Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ձիերին շրջադարձին, փաստորեն, փոխեցին

Ձիերին շրջադարձին, փաստորեն, փոխեցին
09.09.2016 | 00:23

Հաշվեք տասն օր, և Հայաստանը կունենա նոր վարչապետ: Ավետիս կամ բոթ չէ, սոսկ տեղեկություն է՝ ինչ-որ մեկին կփոխարինի ինչ-որ մեկը: Փոփոխությունը լիովին տեղավորվում ու բխում է ներիշխանական նախընտրական պատրաստությունների տրամաբանությունից և բացարձակապես կարևորություն չունի տնտեսության համար: Սոսկ քաղաքականություն է: Ով էլ նշանակվի վարչապետ, թեկուզ ոչ Մոսկվայից, որ մայրաքաղաքն է տնտեսական անկման մեջ գտնվող ՌԴ-ի, այլ Մարսից, որտեղ կարծես թե կյանք կա, շարքային քաղաքացու կյանքում փոփոխություններ չեն լինելու: Փոփոխություններ չեն լինելու նաև տնտեսության ու տնտեսական քաղաքականության մեջ՝ բուրգը թելադրելու է կենսագործունեության պայմանները: Տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիրն էլ գլուխը կկոտրեր հայկական տնտեսության սարդոստայնում, որտեղ չկա տրամաբանություն, գոյատևում են շնորհիվ մենաշնորհների ու կոռուպցիայի, ստվերում ապրում են ավելի լավ, քան արևի տակ: Այդպես եղել է մինչև Հովիկ Աբրահամյանը, նրա օրոք ու կլինի նրա հաջորդի օրոք: ՈՒ դա քաղաքական խնդիր է:


Երեկ նա կառավարության նիստում հրաժարական տվեց՝ ևս մեկ անգամ ակնհայտ դարձնելու Տիգրան Սարգսյանի ու իր տարբերությունը. նա առավոտյան կառավարության նիստ արեց ու ծրագրերից խոսեց երեկոյան հրաժարական տալու համար, Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստը վարեց ու վերջում հայտարարեց, որ հրաժարական է տալիս: Տարբերությունը միայն այդքանն է. ինչպես Տիգրան Սարգսյանի, այնպես էլ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը կամավոր չէր: Նրանց առաջարկվեց հրաժարական տալ, և նրանք տվեցին:


Ինչո՞ւ հիմա: Հիմա է եզակի հարմար պահը, երբ քաղաքական դաշտը դատարկված է այնքան ու այնպես, որ համարյա մանկությունից բիզնեսի ու քաղաքականության մեջ գտնվող նախկին քաղաքապետ, մարզպետ, փոխվարչապետ, նախարար, նախագահի աշխատակազմի ղեկավար, ԱԺ նախագահ, վարչապետ ու պարզապես հաջողակ գործարար Հովիկ Աբրահամյանը չի գտնելու դաշնակիցներ՝ քաղաքականության մեջ մրցակից ու գործոն դառնալու համար: Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը դաշնակից չեն՝ յուրաքանչյուրն իր պատճառով: ՀՀԿ-ն կիսելու փորձը կձախողվի. հիմա բոլորը նայում են Սերժ Սարգսյանին, ոչ ոք չի հանդգնի կարիերան վտանգել՝ անորոշ հեռանկարով: ԲՀԿ-ն ավելի շատ բեռ, քան քաղաքական գործոն է Գագիկ Ծառուկյանին «բամփելուց» հետո: Իշխանական դաշտից արտաքսումի պարագայում ոչիշխանական դաշտը նույնն է անելու, ընդդիմադիր դաշտ ստեղծելու ոչ ինքնուրույնություն, ոչ ժամանակ, ոչ ցանկություն Հովիկ Աբրահամյանը չունի՝ նա չի կարող հարվածի տակ դնել բիզնես կարիերան: Մարդն առաջին իսկ օրից ասում էր, որ կախարդական փայտիկ չունի, վերջապես լսեցին ու հասկացան նախագահականում: Այսքանը: Այլապես տնտեսության վիճակի պատճառով պաշտոնանկությունը վաղուցվա փաստ կլիներ, քաղաքականությունը բերեց, քաղաքականությունը կտանի: Նոր պաշտոնների՞, թե՞ կադրերի ռեզերվ՝ ցույց կտա ժամանակը: Եթե պաշտոնանկությանը չհետևի ունեզրկումը, պաշտոնաշարը կարող է շարունակվել՝ երկրում ու երկրից դուրս: Կավելանա ևս մեկ անկապ դեսպան՝ աշխարհում այնքան երկրներ կան, որտեղ Հայաստանը դեսպան չունի, ասենք, ՈՒզբեկստանը: Մյուս նախարարնե՞րը: Քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ ուժայիններն ու արտաքին գործերի նախարարը, նվազագույնը, իրենց տեղում չեն, ինչպես տնտեսական բլոկի, ինչպես մյուսները, որ մասամբ փոխվեցին ու կարող են ամբողջությամբ փոխվել: Հետևանքը կլինի նախարարություններում հնի յուրայիններին նորի յուրայիններով փոխարինելը, փաստական՝ ոչինչ, միայն անձնական: Սա պատմություն է մի երկրի մասին, որտեղ «խիարը» թարս է աճում (իմա՝ բուսնում), ուստի նախ պետք է գլխիվայր շրջվածը ոտքի վրա դնել, մնացածը ինքն իրեն կգա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. 1. Ինչպես էլ բնորոշվի, նոր կառավարությունը լինելու է տեխնիկական, բարի ճանապարհ գնացողներին ու բարի գալուստ եկողներին՝ մինչև խորհրդարանական ընտրություններ:

Իսկ Հովիկ Աբրահամյա՞նը: Նրա հուզիչ ու երկարաշունչ ելույթից, որ նախարարները լսել են երևի թաց աչքերով, հետևում է, որ նա այդպես էլ չհասկացավ՝ ինչո՞ւ եկավ ու ինչո՞ւ է գնում, նրան թվաց, որ կատարվում է մանկության երազանքը: Հովիկ Աբրահամյանը խոսեց «քաղաքական անջրպետների» մասին, համեստորեն խոստովանելով, որ ինքը ամբողջ քաղաքական կենսագրության ընթացքում պայքարել է «համագործակցության կամուրջների կայացման համար»: Ասաց, որ վարչապետության ամբողջ ընթացքում հանդիպել է բոլորին՝ անկեղծորեն ներկայացրել սահմանափակումները և տվել կոնկրետ խնդիրների իրատեսական լուծումներ, և կցեց «լուծումների» ցանկը, իսկ չլուծումների համար մեղադրեց հասարակությանը, որ մնաց բևեռացված: Նույնիսկ պատճառ նշեց՝ աշխարհաքաղաքական, արտաքին տնտեսական և ռազմական մարտահրավերներով սնվող տարաձայնություններ: Ինչ-որ մեկը, որ գրել է նրա հրաժեշտի ելույթը, աշխարհին հաստատ նայում է իր ծառայողական մեքենայի պատուհանից, իսկ նրա աշխատասենյակի պատուհանը ամառ-ձմեռ փակ է, որ դրսի ձայները ներս չգան: Իսկ ներսի ձայների դրսում լսվելու խնդիր նա չի ունեցել: Ծայրեծայր Հովիկ Աբրահամյանի ելույթը մի մեծ հարց է՝ ինչո՞ւ եք ինձ զրկում ձեզ կառավարելու առաքելությունից, ես այնքան լավ եմ աշխատում: Երկիրն է անցումային փուլում, ես ի՞նչ մեղք ունեմ: Քառորդ դար որտեղի՞ց ո՞ւր ենք գնում և դեռ ինչքա՞ն ենք գնալու, որ անցումային փուլից դուրս գանք՝ հարցին Հովիկ Աբրահամյանը չի պատասխանի, կթողնի հաջորդին: Նա հիմա որոնում է իրեն վերաբերող հարցերի պատասխանները՝ ևս մեկ երիտասարդ ու հեռանկարային թոշակառո՞ւ, նորի՞ց ՀՀԿ նախընտրական շտաբի պետ, թե՞ ցատկ դեպի Մխչյան:


Նա հաջողություն է մաղթում հաջորդ վարչապետին, դժվար է ասել՝ որքանով անկեղծ, բայց վստահ, որ հաջորդը գալու է իր պայմաններով ու հեռացողների արահետին իր նվիրական ոտնահետքերով քայլողներ շատ են լինելու՝ նախարարներից մինչև շարքայիններ:
Ինչո՞ւ հենց Կարեն Կարապետյանը: Անկուսակցական և ռուսաստանաբնակ: ՀՀԿ-ն ներքին խմորումներ չի ունենա՝ «Ինչո՞ւ ոչ ես, այլ իմ կուսակիցը թեմայով», ՀՅԴ-ն, որ Մոսկվայի ամեն ինչին է համաձայն, համաձայն կլինի իր կոալիցիոն քվոտայի կամ այդ քվոտայով պաշտոնավարողների փոփոխությանը: Մոսկվան գուցե փող տա իր ներկայացուցչին՝ տնտեսությունը պահելու համար, Արևմուտքի հետ հավասարակշռությունը պահելու համար կփոխվեն ԱԳ և պաշտպանության նախարարները: Ի վերջո, այս պատմությունը տևելու է մինչև խորհրդարանական ընտրություններ, առավելագույնը՝ մինչև գործող նախագահի լիազորությունների ժամկետի ավարտ: Այն ժամանակ միայն պարզ կդառնա՝ ո՞վ է վարչապետը, ի՞նչ գին ու ի՞նչ առաքելություն ունի: Իսկ մինչ այդ խորհրդարանի ընտրություններում իր խոսքը պիտի ասի ժողովուրդը, չէ՞ որ Հայաստանում ժողովրդավարություն է, և անգամ «Սասնա ծռերի» անունով փողոց կա:

Հ. Գ. 2. Երեկ երեկոյան ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվեց վարչապետի թեկնածուի հարցը: Գործադիր մարմնին ներկայացվեց Կարեն Կարապետյանի թեկնածությունը, որը միաձայն ընդունվեց: Նախարարների փոփոխությունների մասին առայժմ խորհրդավոր լռություն է ՀՀԿ-ում:

Դիտվել է՝ 1311

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ