Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Նա դասական էր և ազգային»

«Նա դասական էր և ազգային»
02.09.2016 | 09:28

Ջոտտոյի (Գևորգ Գրիգորյան) տուն-թանգարանի տնօրեն, արվեստաբան Մարտին Միքայելյանը վերջերս կազմակերպեց ճանաչված գեղանկարիչ ԿԱՐԵՆ ՍՄԲԱՏՅԱՆԻ (1932-2009 թթ.) փոքրածավալ կտավների ցուցահանդեսը։ Նրան խնդրեցի ներկայացնել նկարչին և՛ որպես քաղաքացու, և՛ որպես ստեղծագործողի։


Կարեն Սմբատյանն անվերապահորեն Հայաստանի փայլուն նկարիչներից մեկն է։ Նա նորարար նկարիչ չէր. և՛ դասական արվեստից էր սնվում, և՛ 19-րդ դարի վերջի համաշխարհային ավանդույթներին էր ապավինում, և՛ այս ճանապարհով 20-րդ դարի գեղարվեստական փորձի շրջանակում մտածեց և գտավ գեղանկարչական հետաքրքիր մի կառուցվածք, որն իր ժամանակաշրջանի, իր երկրի և իր ժողովրդի մասին է։ Զարմանալի է, Կարեն Սմբատյանը լիարժեք օգտվեց համաշխարհային կերպարվեստի լեզվից, սակայն նկարեց հայերեն, նրա ձեռագիրը հայեցի է։

Նախորդ դարի երկրորդ կեսին շա՜տ հետաքրքիր ամսագիր էր տպագրվում Երևանում՝ «Պիոները»։ Դա այն ժամանակ էր, երբ դեռ չկար «Գարուն» ամսագիրը։ «Պիոներում» հրապարակվում էին հայ գրողների ուշագրավ գործերը, ասենք` Կարեն Սիմոնյանի ֆանտաստիկ պատմվածքները, մեր բանաստեղծների և արձակագիրների նոր խոսք և հնչեղություն ունեցող բանաստեղծություններն ու պատմվածքները։ Այսինքն, «Պիոները» որոշակի թարմ շունչ էր բերել այն տարիների հայկական մշակութային իրականություն։ Եվ ահա Կարենն այնտեղ որպես գեղարվեստական խմբագիր փոխարինել էր շքեղ նկարչական մի անհատականության՝ Ալեքսանդր Գրիգորյանին։ Եվ որպես «Պիոներ» ամսագրի գեղարվեստական խմբագիր, հիանալի զգում էր, թե ինչ որակի և մտածողության կերպարվեստ է անհրաժեշտ տպագրել և մատուցել արվեստասերին։ Սմբատյանի շուրջը հավաքվեցին Մարտին Պետրոսյանը, Ալեքսանդր Գրիգորյանը, Հակոբ Հակոբյանը և Գրիգոր Խանջյանը՝ ժամանակի դասական նկարիչները։ Նրանք նկարազարդում էին ամսագիրը։ Կարենն իր գործը, որպես գեղարվեստական խմբագիր, փայլուն էր կատարում։ Առհասարակ, նրան շատերն էին սիրում, նրան անհնար էր չսիրել։ Սիլվա Կապուտիկյանը Կարեն Սմբատյանին համարում էր իր, Շիրազի, Սևակի, Վարագ Առաքելյանի մշակութային և հոգևոր ժառանգորդը։
Այս ցուցահանդեսում ներկայացրել ենք Կարեն Սմբատյանի 16 փոքրածավալ գործերը։ Մենք, իհարկե, սովոր ենք Սմբատյանի գունեղ աշխարհին, սակայն այս ցուցադրությունը մի քիչ այլ է։ Այս կարգի ցուցահանդեսները մի առավելություն ունեն՝ արվեստասերի ուշադրությունը սևեռում են փոքրածավալ, ոչ մեծաքանակ ստեղծագործությունների վրա, և դիտողը շատ բան է ընկալում ու տանում իր հետ։


Կարենը բազմակողմանի վարպետ էր, շատ է նկարել ազատամարտիկներին։ Ի դեպ, նա ազատամարտի մեջ էր երկրի համար ամենախաղաղ օրերում։ Նա առաջինն էր, որ դեռ խորհրդային տարիներին «Գարուն» ամսագրում ներկայացրեց Գարեգին Նժդեհին։ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի դահլիճում կազմակերպեց մի ազգային հանդես, որին մասնակցում էին համշենահայերը, Տիգրանակերտի հայերն իրենց պարով և երգով։ Ես, անտեղյակս, Կարենի կողքին նստած, նրա շնորհիվ առաջին անգամ տեսա և վայելեցի նշանավոր «Յարխուշտան»։


Երբ աշխատում էի Հայաստանի պետական պատկերասրահում, գնեցինք Կարեն Սմբատյանի նշանակալից գործերից մեկը՝ համշենահայ բանահավաք Անդրանիկ Զեյթունյանի դիմանկարը (չմոռանանք, որ այս ամենը կատարվում էր խորհրդային ժամանակաշրջանում, երբ նման բաները, մեղմ ասած, չէին խրախուսվում)։ Կարենի համար ազատամարտիկը թուր-թվանքով զինված մարդը չէր միայն, այլ, ավելի մեծ ընդգրկմամբ, ազգային գործի նվիրյալը։ Լինելով նման ազգային ավանդական նկարագիր ունեցող մարդ, Կարեն Սմբատյանն իր նկարչական գեղագիտությամբ նաև մոդեռնիստ էր, իր էսթետիկայով հարում էր Մատիսին և Սարյանին։ Մի խոսքով, Կարեն Սմբատյանը գունեղ ու անմոռանալի մարդ էր և գունեղ ու անմոռանալի կերպարվեստագետ։ Նկարչական գեղագիտությամբ նաև մոդեռնիստ էր, իր էսթետիկայով հարում էր Մատիսին և Սարյանին։ Մի խոսքով` Կարեն Սմբատյանը գունեղ ու անմոռանալի մարդ էր և գունեղ ու անմոռանալի կերպարվեստագետ։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 997

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ