Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Կլինե՞նք մենք էլ դրախտում

Կլինե՞նք մենք էլ դրախտում
09.09.2016 | 00:08

Սեպտեմբերի 4-5-ին Չինաստանի Հանչժոու քաղաքն ընդունեց Մեծ 20-յակի երկօրյա գագաթնաժողովը: Սիխու լճի ափին հավաքվել էին աշխարհի առաջին 20 տնտեսությունների ղեկավարները: 7 միլիոն բնակչությամբ քաղաքը Յանցզի գետի դելտայում է, ունի 2 հազար տարվա պատմություն, որին մեր ժամանակներն ավելացրել են աշխարհահռչակ «Ալիբաբա» ընկերությունը: Աշխարհի 20 հզորագույն տնտեսությունների ղեկավարները քննարկում էին գլոբալ տնտեսական և քաղաքական խնդիրները: Նրանց կեցավայրի կարմիր գծից դուրս դատարկ քաղաքն էր. բնակիչներին տարհանել էին, որ ստեղծեն անվտանգ գոտի, որ ավելի շատ հզորության ցուցադրություն էր՝ մեկ շաբաթով դատարկել 7-միլիոնանոց քաղաքը, քան անվտանգության ապահովում: Հանչժոու թարգմանաբար նշանակում է դրախտ երկրի վրա: ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը քաղաքը պատահաբար չէր ընտրել. Հանչժոուն խորհրդանշում է առաջընթացը, որին հասել է «Չինաստանի եզակի արտաքին քաղաքականությունը՝ շեշտադրելով մեծ տերության հայեցակարգը», որի մասին 2014-ին հայտարարել էր Սի Ցզինպինը: Առաջնորդությունը, որին հավակնում է Չինաստանը, չի ենթադրում վերահսկողության իրավունք. Ընդլուսնյան ցանկանում է պաշտպանել բոլորի շահերն աշխարհում:


Հավարտ G20-ի ընդունվեց համատեղ կոմյունիկե՝ Հանչժոուի կոնսենսուսը, որ ներառում է չորս չափանիշներ՝ ընկալում, ինտեգրում, թափանցիկություն և ինկլուզիվություն: Կոմյունիկեի տեքստը, որ տարածեց Ելիսեյան պալատը, նշում է, որ սամմիթի մասնակիցները պայմանավորվել են մշակել համալիր սցենար՝ ապահովելու համաշխարհային տնտեսության հաստատուն ու հավասարակշիռ աճ:
Նրանք կմեծացնեն համագործակցությունը կոռուպցիայի դեմ պայքարում և բոլոր մասնակիցներին կոչ արեցին վավերացնել ՄԱԿ-ի հակակոռուպցիոն կոնվենցիան: Մինչև 2018-ը երկարացվեց գոյություն ունեցող հովանավորչական առևտրային ու ներդրումային միջոցների պարտավորությունների կրճատման ժամկետը:


Անցած տարի նոյեմբերին Անթալիայում անցկացված սամմիթին հաջորդեց ռուս-թուրքական հարաբերությունների կտրուկ վատացումը՝ ռուսական ինքնաթիռը Սիրիայի և Թուրքիայի սահմանին խփելուց հետո։ Չինաստանում ռուս-թուրքական հարաբերությունները ծաղկում էին՝ Էրդողանի ու Պուտինի փոխադարձ սիրալիրությամբ ջերմացած: Պուտինի համար այս սամմիթը երկար ժամանակ բեմ չբարձրացած դերասանի բենեֆիս էր. նա հանդիպումներ ունեցավ Ճապոնիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի վարչապետերի, Չինաստանի, Ֆրանսիայի, Կորեայի, Արգենտինայի, Թուրքիայի նախագահների հետ: Կենտրոնական հանդիպումը ԱՄՆ նախագահի հետ էր: Օբաման հանդիպումը բնորոշեց բաց, ազնիվ ու գործնական: Ժամուկեսյա բանակցությունների առանցքում Սիրիայի իրավիճակն էր՝ հրադադարի հաստատման պայմանները, որոնց դեպքում Մոսկվան ու Վաշինգտոնը կկենտրոնացնեն ջանքերը ԻՊ և «Ջեբհատ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում: Նրանք խոսել են և ուկրաինական ճգնաժամից: Օբաման հույս ունի, որ Մինսկյան համաձայնագրերի իրականացման ճանապարհները առաջիկա շաբաթներին կճշգրտվեն:
Liberation-ը հանդիպումը որակեց ձախողված՝ վստահ, որ Օբաման շանս ուներ նախագահական ընտրություններից մի քանի շաբաթ առաջ փոխհատուցել իր սիրիական ֆիասկոն՝ արժանապատիվ դուրս գալով իրավիճակից:

Զինադադարը երկրում, Հալեպի շրջափակումը վերացնելը, քաղաքի հյուսիսի ապառազմականացումը թվում էին հասանելի նպատակներ երկու մեծ տերությունների ղեկավարների համար: Բայց Վաշինգտոնը մեղադրեց Մոսկվային որոշ խոստումներ դրժելու մեջ: Սպիտակ տունը չցանկացավ, որ Օբաման ասոցացվի համաձայնագրի հետ, որը կարող է խախտվել, և Օբաման հավատարիմ մնաց իր դիրքորոշմանը՝ «ոչ համաձայնություն, ոչ առճակատում», որին հետևում էր սիրիական քաղաքացիական պատերազմի բոլոր հինգ տարիներին: Փորձագետները գրում էին, որ դա Օբամա-Պուտին վերջին տետատետն էր և հեռացող Օբաման այլևս ժամանակ չունի կարգավորելու ռուս-ամերիկյան հարաբերությունները:

Կարգավորելու գուցե չունի, բայց վերջին անգամ հանդիպելու շանս կա՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, եթե ՌԴ նախագահը մեկնի Նյու Յորք:
Չինաստանում Պուտինի հետ առաջին անգամ հանդիպեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը և հայտարարեց. «Ես հասկանում եմ, որ մեր միջև լինելու են որոշ տարբերություններ, բայց մեզ անհրաժեշտ է քննարկել բարդ ու լուրջ խնդիրները»: «Հույս ունեմ բաց հարաբերությունների ու անկեղծ երկխոսության»՝ մեջբերել է Մեյի խոսքերը Reuters-ը: Նա և Պուտինը որոշել են կարգավորել ռուս-բրիտանական հարաբերությունները, որ գրեթե անհնար էր նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնի պաշտոնավարման պարագայում: Ինչո՞վ Brexit-ի պլյուս չէ: Բրիտանուհին իր ալ կոստյումով սամմիթի ամենանայվող կինն էր, հարմարավետ պիջակների մեջ տեղավորվող Անգելա Մերկելի համեմատությամբ:
Չինաստանում G20 գագաթնաժողովը դարձավ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիբ Էրդողանի հաղթական վերադարձը միջազգային դաշտ՝ գրեց Le Monde-ը, գուցե նաև շեշտելու Ֆրանսուա Օլանդի «աննկատությունը»: Եթե G20-ի նախորդ 2 գագաթնաժողովներին Պուտինն ընդգծված մեկուսացման մեջ էր ՈՒկրաինայի իրադարձությունների պատճառով, չինական Հանչժոուում նրա պահանջարկը մեծ էր: Պուտինը նոր թափ է հաղորդել Սաուդյան Արաբիայի հետ բանակցություններին, որի հետ հակադիր դիրքորոշումներ ունի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ճակատագրի հարցում: Նրանք անգամ նավթի արդյունահանման համաձայնագիր են ստորագրել: Էրդողանի համար Հանչժոուն առաջին միջազգային հանդիպումն էր Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո, որին հետևեց Արևմուտքի հետ հարաբերությունների վատթարացումը, և բնական է այդ համապատկերում թուրք-ռուսական ընդգծված սիրալիրությունը:


Թուրքիայի նախագահը պնդում է Թուրքիայի և Սիրիայի սահմանին բուֆերային գոտու ստեղծման իր ծրագիրը: Ի տարբերություն անցած տարվա՝ այս անգամ ավելի վստահ՝ ունենալով ՌԴ-ի հետ հարաբերությունների վերագործարկումը:
Պուտինն ու Էրդողանը Հանչժոուում հանդիպեցին Սանկտ Պետերբուրգի բանակցություններից հետո, երբ երկուստեք ակնհայտ էին դարձրել հարաբերությունների սրընթաց վերականգնումը: Չինական հողի վրա ռուս նախագահը թուրք նախագահին ասաց, որ մտադիր է քննարկել «երկու երկրների լիաչափ համագործակցության վերականգնումը», ներառյալ էներգետիկ թեմատիկան: Էրդողանը կենտրոնացավ երկկողմ համագործակցության հարցերին, որոնք Սանկտ Պետերբուրգում էին արծարծվել: Իսկ այդ ընթացքում Էրդողանը պարապ չէր նստել. թուրքական զորքերը՝ առանց Սիրիայից օգնության խնդրանքի, օգոստոսի 24-ի առավոտյան ներխուժել էին հյուսիսային Սիրիա՝ ԻՊ-ի դեմ պայքարի անվան տակ: Իրականում Էրդողանի թիրախը քրդերն են, որ նույնպես ԻՊ-ի դեմ են կռվում՝ ԱՄՆ-ի աջակցությամբ: Տևական ժամանակ Ռուսաստանն ու Իրանը դեմ էին Անկարայի Սիրիա մտնելուն և պատրաստ էին ռազմական դիմակայության: Դեմ էր և ԱՄՆ-ը, զգուշանալով, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան բախվելով Մոսկվայի կամ Թեհրանի հետ՝ կհարուցի տարածաշրջանային պատերազմ: Իրավիճակ է փոխվել, եթե Էրդողանը հայտարարում է, որ մտադիր է ընդունել Օբամայի առաջարկը Սիրիայում ԻՊ-ի մայրաքաղաք Ռաքքան համատեղ ուժերով ազատագրելու համար: Չինաստանում Օբաման ու Էրդողանը քննարկել են և Հալեպի հարցը: Փաստացի՝ ոչ ԱՄՆ-ը, ոչ ՌԴ-ն, ոչ Իրանը Թուրքիային ագրեսոր չանվանեցին հարևան երկրի տարածք ներխուժման համար: Ավելին՝ Անկարան հիմնավորում է իր քայլերը սահմանային տարածքներում վերահսկողություն հաստատելու անհրաժեշտությամբ: «Եթե միջազգային հանրությունն ընդունի այդ տարածքներում անվտանգության գոտու ստեղծումը,- գրեց Hurriyet-ը,- կնշանակի հավանություն տալ Աֆրին և Քոբանի-Ջիզրե կանտոններում բուֆերային գոտու ստեղծմանը, որ սիրիացի քրդերը միակողմանի հռչակել են: Քրդական գոտու ստեղծումը, որին Անկարան դեմ է, համեմատաբար կկասեցվի»: Wall Street Journal-ը գրում էր, որ Անկարան նախքան Սիրիա մտնելը տեղեկացրել է Մոսկվային ու Վաշինգտոնին, այսինքն՝ ուներ նրանց համաձայնությունը: «Իսկ քրդե՞րը» հարցը դառնում է հռետորական: Պաշտոնապես հայտարարվեց, որ Մոսկվան ու Անկարան մոտեցել են ազատ առևտրի գոտու ստեղծմանը, քննարկել են պարենային պատժամիջոցների հանման հարցը, «Թուրքական հոսքի» շինարարության մանրամասները, ռազմավարական կառույցի կարգավիճակ է ստացել «Ակկույու» աէկ-ի շինարարությունը: Փաստացի՝ Թուրքիան ու Ռուսաստանը Չինաստանում ԱՄՆ-ին ու ԵՄ-ին ի ցույց դրեցին, որ ունեն այլընտրանք ի պատասխան պատժամիջոցների ու տարաձայնությունների:
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ընդունելության ժամանակ պետությունների ղեկավարներին համաշխարհային բաց տնտեսություն կառուցելու կոչ արեց՝ առաջարկելով «անցնել կամրջով՝ ցանելով համագործակցության սերմեր և նույն նավը նստելով»: Հրաշալի առաջարկ է, բնականաբար՝ Սի Ցզինպինը նավապետի դերում պատկերացնում է Պեկինը, բայց պատկերացնո՞ւմ եք այդ նավի նավաբեկությունը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Հռետորական ևս մեկ հարց. իսկ ե՞րբ Հայաստանը կանդամակցի G 20-ին: Կամ՝ թեկուզ 50-ին: Ճապոնիան, Իսրայելը, Սինգապուրը, Դանիան, Լյուքսեմբուրգը, բազում երկրներ ապացուցել են, որ տարածքի մեծ կամ փոքր լինելը, էներգակիրների առկայությունը կամ բացակայությունը, հաղորդակցուղիների դասավորվածությունը ճակատագրական չեն՝ ոչ կանաչ ճանապարհ են բացում, ոչ վետո են դնում: G 20-ում Հայաստանն այսօր հպանցիկ էլ չի հիշատակվում: Իր անկախության քառորդ դարը նշող Հայաստանը ի՞նչ հավակնություններ ունի: Ի՞նչ նպատակներ: Ի՞նչ ձգտումներ: Դատելով բյուջեի կառուցվածքից՝ սոսկ գոյատևման, վարկերի ու պետական պարտք կուտակելու հաշվին: Եվ այս պարագայում «Հայաստանը ե՞րբ կանդամակցի G 20-ին կամ 50-ին» հարցը ոչ այնքան հռետորական է, որքան հեգնական: Հանչժոուում Պուտինը կոչ էր անում քաղաքականությունից չխոսել, բայց ինքն առաջինն էր քաղաքականության մեջ: Ապարդյուն է քաղաքականությունն ու տնտեսությունը բաժանելը: Բոլորն էին քաղաքականության մեջ, որ կարողանան ալիքի վրա պահել իրենց տնտեսությունը: Փորձագետները փորձում են չինական G 20-ի մեջ տեսնել Արևմուտքի և Արևելքի քաղաքակրթական ու տնտեսական հակադրություն՝ առավելությունը տալով Արևելքին:

Բայց շատ մեծ հարց է՝ ո՞րն է առավել, առավել քան մեծ հարց է՝ իսկ իմաստ ունի՞ հակադրելը, եթե խնդիրը համաշխարհային տնտեսության զարգացումն է՝ միմյանց հետ, բայց ոչ միմյանց հաշվին: Այս հարթության մեջ, սակայն, բախվում են քաղաքական շահերը ու ստացվում է խայտաբղետ պատկեր. Սի Ցզինպինի` կամուրջն անցնելու կոչին հակառակ՝ ոմանք ուզում են կամուրջը պայթեցնել, ոմանք զուգահեռ սեփականը կառուցել, ոմանք բավարարվում են լաստով, ոմանք ռազմանավեր են մեջտեղ բերում, ոմանք գերադասում են գետը լողալով անցնել: Տարբերակների առատությունը սակայն չի կրճատում հարցերի հարցը՝ ի՞նչ արագությամբ և ի՞նչ ծավալով, հետևաբար՝ ի՞նչ գնով որևէ ապրանք Ա կետից կհասնի Բ կետ: Այդ հավասարման պարտադիր հայտնիներ պիտի լինեն քաղաքական անկախությունն ու տնտեսական ճկունությունը: ՈՒզում եմ ուրախացնել. թեպետ ՀՀ կառավարությունում վարչապետից մինչև վարչության պետեր, ներառյալ նախարարները, ոչ ոք չգիտի՝ ո՞րն է մեր տեղն աշխարհում, կարևորը թվերն են.
2016-ի առաջին կիսամյակում ՀՀ պետբյուջեի եկամուտներն աճել են 1,6 տոկոսով, հարկային եկամուտները՝ 2,2 տոկոսով, ծախսերը՝ 6,2 տոկոսով: Աճում ենք: Դանդաղ: Թղթի վրա: Գլխավորը՝ չգիտենք, ուր ենք գնում: Տանում են՝ գլորվում ենք: Երկիրը պիտի ամբիցիա ունենա, դիմադրունակություն: Մենք փառահեղ յուրացրել ենք նվնվոցով հեռանալու արվեստը՝ ամբողջ աշխարհում Հայաստան որոնելով:

Դիտվել է՝ 1997

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ