Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Այս խելացին ինձ պետք է»

«Այս խելացին  ինձ պետք է»
06.09.2016 | 08:19

«Ես նրան հաճույքով գրողի ծոցը կուղարկեի, բայց այդ խելացի սրիկան ինձ պետք է»: Չեմ հիշում՝ որ դարում որ երկրի որ զինվորական կամ պետական ղեկավարն է սա ասել, բայց որ լավ է ասել, կասկած չկա: Մարդը հասկացել է՝ եթե ուզում ես իշխանությունդ, որպես պետական համակարգ, ամուր լինի, երբեք չկտրես նրա այն հենակը, որը հակոտնյա է, բայց ոչ թշնամի, մտածում է ոչ այնպես, ինչպես դու, բայց իր գործի մեծագույն գիտակն է և քո կառավարման երկարակեցությունն ապահովող «քոթուկը»:


Ցավոք, այս պարզագույն ճշմարտությունը հայոց պետական ու ռազմական այրերն այդպես էլ չյուրացրին: Քաջ Նազարի բախտով ում տակ մի աթոռ է հայտնվում, անմիջապես սկսում է հենակների «արյունակցական» զտում անցկացնել՝ «խելացի սրիկաներ» հայտնաբերելու և «գրողի ծոցն» ուղարկելու թաքուն-անթաքույց մտադրությամբ:


Վերացականից իջնենք առարկայական հարթություն և ասվածը մասնավորեցնենք կոնկրետ օրինակով: Լուրեր են շրջանառվում արդեն (իսկ Հայաստանում, ինքներդ գիտեք, ոչինչ հենց այնպես չի շրջանառվում), թե կադրային ջարդը ուր որ է «կչոքի» նաև կրթության ազգային ինստիտուտի դռանը, որի փոխտնօրենը 2012 թվականից «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանն է, և «ջարդվողն» էլ հենց նրա զբաղեցրած աթոռն է լինելու: Պարզ է, չէ՞, թե ինչու: Ճիշտ եք: Ոչ միայն այն բանի համար, որ իր գործի մեծագույն գիտակ տիկին Բախշյանը հասարակական-քաղաքական «հակոտնյա» դիրքորոշում ունի և հենց այդ տիրույթում էլ ակտիվ գործունեություն է ծավալում, այլև ու ամենից առաջ այն բանի համար, որ իշխանության մաս կազմած ՀՅԴ-ին խիստ անհրաժեշտ է այս պաշտոնում «արյունակից մարդ» ունենալ:


Կունենա՞, թե՞ մեր պետական այրերն էլ վերջապես կյուրացնեն պարզագույն ճշմարտությունը. եթե ուզում ես իշխանությունդ, որպես պետական համակարգ, ամուր լինի, երբեք չկտրես նրա այն հենակը, որը հակոտնյա է, բայց ոչ թշնամի, մտածում է ոչ այնպես, ինչպես դու, բայց իր գործի մեծագույն գիտակն է և քո կառավարման երկարակեցությունն ապահովող «քոթուկը»:

Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 41517

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ