Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Տնտեսական քաղաքականությունը վերից վար պետք է փոխվի»

«Տնտեսական քաղաքականությունը վերից վար պետք է փոխվի»
09.09.2016 | 07:28

Առաջիկայում քաղաքական ուժերն ինքնամոռաց կնետվեն նախընտրական թոհուբոհի մեջ, հազար ու մի խոստումներ կտան, հասարակությունը, բնականաբար, չի հավատա՝ անցյալի դառը փորձն աչքի առաջ ունենալով։ Նախընտրական առկա իրողությունների ու հնարավոր զարգացումների թեմայով զրուցում ենք ՀԴԿ ղեկավար ԱՐԱՄ ԳԱՍՊԱՐԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:

-Երկրի տնտեսությունը ձեռքից գնում է, իսկ իշխանությունը կրիայի քայլերով կոսմետիկ փոփոխությունների է դիմում ընդամենը։ Այս տեմպերով ո՞ւր ենք հասնելու:
-Այդ տեմպերը շարունակվում են քսանհինգ տարի: Կան տնտեսության կառավարման օրենքներ, որոնք եթե խախտես, տնտեսական անկումն անխուսափելի է: Եթե արդյունաբերություն, գյուղատնտեսություն, գիտություն չես զարգացնում, ի՞նչ տնտեսության մասին կարող է խոսք լինել: Իշխանության օլիմպիական հանգստությունն ունի բացատրություն: Իշխանական հեռուստաընկերություններով օրումեջ IT ոլորտի զարգացման մասին են խոսում, անշուշտ, լավ է, որ գոնե այդ բնագավառն առաջ է գնում, բայց IT-ն ընդամենը լոկալ խնդիրներ է լուծում։ Տնտեսությունը բարդ օրգանիզմ է։ Քսանից ավելի տարիներ մեր կուսակցությունը խոսել է տնտեսության առողջացման մասին։ Վերջերս նաև լուրջ վերլուծություն ենք իրականացրել ու ներկայացրել վարչապետին։ Այն վերաբերում էր պետական պարտքին։ Պարզվեց, որ վերցրած վարկերի մեկ տոկոսն անգամ չի ծառայել տնտեսության զարգացմանը։ Սա նշանակում է, որ վերարտադրության մեջ ոչ մի գումար չի դրվել, ասել է, այդ պարտքը բեռ է դառնում և՛ պետբյուջեի, և՛ շարքային քաղաքացու վրա։ Սա մեծագույն հանցագործություն է։ Այդ վարկերով պետք է հատուկ պետական ծրագրեր կյանքի կոչվեն։ Պետք է ստեղծել հայկական բանկ (բայց ոչ այն, որ հիմա ստեղծել են ու ապականել ողջ գաղափարը), որը կգործի պետության հովանու ներքո, մարդիկ կցանկանան այնտեղ գումարներ ներդնել, որի շնորհիվ պետական ծրագրեր կֆինանսավորվեն։ Գումարներ ներդրողներն էլ կիմանան, որ իրենց ֆինանսները ոչ միայն չեն փոշիանալու, այլև շահույթ են բերելու։ Այս տարբերակով է միայն հնարավոր հայկական կապիտալը հավաքել, հայությանը միավորել ազգային գաղափարների շուրջ։ Վերացական հայտարարություններով ոչ մեկին այլևս չես հրապուրի։
-Մեզանում տնտեսական մեկ այլ փորձ էլ է արմատավորվել. այս կամ այն խնդիրը լուծելու համար հանկարծ հայտնվում են ինչ-ինչ «բարեգործներ», ու հարցը լուծվում է։ Այսինքն, կառավարությունն իր գործառույթից դուրս է։
-Բարեգործությունը նման իրավիճակում նույնն է, թե հարսանիքի ժամանակ հարևանը ասի՝ սեղանի աղն ինձնից։ Մինչդեռ գործի պետք է գցվի մի ողջ տնտեսություն, քանի որ հազարավոր ընտանիքներ սպասում են իրենց կյանքի որակի փոփոխության։ Փոխարենն իշխանությունն ասում է՝ մեր եղբայրներից մեկը կգա, մի կտոր բան կբերի, ու դրանով կբավարարվեք։
-Տնտեսությունը կառավարողներից հաճախ ենք լսում, թե Հայաստանը սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկիր է, և այդ պայմաններում դժվար է տնտեսություն զարգացնել։ Դուք կարծում եք՝ հնարավո՞ր է։
-Բազմիցս ենք նշել, որ մեր ընդերքի հարստությունը պետք է օգտագործել ժողովրդի շահերին համապատասխան։ Շահույթի 70-80 %-ը պետք է ուղղվի պետական բյուջե։ Այնինչ այսօր զրոյացրել են արտահանման շահութահարկը և օտար սեփականատիրոջը կամ տեղի օլիգարխներին հնարավորություն են տալիս պետության հաշվին հարստանալու։ Եթե մեր կուսակցությունը երկրի ղեկավարումը ստանձներ, անմիջապես արտակարգ դրություն կհայտարարեր, հետո իրավիճակը շտկելու համապատասխան քայլեր կձեռնարկեր։
-Ինչի՞ց պետք է սկսել տնտեսության առողջացումը։
-Նախ՝ գույքագրում պետք է կատարել՝ հասկանալու, թե ինչ ունենք, ինչ է մնացել։ Անհրաժեշտության դեպքում պետք է վերցնել վարկեր, բայց միայն նպատակային։ Օրինակ, եթե «Նաիրիտը» վերականգնելը մեզ օդ ու ջրի պես հարկավոր է, պետք է դրա համար վարկ վերցնել ու թույլ չտալ, որ դրանից անգամ մեկ լումա այլ ուղղությամբ ծախսվի կամ մսխվի, ինչպես տարիներ շարունակ եղել է։ Հիմա Արա Աբրահամյանը փորձում է տարբեր մասնագիտական խմբերի ներկայացնել «Նաիրիտի» վիճակը, բայց այնպիսի անմխիթար պայմաններ են գործարանում, որ ներդրողները հաշվարկներ են անում, թե ինչից սկսեն, որ շահույթ ստանան։ Հայաստանում ներդրումային մթնոլորտն ամբողջովին պետք է փոխվի։ Ժողովրդի շրջանում ձևավորված տեսակետը, թե ցանկացած բիզնես 50։50 է, պետք է փոխվի։ Օրինակ, հարց է, թե ինչո՞ւ չենք կարող տեքստիլի արտադրություն կազմակերպել այն դեպքում, երբ ողջ Գյումրին սպասում է գործարանի վերագործարկմանը։ Իրականում դրսից բերվող ապրանքն անհամեմատ ավելի էժան է։ Այսինքն, այստեղ չի գործում պետության գործառույթը։ Այլ երկրներում հստակ կանոնակարգում կա։ Օրինակ, Չինաստանում որոշ ապրանքների ներմուծումը (որոնք սեփական երկրում ևս արտադրվում են) արգելվում կամ էլ թույլատրվում է շատ բարձր մուտքավճարով։ Այս մեթոդի պարագայում էլ զգույշ պետք է լինել ներսի արտադրողին արտոնություններ տալու հարցում, որպեսզի մենաշնորհներ չլինեն։
-Այսօր մեր տնտեսությունում ոչ մի կանոնակարգում չկա, խաղի բոլորովին այլ կանոններ են։ Կառուցվածքայի՞ն փոփոխություններ են անհրաժեշտ։
-Այս համակարգից պետք է հրաժարվել, բայց ո՛չ բոլշևիկների կամ Լևոն Տեր-Պետրոսյանի նման, որ գան ու քարը քարին չթողնեն։ Իրավիճակը պետք է շտկել քայլ առ քայլ։
-Ինչո՞ւ կառավարություններն այդ ճանապարհով չեն գնում։
-Այս մարդիկ այդ համակարգի ստեղծողներն են, նրանք այդ համակարգից միայն բարիքներ են ստանում։ Չեն կարող Պողոսին կամ Պետրոսին «չոռ» ասել, քանի դեռ նրանք իրենց դեմ դուրս չեն եկել։ Ժամանակն է, որ ամեն ինչ բացահայտվի, ջրի երես դուրս գան խնդիրները։ Երկրում արմատական փոփոխություններ են պետք։
-Հերթական անգամ վարչապետն ու իր կառավարությունը հրաժարական տվեցին։ Սա իրավիճակի փոփոխություն չէ՞։
-Հարկավոր է ոչ թե մարդկանց, այլ գաղափարախոսությունը փոխել։
-Եթե այս իշխանությանը փոխարինի ընդդիմությունը, արմատական փոփոխություններ կլինե՞ն։
-Այն ընդդիմությունը, որ խորհրդարանում ներկայացված է, ոչ մի բան չի փոխելու։ Նրանք նույն գաղափարական դաշտում են։ 25 տարվա իբր լիբերալներն այս տարիներին ոչինչ չփոխեցին, ո՞ւր մնաց նրանց լիբերալությունը։ Այսօրվա գերխնդիրը երկիրը սոցիալական արդարության ճանապարհով տանելն է, ինչը ենթադրում է, որ ոչ թե ինձ ու քեզ համար պայմանները պետք է լավը լինեն, այլ բոլորի։
-Մի քանի ամիս առաջ կառավարության արդեն նախկին ղեկավարը հայտարարեց, որ պայքարելու են կոռուպցիայի ու մենաշնորհի դեմ։ Ոչինչ չստացվեց, ինչո՞ւ։
-Երկրորդեմ. այդ մարդիկ այս համակարգի ծնունդն են, ինչպե՞ս պետք է իրար դեմ պայքարեն։
-Եթե քաղաքական կամք դրսևորվի, իշխանությունը կարո՞ղ է իր «ներսը» մաքրել։
-Դժվար է պատկերացնել՝ ինչպես։ Վազգեն Սարգսյանը (ով օլիգարխ չէր, թաթախված չէր այս արատավոր բարքերի մեջ), երբ իրազեկվեց, թե ինչ է կատարվում ողջ երկրում, գլուխը բռնեց ու կտրուկ որոշում կայացրեց։ Կանչեց բոլորին ու ասաց, որ խաղի կանոնները փոխվում են, և նույնիսկ իր եղբայրը պետք է այդ կանոններով աշխատի։ Վազգեն Սարգսյանը կարող էր նման բան ասել։ Իհարկե, այլ հարց է, որ նրան թույլ չտվեցին իր գործն ավարտին հասցնել։ Վազգեն Սարգսյանը կամք էլ ուներ, ամենակարևորը, պետականամետ գործիչ էր։ Նա, իսկապես, պետականամետ մտածողություն ուներ, գուցե ինչ-ինչ հարցերում թերացել էր, բայց փաստ է, որ պետությանը նվիրված մարդ էր։ Դե, թող հիմա էլ նույն կերպ վարվեն։ Ոչ ոք չի ասում, թե պետք է այսօրվա գործող իշխանությունը հեռանա, որպեսզի հարցերը լուծվեն։ Նրանց տրված է իշխանություն, թող բարի լինեն իրականացնելու իրենց գործառույթները։
-Ամեն տարի տնտեսությունում փոքր աշխուժացում է լինում գյուղատնտեսության հաշվին, բայց դա ոչ թե կառավարության, այլ գյուղացու տքնաջան աշխատանքի շնորհիվ է։ Գյուղը ևս անտեսված է, իսկ գյուղացին ճարահատյալ ճանապարհներ է փակում։
-Այսօր գյուղերի վիճակը ծայրահեղ ծանր է։ Մենք ուսումնասիրություններ ենք իրականացրել տարբեր գյուղերում, որոշ տեղերում մարդկանց 99 %-ը վարկեր է վերցրել ու չի կարողանում վճարել, ավելին, կորցնում են նաև իրենց եղած-չեղած սեփականությունը, քանի որ վարկերի համար սահմանվել են բարձր տոկոսադրույքներ, դրան գումարած գրավի չափը, բնական աղետները, տեխնիկայի բացակայությունը և այլն։ Այսինքն, պետությունն իր ձեռքերը լվացել է, բանկերն էլ զբաղված են միայն փող վաճառելով։ Հիմա ի՞նչ եք ուզում՝ գյուղացուն խեղդե՞լ հոգսերի մեջ։ Արմավիրի մարզում խայտառակ վիճակ է։ Գործարանն այլևս չի ընդունում լոլիկ (ասում են, դրսից ավելի էժան տոմատի մածուկ են բերում և հումք դարձնում), արտահանման ճանապարհները փակ են, ի՞նչ անի գյուղացին։ Որտե՞ղ են պետությունը, պետական կարգավորումը։ Արտադրանքի իրացման համար չկան համապատասխան միջպետական պայմանագրեր, իսկ ներսի գործարանները տեղ չունեն մթերքն ընդունելու։ Մեկ մարդու ճակատագիրը մեր երկրում գրոշի արժեք չունի։ Ստալինի՞ն էին մեղադրում։ Դրա համար էլ մասսայական արտագաղթ կա։ Եթե այսօր Ռուսաստանից մեր հայրենակիցները փող չուղարկեն, մեր ժողովուրդը չի կարող ապրել։ Բա այսպիսի պետությո՞ւն են պահում։ Տնտեսական քաղաքականությունը վերից վար պետք է փոխվի։ Ի դեպ, հիմա էլ ուզում են գյուղերը խոշորացնել։ Սա վտանգավոր միտում ունի, կրճատվելու է գյուղերի քանակը։ Գիտե՞ք՝ ինչու են այս քայլին գնում. հաջորդ ԱԺ-ից «դուրս» մնացածներին մի պաշտոն տալու համար, ասենք, համայնքի ղեկավար՝ ծառայողական մեքենայով։
-Տնտեսության մյուս ոլորտներում վիճակն ինչպիսի՞ն է։
-Օրինակ, ՀԷՑ-ի սեփականատիրոջ փոփոխության առումով լավատես եմ։ Ժամանակակից գաղափարներով, հաջողակ բիզնեսմեն է։ Ղեկավարման արդյունքից շատ բան հստակ կլինի։ Եթե այն արատները, որ այս ոլորտում կային, կամաց-կամաց վերանան, այլ ոլորտներում կարելի է առաջ գնալ։ Սրան զուգահեռ պետք է պայմաններ ստեղծել, որ ՓՄՁ-ները զարգանան։ Այս պարագայում մարդիկ իրենց օրվա հացի խնդիրը կլուծեն։ Սուպերմարկետների տարածումը վտանգավոր երևույթ է դարձել։ Ինքնին սուպերմարկետը վատ չէ, եթե տնտեսության մյուս ճյուղերը ևս զարգացած են, մարդիկ գործարաններում, արտադրությունում աշխատում են։ Եթե պատկերացնենք, որ «Նաիրիտը» սկսեց աշխատել, ներդրողները նախ դիտարկելու են կադրային բազան, իսկ այստեղ տխուր պատկեր է։ Գործարանում միջին տարիքից բարձր մասնագետներ են, ովքեր չունեն փոխարինողներ։ Սա լուրջ խնդիր է ներդրողի համար։ Պետք է կանգ առնել և քայլ առ քայլ փոփոխություններ իրականացնել։ Իհարկե, կլինեն մարդիկ, ովքեր սաբոտաժ կանեն, բայց դրա դեմ կա հզոր զենք՝ պետություն։ Պետության դեմ խաղ չկա։ Եթե պետությունն իր դերը ճիշտ կատարի, բոլորն իրենց տեղում կլինեն։ Հանգիստ նստելու ժամանակ չունենք։
-Առջևում նախընտրական շրջան է, և խոստումների պակաս չի լինելու։ Ընտրությունից հետո նորից նույն կոտրած տաշտակի առաջ ենք կանգնելու։ Ինչպե՞ս ընտրություններով իրավիճակ շտկել։
-Պետք է հասարակությանը ցուցանել, թե ով ով է։ Ամենաէականն այն է, որ մարդիկ քաղաքական գործիչների, ուժերի հետագիծը, անցած ճանապարհը դիտարկեն։ Մի հրապուրվեք այսօր ճիշտ խոսողներով։ Նրանք կարող են այսօր այսպես ասել, վաղը կարծիքն ամբողջովին փոխել։ Քաղաքականության մեջ այդպես չի լինում։
-Ձեր կուսակցության առումով ի՞նչ կասեք։
-Հաշվի առնելով նախկին փորձը, երբ 6 %-ը դառնում էր 1, փակվում էին քարոզչության բոլոր ճանապարհները, մենք այսօր ավելի պատրաստված ենք գնում ընտրություններին։ Մեր կարողությունները, կազմակերպչական ունակություններն ավելի են մեծացել։ Իսկ թե ում հետ կգնանք ընտրությունների, առաջիկայում պարզ կլինի։ Մեր կուսակցությունը կողմ չէ ընդդիմության, այսպես ասած, «մասսայական» համախմբման։ Դա ինձ հուշում է հայտնի համեմատությունը, թե ինչ կստացվի ոզնու և օձի միավորումից՝ երկումետրանոց փշալար։ Եթե մեզ գաղափարակից ուժ չգտնենք, ընտրություններին կգնանք միայնակ։

Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2518

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ