Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ես հույս ունեմ, որ իմ գերդաստանում ապագայում շատանալու են Ջիվանները»

«Ես հույս ունեմ, որ իմ գերդաստանում  ապագայում շատանալու են Ջիվանները»
06.09.2016 | 09:05

«Իրատեսի» հյուրն է աշուղ Ջիվանու աղջկա՝ Հռիփսիմեի թոռ ՋԻՎԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ:

-Պարոն Հակոբյան, հաճույք է, թե՞ ծանր պարտականություն՝ կրել մեծանուն աշուղի անունը և հանդիսանալ նրա տոհմի ներկայացուցիչը:
-Նախ շնորհակալություն եմ հայտնում այն պատվի համար, որ ես այսօր կարող եմ իմ երկրի՝ Ջավախքի ժողովրդին բարևներ ուղարկել: Գիտեք՝ պարզապես հպարտություն է կրել էս անունը: Տատս է կնքել ինձ Ջիվան անունով՝ մտածելով, որ հոր նման կլինեմ տաղանդավոր, բայց, ավաղ, երգել չսովորեցի;
-Իսկ ինչու՞ չգնացիք Ջիվանու ճանապարհով և դարձաք իրավապահ համակարգի աշխատակից:
-Դե, իրավապահ համակարգի աշխատակցի մասնագիտությունն արվեստին ամենամոտն է: Սա՝ կատակով երևի:
-Պարոն Հակոբյան, կխնդրեի տարիքային հերթականությամբ անդրադառնաք Ջիվանու զավակներին՝ Գարեգինին, Հռիփսիմեին, Պարույրին, Արաքսուն, Գուրգենին, Լևոնին և նրանցից ճյուղավորվող սերունդներին, քանի որ հասարակությանը շատ կհետաքրքրի, թե, ի վերջո, ովքեր են եղել և են Ջիվանու ժառանգները:
-Շատ լավ: Նախ նշեմ, որ Ջիվանին հայոց թագավորությունը, հայոց անկախ պետականությունը հավերժացնելու համար Կիլիկիայի վերջին թագավոր Լևոն 6-րդի անունով իր համար որպես ազգանուն ընտրեց Լևոնյան ազգանունը, և իր զավակները ևս գրվեցին Լևոնյան: Իմ տատի գերեզմանաքարին (աճյունը գտնվում է Երևանի Նորք-Մարաշի գերեզմանատանը) այսօր գրված է՝ Հռիփսիմե Ջիվանու Լևոնյան:
Ես երևի սկսեմ Գարեգին Լևոնյանից (1872-1947): Գիտության և արվեստի նվիրյալ այս գործիչն ապրում էր Երևանի Տերյան փողոցի վրա գտնվող ներկայիս Ն. Աղբալյանի անվան դպրոցի դիմացի բակում: Իրենց տունը նկուղային և երկրորդ հարկերն էին: Էդ շենքում իր երեք սենյակներում հատակից մինչև առաստաղ կարգով շարված էին գրքեր, զանազան նյութեր, փաստաթղթեր, աշխատություններ և այլն: Ցավոք, Գ. Լևոնյանը մեզնից հեռացավ անժառանգ, և տատիկս, մտածելով, որ մենք չենք կարող այսքան ահռելի ժառանգությունը անվնաս տնօրինել, Գ. Լևոնյանի կնոջ մահից հետո որոշեց այդ բոլորը հանձնել Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին և ինքն էլ այդ նույն ժամանակ աշխատանքի անցավ այդ հիմնարկում՝ հայրիկիս և մեզ համոզելով, որ ինքն այնտեղ աչալրջորեն կհետևի Գ. Լևոնյանի արխիվային ժառանգությանը: Եվ, կարծում եմ, տատիկս շատ ճիշտ վարվեց, քանի որ կուտակած ահռելի գիտական ժառանգությունը շատ բան է տվել հայագիտության զարգացմանը: Հայտնի է, որ Գարեգին որդու դերն իր կյանքում շատ բարձր է գնահատել նաև ինքը՝ Ջիվանին: Գարեգին Լևոնյանը մեր տանը մոտ էր ապրում և ամեն առավոտ գալիս էր մեր տուն, տատիկիս հետ սրճում էին, և հայրս նրան ուղեկցում էր Երևանի պետական համալսարան (նա վերջին շրջանում մի քիչ դժվար էր քայլում): Բոլորը կարծում էին, թե Գարեգինի տղան հայրս է՝ Դիզբեկ Հակոբյանը: Հայրս մի քիչ էլ նեղվում էր տատիկիս կնքած Դիզբեկ (այսինքն՝ ուղիղ բեկ) անունից, և նրան բոլորը Բուլո էին ասում:
Հաջորդը Հռիփսիմե Լևոնյանն էր (1890-1967), իմ տատը, ով Ջիվանու զավակներից առաջինն էր, որ ամուսնանալով եկավ Երևան: Եվ դեռ էն տարիներից մեր ընտանիքը դարձավ արվեստագետների հավաքատեղի: Ես դեռ փոքր տարիքից հիշում եմ, թե ովքեր էին հյուրընկալվում տատիկիս տանը, և սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ տվյալ շրջանի բոլոր մեծամեծ մարդիկ: Հռիփսիմեն ունեցել է մեկ զավակ՝ Դիզբեկը, որն էլ իր հերթին ունեցավ երկու երեխա, այսինքն՝ ես և քույրս: Ես ունեմ չորս երեխա, քույրս՝ երկուսը: Բոլորս ապրում ենք Երևանում, ունենք յոթ թոռնիկ, բայց կարծում եմ դեռ գործի կեսին ենք հասել, դեռ շարունակվելու է այս գործը, և ես ուրախանում եմ, որ յուրաքանչյուր տարի առնվազն մեկ թոռնիկ ենք ունենում: Թոռներիցս մեծերն արդեն գնում են երաժշտական ուղղությամբ, երևի մեծանալով իրենք որոշեն՝ շարունակելո՞ւ են Ջիվանու գործը, չգիտեմ:
-Կարծում եմ՝ Ջիվանու գեները կրող Ձեր սերունդներն անկախ ամեն ինչից կդառնան հայրենիքին նվիրված քաղաքացիներ:
-ՈՒրիշ կերպ չի կարող լինել:
-Շատ բարի, շարունակենք ներկայացնել Ջիվանու հաջորդ ժառանգին՝ Պարույրին:
-Պարույր որդին (1883-1934), ինչպես գիտեք, եղել է Ալեքսանդրապոլի քաղաքագլուխը (Պ. Լևոնյանը Հայաստանի առաջին Հանրապետության շրջանի պատմության մեջ մնաց որպես Ալեքսանդրապոլի վերջին քաղաքագլուխ (1920 թ. հունիսի 16 - նոյեմբերի 7-Վ. Ս.): Դրանից հետո հեռանում է Ռումինիա՝ Բուխարեստ, էնտեղ ծանոթանում է Գայանեի հետ, ամուսնանում են, ունենում են աղջիկ՝ Օլգան: Ի միջի այլոց, Օլգան այսօր Ջիվանու միակ կենդանի թոռն է: Հավելեմ, որ Պ. Լևոնյանը Ռումինիայում ծավալում է հասարակական-քաղաքական գործունեություն, կապեր է հաստատում հնչակյան կուսակցության հետ, դաշնակցությանն էլ բավականին մոտ էր, նրա մոտ ընկերներն էին Անդրանիկը, Նժդեհը, Դրո Կանայանը: Այստեղ նշեմ նաև, որ Պարույրի մահվանից հետո Դրոն ամուսնանում է նրա կնոջ՝ Գայանեի հետ: Ահա այս միջավայրում ապրելով, բնականաբար, Պարույրի սերունդները մեզ՝ Խորհրդային Հայաստանում ապրողներիս հետ կապ չէին պահպանում: Խորհրդային տարիներին բոլորին էր հայտնի «առաջին ձև» կոչված փաստաթուղթը, որտեղ լրացվում էր արտասահմանում բարեկամներ ունենալ-չունենալը: Եվ նրանք մեզ հետ չէին կապվում միայն նրա համար, որ էստեղ մեզ նեղություն կամ ավելորդ գլխացավանք չպատճառեն, քանի որ իմ ծնողները, աշխատելով պետական հիմնարկներում, ունեին այդ «առաջին ձևը»:
-Փաստորեն հիմա Ջիվանու միակ կենդանի թոռնուհին՝ Օլգան, ապրում է ԱՄՆ-ում: Տարիներ անց ինչպե՞ս հաստատվեց կապը նրա հետ:
-Այո, նրանք ապրում են Բոստոն քաղաքում: Շատ հետաքրքիր եղավ այդ պատմությունը, և երևի հրապարակայնորեն առաջին անգամ եմ ներկայացնում: 1988 թ. Սպիտակի երկրաշարժի ժամանակ մի քանի ինքնաթիռներով օգնություն բերվեց ԱՄՆ-ից: Մարդիկ էդ օգնությունը բաժանեցին, անցավ որոշ ժամանակ: Օրերից մի օր մեր լրագրողներից մեկն այդ օգնության հետքերով այցելում է ԱՄՆ, Բոստոնում հանդիպում է Օլգայի հետ, իմանում է, որ Օլգան դաշնակ Դրոյի աղջիկն է, և հարցազրույց է կազմակերպում հետը: Հարցնում է, թե ինչպես կազմակերպվեց օգնությունը, ովքեր միացան և այլն, և այլն, իսկ ամենավերջում խնդրում է պատմել նաև հոր՝ Դրաստամատ Կանայանի մասին: Էստեղ Օլգան հայտարարում է, որ ինքն իրականում Դրոյի աղջիկը չէ, ինքը Պարույրի աղջիկն է, այսինքն՝ Ջիվանու թոռնուհին է: Եվ մի օր լրիվ պատահական մայրիկս Հայաստանում կարդում է այդ հոդվածը: Մենք բոլորս շատ ուրախացանք, որ վերջապես գտանք մեր հարազատին: Հավելեմ նաև, որ Օլգան վեհափառ Վազգեն Առաջինի միջոցով մինչ այդ փորձել էր մեզ գտնել, սակայն հորս մահվան պատճառով մեր հանդիպումը ձգձգվել էր: Եվ ստացվեց, որ ամեն ինչ եղավ ինքնաբերաբար: Հետո ես խմբագրից խնդրեցի Օլգայի հեռախոսահամարները, մենք կապվեցինք, նա հետո եկավ Հայաստան և այդպիսով ջերմացան մեր հարաբերությունները, որոնք շարունակվում են մինչ օրս: Նշեմ նաև, որ Օլգան ԱՄՆ-ում ծավալել է հասարակական-բարեգործական գործունեություն, ղեկավարել բազմաթիվ մասնաճյուղեր ունեցող կանանց միությունը և այլն:
Ջիվանու Արաքսի դուստրը ունեցավ մեկ աղջիկ՝ Լուսիկը: Ի միջի այլոց, Ջիվանին դեռ կենդանի էր, և իր «Նվեր իմ թոռ Լուսիկին» բանաստեղծությունը նվիրված է նրան: Լուսիկի տղան՝ Ժիրիկը (Սերգեյ Գասպարյան), ապրում էր Մոսկվայում: Աղջիկը՝ Ռուզաննան, Թիֆլիսում էր ապրում, մահացել է 1987 թ.: Ռուզաննայի աղջիկը՝ Գրետան, նույնպես ներկայումս ապրում է Թիֆլիսում, ամուսնու ազգանունով գրվում է Նիժարաձե: Շատ ջերմ հարաբերությունների մեջ ենք Գրետայենց հետ: Շատ հետաքրքիր էր նաև իմ առաջին հանդիպումը Գրետայի հետ: Մի անգամ աշխատանքի բերումով մեկնելու էի Թիֆլիս: Մեկնելուց առաջ խոսեցի հորս հետ, ասացի՝ հայրիկ, քույր ունես Թիֆլիսում, հասցեն ասա՝ գնամ, գտնեմ իրենց, տեսնել եմ ուզում: Հայրս ասեց՝ հասցեն չգիտեմ, բայց եթե գնաս էսպես, էնպես՝ կգտնես: Ես էլ իր ասածի նման գնացի ոլոր-մոլոր, հասա տեղ, դուռը ծեծեցի, բացեցին, բարևեցինք, տեսա, որ հայերեն լավ չեն արտահայտվում, ռուսերենի անցա, պարզեցի, որ ճիշտ եմ եկել, գնացի, սենյակի մեջտեղում նստեցի: Եկան մայր ու աղջիկ՝ Ռուզաննան և Գրետան, դիմացս կանգնեցին և հարցական նայում են, թե ով եմ և ինչ եմ ուզում: Ասացի՝ ես Երևանից եմ եկել, Բուլիկի (Դիզբեկի) տղան եմ: Միշտ աչքիս առաջ է այն տեսարանը, որին ականատես եղա իմ այդ խոսքերից հետո. մայր ու աղջիկ սկսեցին լաց լինել, փաթաթվեցին, վայրկենական կանչեցին բոլոր հարևաններին, բարեկամներին, և կես ժամ անց մի հիսուն հոգի մարդ հավաքվեց սեղանի շուրջը: Արդեն 30-40 տարի է անցել, սակայն այդ առաջին հանդիպման ջերմությունը պահպանվում է մինչ օրս, հաճախակի են այցերը, Գրետան մեկ ամիս առաջ Երևանում էր, մենք ենք ամեն առիթով այցելում Թիֆլիս:
Ժիրիկը (Սերգեյ Համիկի Գասպարյան), ինչպես նշեցի, ապրում էր Մոսկվայում, արդեն մահացել է, մենք շատ ջերմ կապեր ունեինք, տղան՝ Ալեքսանդրը, սպորտսմեն էր, մահացավ վերջերս, աղջկա անունը Կարինե է, ապրում է ԱՄՆ-ում, նրանց հետ ևս կապ կա:
Ջիվանու զավակներից հաջորդը Գուրգեն որդին էր (… - 1937), ուներ որդի և դուստր՝ Վարուժանը և Անահիտը: Ապրում էին Դոնի Ռոստով քաղաքում, Երևան եկան երևի 1950-60-ական թթ.: Վարուժանը ապրում էր մինչև Ջավախքում Ջիվանիական օրերի հիմնադրումը, հիշում եմ, նա նաև ելույթով հանդես եկավ միջոցառմանը: ՈՒներ տղա՝ Ժիրայրը, և աղջիկ: Ապրում էին Երևանի Հ. Թումանյանի անվ. տիկնիկային թատրոնի դիմացի շենքերում: Ես վերջերս գնացի գտնելու իրենց, չհաջողվեց տեսնել: Վարուժանի աղջիկը մահացավ, աղջկա տղան կա: Գուրգենի աղջիկը՝ Անահիտը, մահացավ վերջերս, ինքն աշխատում էր ներկայիս Հանրապետության փողոցի վրա գտնվող դպրոցում, «Հարմոնիա» բարեգործական ընկերության նախագահն էր, բարեհամբույր, կին էր, որից ես իմ տատիկի համն ու հոտն էի առնում: ՈՒներ մի տղա՝ Վլադիմիր Միխայլովը, ներկայումս ապրում է Մոսկվայում, Վովայի աղջիկները էստեղ են` Լիլիթը և Մաշան, առաջինը բժշկուհի է, Մաշան՝ օտար լեզուների մասնագետ, հաճախակի է գործուղվում ԱՄՆ:
-Եվ Ջիվանու կրտսեր որդու՝ Լևոնի մասին:
-Լևոն Լևոնյանը (1898-1941) ապրում էր Մոսկվայում, մետրոյի արգելափակոցների (ՑցՐվՌՍպՑ) նախագծման գլխավոր կոնստրուկտորն էր: Բավականին լուրջ գիտնական էր, Խորհրդային Միության պաշտպանական արդյունաբերության զարգացման մեջ մեծ ներդրումներ է ունեցել, պահպանվել են նրա լուսանկարները ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարության հետ, նաև շատ հայանվեր գործիչ էր: Լևոնն ուներ մեկ աղջիկ՝ Ռուզաննան, որին ես շատ շատ էի սիրում: Տիկին Ռուզաննան (ամուսինը՝ Կոնստանտին Միխայլով) ուներ տղա և աղջիկ՝ Ջիվան Միխայլովը (1938-1995) և Ելենա Միխայլովան: Դե, քանի որ Ջիվան անունը ռուսերեն դժվարահունչ էր, ինքը փաստաթղթերով գրվեց Իվան: Ջիվան Միխայլովը եղել է Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր, Ամերիկայի, Ասիայի և Աֆրիկայի ավանդական և դասական երաժշտության առաջատար և եզակի մասնագետներից մեկը ողջ Խորհրդային Միությունում: Ջիվանու տղայի անունն է Կիրիլ, ապրում է Մոսկվայում, ես նրա հետ կապը պահպանում եմ, շատ հրաշալի մարդ է, ունի տղա և աղջիկ: Ելենա Միխայլովան աշխատել է «Մոսֆիլմում», եղել է մուլտֆիլմերի գլխավոր ռեժիսոր, բազմաթիվ ֆիլմերում կատարել է թարգմանական աշխատանքներ, մի խոսքով՝ նրան կարելի է համարել «Մոսֆիլմի» վետերաններից մեկը: Տղան՝ Սերգեյը, աշխատում է Չինաստանում, ունի մեկ աղջիկ:
Այսքանը Ջիվանու ժառանգների մասին, եթե ընդհանրացնենք՝ Ջիվանին իր վեց զավակներից ունեցել է վեց թոռներ, որը ես քիչ եմ համարում:
-Պարոն Հակոբյան, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Ջիվան Միխայլովը մահացել է 1995 թ., աշուղի գերդաստանի մեջ ներկայումս միայն Դուք եք, որ կրում եք Ջիվան անունը: Կարծում եմ՝ պետք է շտկել բացը և թոռների միջոցով շատացնել Ջիվանու անունը կրող ծոռների թիվը:
-Գիտե՞ք՝ մի անգամ մի սխալ եմ թույլ տվել. երեխաներիս հետ նստած քննարկում էինք անունների հարցը, նրանք թե՝ հայրիկ, արի Ջիվան դնենք, ես թե՝ ո՞նց, որ հետո Ջիվան գոռաք՝ երկուսո՞վ վազենք: ՈՒ էդպես էլ տղաներս կարծեցին, թե ես դեմ եմ: Բայց ո՞նց չեմ ուզում, շատ եմ ուզում Ջիվան թոռ ունենալ, ընդ որում՝ ոչ թե իմ անունով կոչվեն Ջիվան, այլ պապիկի՝ աշուղ Ջիվանու անունով: Ես հույս ունեմ, որ իմ գերդաստանում ապագայում շատանալու են Ջիվանները:


Զրուցեց Վահե ՍԱՐԳՍՅԱՆԸ
Պատմ. գիտ. թեկնածու

Դիտվել է՝ 1537

Մեկնաբանություններ