյալ ծովերի ու անհամար հակինթ լճերի միջև նավարկող կաղնեկող տապան էր այն, ուր շատ հաճախ Կիկոսն էր դրության տերը, երբեմն էլ Համբերանքի չիբուխը մխում էր` Տրապիզոնի մեղուշ թութունի փոխարեն թունդ հաշիշ այրելով։

Մհերը զրնգուն ձայնեց քարայրի սառցապատ խորքից, թե մի պահ դարձյալ պետք է աչքս գոցեմ։ Դուք էլ ճախրեք-քայլեք աշխարհով մեկ։

Կարմրաշեկ խոյն աղավնուն ուսած, դե Լաոն էլ` իր փետուրները հյուսած-մի պսակ շինած, քայլեցին աշխարհից աշխարհ, ուր որ հայ կար։ Ժամերգությունն սկսված էր, հանգանակությամբ պետք էր որ պետությունը մեջքը շտկեր, զի պետական մեր տունը հաղթանակից հետո վերածվեց անկելանոցի։ Քանզի «Ղարաբաղ» զարթոնքակենտրոն կոմիտեի ձախափնյա թևը (հիշատակենք անունները շինիչ-շահկատակ. Տեր-Պետրոսյանը՝ Լևոն, Սիրադեղյանը՝ Վանիկ, Արարքցյանը՝ Բաբիկ, և Գևորգյան Սամվելը), որն իշխանություն էր և կառավարություն և սրանց շուրջն ի մի եկած հրայրքոտ հացկատակները (մի՞թե մոռանալի են նրանց տոհմանունները՝ անեծքի բույն՝ Բագրատյան, Բլեյան և այլք), ուներ յուր տեսլականը՝ հետցեղասպանյան հայոց սփյուռքը չթողնել անտեր և սփոփել նրան հայկական նոր սփյուռքի ձևավորմամբ։ Այսպես էր իրերի դրությունը, և ժամանակը մի պահ կանգ առավ, խոր շունչ քաշեց և անաղուն ջրաղացաքարի պես սկսեց ճռռալ և կերկերաձայն երգել նորհայկական օրհներգը` ձևով կարծես հայրենակարոտ, բովանդակությամբ, հանկարծ չկասկածեք, ցնծագին ու լալահառաչ.
Ամենայն տեղ մահը մի է,
Մարդ մի անգամ պիտ մեռնե,
Բայց երանի՜, որ յուր ազգի
Ազատության կզոհվի։

Լևոնը (Տեր-Պետրոսյան) ու Արան (Սահակյան տոհմանունով), Բաբիկն ու Վանիկը և նրանց կցված ազգային-պետական օծյալ խառնակիչները թլպատեցին նախ օրհներգը. Նալբանդյանն այն փոխառել էր և բնավ նպատակ չուներ վերածելու օրհներգի։ Տեսեք, նորաբողբոջ, բայց հաղթական պետականության գաղափարական հիմնասյան ճոճքում մահն է, զոհողությունը և, անկասկած, նրանք անվրեպ ազնիվ էին յուրյանց սրտի և մտքի հեռանկարներում. այսօր հայը պիտի ընդամենը զոհվի ազգի ազատության համար, միայն նալբանդյանաբար, ինչպես կասեր Իսահակյանը՝ «օտար, ամայի ճամփեքի վրա»։ Կեցցե՛ք, շնկշնկան շնության շեփորահարներ։

Մի խոսքով, ցորյանի ոսկեգեղմ հասկերից և խաղողի հակինթացոլք ողկույզներից, նաև մանրանկարչորեն գեղանկար նռների շարոցից, պարեգոտ էր կապվել զարթոնքի օրերին, բայց այն ոտան կոխան դարձավ ոմանց թուջե սմբակների տակ։ Մի խոսքով, համաօսմանյան ոսոխին ծնկի բերած մեր այրերը պատերազմից վերադարձան և սոցիալական պատերազմների թատերաբեմերում դաժան, անփառունակ, հավատացեք՝ նաև խայտառակ, պարտություններ կրեցին։ Հերոսը դառնում էր հրոսակ, արցախյան թատերաբեմի Դավիթ Բեկն այս խաղաղ, կառուցողական օրերին Միկիտան Սաքո էր և Վեստ Սարգիս՝ միաժամանակ։ Այո՜, մարդը մեկ անգամ է ծնվում-ապրում և վախճանվում, է՞, ազգի ազատության համար չզոհվեցի՞նք, ուրեմն նախասահմանված է՝ պիտի վայելենք։ Դղրդաց արտագաղթը, Երկիր մոլորակի քարտեզի վրա... շատերի համար խիստ անսպասելի, ոմանց համար էլ անգթորեն երանելի ձևավորվում էին հայոց նոր գաղթօջախները։ «Ոչ միայն հացիւ» վեհ կարգախոսն արդեն փոխարկվել էր «Որտեղ հաց, այնտեղ էլ կաց» նսեմ նշանաբանի։ Սակայն ժամը հնչեց, ավարտենք այս հեքիաթն ու հետևենք Լաո աղավնու և Կարմրաշեկ խոյի ուխտագնացությանը։


Առակն այս զինչ ցուցանե. Լաո աղավնին և խոյը Կարմրաշեկ շրջեցին աշխարհեաշխարհ։ Սփյուռքը՝ ավանդական, սփյուռքը՝ նորաբողբոջ, անշուշտ, քաջ տեղյակ էր, որ հայոց նորաթուխիկ իշխանական բարձր դասի զարկերակը դեպքից դեպք տրոփում էր հանց երդվյալ ելուզակի սրտի ձայնը՝ տարերային աղետից փլուզված բանկի առջև։
Մի խոսքով, պետք էր փրկել հայրենիքը, պետությունը և երկիրը նվիրյալ գանձագողերի արշավներից։ Սփյուռքն ուսեց երկրի ու նրա ապագայի լեռ-բեռը։ «Հայաստան» համահայկական հիմնադրամ. Ազգային միասնականության տաճար տանող ճանապարհ։ Եվ ուխտագնացներ արար աշխարհից։ Այնինչ ճանապարհը լեռն ի վեր էր և անդունդն ի վար։ Ինչո՞ւ։ Շատ պարզ մի բանաձևմամբ. հիմնադրամը երկրաշեն ծրագրեր էր կենսագործում հայոց երկու պետական տներում։ Ընդ որում՝ ավանդական Սփյուռքն իր տարիների հսկա վաստակով կամուրջ գցելով և ճանապարհ կառուցելով ընդդիմանում էր երկրակեղեքիչների գողոնին։ Այսպիսին էր ճակատագիրը հայոց պետականակերտության նորագույն շրջանում։ Աշխարհն իր հերթին ալեկոծվում էր, նորանկախ Հայաստանը պատեպատ էր խփվում։ Եվ որքան մեծանում էր պետականաստեղծ սերմնագող ագռավների ախորժակը, նույնքան հզորանում էր հիմնադրամի նվիրումի արգասիքը։

Քըրքը, նույն ինքը՝ Քրքորյան, նվիրաբերեց որքան կարող էր, տվեց ավելին, խաբվեց հաճախ, գուցե երբեմն էլ մտատանջվեց, սակայն չհուսալքվեց երբևէ... Այո, երկրին նվիրաբերած գումարների որոշ մասն ուղղակի անէանում էր, և այս տեսանկյունից ՀՀ-ն չէր զիջում գերկոռումպացված երկրների գողոնային բարքերին՝ ոչ քանակով, ոչ էլ որակով։ Սակայն նվիրաբերմամբ, այնուամենայնիվ, երկիրը շենանում էր, նրա հաշվեկշռում չէ՞ որ մնում էին կառույցները դարակազմիկ։ Եվ նվիրաբերեց Քըրքը, զի ամեն առավոտ նրա պատուհանից ծաղկի նեկտար էր թովում Լաո աղավնին, ինքը` ճերմակ, կտուցը՝ ոսկեդեղին։

Նորակերտ սփյուռքը ևս Էրգրի ու Երկրի միջև կապված եռագույն ծիածանի տակով էր անցել։ Հատկապես նվիրական էր Ռուսիո անծայրածիր կայսրությունում բռնկված դասակարգային պատերազմներում կայացած հայ զարմերի կորովը։ Հայկական ջունգլի-շուկան նեղլիկ էր նրանց մտադրությունների համար։ Խոյն առաջն առած, աղավնին էլ՝ ուսած, նրանք քայլում էին Ռուսիո ուղղափառ լայնարձակություններում, ուր ավեր էր, ուր համաճարակ էր և ուր արարող բազկի կարիքն էր խիստ զգալի։ Ինչպես պատգամված էր ի վերուստ, այն ոչ հեռավոր օրերին էլ հայկազուններն օտար ափերում եղան հավատարիմ քաղաքացի և նվիրյալ բարեկամ։ Եվ վաստակի տասանորդը, դեռ մի բան էլ ավելի, նվիրաբերեցին հայրենիքին։ Հիշենք թեկուզ երկու նվիրական անուն՝ «ԴԱՐ» հիմնադրամի և Արա Աբրահամյանի բարեսիրական ձեռնարկումները։


Բարեպաշտ որդիները վերադարձան աղավնու թևով, խոյի քայլքով։ Նրանք ավանդաբար այցելում էին Էրգիր, Վանա տառեխ էին ճաշակում հենց լճի ափին, հետո Մշո դյութիչ աղբյուրների ջուրն էին խմում բուռ առ բուռ։ Հետո նրանք Աղթամար վանքատաճարում ճերմակափառ մոմեր էին վառում, ամենևին չէին երդվում վրեժ լուծել ոսոխից, պարզապես Էրգրից Երկիր էին վերադառնում և շենացնում էին այն սրտով արի, մտքով էլ բարի։ Կեցցե՛ք, ցնծացեք, և նվիրական ձեր ջանքերին ի հատուցում՝ երախտիքի շարականներ թող հնչեն։

100 ԴՐԱՄԻ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ
Լաո աղավնին` կտուցը դեղին, և Կարմրաշեկ խոյը՝ պոզերը մեծամորյան երկաթ, զարմանալի կայտառ էին այդ օրերին։ Կայտառ, մի քիչ էլ խենթավուն։
(Քարայրի խորքից զվարթ տրամադրությամբ առաջ քայլեց, Մասիսից ժամանած անձրևով մաքրվեց և մագաղաթե տիկից նորահաս գինին խմեց-ըմբոշխնեց, քարայրի խոհակալ շեմին հանգրվանեց Մհերը, հայացքը` վճիտ, հասակը` երկնաքեր)։ Արժեր խենթանալ, անհրաժեշտ էր զինվել հորթակաշի կաշեփոկերով։ Թուջե-սմբակավորները, որոնց կերակրափողը կոյուղագծի եռանդն ուներ, որոշել էր յուր գողոնը բազմապատկել։ Թուջեսմբակ եղերամայրերը ծնրադրում էին ամենուր, կերկերաձայն ողբում էին, առատաձեռն խոստումներ էին ցփնում աջ և ձախ, վեր ու վար։ «Հանրային ուղևորատար տրանսպորտի սակագինն իրականում 200 դրամ է, մենք հանուն ձեր բարօրության աշխատել ենք մեծ վնասով, գրավադրել ենք մեր չեղած-եղածը, եղաձուն անգամ մենք ուտում ենք առանց յուղի, եկեք-ընդառաջեք մեզ, երթևեկեք այսուհետև 150 դրամ վճարելով։ Համաձայն չե՞ք, ուրեմն քայլեք ոտքով, կամ չորեքթաթ, ինչպես կուզեք, մեր սիրելի ուղևորներ»։ Ահա նման սցենարով, ընդամենը մի քանի ժամով տրանսպորտը դարձավ 150 դրամ։


«Վճարում ենք 100 դրամ» մարտակոչը հնչեցրեց և դիմակայության խաղաղաբար բարիկադներ կառուցեց անկախության սերունդը։ Կառուցեց և հաղթեց, ժողովրդի հետ ուս ուսի և սիրտ սրտի։ Համազգային նիրհած միասնությունն արթնացել էր ու պատիվ էր պահանջում խառնափնթոր ժամանակից։ Ձեռնոցը նետված էր թուջե սմբակակիրների կողմից։ Պորտապարին իսլամական հակընդդեմվեց մեր քոչարին արիաշունչ։ Եվ վերցրեց ձեռնոցը ու մի զորեղ աքացիով գետնեց գողոնակիր շահկատակներին։ Օրերն անամպ էին, զի երկինքը զուլալ կապույտ էր, ինչպես դրախտային Արածանի գետն իր ակունքում։ Համազգային ընդվզման մերանը, հավատանք սիրով, այսուհանդերձ ջահելությանը թիկունք կանգնող և երկու-երեք րոպեում իր իսկ հոգու խորքերում քաղաքացի կերտած աշխարհազորն էր։ Չքնաղ օրեր, կամայական բրտությանն ընդդիմանում էին հաճախ մարդիկ, ովքեր ապահով հանրային խավն էին ներկայացնում։ Նրանք միացան աշխարհազորին, զի անտանելի էր տանել հլության բեռը, քանզի բոռային պարսը սանձարձակվում էր օր օրի, և նրանց համար անհարմար էր ապրել մի միջավայրում, ուր դրկիցդ հանիրավի անպատվվում է։ Այ հենց նրանք էին աշխարհազորի կենսալիցք մերանը։

Ժամանակն է, այն էլ վաղուց, 100 դրամի հուշարձանը կերտելու (կերտել, իհարկե, մեծամորյան երկաթից) և տեղադրելու երկրի նշանավոր խաչմերուկներում։

ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐԸ
Այո՜, «100 դրամի» հաղթարշավն ապացուցեց ամենեցուն, որ պայքարը հանուն Հայքի զարթոնքի պետք է սկսվի, ալեկոծվի և յուր իններորդ ալիքի բարձրակետին հասնի միայն և միայն խաղաղ դիմակայությամբ։ Այո, թուջե սմբակակիրներից (տրանսպորտային և այլազան) պետք է պաշտպանվել, այնուհետև անհրաժեշտ է քարակոփ բարիկադներ կառուցել, բարիկադ-ամրոցների վրա Եռագույնը ծածանել, Եռագույնի տակ սուփրա-սեղան գցել և խնջույքի հրավիրել բարձր դասին։ Հրավիրել, առակներով համեմված և շարականներով հունցված հրովարտակներ հրամցնել նրանց՝ ի կատարում։ Այլ կերպ ասած՝ պարտադրել վավերացնել Հայք երկրում հայեցի կյանքով ապրելու և պետությունը կառավարելու հուշագիրը։

Մհերը` Լաո աղավնին աջ ուսին, Կարմրաշեկ խոյն էլ առաջն առած, Վանա ծովից քայլում էր դեպի Կարապի լիճ։ Լճափին արիաքրիստոնյա ցորյանի հասկը ազգահավաք էր հրավիրել և կարդում էր Հայքի զարթոնքի հռչակագիրը։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3925

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ