Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Հեղափոխություն ամեն օր, այսինքն՝ երբեք

Հեղափոխություն ամեն օր, այսինքն՝ երբեք
06.09.2016 | 08:04

Սեպտեմբերը քաղաք վերադարձրեց կապույտ երկինքը, որտեղ կան ամպեր, լինում են կայծակներ, որոտը ստուգում է մեր լսողությունը, լույսի ու ձայնի արագությունների տարբերության ընկալումը: Լույսի՞ արագությունն է մեծ, թե՞ ձայնի: Ֆիզիկոսները ինչ էլ պատասխանեն, անձրևի տակ ընկած մարդու համար մեծ նշանակություն չունի՝ սկզբում կայծա՞կն է, թե՞ որոտը: Կարևորը չթրջվելն է: Սեպտեմբերը վերադարձրեց զգոնության կարևորության գիտակցումը՝ ամռան ընդարմացնող շոգի մեջ զգալիորեն բթացած, երբ երկնքում ամպերը ինչպես երկրի վրա մանանան էին: Իսկ գտա՞վ մեզ սեպտեմբերը:


Ի՞նչ ենք անում: Ամռան իներցիայով հանրահավաքներ Ազատության հրապարակում, դատեր-դատավարություններ, հայտարարություններ, որոնք անհապաղ հեղափոխություն են պահանջում ամեն օր: ՈՒրիշ համարյա ոչինչ: Երբ հեղափոխություն ես ուզում ամեն օր՝ հաջորդ օրը նույնը ցանկանալու հեռանկարով, երբեք հեղափոխություն չես անելու, ընդամենը հարմարվել ես ու դիմադրություն ես ձևացնում՝ հիշեցնելու, որ դու կաս, որ քեզ էլ հաշվեն ընդհանրական գործարքի ժամանակ: Գործարքի ժամանակները մոտենում են՝ ԱԺ ընտրությունների տեսքով: Գործարքի կանոնները, սակայն, դեռ չկան: Նույնիսկ իրավական: Ընտրական տանջամահ օրենսգիրքը, որ խորհրդարանն ընդունեց աշխարհացունց ելույթների տարափի մեջ, «հանգեաւ ի Տեր»: Համարյա: Ռեինկարնացիա՞, թե՞ ռեանիմացիա: Ո՞ր գործընթացով պիտի ինքնազբաղվեն խորհրդարանական քաղաքական ուժերը: Քառյակների ձևաչափը մի գարուն ու մի ամառ քաղաքական գործընթաց ձևացնելուց հետո որոնում է համագործակցության նոր հարթակ՝ միայնակների ձևաչափով: Իշխանությունը մարմնավորում են Դավիթ Հարությունյանն ու Վիգեն Սարգսյանը, ոչշխանությունը՝ Լևոն Զուրաբյանը: ՈՒ մի օր նրանք հաղթական կասեն՝ եղավ: Կամ՝ չեղավ: Նույնիսկ նրանք գիտեն, որ իրենց բուռն ու անմնացորդ ջանքերը խորհրդարանական ընտրությունների շրջագծում այլընտրանքային գործընթաց են իրականին, որ օրենսդրության հետ աղերսներ չունի, եղել է, կա ու լինելու է ինքնակա: Քվեարկածների ընտրացուցակների հրապարակման կարգախոսի տակ մեզ սպասում են իշխանական ու անիշխանական ևս մի քանի տասնյակ ելույթներ, գուցե հընթացս պարզվի, թե ընտրախախտումների բացառման մեջ ի՞նչ դեր ունեն ընտրացուցակները: Հաշվի առեք իրականում չքվեարկած «քվեարկողների» կամ բազմաքվեարկողների նկատմամբ իրավական գործընթացների արդյունքների չգոյությունը իբրև փաստ: Սա ամեն օր հեղափոխություն անելու նույն պահանջն է, որը վերածվում է քամու տատանման, երբ ոչ նավ կա, ոչ առագաստ, առավել ևս՝ ծով: Բայց ընտրությունները լինելու են: Բացառված չէ, որ բոլոր գործարքները ջուրն են ընկնելու ու նոր իրավիճակ ենք ստանալու: Թե քվեարկության պատկերի ու կերպարի, թե հետընտրական գործընթացների, թե ընտրության վերջնական արդյունքների իմաստով: Երբեք հնարավոր չէ ամեն ինչ կանխատեսել, փոխվում է պտուտակներից մեկը, թափանիվը փոխում է ուղղությունը: Այսպիսին է այս սեպտեմբերի իրականությունը:


Սեպտեմբերը՝ պատմության մե՞ջ: 2013-ի սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահը հայտարարեց, որ Հայաստանը կանդամակցի Մաքսային միությանը, որ նշանակում էր՝ ստեղծվելիք Եվրասիական միությունում կլինի ու չի լինի վաղուց գործող Եվրամիությանը ասոցացվողներից մեկը: 2016-ի սեպտեմբերի 6-ին հարցումները վկայում են, որ պատասխանելով «ինտեգրային ո՞ր նախագծին պետք է Հայաստանը անդամակցի» հարցին՝ 41 % -ը նշել է ԵՄ-ն, 25 %-ը՝ ԵԱՏՄ-ն, 6 %-ը կողմ է և ԵՄ-ին, և ԵԱՏՄ-ին, 9 %-ը դեմ է որևէ միության անդամակցելուն: Թեպետ հարցումն ինքնին անհեթեթ է և բնորոշում է մի իրավիճակ, երբ դու երեք տարի առաջ ամուսնացել ես ու նոր միայն պարզում ես՝ ո՞ւմ հետ կյանքդ կապես՝ եվրոպացո՞ւ, թե՞ ասիացու:

Հետադարձ ուժ չունեցող այս հարցումների շարունակականությունը, այնուհանդերձ, վկայում է հասարակական տրամադրությունների նոր պատկեր, որը ոչ այն ժամանակ, ոչ հիմա չի մտահոգում որոշումներ ընդունող իշխանությանը: Ժողովրդավարության մակարդակի իրական ցուցիչը հենց այս փաստն է: Հասարակական կարծիքը պիտի մտահոգեր ընտրությունների գնացող իշխանությանը, որովհետև հարցման տոկոսների մեջ իշխանության ընտրվելու ու չընտրվելու հավանականության տոկոսներն են, եթե երկրում կա ժողովրդավարություն: Իսկ եթե չկա, ի՞նչ կապ ունի Ընտրական օրենսգիրքը: Համենայն դեպս, 2014-ի և 2015-ի տվյալների համեմատ՝ հարցվածների տրամադրությունները փոխվել են: ԵՄ-ին անդամակցությանը նախկինում կողմ էր 25 % և 24 %-ը, ԵԱՏՄ-ին՝ 38 % և 36 %: Երկուսին էլ կողմ էր հարցվածների 12 % և 13 %-ը, դեմ էր 10 % և 8 %-ը: Փաստացի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի անդամակցության հարցում նախապատվությունը տրվում է ԵՄ-ին: Ռուսաստանը բարեկամ երկիր համարողների 39,3 %-ը նախապատվությունը տալիս է ԵՄ-ին ինտեգրմանը և միայն 29,7 %-ն է ԵԱՏՄ-ին կողմ: 41 % - 25 %- հօգուտ ԵՄ-ի՝ ընդամենը երկու ոչ լրիվ տարում՝ արդյունքին հասել են ոչ ԵՄ-ն, ոչ ԵԱՏՄ-ն, այլ ապրիլյան քառօրյա պատերազմը և Մոսկվան իր ոչ դաշնակցային պահվածքով՝ մինչ այդ, ընթացքում ու հետո: Տնտեսագետները հայտարարում են, որ ընտրելով ԵԱՏՄ-ն, Հայաստանը զրկվեց ԵՄ դոնորների միլիարդավոր եվրոներից: ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման դեպքում Բրյուսելը պետք է դոնորական համաժողով կազմակերպեր Հայաստանում, միլիարդավոր եվրոների ներդրումներ էին սպասվում ճանապարհների շինարարության, ոռոգման համակարգերի, Հյուսիս-Հարավ մայրուղու կառուցման համար, ԵՄ-ն անվտանգության երաշխիքներ էր ապահովում Հայաստանին ու Ղարաբաղին: Փոխարենը՝ անվտանգության հեռանկարով ՀԱՊԿ անդամ Հայաստանը «ընտրեց» ԵԱՏՄ-ն ու անվտանգություն՝ թղթի վրա, պատերազմ՝ սահմաններին:

ՈՒ, միևնույն է, քաղաքական կամ տնտեսական այլընտրանքների տաբուները հաղթահարում է ժամանակը, որքան էլ իշխանությունն ու իշխանամերձ ընդդիմությունը դիմակայեն, կյանքը գալիս է ու պարտադրում իր լուծումները: Վստահաբար՝ 2013-ի սեպտեմբերի 3-ին գիշերային որոշում ընդունող Սերժ Սարգսյանը չէր կարող կանխատեսել հետագա իրադարձությունները ռուս-ուկրաինական առանցքի վրա ու ՌԴ-ի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցները, որ ԵԱՏՄ-ն դարձրին պայմանական կառույց, որի բոլոր անդամները ավելի շատ համագործակցում են Արևմուտքի, քան միմյանց հետ ու միմյանց հետ ավելի շատ քաղաքական, տնտեսական ու ռազմական հակասություններ ունեն, քան Արևմուտքի: Չէր կարող կանխատեսել նավթի աննախադեպ գնանկումը, որ քաղաքական պատկեր էր փոխելու ոչ միայն տարածաշրջանում, այլև համաշխարհային տնտեսության մեջ: Կարող էր կանխատեսել Իրանի դերի մեծացումը՝ պատժամիջոցների վերացումից հետո, բայց հարևանի հետ հարաբերություններն այլևս դրված էին ԵԱՏՄ-ի հողի վրա ու «Հավերժ Ռուսաստանի հետ» կարգախոսի տակ: Քաղաքականություն, որին վճռական հարված հասցրեց քառօրյա պատերազմը՝ փշրելով հասարակական ընկալման կարծրատիպերը ռազմավարական գործընկերոջ ու համագործակցության դաշտում: Հազիվ թե այլևս ԱԺ կազմի 99,9 %-ը Մոսկվան կազմի: Փաստ, որ ռուսաստանահլու քաղաքական ուժերը չեն գիտակցում՝ իրենց նախընտրական հաշվարկների հիմքում ռուսական էլիտային, ոչ թե հայկական ընտրախավին դնելով: Ընտրական օրենսգիրքը այս փաստի հետ էլ կապ չունի:

Սեպտեմբերի 8-ին նախատեսված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը ՌԴ ԱԳՆ ղեկավարության հետ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Սա հերթական քննարկումն է, որ պարբերաբար կազմակերպվում է Մոսկվայում, Փարիզում, Վաշինգտոնում: «Նախատեսվում է հատուկ ուշադրություն հատկացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Վիեննայում մայիսի 16-ին և Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքի քննարկմանը», ասել է Մարիա Զախարովան: Համարյա սենսացիա է, եթե հաշվի առնենք, որ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի բանակցությունները տարբեր «օպերաներ» են: Վիեննայում պայմանավորվել են ղարաբաղյան հակամարտության գոտում զսպման և հետաքննությունների մեխանիզմներ ներդնել: Սանկտ Պետերբուրգում խաղարկվեց կարգավորման «նոր» պլանը: Հիմա ասպարեզ է նետվում նոր խայծ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի հարցով պետք է նախապատրաստի ՄԱԿ-ի ԱԽ նոր բանաձև, որ կանխի զինված գործողությունների վերսկսումը և առաջ գնա: Որոշ տեղեկություններով՝ բանաձևի սևագիրն արդեն կա, որը քննարկվել է ՀՀ և ՌԴ, բնականաբար, նաև Ադրբեջանի, ԱԳ նախարարների, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ու նախագահների մակարդակով:

Եթե բանաձևի նախագծի նպատակը նոր բախումը կանխելն է, Ադրբեջանը հնարավորը կանի նախագծի ընդունումը ձախողելու համար՝ անցյալ դարի ու նույնիսկ անցյալ հազարամյակի բանաձևերը շատ ավելի են համապատասխանում Բաքվի «սուբստանցիոնալ» նպատակներին, քան նոր բախումը կանխող և բանակցությունների շարունակման ելք տվող բանաձևը: Իսկ եթե բանաձևն ունի ա՞յլ բովանդակություն ու տրամաբանություն՝ համահունչ Ալիևի երազած «սուբստանցիոնալին» և նպատակը համատեղելն է անցած դարի ու ներկայի իրողությունները, այսինքն՝ հերթական կոնգլոմերատ, որտեղ հակամարտող կողմերը ստանում են իրենց ցանկացածը, բայց ոչ հարցի լուծման որևէ տարբերակ: ՄԱԿ-ի 71-րդ ասամբլեան սեպտեմբերի 13-26-ին կանցկացվի Նյու Յորքում: Ադրբեջանի ակտիվ ջանքերով ասամբլեայի շրջանակներում նախատեսվում է Իսլամական համագործակցության կազմակերպության Ստամբուլի գագաթնաժողովի ժամանակ Ղարաբաղի հարցով ստեղծված խմբի առաջին հանդիպումը, որի հայտարարված նպատակը ԼՂ հարցի լուծումն է: ՈՒղղվածությունը պարզ է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Հիմնականում լոսանջելեսաբնակ, շարքային ընդդիմադիր Ռոբերտ Քոչարյանը սեպտեմբերի երրորդ օրը հաստատեց պաշտոնաթող թոշակառուի կարգավիճակը գրավոր հարցազրույցով՝ այս անգամ «Ազատության», ոչ թե ինքն իր հարցերին պատասխանելով: Նոր՝ ոչինչ: Ծերացող փնթփնթան, որ հիշողության խնդիրներ ունի և իրականության համարժեք ընկալման բարդույթ, երբ խոսքը վերաբերում է իր պաշտոնավարման տասնամյակին: Նրա գնահատականները, ինչպես միշտ, սուբյեկտիվ են և իրականության միայն արտաքին շերտն են շոշափում: Գուցե նա հույս ունի, որ ժամանակի փոշին մոռացության է մատնել իր ժամանակների իրողությունները, երբ համեմատում է իր պաշտոնավորումը իր իրավահաջորդի պաշտոնավարման իրողությունների հետ, ինքն էլ «մոռանալով», որ Սերժ Սարգսյանը ՆԳ, պաշտպանության նախարար, նախագահի աշխատակազմի ղեկավար, վարչապետ է եղել իր նշանակումով ու իր ընտրությունն է եղել: ՈՒ հիմա քննադատելով նրան՝ իրականում ինքն իրեն է քննադատում «անհաջող» ընտրության համար: Իսկ ընդհանրապես՝ հարցազրույցից հարցազրույց ՀՀ երկրորդ նախագահը նվազագույնի է հասցնում քաղաքական դաշտում իր ներկայությունը և հիմա ավելի հնչեղ է հարցը՝ իսկ կա՞ նա այդ դաշտում, ի՞նչ է ուզում նա այդ դաշտից: Հասարակական ցանկացած գործիչ կարող է վերհանել սոցցանցերում ներկայացվող հասարակական կարծիքի և պաշտոնականի տարբերությունը:

Հետո ինչ, որ իր պաշտոնավարման ժամանակներում սոցցանցեր Հայաստանում չկային ու հասարակական լիցքաթափման տարածք չէին: Հարցն անգամ այն չէ՝ ճի՞շտ է նա, թե՞ սխալ, հարցն այն է, թե ի՞նչ է նա անում: Իսկ նա հրապարակային քաղաքականության մեջ միայն ստեպ-ստեպ ներկա է ստանում ու ներշնչում, որ ինքը կա ստվերային քաղաքականության մեջ, ու կա իր վերադարձը, որ բոլորին վերադարձնելու է համահայկական նիրվանան, որ չի եղել ու չկա, որովհետև թե առաջին, թե երկրորդ, թե երրորդ նախագահները իրենց քաղաքականության անկյունաքար չեն ունեցել Հայաստանի իրական անկախությունը:

Դիտվել է՝ 1449

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ