«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ցանկացած քաղաքական ուժի վարկաբեկելու լավագույն ձևը այն իշխանության հետ կապելն է

Ցանկացած քաղաքական ուժի վարկաբեկելու լավագույն ձևը այն իշխանության հետ կապելն է
09.09.2016 | 08:13

Աշնան սկիզբը նոր թափ հաղորդեց հայաստանյան ներքաղաքական գործընթացներին: Խոսքն առաջին հերթին վերաբերում է հաջորդ գարնանը կայանալիք խորհրդարանական, ինչպես նաև մոտ ժամանակներս Հայաստանի գրեթե բոլոր համայնքներում անցկացվելիք ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին։ ՈՒ թեև վերոհիշյալ գործընթացների ակտիվ փուլը նոր է սկսվում, այնուհանդերձ, արդեն իսկ փորձագիտական և լրատվական շրջանակներն արձանագրում են զարգացումների ամենից աչքի ընկնող յուրահատկությունը: Այն է՝ իշխանությունն ու ընդդիմության թևը ներկայացնող բևեռները կարծես զուգահեռ հարթակներում են ներգրավված գործընթացների մեջ, և առայժմ տպավորություն է ստեղծվում, թե իրար չեն նկատում:

Ներքաղաքական զարգացումների սկսված փուլը հերթական անգամ ապացուցում է, որ իշխանական և ընդդիմադիր համարվող քաղաքական բևեռներից յուրաքանչյուրը, հարմարվելով դրսից և ինչ-որ չափով ներսից նախագծված ներքաղաքական իրավիճակին, մրցում է իր բևեռի ներսում՝ փորձելով առավելագույնս հարմար տեղավորվել ամեն մեկի համար նախանշած քվոտայում: ՈՒ եթե իշխանական տարաբնույթ ազդեցիկ խմբերի միջև պայքարը երբեմն հաջողվում է քողարկել և առայժմ խուսափել ուղղակի առճակատումներից ու սովորական դարձած կրիմինալ «ռազբորկաներից», ապա ընդդիմադիրների պայքարը միմյանց դեմ կրում է բացահայտ և պարբերական բնույթ: Ընդ որում, իրար դեմ պայքարն ընթանում է բոլոր հնարավոր հարթակներում՝ սկսած Ազգային ժողովի ամբիոնից, վերջացրած սոցիալական ցանցերով: Այս առումով ՏԻՄ ընտրություններում որոշ ընդդիմադիր ուժերի ոչ միասնական թիմով մասնակցությունը, անկասկած, նոր դաշտ կբացի ընդդիմադիր «ոխերիմ» բարեկամների առաջ:


Ամեն դեպքում նկատենք, որ մասնակցությունը ՏԻՄ ընտրություններին կարելի է նորություն համարել իրենց ընդդիմադիր հռչակած քաղաքական ուժերի մարտավարությունում, քանզի, ինչպես հայտնի է, մոտ երկու տասնամյակ օրվա դոմինանտ ընդդիմադիր ուժերը բացահայտորեն անտեսում էին համապետական նշանակությունից ավելի ցածր կարգավիճակ ունեցող ընտրական գործընթացներին ուղղակի մասնակցությունը: Բնականաբար, նման վարքագծի համար միշտ էլ քաղաքական ինչ-ինչ պատճառաբանություններ են բերվել, բայց իրականում դրանով հիմնականում քողարկվում էր տեղերում կազմակերպչական, ֆինանսական և այլ անհրաժեշտ ռեսուրսների բացակայությունը: Այսինքն, ընդդիմությունը գրեթե միշտ ինքնակամ հրաժարվել է, այսպես կոչված, վարչական ռեսուրսներին տիրանալու պայքարից: Հենց այն լծակներից, որոնք ընտրություններից հետո ընդդիմությունը մատնանշում է որպես իր հերթական պարտության հիմնական պատճառներից մեկը:


Այս անգամ, ինչպես նշեցինք, ընդդիմադիր բևեռում ավանդական «բոյկոտային» տրամադրություններն այլևս չեն գերակշռում, եթե չհաշվենք արմատական մարտավարություն դավանող «Հիմնադիր խորհրդարանը» և «Սասնա ծռերի» հետևորդներին, երբեմնի համեմատաբար ազդեցիկ «Ժառանգություն» կուսակցությունից մնացած քաղաքական խումբը, որոնք, ինչպես նաև քիչ թե շատ հայտնի և որպես ընդդիմադիր ներկայացող մի շարք քաղաքական ուժեր մասնակցելու են համայնքային ընտրություններին:
ՈՒշագրավ է, որ ընտրությունների նկատմամբ ոչիշխանականների հետաքրքրությունը շատ հարաբերական է. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընդդիմության անսպասելի հետաքրքրությունն այն համայնքների նկատմամբ է, որտեղ անցկացվելու են ավագանու ընտրություններ։ Խոսքը, մասնավորապես, հանրապետության երկրորդ և երրորդ քաղաքներ Գյումրու և Վանաձորի մասին է։ Մոտ 60 համայնքներում ընդդիմադիր թեկնածուներ չեն առաջադրվել։ Հարց է առաջանում՝ ինչո՞վ է պայմանավորված ընդդիմության հետաքրքրությունը տեղական նշանակության ընտրությունների նկատմամբ։ Ակնհայտ է, որ Գյումրիում ու Վանաձորում քաղաքական գործընթացներն արդիական են, քանի որ այստեղ փորձարկվելու են խորհրդարանական մոդելի ընտրություններ, որոնք անցկացվելու են ավագանու ցուցակներով:


Դիտարկելով այս երկու համայնքներում ակտիվացած քաղաքական ուժերին՝ նախ և առաջ նկատենք, որ այս գործընթացներում առավել ակտիվ են ընդդիմադիր դաշտում դիրքավորված նորաստեղծ կուսակցությունները։ Այդ ուժերի թվում են Էդմոն Մարուքյանի գլխավորած «Լուսավոր Հայաստանը», Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը», Վարդան Օսկանյանի «Համախմբումը», Գյումրիում՝ Տիգրան ՈՒրիխանյանի «Ալյանսը» և տեղական հայրենասիրության վրա «խաղացող» ԳԱԼԱ-ն։ Եվ եթե վերջիններս չլինեին, «ավանդական» ընդդիմություն կոչվածները՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և այլն, ինչպես նաև ժամանակ առ ժամանակ ընդդիմադիր դարձող Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդը» գուցե և չմասնակցեին ընտրություններին։ Այս պայմաններում նրանք ստիպված են մասնակցել, քանի որ մրցակցությունն ընդդիմադիրների միջև ստիպում է ներգրավվել այդ գործընթացներին և չթողնել նորաստեղծ հակառակորդ թևերին իրենցից առաջ անցնել։


Նորաստեղծ կուսակցությունները ՏԻՄ ընտրություններում լուծում են մի շարք խնդիրներ։ Քանի որ Գյումրիում և Վանաձորում խաղարկվում է խորհրդարանական ընտրապայքարի մոդելը, ապա սա լավագույն դաշտն է, որպեսզի տվյալ համայնքներում կարողանան աշխատեցնել սեփական նորաստեղծ կամ դեռևս ձևավորվող կառույցները, գործելու ընթացքում այդ կառույցները նաև համալրել՝ միաժամանակ քարոզչական աշխատանք տանելով և ամենակարևորը՝ ընտրական գործընթացներում պայքարի փորձ ձեռք բերելով։ Սա այն դեպքն է, երբ կատարված աշխատանքը ջուրը չի ընկնում։ Քանի որ ՏԻՄ և խորհրդարանական ընտրությունների միջև ժամանակահատվածը բավականին կարճ է, ուստի այս պահին կազմակերպչական ու քարոզչական ցանկացած գործ կուտակվում և աշխատում է խորհրդարանական ընտրությունների օգտին։ Հիշենք, թերևս, ժամանակին «Քաղաքացիական պայմանագրի» մասնակցությունը Հրազդանի քաղաքապետի ընտրություններին, որտեղ այն թեև պարտվեց, բայց բավականին լուրջ տոկոսներ հավաքեց ու փորձ ձեռք բերեց՝ խաղարկելով տարբեր քաղաքական և ընտրական տեխնոլոգիաներ: Կարելի է ենթադրել, որ համապատասխան աշխատանքի շարունակման դեպքում այդ ջանքերը փոխհատուցվելու են արդեն խորհրդարանական ընտրություններում։


Բացի այդ, նորաստեղծ կուսակցությունների ամենակարևոր խնդիրներից մեկը իրենց նոր «ապրանքանիշը» լայն զանգվածներին ճանաչելի դարձնելն է։ Ընդ որում, այդ կուսակցական բրենդը պետք է փորձեն ճանաչելի դարձնել ոչ միայն տեղերում, այլև, քանի որ առաջիկա ՏԻՄ ընտրությունների արձագանքը, անկասկած, շատ մեծ է լինելու, մամուլում, սոցիալական ցանցերում, ուստի, օգտագործելով այդ հանգամանքը, համապետական ընտրություններից 6-7 ամիս առաջ՝ նաև ամբողջ երկրում:


Նորաստեղծ կուսակցությունները, որոնք մրցում են արևի տակ իրենց տեղն ունենալու համար, հայտ են ներկայացնում։ Նրանք փորձելու են ցույց տալ իրենց իրական ուժը՝ դրանով գուցե բանակցային նոր ռեսուրսներ ձեռք բերելով և խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական առևտրում իրենց հաղթաթղթերին ավելի մեծ կշիռ տալով։ Սա նաև լավ առիթ է նոր հովանավորներ գտնելու և ֆինանսական հնարավորությունները մեծացնելու առումով։
Ինչ վերաբերում է տարիներ շարունակ ընդդիմություն «աշխատող» քաղաքական ուժերին՝ ՀԱԿ-ին, նոր ձևաչափով հանդես եկող ԲՀԿ-ին կամ «Հայկական վերածննդին», ապա, ինչպես արդեն նշեցինք, սրանք գուցե չփորձեին ակտիվություն ցուցաբերել, եթե նորաստեղծները չձգտեին, թեկուզ դեֆակտո, նրանց տեղը գրավել։ ՈՒստի նորաթուխ ուժերի մասնակցությունը պարտադրում է ավանդական ընդդիմադիրներին նույնպես ներգավվել ընտրական գործընթացներում՝ ցույց տալու համար, թե դեռևս ինչ-որ բան իրենցից ներկայացնում են։ Պատահական չէ, որ քաղաքական շրջանակներում համառ խոսակցություններ են շրջում այն մասին, որ ՀԱԿ-ի համար, թերևս, ամենագլխավոր նպատակներից է դարձել թեկուզ շատ փոքր, բայց միշտ առաջ լինել Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրից»։ Եվ նույնիսկ խոսակցություններ կան, թե իբր Լևոն Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան խորհրդակցությունների ժամանակ առաջին նախագահը կամ նրա թիմակիցները միշտ այդ հարցը, որպես նախապայման, բարձրացնում են իշխանությունների առջև։


Ավանդական կուսակցությունները համայնքային ընտրություններում փորձարկելու են նաև կենտրոնական իշխանության հետ ձեռք բերած ինչ-ինչ շրջանակային համաձայնություններ։ Այսպիսով, կուրվագծվեն նաև նրանց հույսերը՝ կապված խորհրդարանական ընտրությունների հետ։ Ավագանու ընտրությունների պարագայում յուրաքանչյուր կուսակցություն հաշվարկում է հավաքել սեփական տոկոսը։ Եթե նույնիսկ ընդդիմադիրները հաղթելու ռեալ հույսեր չունենան, գոնե որոշակի տոկոսներ կակնկալեն և այդ տոկոսով ու գուցե քողարկված համաձայնությունների արդյունքում սեփական տեղը կապահովեն տեղական ավագանիում։
Առաջիկա ներքաղաքական պայքարի հիմնական տրենդը լինելու է «Բոլորը բոլորի դեմ» կարգախոսը, որի ներքո բոլորը միմյանց մեղադրելու են «իշխանական նախագիծ» լինելու մեջ։ Այս հանգամանքը, ի դեպ, շատ ձեռնտու է իշխանությանը, քանի որ ընդդիմադիր կոչվածները վարկաբեկում են միմյանց։ Իշխանությունն առանձնապես քաղաքական և PR ռեսուրս չունի իրեն դրական ներկայացնելու, և այս պայմաններում իշխանության միակ հնարավորությունը մյուս ուժերին վարկաբեկելն է։ Ցանկացած քաղաքական ուժի կամ դեմքի վարկաբեկելու լավագույն ձևը այն իշխանության հետ շաղկապելն է։ Այդ իսկ պատճառով իշխանությունը որոշակի նախագծեր է պատրաստում, որոնք շատ ակտիվորեն զբաղված են այդ գործընթացներով, միմյանց վարկաբեկելով՝ իշխանության բացասական կերպարը փոքր-ինչ քողարկում են՝ ամբողջ ընդդիմադիր դաշտը սարքելով իշխանամետ։ Ընդ որում, ընդդիմադիր ուժերը հենց դրանով էլ զբաղված են՝ մեկը մյուսին անվանելով «իշխանական նախագիծ»։ Չի բացառվում, որ այստեղ իրոք ճշմարտություն կա, քանի որ իշխանությունը միատարր չէ, տարբեր խմբեր այստեղ իրենց շահերն ունեն, և գրեթե յուրաքանչյուր իշխանական խումբ ստեղծել է իր ձեռնասուն ընդդիմությունը։ Ընդդիմության յուրաքանչյուր թև, բացի գլոբալ հարցը լուծելուց՝ ամբողջ քաղաքական դաշտը վարկաբեկելուց, լուծում է նաև իր իշխանական տանիքի խնդիրը՝ վարկաբեկելով նաև մրցակցին։


Եթե գործընթացները շարունակվեն այս տրամաբանությամբ, և լուրջ ֆորսմաժորային իրավիճակներ չուրվագծվեն, կարելի է ենթադրել, որ ամեն ինչ տեղի կունենա քաղաքական առևտրի շրջանակներում։ Իսկ ֆորս մաժորի գլխավոր պատճառը Արցախի շուրջ գործընթացներն են։ Ինչպես ցույց տվեցին «Սասնա ծռերի» գործողությունները, դրսի թեկուզ փոքր աջակցության պայմաններում բավականին լուրջ իրավիճակներ կստեղծվեն, որոնք կխառնեն թե՛ իշխանության, թե՛ իշխանության հետ համագործակցության ելած ընդդիմության խաղաքարտերը։


Այս պարագայում Ռոբերտ Քոչարյանի բավականին սուր հարցազրույցը և տված գնահատականները որոշակիորեն ֆոն են փոխում։ ՀՀ երկրորդ նախագահը, որքան էլ հասարակության կողմից չի ընկալվում որպես ընդդիմադիր դեմք, այնուամենայնիվ, բավականին լուրջ ազդեցություն է պահպանում վարչական ռեսուրսում, պետական ապարատում, որտեղ ինչ-ինչ պատճառներով դժգոհ են ներկա ռեժիմից՝ սկսած ֆինանսական հոսքերի ամենավերևներում կենտրոնացումից, վերջացրած երկրում առկա քաղաքական և տնտեսական անկայունությամբ, ինչը խանգարում է նրանց թե՛ բիզնեսին, թե՛ ընդհանրապես բարեկեցությանը։ Ռոբերտ Քոչարյանը, սլաքն ուղղելով իշխանության դեմ, ավելի շուտ փորձում է խարխլել վարչական ռեսուրսը և իշխանության վերադառնալու հայտ է ներկայացնում՝ ակնարկելով, որ ծառացած հարցերը կարող է լուծել։ Իհարկե, իշխանությունների համար ամենազգայունը Քոչարյանի անդրադարձն է «Սասնա ծռերի» թեմային։ Նա ընդգծում է, որ իշխանությունը չունի որևէ հասարակական աջակցություն։ Երկրորդ նախագահի հարցազրույցը կարող է ինչ-որ բան փոխել, բայց քանի որ որևէ քաղաքական ուժի աջակցություն չունի, եթե չհաշվենք «Համախմբումը», ապա պետք է ընդունել, որ այն ընդամենը սեփական անձի մասին հիշեցման փորձ է և ուղերձ է դրսին, որ համապատասխան պայմաններ ստեղծելու պարագայում ինքը կարող է խաղի մեջ մտնել։ Թեպետ այստեղ, կարծես թե, Սերժ Սարգսյանն իր կանխարգելիչ քայլն արդեն արեց՝ փոխելով վարչապետին:


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1328

Մեկնաբանություններ