Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ղուլղուլյանի դատավարությունը

Ղուլղուլյանի դատավարությունը
02.09.2016 | 10:14

1899 թ. ապրիլի 29-ին Սիմֆերոպոլում ԳՐԻԳՈՐ ՂՈՒԼՂՈՒԼՅԱՆԸ դաշույնի մեկ հարվածով հրապարակավ սպանում է թուրք Հասան Միլի-օղլուն: Հանցագործը ձերբակալվում է: Քառամսյա քննությունից հետո գործը հանձնվում է Շրջանային դատարան: Գ. Ղուլղուլյանը մեղադրվում է Ռուսաստանի Պատժական օրենսգրքի 1453 հոդվածի 3-րդ մասով` դիտավորյալ սպանության համար, և նրան սպառնում էր 15-20 տարվա տաժանակիր աշխատանք:
Հանցագործության շարժառիթը հետևյալն էր. դեպքից երեքուկես տարի առաջ` 1895 թ. հոկտեմբերի 27-ին, Բայբուրդում տեղի ունեցած հայկական կոտորածի ժամանակ Հասան Միլի-օղլին սպանել էր Գրիգորի հորն ու երկու եղբայրներին, նա էլ Սիմֆերոպոլում պատահաբար հանդիպելով թուրքին` վրեժխնդիր էր եղել:
Մանրամասնենք:


Բայբուրդը (Բաբերդ, Սմբատավան և այլն) հնում վարչականորեն մտնում էր Մեծ Հայքի Բարձր Հայք աշխարհի Սպեր գավառի, հետագայում՝ Էրզրումի նահանգի Էրզրումի գավառի մեջ։
Բայբուրդը գտնվում է Ճորոխ գետի հովտում, Տրապիզոնից Կարին (Էրզրում) տանող ճանապարհին, Կոփ լեռան ստորոտում։ Մոտավորապես մինչև XIII-XIV դարերը Բայբուրդը զուտ հայաբնակ քաղաք էր։ Երբ 1514 թ. այն տիրում են օսմանյան թուրքերը, այստեղ բնակություն են հաստատում նաև այլազգիներ: 1870-ին քաղաքն ուներ 180 տուն հայ և 820 տուն թուրք բնակիչ, XIX դ. վերջերին բնակչության թիվը հասնում էր 6000 մարդու, իսկ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին՝ 30000 մարդու, որից 10000-ը՝ հայեր, մնացածը` թուրքեր, հույներ, քրդեր և այլք։ 1829 թ., Ադրիանապոլսի պայմանագրի կնքումից հետո, քաղաքից և շրջակայքից 1000 հայ ընտանիք գաղթում ու բնակություն է հաստատում Հայկական մարզում և Ախալցխայի գավառում։


XX դ. սկզբներին քաղաքում կային կառավարչի (մյութեսարիֆ) պաշտոնատուն, զորանոց, բանտ, 3 բաղնիք, 481 կրպակ ու խանութ, 40 խան, ցորենի 177 ջրաղաց, կտավատի 3 հնձան, 19 փուռ, օճառի երկու, կաշվի, ներկի և մոմի մեկական գործարաններ, սրճարաններ: Տնտեսական կյանքում առևտրին համահավասար կարևոր դեր էին խաղում արհեստները` ոսկերչությունը, որով զբաղվում էին բացառապես հայերը, երկաթագործությունը, մանածագործությունն ու ջուլհակությունը, գորգագործությունը և այլն։
Ճորոխի ձախ ափին հայերն ունեին չորս թաղամաս, յուրաքանչյուրում առանձին եկեղեցով` Սբ Աստվածածին, Սբ Հրեշտակապետ, Սբ Աստվածամայր և Սբ Հովհան: Տների թիվը 400 էր:
Առաջին անգամ թուրքերն այստեղ հայերին զանգվածային ջարդերի ենթարկեցին 1895 թ. հոկտեմբերի 27-ին, կենդանի մնացածներին բռնությամբ մահմեդականացնելով։ Զոհերի թվում էին Գ. Ղուլղուլյանի հայրն ու եղբայրները:


Դատարանում ամբաստանյալին պաշտպանում էր փաստաբան, գրող, բանաստեղծ, հասարակական գործիչ ՆԻԿՈԼԱՅ ՊԼԱՏՈՆՈՎԻՉ ԿԱՐԱԲՉԵՎՍԿԻՆ (1851, Նիկոլաև-1925, Հռոմ): Համառոտակի ներկայացնեմ նրան: Սերում էր ազնվականի ընտանիքից: Ավարտել էր Նիկոլաևի ռեալական գիմնազիան և Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, 1874-ից զբաղվել փաստաբանական գործունեությամբ: Առաջին անգամ ինքնուրույն հանդես է եկել 1877 թ., իսկ նախահեղափոխական փաստաբանության գոյության վերջին 10 տարիներին համարվել է երկրի ամենահեղինակավոր փաստաբանը: Մասնակցել է մի շարք քրեական ու քաղաքական աղմկահարույց դատավարությունների: Իր խոսքում աչքի է ընկել հարձակողական, սրընթաց ոճով և անկեղծ ոգևորությամբ: «Պրավո» թերթի համահիմնադիր (1898-1917), երիտասարդ փաստաբանների բարեգործական հիմնադրամի հիմնադիր (1904), Փաստաբանների համառուսական միության համահիմնադիր (1905), Առաջին աշխարհամարտի ժամանակ գերմանական գազանությունների հետաքննության հանձնաժողովի նախագահ (1915), 1917-ին մեկնել է սկանդինավյան երկրներ` ռուսական ռազմագերիների վիճակի վերաբերյալ տեղեկություններ ժողովելու նպատակով և այլևս չի վերադարձել Ռուսաստան: Ապրել է Իտալիայում, եղել Մեծ իշխան Կիրիլ Վլադիմիրովիչի պաշտոնական գլխավոր ներկայացուցիչը:


Նրա փաստաբանական գործունեության մեջ առանձնակի տեղ է գրավում Գրիգոր Ղուլղուլյանի պաշտպանությունը: Կարաբչևսկին քաղաքական դատավարություններին մասնակցում էր առանց վարձատրության: Ղուլղուլյանի դատավարությունն ուներ քրեական բնույթ, և ինձ հայտնի չէ, թե ով կամ ովքեր են նրա հետ համապատասխան պայմանագիր կնքել, Սանկտ Պետերբուրգից բերել Սիմֆերոպոլ և առհասարակ հոգացել անհրաժեշտ ծախսերը (Ղուլղուլյանը թշվառ գաղթական էր):


Կարաբչևսկին պաշտպանական ճառով հանդես եկավ 1899 թ. սեպտեմբերի 22-ին: Առաջին անգամ հայերեն թարգմանությամբ ներկայացնելով այդ ճառը, կուզենայի ուշադրություն հրավիրել պաշտպանության ռազմավարությանը: Ցուցաբերելով Հայկական հարցի խորագիտակ, իսպառ իմացություն և դա կրքոտ մատուցելով երդվյալ ատենակալներին` Ղուլղուլյանի արարքը նա դիտարկում է այդ համատեքստում և չի խորշում անգամ կրոնական գործոնը (քրիստոնյա-մահմեդական) մեջտեղ բերելուց: Թե ինչպիսի արդյունքի հանգեցրեց նման դիրքորոշումը, կարող եք ինքներդ տեսնել:


«Պարոնայք երդվյալ ատենակալներ:
Եթե մենք ցանկանայինք դատաքննությունը և այս գործում մեր մտահորիզոնը սահմանափակել այն աղքատիկ նյութով, որ պարունակվում է ամբաստանյալի և Բայբուրդի կոտորածի երկու-երեք վկաների պատմածների մեջ, ապա կհայտնվեինք տարօրինակ իրավիճակում: Մեզ կթվար, թե թանձր մղձավանջի մեջ ենք, վատ երազ ենք տեսել կամ որ մեզ, ինչպես երեխաների, վախեցրել են սարսափազդու հեքիաթով: Ինչ-որ տեղ, մեզնից ոչ հեռու, Բարձր դռան տարածքում ընդամենը երեքուկես տարի առաջ և ոչ թե անցած դարերի արյունալի խորխորատներում հայերով բնակեցված քաղաքային թաղամասերը անարգել կերպով և անպատժելիորեն ասպատակում են զինված մարդկանց` թուրքերի հրոսակախմբերը: Նրանք թալանում են և կենդանի մարդկանց դարձնում դիակներ: Որևէ մեկն ի զորու չէ ինքն իրեն պատշաճ հաշիվ տալու, թե ինչ է կատարվում: Քաղաքում կա զորք, կան ոստիկանական պահապաններ, բայց նրանք սկզբում մատը մատին չեն խփում, հետո միանում են ավազակախմբերին և իրենց հարվածներով «հնազանդեցնում» այն հայերին, ովքեր փորձում են փրկվել: Ջարդն ընթանում է ամբողջ օրը: Զինված թուրքերի առանձին հրոսակախմբեր Բայբուրդ քաղաքի ու գավառի` իրենց պաշտոնեական կամ հասարակական դիրքով առավել երևելի անձանց գլխավորությամբ, հիմնահատակ են անում ամեն մի հայկական տուն, կորզում բոլոր արժեքավոր իրերը, լցնում սեփական գրպանները` խուժանին թողնելով թալանելու մնացյալը: Տների թաքստոցներում գտնվող հայերին անխնա դուրս էին բերում, ոտքերից բռնած քարշ տալիս փողոց և սարսափից խելագարված կանանց ու երեխաների աչքի առաջ տեղնուտեղը սպանում:


Այդպիսի կատաղի մի հրոսակախմբի գլուխ անցած` քաղաքն ասպատակում է Հասան Միլի-օղլին, ով 1899 թ. ապրիլի 29-ին Սիմֆերոպոլում սպանվեց հայ Գրիգոր Ղուլղուլյանի դաշույնի հարվածով: Կոտորածից փրկված հայերի խոսքով, այդ Հասանը շատ հայերի էր մորթել, այդ թվում և` խիստ հարուստ մարդկանց ընտանիքներ, յուրացնելով նրանց փողը: Ի թիվս խաղաղ հայերի, նա անձամբ սպանել էր ամբաստանյալի ծեր հորը` Մանուկ Ղուլղուլյանին, ու նրա երկու եղբայրներին` Սարգսին ու Խաչատուրին: Ինքը` Գրիգոր Ղուլղուլյանը, փրկվում է հրաշքով` թաքնվելով սնդուկի վրա գցած քաթանե ծածկոցի տակ: Մինչ կոտորածը բոլոր Ղուլղուլյաններն ապրում էին մեկտեղ, սեփական տանը, զբաղվում էին արհեստագործությամբ և լավ վաստակ ունեին: Ջարդից հետո մնացին Գրիգոր Ղուլղուլյանի մայր Սրբուհին ու քսան, տասնութ, տասնչորս և ութ տարեկան չորս քույրերը. նրանք վերածվեցին չքավորների:
Ջարդն ընթացավ ամբողջ օրը, ընդհուպ մինչև մթնշաղ, ընդ որում՝ սպանում էին նաև կանանց, եթե նրանք փորձում էին փրկել իրենց ամուսիններին կամ փախուստ տալ: Կոտորածից փրկված բայբուրդցի հայերին իշխանություններն «անկարգությունների» համար բանտ նետեցին, ուր պահեցին մի քանի ամիս:


Երբ վրա հասավ երեկոն և արյամբ ու կողոպուտով արբեցած թուրքերը հայկական թաղամասերից քաշվեցին իրենց տներն ու սրճարաններում հաճույքի տրվեցին, Բայբուրդի փողոցներում ու նրբանցքներում տարածվեցին մինչ այդ սարսափից խլացած աղաղակներն ու հառաչանքները: Հայ կանայք` ի նշան սգի ու վշտի գլուխները սև քղամիդներով ծածկած, դուրս էին եկել իրենց ավերված հյուղակներից՝ որոնելու թանկագին դիակները: Այդ դիակները թափված էին փողոցներում, շները քարերի վրայից լիզում էին մարդկային արյունը, իսկ կանանցից ամեն մեկը վառած լուցկիների թրթռուն լույսի տակ ճանաչում էր իր հանգուցյալներին: Հետագայում Բայբուրդից Ռուսաստան փախած ծեր կնոջ` Նազելի Մինասյանի խոսքերով, հենց այդտեղ կանայք փոխանակում էին վշտալի լուրերը: Մինասյանը հարևանուհի Սրբուհի Ղուլղուլյանին պատմել էր, որ իր հարազատ տղամարդկանց սպանել էր Իսմայիլ-Ազի հրոսակախումբը, իր հերթին Սրբուհին հայտնել էր, որ իր ամուսին Ղուլղուլյան Մանուկին և որդիներ Սարգսին ու Խաչատուրին մորթել էին Հասան Միլի-օղլու ավազակները: Այսպիսով, պառավ Ղուլղուլյանի ցուցմունքը լիովին համապատասխանում է այն ամենին, ինչ ջարդի օրը տեսել ու լսել էր թուրքերից թաքնված Գրիգոր Ղուլղուլյանը:
Իրականում հորինվածք չէ՞, արդյոք, այս ամենը: Դատարանն ինձ արգելեց հղումներ կատարել 1894-1896 թթ. Թուրքիայում հայոց կոտորածների վերաբերյալ պատմական աղբյուրներին: Ես ստիպված եմ ենթարկվել դատարանի այդ կարգադրությանը, թեպետ չեմ հասկանում, թե դա ինչպես կարող է «խեղաթյուրել դատական հեռանկարը»:


Երբ մեզ մոտ մտցվեց հրապարակային ու հանրային դատավարություն, մենք, անշուշտ, ցնծում էինք ոչ թե քրեական հետապնդման ուժգնացման համար, այլ սպասում էինք, որ միայն այդ պայմաններում դատարանը կկարողանա հիրավի իրավարար լույս սփռել ոչ միայն վշտալի երևույթի վերնամասի, այլև բուն հենքի վրա, որի վրա այն երևան էր եկել: Հասարակական երևույթի (ինչպիսին հանցագործությունն է) ցանկացած այլ լուսաբանում արհեստական է, և այդժամ իրոք կարող է խոսք լինել հեռանկարների և… դրանց խեղաթյուրումների մասին: Օրինակ, սույն գործը: Արհեստական կամ թույլ լուսավորման պայմաններում այն կարող է թվալ լոկ որպես ֆանտաստիկ ու ռոմանտիկ, անգամ քիչ հավանական իրադարձություն: Գրիգոր Ղուլղուլյանի արյունալի, հանկարծակի, արագ, հանդուգն հանցագործությունը` կատարված փողոցում, ասես կայծակի փայլատակում թանձր խավարի մեջ, վառ կերպով լուսավորում է մեզ համար անհայտ ինչ-որ մարդու փոքրիկ, աչքի չզարնող, մենավոր կերպարանքը: Բայց մի՞թե այդ ակնթարթային լուսավորման ժամանակ մենք ուրիշ բան չնկատեցինք: Մի՞թե մենք չնկատեցինք, որ այդ մարդկային կերպարանքը կանգնած է անդունդի, դարերով փորված, գրեթե անհատակ անդունդի եզրին… Մի՞թե դա չպետք է գրավի մեր ուշադրությունը: Մի՞թե մենք պետք է շրջանցենք պատմական բնույթի երևույթը` ինքներս մեզ չբացահայտելով դրա նշանակությունը, չփորձելով անգամ ըմբռնել այն, որպես մարդկային տառապանքների ընդհանուր շղթայի առանձին օղակ, որը պատմությունը դիվանագիտորեն ու կարճառոտ անվանում է` հայերի դրությունը Թուրքիայում: Մենք քրիստոնյա ու թուրքահպատակ Գրիգոր Ղուլղուլյանի հետ, որը մեղադրվում է Փոքր Ասիայի բնիկ թուրք մահմեդական Հասան Միլի-օղլու կանխամտածված, վրեժխնդրությունից դրդված սպանության համար, կանգնած ենք պատմական անդունդի եզրին և չենք կարող հայացք չնետել դրա մեջ…
Նախագահող: Խնդրում եմ չանդրադառնալ այն իրադարձություններին, որոնք դատական քննության առարկա չեն:


Երդվյալ հավատարմատար Կարաբչևսկի: Ես կանդրադառնամ լոկ այն պատմական իրողություններին, որոնք հաստատապես հայտնի են յոթերորդ դասարանի գիմնազիստին: ՈՒնենալով համալսարանական կրթություն, ես իրավունք ունեմ այդ պատմական փաստերը համարելու հանրահայտ և դատական ստուգման կարիք չունեցող:
Նախագահող: Երդվյալ ատենակալների թվում կան բարձրագույն կրթություն չունեցողներ:
Կարաբչևսկի: Առավել ևս ես պարտավոր եմ նրանց հայտնելու այդ տեղեկությունները…
Նախագահող: Շարունակեք:
Կարաբչևսկի: Պարոնայք երդվյալ ատենակալներ, ձեզ, անկասկած, հայտնի է, որ Եվրոպա թուրքերի ներխուժումից հետո Օսմանյան կայսրության կազմի մեջ մտան քրիստոնեություն դավանող շատ ժողովուրդներ, որոնք նվաճող-հաղթողների նկատմամբ դարձան պարտվածներ: Դրանք են հույները, սերբերը, բուլղարացիները, բոսնիացիները և հայերը par excellence, քանզի Փոքր Ասիան ու Հայաստանը թուրքերի տիրապետության ներքո են վեց դար: Եվրոպայի պատմական քարտեզները հիերոգլիֆների նման խզբզված են նվաճումների խառնիխուռն գծերով: Չկա գեթ մեկ եվրոպական պետություն, որ կազմավորված չլինի զավթումների միջոցով: Բայց պատմական մշակույթի շնորհիվ տեղի է ունեցել նվաճված գավառների նորմալ միակցում: Եվ պարտվածները, և հաղթողները (սրտում ունենալով կամ չունենալով քաղաքական դառնության նստվածք) ի վերջո դարձել են միևնույն պետության քաղաքացիներ, միավորվել ընդհանուր պարտավորությունների, ընդհանուր պետական ծառայության ու մասնավոր կյանքի շուրջ` առանց ցեղային ու կրոնական տարբերությունների, փնտրել ու բարօրություն գտել ընդհանուր օրենքների հովանու ներքո: Այդպիսին է պատմության բնականոն ընթացքը:


Սակայն Թուրքիան այլ բան է: Ասիական մշակույթի status quo-ն, իսլամի ֆանատիզմը, կառավարման բռնատիրական կերպը, որի գլուխ կանգնած է սուլթան-խալիֆը, այսինքն` մուսուլմանական եկեղեցու առաջնորդը, ընդ որում Մուհամեդի պատգամների ջանադիր պահապանները մարգարեի դրոշի վրա մինչ օրս դեմ չեն կարդալու «մահ գյավուրներին», ստեղծել են առանձնահատուկ, եվրոպական մշակույթի տեսակետից անհավանական ինչ-որ մի բան, որի հետ սակայն ամբողջ Եվրոպան` հանուն քաղաքական շահի, համբերատար կերպով հաշվի է նստում արդեն երկար դարեր: Թուրքահպատակ քրիստոնյաները պետական կյանքի, կառավարման և արդարադատության ընդհանուր կարգի մեջ չեն մտել, և հազարավոր մուսուլմանների անկեղծ համոզմամբ` երբեք էլ չեն մտնի: Նրանք ռայաներ են` իրավազուրկ անասուններ, որոնցից յուրաքանչյուրի գլխից հարկ` խարաջ է գանձվում, քանի դեռ գլխին թույլ է տրված մնալ ուսերի վրա: Շարիաթի դատարանը քրիստոնյա վկաների չի ընդունում: Քրիստոնյայի շահած դատը երբեք վերջնական չի համարվում, մշտապես կգտնվի մի ատյան, որը կարող է այն չեղյալ համարել: Քանի որ գանձված տուրքը չի համարվում գանձված, ապա կգտնվի ինչ-որ մեկը, որն այն կգանձի թե երկրորդ, թե երրորդ անգամ: Քրիստոնյայի ոչ հոգևոր, ոչ ունեցվածքային իրավունքը օրենքով պաշտպանված չէ: Մի խոսքով, դա պարտվածների ու հաղթածների հավերժ ձգվող իրավիճակն է, և դուք գիտեք` վա՜յ-պարտվածներին:


Թուրքիային հպատակ քրիստոնյա ժողովուրդներից ամենաերկարատև և անհուսալի ենթակայությունը հայ ժողովրդինն է: Բիբլիական Արարատի ստորոտին, երբեմնի ծաղկուն Հայաստանում նա աներեր դիմացել ու դիմանում է ստրկության բոլոր նվաստացումներին: Հողագործի համառ բնազդով հայրենիքին կառչած, ամուր ընտանեկան կապերով ու հոգևոր նախասկզբով, որ նրան ներարկել է քրիստոնեությունը, որն էլ որպես ժողովուրդ առաջինն ընդունեց, թուրքերին հպատակ հայ ժողովուրդը խաղաղ առաքինություններում էր քաղում համբերության իր անսպառ պաշարը: Լորդ Բայրոնը (Հունաստանի անկախության ոգեշունչ մարտիկը) այսպես է նրան բնութագրում. «Դժվար է գտնել մի ժողովուրդ, որի տարեգրություններն առավել նվազ թաթախված լինեն հանցագործությունների մեջ, քան հայերինը, որոնց առանձնակիությունը բարությունն ու խաղաղ առաքինություններն են, իսկ արատները՝ բռնությունների հետևանք»:


Նույն հայ ազգի մասին պատմաբան Գիբոնը հարյուր տարի առաջ գրել է. «Այս ժողովրդին թույլ չեն տվել օգտվել անգամ ստրկական վիճակի հանգստությունից, իր պատմության առաջին իսկ օրից մինչ ներկա պահ Հայաստանը եղել է մշտական պատերազմների թատերաբեմ: Դաժան քաղաքականությունը մարդազրկեց Տավրոսի ու Երևանի միջև գտնվող հողերը: Թուրքիային հպատակ բոլոր քրիստոնյա ժողովուրդների համար ընդհանուր դժբախտություններին հայերի պարագայում հարկ է հավելել նաև բեյերի բռնությունները, չերքեզների և քոչվոր քրդերի թալանը, այսինքն, այլ խոսքով ասած, հարկ է հավելել կատարյալ գազանությունների բավական սովորական երևույթները մռայլ ֆանատիզմի հենքի վրա` գյուղական բնակչությանը բռնի մահմեդականացնելու, հարեմներին վաճառելու համար աղջիկներին ու տղաներին առևանգելու և ամուսինների ու հայրերի աչքի առաջ կանանց բռնաբարելու տեսքով»:
Նախագահող: Պարոն դատապաշտպան, խնդրում եմ չանդրադառնալ… Դա քննության առարկա չի եղել և առնչություն չունի գործի հետ:


Կարաբչևսկի: Բավական է հայացք ձգել Փոքր Ասիայի քարտեզի վրա՝ համոզվելու, որ ավազակությամբ զբաղվող իմ թվարկած ցեղերը գտնվում են Հայաստանի հարևանությամբ, նրանց բարքերը նկարագրված են նաև աշխարհագրության դասագրքերում…
Նախագահող: Խնդրում եմ շարունակել իմ նշած սահմաններում:
Կարաբչևսկի: Ես ձգտում եմ ապացուցել, որ հայերը բռնության հակում չունեն առհասարակ, ես թվարկեցի նրանց խաղաղ առաքինությունները: Այդ առաքինությունները եղան արատներ: Ի թիվս հայերի, ժամանակին նույնքան ողորմելի ստրկական գոյություն էին քարշ տալիս հույները, սերբերը, ռումինացիները, բուլղարացիները, մի խոսքով` Թուրքիային հպատակ բոլոր քրիստոնյա ժողովուրդները: Եվ ի՞նչ ենք տեսնում: Այժմ բոլորը (գրեթե բոլորը) կամաց-կամաց ազատագրվել են, ոտքի կանգնել: 1820-1827 թթ. համահունական ապստամբությունը Եվրոպան այրած առաջին ազատագրական բոցն էր: Թուրքերի վայրենի բռնությունները, որոնք դրսևորվեցին այնպիսի փաստերով, ինչպիսիք էին Քիոս կղզու ողջ բնակչության գլխովին կոտորածը կամ Կոստանդնուպոլսում Զատկի օրը պատրիարքին ու երեք արքեպիսկոպոսներին կախաղան հանելը, համընդհանուր վրդովմունքի աղաղակ առաջացրին: Հայտնի է, որ Նիկոլայ I-ի ռազմական միջամտությանն է պարտական նոր Հունական թագավորությունն իր գոյության համար, միջամտություն, որ ավարտվեց Թուրքիայի հանդեպ մեր հաղթանակով և Ադրիանապոլսի հաշտությամբ (1829): Ներկա հարյուրամյակի քսանական թվականներին մսագործ Միլոշի քաղաքական խորամանկությանն է պարտական Սերբիան` ժառանգական իշխանական հարստության իր ծնունդով: Բայց դրանք բոլորը առայժմ հատուկենտ փորձեր էին ուժով կամ խորամանկությամբ ստրկության ատելի լուծը թոթափելու ուղղությամբ:


Հայերն անհողդողդ կերպով մնացին համբերատար: Ամենաշատը, ինչում դրսևորվեց նրանց վրդովմունքը, պարբերական արտագաղթն էր Ռուսաստանի տարածք: Նվաճելով Կասպից ծովի ափերը, Պյոտր Մեծը շտապեց այդ երկրամասը վերաբնակեցնել քրիստոնեական տարրով` ներգաղթյալ հայերով, և նրան օգտագործել որպես հուսալի հենակետ մահմեդականության դեմ պայքարելու համար: Հալածյալ «ռայաների» և առհասարակ տաճկահայերի ճակատագրի համար առանձնակի նշանակություն ունեցան Եկատերինա II-ի հաղթական պատերազմները: 1774 թ. Քուչուկ-Կայնարջիի համաձայնագիրն առաջին անգամ Արևելքի քրիստոնյաներին դրեց Ռուսաստանի հովանու ներքո:
Բացառապես ներգաղթող թուրքահայերի համար Դնեստրի ափին Գրիգորիուպոլիս քաղաքի կառուցմամբ կայսրուհին ձգտում էր հասնել այն բանին, որպեսզի «արտասահմանում գտնվող հայերը, տեսնելով վերաբնակեցվածների բարօրությունը, միանան նրանց»: Եվ իրոք, հայերը սկսեցին զանգվածաբար բնակություն հաստատել Ղրիմում` «անապատները քաղաքների վերածելով»: ՈՒշադրության առնելով Ռուսաստանում վերաբնակված թուրքահայերի «գերազանց աշխատասիրությունը, բարեխիղճ տնաշինությունը և օրինակելի կարգապահությունը», Պավել I-ը 1799 թ. հոկտեմբերի 28-ի շնորհագրով նրանց նոր առանձնաշնորհներ և արտոնություններ տրամադրեց: 1812 թ. պատերազմի ավարտից հետո հայ ժողովրդին ուղղված գրով` տրված 1813 թ. սեպտեմբերի 16-ին Տեպլիցայում, Ալեքսանդր I-ը շնորհակալություն հայտնեց այն բանի համար, որ խառնակ պայմաններում նրանք «մնացին անսասան և անհողդողդ իրենց ջանադրությամբ առ Մեզ և Մեր Գահը, զոհաբերելով իրենց ունեցվածքը և բոլոր միջոցները և կյանքը` ի ծառայություն Մեզ և հանուն ընդհանուր բարօրության»: Կայսրն իրեն պարտավորված էր զգում ի տես ամբողջ աշխարհի արտահայտելու իր երախտագիտությունն ու բարեհաճությունը: Հայերի կապվածությունը Ռուսաստանի հետ առանձնակի ուժով դրսևորվեց Պարսկաստանի դեմ 1826 թ. պատերազմի ժամանակ: Նրանք սկսեցին զանգվածաբար տեղափոխվել Ռուսաստան: Պարսկական կառավարությունը նրանց վախեցնում էր ճորտատիրական կարգով և զինվորապարհակով, բայց հայերը պատասխանեցին. «Ավելի լավ է չոր խոտ ուտենք քրիստոնյա հողի վրա, քան հաց` Պարսկաստանում»: 1828 թ. թուրքական պատերազմի ժամանակ Բարձր դուռը բոլոր հայերին սահմանամերձ վայրերից տեղափոխեց ծայրագավառներ, բայց չկարողացավ խոչընդոտել Ռուսաստանի հանդեպ համակրանք դրսևորելուն: Ադրիանապոլսի խաղաղության դաշն կնքելուց հետո թուրքահայերը զանգվածաբար գաղթեցին Ռուսաստան (շուրջ 90 հազար հոգի): Բարձր դուռն անհանգստացավ, որովհետև հեռացավ ամենաաշխատասեր արհեստավորական հատվածը: Կոստանդնուպոլսից Էրզրում ուղարկեցին Բարդուղիմեոս եպիսկոպոսին, որպեսզի նա հայերին հետ պահի վերաբնակեցումից, բայց նրան պատասխանեցին. «Եթե անգամ Քրիստոսը երկնքից իջներ համոզելու, որ մնանք Թուրքիայում, Նրան էլ չէինք լսի»:


Մեր նախավերջին պատերազմը Թուրքիայի դեմ, որով Նիկոլայ I-ը հույս ուներ «թաղել մեռելին», այսինքն՝ մեկընդմիշտ վերջ տալ Թուրքիային որպես եվրոպական տերության, թուրքահային հաղորդեց ամենահուսալի տրամադրություններ: Հայերը Ռուսաստանի հանդեպ ցուցաբերեցին նվիրվածություն և աջակցություն: Ավա՜ղ, այդ հույսերն ի դերև ելան: «Դաշնակիցների» դեմ պատերազմը, որն ավարտվեց Սևաստոպոլի տասնմեկամսյա հերոսական պաշտպանությամբ և անկմամբ, ինչպես հայտնի է, փրկեց «հիվանդ մարդուն», իմա` Թուրքիային, և թուրքահպատակ քրիստոնյաներին մատնեց նոր տառապանքների: Ղրիմի պատերազմից հետո Ռուսաստանի հանդեպ ունեցած համակրանքի համար թուրքահայերը ենթարկվեցին սարսափելի բռնաճնշումների:


Իրավիճակն այսպես մնաց մինչև Թուրքիայի դեմ մեր վերջին պատերազմը` արյունալի Դանուբով, Պլևնայով, Շիպկայով ու Սան-Ստեֆանոյի հաղթական դաշնագրով, որը հետագայում սահմանափակվեց Բեռլինի պայմանագրով: Հայտնի է, որ Արևելքի քրիստոնյաներին վերջնականապես ազատագրելու ջանքերին ուղղված 1878 թ. մեր այդ վերջին պատերազմին նախորդել էին սերբական պատերազմը և բուլղարացիների կոտորածը: Բայց, այդուհանդերձ, այդ և այլ քրիստոնյա ժողովուրդների համար ռուսների թափած արյունը զուր չանցավ, Սան-Ստեֆանոյի դաշնագրով ինքնավարություն տրամադրվեց Ռումինիային, Սերբիային ու Չեռնոգորիային, ի հայտ եկավ նաև նախկին տիրակալից անկախ մի նոր քրիստոնեական պետություն` Բուլղարիան: Հայերը, որպես պատմության խորթ զավակներ, այս անգամ էլ հայտնվեցին պատմական հաջողությունների ու բարօրության վերջնամասում: Բայց, այդուամենայնիվ, Սան-Ստեֆանոյի պայմանագիրը հայ ժողովրդի համար ունեցավ վիթխարի բարոյական ու քաղաքական նշանակություն: Առաջին անգամ նրա ճակատագրի մասին խոսեցին միջազգային դաշնագրերի էջերում: Փոքր Ասիայի թուրքահայերի մի մասն անցավ Ռուսաստանին, իսկ Թուրքիային մնացած մյուս մասի առնչությամբ, առաջին անգամ Ռուսաստանի նախաձեռնությամբ, հատուկ բարեփոխումների իրավունք վերապահվեց, որը պետք է պաշտպաներ հայերի անձնական և ունեցվածքային անվտանգությունը: Սան-Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածի համաձայն, Թուրքիան Ռուսաստանի առջև հանդիսավորապես պարտավորվեց. «Անհետաձգելիորեն իրականացնել բարենորոգումներ ու բարեփոխումներ հայերով բնակեցված մարզերում և պաշտպանել նրանց քրդերից ու չերքեզներից»: Բեռլինի կոնգրեսը Ռուսաստանից խլեց ռուսական արյամբ ձեռք բերված այդ բացառիկ իրավունքը և Սան-Ստեֆանոյի 16-րդ հոդվածի փոխարեն լույս աշխարհ բերեց Բեռլինի դաշնագրի 61-րդ պարագրաֆը, Ռուսաստանի բացառիկ իրավունքի փոխարեն վեց Եվրոպական տերությունների հանձնելով հետևելու Բարձր դռան պարտավորությունների կատարմանը: Արևելքում Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու համար Եվրոպան ինքը ստանձնեց դերակատարություն և այդպիսով հանդիսավորապես երաշխավորեց հայերի անվտանգությունը: Դրանից զատ, 1878 թ. հունիսի 4-ին Անգլիան առանձին դաշնագիր ստորագրեց Թուրքիայի հետ, որով Փոքր Ասիան, հետևաբար և Հայաստանի ճակատագիրը, վերցրեց իր բարեհոգի պրոտեկտորատի տակ:


Այսպիսով, ասածիս հիման վրա հարկ է պաշտոնապես և փաստացիորեն անվիճելի համարել, որ մինչ Սան-Ստեֆանոյի պայմանագիրը Փոքր Ասիայում բնակվող ամեն մի հայի անձնական ճակատագիրը թուրքական օրենքներով պաշտպանված չէր, պաշտպանված չէր նաև հարևան քրդերի ու չերքեզների ավազակային հարձակումներից: Հետագայում Կոստանդնուպոլսում գործում էր, այսպես կոչված, «Հայկական սահմանադրությունը», բայց դա ընդամենը պլատոնական ցանկություններով, անպտուղ միջնորդություններով, հույսերով առլեցուն ցնորական սահմանադրություն էր: Գավառներում ոչ մի բարեփոխում չձեռնարկվեց, չնայած վեց տերությունների «աչալուրջ» հսկողությանը: Եթե, ըստ ռուսական ասացվածքի, յոթ դայակ ունեցող երեխայի աչքը դուրս է գալիս, ապա դժբախտ Հայաստանի պարագայում բավական եղավ և վեց դայակը, որպեսզի շարունակի քարշ տալ իր նախկին ողբալի գոյությունը:
Հետո 1894, 1895, և 1896 թվականներին, ճիշտ այն ժամանակ, երբ տասնվեց տարվա անպտուղ սպասումներից հետո սկսեցին Թուրքիայում շտապեցնել բարեփոխումներ իրականացնելու հայկական նահանգներում, որոնցով Եվրոպան ցանկանում էր «բարօրություն» բերել, տեղի ունեցավ այնպիսի մի վայրենի ու չլսված բան, որին սկզբում չէին ուզում հավատալ և որին ի վերջո ստիպված եղան սարսուռով հավատալ: Ես խոսում եմ հայերի զանգվածային կոտորածների մասին Սասունում (1894), հետո հետևողականորեն` Փոքր Ասիայի բոլոր շրջաններում, ի վերջո և` բուն Կոստանդնուպոլսում:
Ջարդը Գրիգոր Ղուլղուլյանի հայրենի քաղաք Բայբուրդում, որի ժամանակ նրա սպանած Հասան Միլի-օղլու ձեռամբ զոհվեցին նրա հայրն ու երկու եղբայրները, տեղի է ունեցել 1895 թ. հոկտեմբերի 27-ին: Ըստ պաշտոնական տվյալների (հյուպատոսների զեկուցագրեր, անգլիական «Կապույտ» ու ֆրանսիական «Դեղին» գրքեր և այլն), Բայբուրդում արական սեռի բոլոր հայերն սպանվել կամ բանտարկվել են: Այդ տվյալները լիովին համապատասխանում են այն ամենին, ինչ մենք այստեղ լսեցինք: Թալանվել է 400 տուն, սպանվածների թիվը հասնում է հազարի: Բայբուրդի շրջակայքում ամբողջովին թալանվել և ավերվել է 165 գյուղ:
Սասունի առաջին կոտորածը բացատրվել է, իբր, հենց հայերի խռովությամբ, ընդ որում սպանվել է 10000 մարդ: Բայց կամաց-կամաց ճշմարտությունը բացահայտվեց: Տերությունների ներկայացուցիչների և անհատների (այստեղ հարկ է հարգանքով հիշատակել իռլանդացի Դիլոնին, անգլիացի ամուսիններ Հարիսներին, ֆրանսիացի Շարմետանին, գերմանացի Լեփսիուսին, մեր ռուս հրապարակախոսներ Ջանշիևին, Գոլստրեմին, կոմս Կոմարովսկուն և այլոց) մերկացուցիչ տեղեկությունների շնորհիվ երևան եկավ հիրավի ցնցող պատկեր: Մեծ տերությունների ներկայացուցիչների ժողոված տեղեկությունների համաձայն, մինչև 1896 թ. սկիզբը Փոքր Ասիայում սպանվել է 37085 հոգի, ավերվել ու հրկիզվել է 39749 տուն, բռնի մահմեդականացվել է 40950 մարդ, չքավորության մատնվել 290300 հոգի: Ամենուրեք հանգանակություններ կազմակերպվեցին հօգուտ հայ այրիների ու որբերի, նաև ռուսական կառավարության կողմից այդպիսի հանգանակություն պաշտոնապես թույլատրվեց 1896 թվականին: Բայց այդ պատմական իրադարձության ամենասարսափելի կողմը հանդիսացավ այն, որ կոտորածները, ամենայն հավանականությամբ, ոչ թե ցեղային կամ կրոնական թշնամանքի պատահական բռնկումներ էին, այլ ամբողջ Փոքր Ասիայի տարածքում հայերի կազմակերպված, համակարգված զանգվածային ջարդեր: Դա Արևելքի պատրաստած յուրատեսակ խտանյութն էր` ի պատասխան Հայաստանի համար Եվրոպայի երկար ու համբերատար կերպով սպասած բարեփոխումների:


Ահա թե ինչպիսի պատմական հենքի վրա է ծլարձակել այն իրադարձությունը, որը մենք այսօր պատահմամբ կոչված ենք քննարկելու: Ամբողջ հայ ժողովրդի աղետների հենքի վրա, աղետներ, որոնց մասին նա, ում Եվրոպան անվանում էր «արդարամիտ իմաստուն»` Գլադստոնը, թերևս առաջինը ի լուր ամենքի հայտարարեց. «Դրանք աղետներ էին, որոնցում չափազանցությունն անհնար է, որովհետև իրականությունը գերազանցեց ամենաանհնար պատկերացումները: ՈՒրիշ ի՞նչ ասեմ ձեզ:


Երեք տարի անց Գրիգոր Ղուլղուլյանը և Հասան Միլի-օղլին պատահաբար հանդիպեցին Ռուսաստանում, այստեղ` Սիմֆերոպոլում: Հասանը բարգավաճ վիճակում էր: Զավթելով այնտեղ` Բայբուրդում, սպանվածների ինչքը, նա շարունակում էր հարստանալ նրանց այրիների ու որբերի հաշվին` ահռելի տոկոսներով փող ու մթերք տրամադրելով: Դրա մասին է վկայում նրա մոտ հայտնաբերված փաստաթղթերի ցանկը` պարտամուրհակների ցուցակը այն հայ կանանց, որոնց հարազատները փախել էին Ռուսաստան: Վկաների ցուցմունքով, նա միշտ էլ եղել է դաժան վաշխառու, իսկ Բայբուրդի կոտորածից հետո ավելի էր հարստացել և սկսել էր իր օրինական թուրքական անձնագրով ժամանակ առ ժամանակ գալ Ռուսաստան` թե փաստաթղթերով և թե առանց փաստաթղթերի տուրք գանձելու այն հայերից, որոնց հարազատները մնացել էին Բայբուրդում: Այնտեղ մնացածների ճակատագրով մտահոգ` նրան անտրտունջ վճարում էին: Ինքնատիպ ավազակային-միջազգային արհեստի չլսված բացեիբաց հանդգնություն և դրան ինչ-որ կերպ հակազդելու լիակատար անզորություն:
Սնանկացած, ընչազուրկ թափառական Գրիգոր Ղուլղուլյանը Հասանին անսպասելիորեն հանդիպեց Կարապետի սրճարանում և քար կտրեց: Նրա առջև կանգնած էր Հասանը, այն նույն Միլի Հասանը, որը սպանում էր իր հորն ու եղբայրներին, իսկ ինքը սարսափից կարկամած, շունչը պահած թաքնվել էր սնդուկի հետևում: Դա Հասանի ուրվականը չէր, դա կենդանի Հասանն էր, որից Գրիգորի վրա սարսափ էր սփռում անդրշիրիմյան ուրվականը: ՈՒրվականը խոսեց: Նա նույնիսկ մարդկային լեզվով մի քանի բառ արտաբերեց. «Բարև… Ես հիշում եմ քո ազգանունը»: Հետո նա չշարունակեց: Նա «հիշո՜ւմ» էր… Ղուլղուլյան ազգանունը: Այդքանը բավարար էր: Նրա ճակատագիրը վճռված էր:
Մենք գիտենք, որ Գրիգորը նետվել է Հասանի վրա, երբ նա մենակ չէր, ուրիշ հինգ մարդու հետ էր: Դա մարդկանց խումբ էր: Մութ ու մշուշոտ գիշեր էր, փողոցի լապտերները հազիվ էին լուսավորում նրանց ճանապարհը: Դուք գիտեք ինչպիսի սարսափելի հարված հասցրեց Ղուլղուլյանը: Առանց տատանվելու նա տարանջատեց Հասանին մյուսներից` գրեթե նույն հասակ ու կազմվածք ունեցողներից: Նա չէր տատանվում ու չսխալվեց: Հասանը տեղնուտեղը մեռած ընկավ: Թե Ղուլղուլյանը մթության մեջ ինչպես էր հաշվարկել իր հարվածը, մնում է նրա կամ նախախնամության գաղտնիքը: Ասես դաշույնի սայրը մագնիսացավ ու ձգվեց Հասանի երկաթյա, երբևէ կարեկցանք չգիտցող սիրտը:


Հիմա մնում է ևս մի հարց` մեղավո՞ր է, արդյոք, Գրիգոր Ղուլղուլյանը: Ռուսական օրենքները, այդ թվում՝ քրեական օրենքի ծանր հոդվածը, որը պատժում է կանխամտածված սպանության համար, առհասարակ հաշվի են առնում օրենքներով սահմանված մարդկային հարաբերությունները: Դուք գիտեք, թե իրավազրկության և ապօրինության ինչպիսի հորձանուտից է դուրս պրծել Ղուլղուլյանը: Նրա հոր ու եղբայրների մարդասպանը, որին տեսել էր իր առջև, ենթակա չէր և չէր կարող ենթակա լինել որևէ օրինական պատժի: Հետևաբար խեղճին մնում էր «մոռանալ», որ Հասանն իր աչքի առաջ անողոքաբար սպանել էր ծեր հորն ու երկու եղբայրներին: Բայց մի՞թե կարելի է նման բանը մոռանալ: Մի՞թե նման բաները մոռացվում են:

Նա չի փնտրել Հասանին: Նրանք հանդիպել են ճակատագրի բերմամբ, այն ճակատագրի, որի հանդեպ հավատը շատ ուժեղ է Արևելքում:
Մարդուց մենք իրավունք ունենք պահանջելու մարդկային արարքներ: Մոռանալ, ներել Հասանին կարող էր թերևս «գերմարդը»: Այդպիսին մի փնտրեք դժբախտ, խեղճ Ղուլղուլյանի մեջ: Ձեր դատարանը նույնպես ընդամենը մարդկային դատարան է: Այն, ինչ մարդուց վեր է, արդեն Աստվածային է, և մենք ընդամենը պետք է մի կողմ քաշվենք… Եկեք մի կողմ քաշվենք»:
Երկու րոպե տևած խորհրդակցությունից հետո երդվյալ ատենակալները կայացրին արդարացման դատավճիռ: Դատարանի դահլիճից ազատ արձակվեց ազգային և ընտանեկան արժեքներին հավատարիմ, արժանապատվություն ու հպարտություն ունեցող մի հասարակ հայ մարդ…


Հեղինակ`
Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 6475

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ