«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ

Հարուստ ու ժողովրդավարական երկիր կառուցելու գորբաչովյան բոլոր խոստումները իրականում փուչ դուրս եկան. ինչո՞ւ
09.09.2016 | 08:29

(սկիզբը՝ այստեղ)

Чтобы лишний раз не дразнить гусей


Եթե վերադառնանք Խորհրդային Միության տնտեսական զարգացման հիմնախնդիրներին, ապա կհամոզվենք, որ, ամեն դեպքում, խորհրդային պետական, պաշտոնական տնտեսական գաղափարախոսության հիմքում բավականին աղճատված ձևով դրված է եղել Կարլ Մարքսի տնտեսագիտական տեսությունը, որը ներկայացված է «Կապիտալ» հանճարեղ աշխատությունում: Շուկայական տնտեսության վրա հիմնված տնտեսավարման կապիտալիստական համակարգի փոխարեն Խորհրդային Միությունում ի սկզբանե ձևավորվեց տնտեսավարման պլանային ձևը, որը բխում էր սոցիալիստական նոր էկոնոմիկա ստեղծելու գաղափարախոսական խնդիրներից ու պահանջներից: Ենթադրվում էր, որ այդպիսով հնարավոր կլիներ արարել նոր էկոնոմիկա, ստեղծել արտադրական նոր հարաբերություններ ու, արդյունքում, ձևավորել հասարակական-տնտեսական մի նոր հասարակարգ, որը կդառնար ավելի արդարացի, ավելի արդյունավետ ու կբավարարեր հասարակության պահանջները՝ հիմք դառնալով հասարակական նոր հարաբերությունների ձևավորման ու սոցիալիստական հասարակարգի կառուցման: Ամեն ինչ լավ էր ձևակերպված ու մոտ էր ճշմարտությանը, բայց դա միայն առաջին հայացքից:


Խորհրդային Միության գոյության 70 տարիները ցույց տվեցին, որ, ամեն դեպքում, Մարքսը ճիշտ էր. սոցիալիստական հասարակարգերը կարող էին առաջանալ միայն կապիտալիստական հասարակարգերի հիման վրա՝ որպես նրանց բուռն զարգացման արդյունք: Այսօր այդ արդյունքների օրինակները մենք ունենք, վկա ձեզ Գերմանիան, Շվեդիան, Շվեյցարիան, Նորվեգիան և այլ զարգացած կապիտալիստական երկրները, որտեղ ստեղծված է քաղաքացիների սոցիալական կացության շատ բարձր մակարդակ, որտեղ մինիմումի են հասցված կապիտալի ու արտադրողական ուժերի միջև գոյություն ունեցող անհաշտելի թվացող հակասությունները, որտեղ մարդկանց առողջության, կրթության, աշխատանքի, սոցիալական ապահովության, անվտանգության, համայնավարության, մարդու իրավունքների, բնության պահպանության ու սոցիալական բնույթի բոլոր կարևոր հարցերը լուծվում են պետական բարձր մակարդակներով. ամեն ինչ արվում է մարդու համար:
Խորհրդային Միությունում ևս ամեն ինչ արվում էր մարդու համար, բայց դա ընդամենը դեկլարացիա էր, որն այդպես էլ մնաց թղթի վրա, կյանքում այն չիրականացավ, չէր էլ կարող իրականանալ, որովհետև չստեղծվեցին դրա տնտեսական հիմքերը, չէին էլ կարող ստեղծվել. տնտեսավարման պետական պլանային համակարգն ու նրա գլխին բազմած խորհրդային բյուրոկրատիան չէին կարող նման բան թույլ տալ: Տեխնիկական առումով ճիշտ կլինի, որ կապիտալիստական ու սոցիալիստական արտադրությունների համեմատական վերլուծության ժամանակ մի կողմ դրվի արտադրության միջոցների նկատմամբ մասնավոր ու պետական սեփականության ձևերի խնդիրը ու հիմնական շեշտը դրվի տնտեսավարման պլանային ու շուկայական ձևերի առանձնահատկությունների վրա: Կարևորը, վերջին հաշվով ու ամեն դեպքում, արտադրողական ուժերի զարգացումն է, որը գնահատվում է արտադրվող արտադրանքի ծավալների, որակի, հուսալիության ու այլ տեխնիկատնտեսական ցուցանիշներով, որոնք առաջնային են համարվում շուկաների ու կոնկրետ սպառողների համար: Տեխնիկական, տեխնոլոգիական, շուկայական ու արտադրական այլ հարցերում կուսակցական, գաղափարախոսական բոլոր ուղղորդումները կարող են միայն ավելորդ բարդություններ առաջացնել արդյունավետ արտադրական հարաբերություններ ստեղծելու գործում ու մշտական խոչընդոտներ դառնալ արտադրողական ուժերի դինամիկ զարգացման համար: Այդ է վկայում Խորհրդային Միության տնտեսության զարգացման պլանային համակարգի պատմությունը, որն աշխատում էր ԽՄԿԿ համագումարներում հաստատված հնգամյա պլաններով ու իրականացվում էր կուսակցական կազմակերպությունների մշտական հսկողության պայմաններում: Կոմունիստական գաղափարախոսական դոգմաներն ու ԽՍՀՄ-ում ներդրված պլանային համակարգը գործող արտադրական հարաբերություններին մշտապես տվել են ավելորդ օղակի, ոչնչի պետք չեկող, հինգերորդ անիվի էֆեկտ այն դեպքում, երբ քաղաքական գաղափարախոսությունից հեռու կանգնած շուկայական հարաբերությունները մշտապես կատարել են արտադրողական ուժերը առաջ տանող անիվի ու զարգացման գործընթացը ընթացքի մեջ պահող թափանվի դերը: Խորհրդային արտադրական հարաբերությունների մեջ տեղ գտած կոմունիստական գաղափարախոսությունն ընդամենը մի միջոց էր, որը կոմունիստական իշխանություններին թույլ էր տալիս իր ներկայացուցիչներին խցկվել հասարակական հարաբերությունների նյութական ոլորտի մեջ՝ ավելորդ անգամ հաստատելով իրենց իշխանական հավակնությունները երկրի և քաղաքական կյանքում, և ձևավորված սոցիալական հարաբերությունների մեջ՝ ոչ մի պատասխանատվություն չկրելով արտադրված նյութական բարիքների արդարացի-անարդարացի բաշխման համար: Խորհրդային պլանային համակարգի առանձնահատկություններից մեկն էլ այն էր, որ արտադրվող ապրանքների տեսականին ու արտադրության ծավալները պլանավորվում էին կենտրոնացված ձևով՝ ելնելով սոցիալական հավասարության ու սոցիալական արդարության կոմունիստական պատկերացումներից ու դոգմատիկ պահանջներից՝ ամեն ինչ ուղղակիորեն կապելով պահանջարկի հետ: Պահանջարկի ու առաջարկի խնդիրը Խորհրդային Միությունում կազմակերպված էր այնպիսի համամասնությամբ, որ պահանջարկը մշտապես բարձր լիներ առաջարկից: Կապիտալիստական երկրներում, որտեղ մշտապես գործել է տնտեսավարման շուկայական ձևը, արտադրությունները կազմակերպվում են այնպես, որպեսզի առաջարկը մշտապես գերազանցեր պահանջարկին, որպեսզի բացառվեր արտադրանքի պակասության (դեֆիցիտի) երևույթը, ինչը, իր հերթին, անխուսափելիորեն հանգեցնում էր արտադրանքի ավելցուկի, գերարտադրության ու, առաջին հայացքից, ռեսուրսների ոչ ռացիոնալ օգտագործմանը:


Գերարտադրությունը, ըստ Մարքսի ու Լենինի, կապիտալիստական տնտեսության հիմնական թերությունն ու պրոբլեմն է, որի լուծման համար մշտապես առաջանում է նոր շուկաներ ձեռք բերելու անհրաժեշտությունը՝ քաղաքական ու ռազմական ճնշումների, հաճախ նաև պատերազմների միջոցով ազդեցության նոր գոտիներ ստեղծելու ճանապարհով: Այստեղից հետևություն. կապիտալիստական հարաբերությունների պայմաններում հաջողությունների հասնելու համար պարտադիր կարգով պետք էր գնալ ավելորդ, ոչ արտադրական ծախսերի, որոշակի զոհողությունների ճանապարհով՝ արտադրելով ավելի շատ արտադրանք, քան շուկայի պահանջարկն էր:


«Պատերազմը,- գրել է Լենինը,- էկոնոմիկայի շարունակությունն է՝ զենքի միջոցով»: Խորհրդային Միությունում, հիմնականում Ստալինի ջանքերով, ներդրվեց տնտեսավարման ստալինյան պլանային համակարգը, որը առաջ տանելու համար անհրաժեշտ էր երկիրն ամբողջովին մեկուսացնել համաշխարհային տնտեսությունից՝ հրաժարվելով ազատ շուկայական տնտեսության գաղափարից: Ստալինը կարողացավ դա իրականացնել՝ երկրի սահմանները փակի տակ դնելով՝ կիրառելով «երկաթե վարագույրների» քաղաքականությունը: Պլանային տնտեսության գաղափարը կարող էր կյանքի կոչվել միայն տոտալիտար, ռեպրեսիվ, բռնապետական երկրներում, որտեղ ամեն ինչ ղեկավարվում է մեկ կենտրոնից: Խորհրդային Միության սահմաններում այս գաղափարը կենսունակ գտնվեց, որովհետև կար այնպիսի հեռատես բռնապետ, ինչպիսին ընկեր Ստալինն էր, երկրորդ այդպիսի բռնապետ աշխարհը դեռ չի ծնել: Խորհրդային պլանային փակ տնտեսությունը սկզբում լրջագույն հաջողություններ արձանագրեց՝ հիմնականում քաղաքացիների համախմբման, կազմակերպվածության բարձր աստիճանի ու գաղափարական տեսակետից կայուն մոտիվացիա առաջացնելու միջոցով: Այս ամենին օգնեցին Լավրենտի Բերիայի ռեպրեսիվ ապարատի նպատակային օգտագործումը և վրա հասած Հայրենական մեծ պատերազմը: Դրանք կարող են բնութագրվել որպես քաղաքականին նպաստող հանգամանքներ, որոնք կրում էին սուբյեկտիվ բնույթ ու ժամանակի որոշակի հատվածում դրական ազդեցություն գործեցին երկրի տնտեսության զարգացման վրա:


Պլանային տնտեսությունը ուներ բազմաթիվ թերություններ, որոնցից մեկն այն է, որ շուկայի համար նոր արտադրատեսակների ստեղծման, նոր տեխնոլոգիաների մշակման ու կիրառման, գիտության նվաճումների ներդրման գործընթացի հրահանգը ձեռնարկությունները պետք է ստանային վերևից՝ առանց ինքնագործունեության: Նոր գաղափարների, նոր տեխնոլոգիաների գեներացիայի ու կյանքում դրանք կիրառելու համար Ստալինի ու նրա շրջապատի հնարավորությունները, բնականաբար, խիստ սահմանափակ էին, տեխնիկայի ու տեխնոլոգիաների նվաճումներին նրանց խելքը չէր հասնում, իսկ գիտական հասարակությունը աշխատում էր ընդգծված պասիվության, անտարբերության, վախի ու խոր ապատիայի մթնոլորտում, ու դա ուներ իր բացատրությունը: Խորհրդային Միությունում, մանավանդ Ստալինի ու Բերիայի տարիներին, ընդունված էր, որ նախաձեռնությունը պատժելի է (инициатива наказуема), իսկ այն հայտնի կոչերն ու լոզունգները, որոնք ձևակերպվում էին որպես «ՑՉՏՐփպրՍՈÿ ՌվՌՓՌՈՑՌՉՈ ՎՈրր», չէին աշխատում. պրոֆեսիոնալ մասնագետներից շատերը խուսափում էին սեփական նախաձեռնությամբ սկսել երկարաժամկետ գիտահետազոտական աշխատանքներ՝ վախենալով, թե հնարավոր անհաջողությունների դեպքում իրենք ու իրենց մերձավորներն անմիջապես դաժան պատժի կենթարկվեին, եթե պետական միջոցները վատնվեին, բայց սպասվող արդյունքները չստացվեին: Այստեղ պետական պատժիչ մեքենան աշխատում էր անխափան, պատրաստ էր տաղանդավոր ու համարձակ գիտնականներին «սոսնձելու» հայտնի ստանդարտ պիտակները՝ սաբոտաժավոր, Անգլիայի կամ Ճապոնիայի լրտես ու նման բաներ, որոնց համար նախատեսվում էին թեթև պատիժներ՝ գնդակահարության տեսքով, իսկ ընտանիքի բոլոր անդամների համար աքսոր՝ դեպի Սիբիրի լայնարձակ տարածություններ:


Գիտական պասիվության, ավելի ճիշտ է ասել՝ գիտական ամլության վիճակը ԽՍՀՄ-ում պահպանվեց մինչև վերջին օրերը: Մի քանի օրինակ: 1975 թվականին, Մոսկվայի «ՏՕՐ» ԳԱՄ-ում աշխատելու տարիներին, ես մի հետաքրքիր հաշվարկ կատարեցի ու փորձնական եղանակով ապացուցեցի, որ գործարանում արտադրվող ԿԴ-229, ԿԴ-237 միջին հզորության կիսահաղորդչային դիոդները կոնստրուկտիվ սխալ են պարունակում. սիլիցիումային բյուրեղները կորպուսի վրա մոնտաժվում են այնպիսի բևեռականությամբ, որ p-n անցումի միջով անցնող «տաք» էլեկտրոնները բարձրանում են վերև ու, բացի անջատվող ջոուլյան էներգիայից, կոնտակտի վրա թողնում են նաև լրացուցիչ ջերմային էներգիա (Պելտեի էֆեկտ)՝ տաքացնելով ու 2-3oC-ով բարձրացնելով p-n անցման ջերմաստիճանը: Այդ դեպքում ներքևի կոնտակտը, որը սարքի ջերմահեռացումն ապահովող պղնձյա կորպուս էր, ընդհակառակը, սառեցվում է: Ստացվում էր այնպես, որ կորպուսը սառեցվում է, որը անիմաստ է սարքի համար աշխատանքային նպաստավոր ջերմային ռեժիմ ապահովելու տեսակետից, իսկ p-n անցումը լրացուցիչ տաքանում է, որը բերում է անցման ջերմաստիճանի բարձրացման ու, դրանից բխող, սարքի հուսալիության անկման: Եթե փոխվեր սարքի միջով անցնող հոսանքի ուղղությունը, որի համար բավական էր շուռ տալ բյուրեղն ու այն ամրացնել ջերմահեռացնող կորպուսի վրա p-n անցման p-կողմով (կոնստրուկցիայով նախատեսված n- կողմի փոխարեն), ապա աշխատանքային ջերմաստիճանը կիջներ, որն իր հերթին կհանգեցներ էլեկտրոնային սարքի հուսալիության բարձրացմանը. աշխատանքի երաշխավորված ժամկետը կհասներ մոտավորապես 11 հազար ժամի՝ նախատեսված 10 հազար ժամի փոխարեն: Աշխատանքային բարձր ջերմաստիճանների ժամանակ ակտիվանում են կիսահաղորդչային սարքերի մեջ ընթացող դեգրադացիոն պրոցեսները, որի պատճառով բարձրանում է խափանումների ինտենսիվությունը: Ջերմաստիճանի յուրաքանչյուր 10oC բարձրացնելու դեպքում կիսահաղորդչային բյուրեղի ներսում ընթացող ֆիզիկաքիմիական պրոցեսներն արագանում են երկու անգամ (բխում է Արենիուսի օրենքից): Դիոդների աշխատանքային ջերմաստիճանը իջեցնելով կարելի էր զգալիորեն բարձրացնել դիոդների հուսալիությունը, ինչը կարևոր ձեռքբերում կլիներ, եթե հաշվի առնեինք, որ այդ սարքերն օգտագործվում էին բացառապես ռազմական տեխնիկայում, այդ թվում՝ հրթիռների ու ատոմային մարտագլխիկները սպասարկող սարքավորումների մեջ:


Լրացուցիչ ծախսեր կատարելու, նոր հարմարանքներ ստեղծելու կամ տեխնոլոգիական այլ փոփոխություններ կատարելու առումով իմ գյուտարարական-ռացիոնալիզատորական առաջարկը բացարձակ ընկալելի ու ընդունելի էր. ոչ մի լրացուցիչ ծախս, ոչ մի ավելորդ բարդություն, բայց իմ առաջարկությունը չանցավ: Հարցը քննարկվեց միավորման տեխնիկական հանձնաժողովում, որոշում կայացվեց առ այն, որ այդ ուղղությամբ կատարվող գիտական հետազոտությունները պետք է շարունակվեն՝ հաշվի առնելով առաջարկության հույժ կարևորությունը, թույլ կտար բարձրացնել արտադրանքի հուսալիությունը, որից հետո միայն հնարավոր կլիներ անդրադառնալ գյուտարարական առաջարկի գործնական կիրառման հարցին: Որքան որ առաջարկությունը կարևոր էր ռազմական տեխնիկայի հուսալիության բարձրացման ու նրանց ծառայության ժամկետների երկարացման տեսակետից, նույնքան էլ պատասխանատու էր նրա կիրառության որոշման ընդունումը, քանի որ այդ սարքերը առանց պրոբլեմների արտադրվել ու օգտագործվել են 20 տարի շարունակ ու դժվար կլիներ սերիական արտադրության մեջ ինչ-որ նոր կոնստրուկտիվ-տեխնոլոգիական փոփոխություններ կատարելը՝ առանց հիմնավոր ու ծանրակշիռ փորձնական արդյունքներ ստանալու:
Ամեն ինչ ճիշտ էր, ռազմական արդյունաբերության մեջ ընդունված չէր միանգամից, ոտքի վրա շտապ քայլեր կատարել, պետք էր ամեն ինչ ստուգել, ծանր ու թեթև անել՝ գյուտարարական առաջարկության օգտակարության մեջ մեկ ավելորդ անգամ համոզվելու համար: Սա, ինչպես ասում են, միավորման տեխնիկական ղեկավարության ու «պատվիրատուի» ներկայացուցչի պաշտոնական տեսակետն էր: Հարցի քննարկումը շարունակվեց միավորման գլխավոր ինժեներ Յուրի Բորիսովիչ ՈՒտրոբինի առանձնասենյակում:


-Վահան Նորայրովիչ, Դուք վա՞տ եք ապրում,- իր ոչ պաշտոնական խոսքն այդպես սկսեց միավորման գլխավոր ինժեները,- կոմսոմոլի տարիք ունեք, բայց արդեն գիտությունների թեկնածու եք, Ձեր աշխատավարձը իմից բարձր է, լաբորատորիա ենք տվել ու բոլոր պայմանները ստեղծել ենք Ձեր գիտական աշխատանքները շարունակելու համար, Ձեզ ավելորդ հարցերով չենք զբաղեցնում, չենք խանգարում, պետք չէ մտնել միավորման արտադրական խնդիրների մեջ, մեր պլանները հազիվ ենք հասցնում կատարել, իսկ Դուք նոր գործ եք բացում, ընդունում եմ, որ ժամանակին չենք նկատել ու կոնստրուկտիվ սխալ ենք թույլ տվել, հուսով եմ, որ Դուք գիտեք, որ Ձեր առաջարկության քննարկումը կտեղափոխվի միավորման պարտկոմ, նաև նախարարության կոլեգիա, Շոկինը դեմ կլինի ու առանց կադրային պատիժների չի համաձայնի ներդրմանը («Էլեկտրոնպրոմի» մինիստր Ալեքսանդր Շոկինը իրոք դեմ էր գյուտարարական առաջարկությունների ներդրմանը, այդ մասին կխոսենք հետագայում), շատ ծանր վիճակի մեջ եք մեզ դնելու, եկեք բավարարվենք նրանով, որ Ձեր գյուտը հաշվի կառնենք մեր հետագա մշակումների ժամանակ, կարծում եմ՝ մենք իրար հասկացանք:


Նշեմ, որ այս մտերմիկ զրույցը Յուրի Բորիսովիչը տարավ խոր ափսոսանքով, որ մեր պայմաններում դժվար է կարևոր գործերն ու նախաձեռնությունները առաջ տանել, մի փոքրիկ սայթաքում և դու պաշտոնաթող գլխավոր ինժեներ ես, դա սովորաբար շատ ցավոտ է լինում՝ անձնական ողբերգության աստիճանի: Խորհրդային պաշտոնյաները գիտեին, թե ինչ դժվար է ծառայողական հիերարխիայի սանդուղքներով բարձրանալը, բայց գիտեին նաև, թե որքան հեշտությամբ են պաշտոնյաները վերևից ներքև գահավիժում ու ծանր դրության մեջ ընկնում՝ կորցնելով իրենց նախկին բոլոր ձեռքբերումներն ու նյութական բարեկեցությունը:
Յուրի ՈՒտրոբինը կիսահաղորդչային տեխնիկայի բնագավառում խորհրդային ճանաչված մասնագետներից էր, «Մինէլեկտրոնպրոմի» ամենաերիտասարդ գլխավոր ինժեներներից մեկը, որի առջև տվյալ պահին, դրել էի դժվարին ընտրություն կատարելու հարց. ներդնել մասնագետի կարևոր տեխնիկական առաջարկը՝ ելնելով գլխավոր ինժեների ծառայողական պարտականություններից, խորհրդային ռազմական տեխնիկայի հուսալիության բարձրացման խնդրից ու մասնագետի պրոֆեսիոնալ էթիկայի չգրված կանոններից, որոնք միանշանակորեն պահանջում են առաջ տալ տեխնիկական նոր գաղափարները, կամ մերժել այն՝ առաջնորդվելով իր բարձր պաշտոնը պահելու ու առաջխաղացման հեռանկարները բախտի քմահաճույքին չթողնելու մտահոգությունից: Յուրի Բորիսովիչը գնաց խորհրդային բյուրոկրատիայի տրորված ճանապարհով՝ մերժելով երկրին միայն օգուտ տվող իմ գյուտը կյանքում կիրառելու առաջարկությունը: Խորհրդային Միությունում այդպես էր ամենուր, դրա պատճառների մասին ես կպատմեմ հետագայում: «ՏՕՐ» ԳԱՄ-ում ԿԴ-229, ԿԴ-237 դիոդները արտադրվում են մինչ օրս՝ առանց համապատասխան տեխնոլոգիական փոփոխությունների՝ սարքերի հուսալիությունը պահելով ֆիզիկական հնարավորություններից ավելի ցածր մակարդակի վրա, որը կարող էր ավելի բարձր լինել առանց լրացուցիչ ծախսեր կատարելու: Եթե այս թեման մենք խորացնենք ու քննարկման դնենք, օրինակ, ատոմային մարտագլխիկների հուսալիության ապահովման խնդիրը, ապա կտեսնենք, որ Ռուսաստանն այսօր հայտնվել է անհուսալի ծանր դրության մեջ, մարտական հերթապահության մեջ գտնվող հրթիռներն ու միջուկային մարտագլխիկները մշտական խնամքի, վերանորոգման ու պրոֆիլակտիկ սպասարկման կարիք ունեն, դրանց մեջ օգտագործված էլեկտրոնային սարքերի հուսալիությունը ժամանակի ընթացքում միայն ընկնում է, բլոկների փոխարինման ու վերանորոգման աշխատանքները դառնում են անիրագործելի (ռադիացիոն ֆոնի պայմաններում աշխատելու, ռադիացիոն անկայունության, հին կոմպլեկտացիայի պահպանության ու օգտագործելիության ժամկետների ավարտի, նոր պայմաններում արտադրվող կոմպլեկտացիայի ու էլեկտրոնային սարքերի ցածր հուսալիության պատճառով, դա նկատելի է անգամ Ռոգոզինի հայտարարություններից, որը հաճախ է տրտնջում ու բողոքում տիեզերական սարքերի մեջ օգտագործվող չինական էլեկտրոնիկայի ցածր որակից ու հուսալիությունից, որոնց փոխարինողները ռուսներն արդեն չունեն, ինչ-ինչ, բայց հուսալիության ցուցանիշներով խորհրդային էլեկտրոնային սարքերը մշտապես լավ են եղել՝ մի գլուխ գերազանցելով ճապոնական ու ամերիկյան արտադրանքը), չի բացառվում, որ կլինեն ատոմային մարտագլխիկների ինքնարձակման ու դետոնացիայի դեպքեր: Սրանք արդեն տեսանելի էին ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ, երբ ռուսական ահարկու զինատեսակներն ընկնում ու չէին պայթում անորակության պատճառով:
«ՏՕՐ» ԳԱՄ-ի դիոդների պատմությունը միակ դեպքը չէր իմ աշխատանքային պրակտիկայում, երբ կարևոր գիտական առաջարկությունները մերժվում էին խորհրդային տեխնիկական բյուրոկրատիայի կողմից՝ միայն մեկ հիմնավորումով. чтобы лишний раз не дразнить гусей, տվյալ դեպքում, կուսակցական-բյուրոկրատական չինովնիկությանը: Սա խորհրդային պլանային համակարգի հարակից էֆեկտներից մեկն էր, որը խոչընդոտում էր գիտության ու տեխնիկայի նվաճումների օգտագործմանը արդյունաբերության մեջ, ու որը կրիտիկական դարձավ Գորբաչովի տարիներին, երբ վճռվում էին միկրոէլեկտրոնիկայի, ՏՏ տեխնոլոգիաների և գիտության ու արդյունաբերության մնացած կարևոր ճյուղերի զարգացման հեռանկարները: Այստեղ պատճառները ավելի խորքային էին, որոնց մասին մենք կխոսենք հետագայում՝ էլեկտրոնպրոմի խնդիրները վերլուծելու ժամանակ: ՏՏ, նանոտեխնոլոգիաների ու նորագույն տեխնոլոգիաների մյուս կարևոր բնագավառներում տեմպային զարգացում ապահովելու համար մասնագետներից հաճախ պահանջվում է չարդարացված ռիսկի գնալ, հաճախ նաև սխալվել, հսկայական միջոցներ ծախսել, բայց ցանկալի արդյունքը չստանալ: Ամերիկայում այսպիսի վիճակագրություն կա. ՏՏ ոլորտում գիտական հետազոտությունների մեջ կատարվող ներդրումների ռիսկայնությունը կազմում է 98 տոկոս: 100 աշխատանքից միայն երկուսին է հաջողվում կյանք մտնել, դրական արդյունք տալ, մյուսներն ավարտվում են անարդյունք՝ բերելով ժամանակի ու նյութական ահռելի կորուստների: Ամերիկացի կամ եվրոպացի մասնագետները կարող են իրենց թույլ տալ գնալ նման զոհողությունների, խորհրդային մասնագետը դրա հնարավորությունը չուներ. չկար սեփական գաղափարները սեփական միջոցներով առաջ տանելու հնարավորություն: Խորհրդային Միությունում ընդունված չէր սեփական գործը դնելը, լաբորատորիաներ կազմակերպելը, նման գործողությունները ենթակա էին քրեական հետապնդման: Գիտական հետազոտությունները կարող էին կատարվել միայն պետական գիտական լաբորատորիաներում, պետական միջոցներով, իսկ գյուտերի պատենտավորման ու վաճառքի իրավունքը տնօրինում էին պետական մարմինները, գյուտարարները կարող էին բավարարվել միայն հեղինակային իրավունքի վկայականներ ստանալով, որոնց համար սահմանված էր 200 ռուբլու չափով չնչին խրախուսական վճարում և որոշակի լրացուցիչ մասնահանումներ՝ կախված ստացված օգուտների չափից՝ 2-5 տոկոսի սահմաններում: Կապիտալիստական երկրներում գյուտարարը կարող է իր հետազոտությունները կազմակերպել սեփական միջոցներով, իր նախաձեռնությամբ կազմակերպված լաբորատորիաներում, հաճախ նաև պետության ֆինանսական աջակցությամբ՝ համոզված լինելով, որ իր գյուտը միայն ու միայն իր սեփականությունն է, որից նա կարող է օգուտներ ստանալ, որ իր գյուտը (պատենտը) մշտապես աշխատելու է իր օգտին: Դա շուկայական տնտեսության կարևոր առանձնահատկություններից ու առավելություններից է, որը մասնագետներին անընդհատ խրախուսում, ուղղորդում է դեպի նորագույն տեխնոլոգիաների ոլորտները, որտեղ նա կկարողանա գտնել իր գիտական, անձնական, նյութական ու բարոյական բնույթի բոլոր խնդիրների լուծումը: Նոր գաղափարների զարգացման, նոր տեխնիկայի ու տեխնոլոգիաների ներդրման ակտիվ գործընթացը կապիտալիստական երկրների տնտեսության զարգացմանը նպաստող գործոններից մեկն է, շարժիչ ուժերից մեկը: Սա հատկապես վերաբերում էր էլեկտրոնային տեխնիկայի զարգացմանը, որը կարևոր դեր ունեցավ արդյունաբերության մնացած ճյուղերի ու գյուղատնտեսության կայուն ու տեմպային զարգացումը ապահովելու համար: Մի քանի ուսանելի պատմություններ: Ճապոնական էլեկտրոնային ֆիրմայի գլխավոր ինժեների առանձնասենյակ է մտնում մի ինժեներ՝ արտադրվող սարքի կոնստրուկցիայի մեջ նոր փոփոխություններ մտցնելու իր առաջարկությամբ ու գծագրերով: Գլխավոր ինժեները ուսումնասիրում է գծագրերը, սեյֆից հանում է 10 հազար դոլար ու տալիս է ինժեներին՝ որպես վճար լավ առաջարկի համար: Ինժեների հեռանալուց հետո գլխավոր ինժեները ներկայացրած գծագրերը նետում է աղբարկղը:


-Ինչո՞ւ եք այդպես վարվում,- հետաքրքրվում է ներկա գտնվող խորհրդային կուսակցական գործիչը:
-Երեկ մեկ ուրիշ ինժեներ ավելի լավ տարբերակ էր առաջարկել, դա արդեն պետք չէր:
-Այդ դեպքում ինչո՞ւ վճարեցիք:
-Վճարեցի, որպեսզի շարունակի մտածել:


Մեկ այլ պատմություն: Ճապոնացի ինժեներների համար էքսկուրսիա է կազմակերպվում դեպի Զելինոգրադի առաջատար էլեկտրոնային ինստիտուտներից մեկը: Ճապոնացիները անցնում են ինստիտուտի լաբորատորիաներով ու ծանոթանում խորհրդային ինժեներների աշխատանքային առօրյային: Վերջում ճապոնացիներից մեկը մոտենում է ինստիտուտի աշխատակիցներից մեկին ու մեղավոր հայացքով խնդրում. «Ներող եղեք, ես ձեր պրոֆմիությունից չեմ, թե չէ ես էլ կմասնակցեի ձեր նստած գործադուլին»: Նման մի դեպք տեղի ունեցավ ինձ հետ Աբովյանի «Սիրիուսում»: Մտնում եմ իմ լաբորատորիաներից մեկը, բոլորն աշխատում են՝ բացի երիտասարդ ինժեներ-մաթեմատիկոս Կարենից: Կարենը գլուխը դրել էր սեղանին ու մուշ-մուշ քնել էր, դիտողություն արեցի, որ աշխատանքի ժամանակ քնել չի կարելի, սա քնելու տեղ չէ: Հաջորդ օրը Կարենի պատմությունը կրկնվեց, նրան խիստ նկատողություն հայտարարեցի ու հրամանով կտրեցի նրա եռամսյակային պրեմիան: Կարենն իմ դեմ բողոք էր գրել պարտկոմի, պրոֆկոմի ու գլխավոր տնօրենի անուններով՝ հետևյալ բովանդակությամբ. գործի տեղը ես ոչինչ չեմ արել, իսկ մեկնաբանվում էր «ընկեր Համազասպյանն իմ պրեմիան կտրել է» սկզբունքով: Ինչպես ասում են, դիտմամբ չես հորինի, բայց դա արտահայտում էր խորհրդային արտադրական հարաբերությունների իրական բնույթը՝ նրա հասարակական ընկալումը քաղաքացիների կողմից. գործ չանելը, աշխատանքային կարգապահությունը խախտելը սովորական երևույթ էին խորհրդային մասնագետների համար այն դեպքում, երբ նրանց կոլեգաները աշխարհի տարբեր երկրներում աշխատում էին տաժանակրի կարգավիճակով, որոնցից օգուտները քամվում էին մինչև վերջին կաթիլը՝ հանուն երկրների տնտեսական գործերի հաջողության:
(շարունակելի)


Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ

Դիտվել է՝ 3904

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ