Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Լևոն Իսահակյանը «Հայֆիլմի» պատմությունն է

Լևոն Իսահակյանը «Հայֆիլմի» պատմությունն է
09.09.2016 | 07:40

Լևոն Իսահակյանը կինոռեժիսոր է, արվեստի վաստակավոր գործիչ: Եղել է Լենինականի պիոներների պալատի առաջին տնօրենը և գեղարվեստական ղեկավարը, նվագել է ֆլեյտա նշանավոր կոմպոզիտոր Արտեմի Այվազյանի ղեկավարած նվագախմբում, խաղացել է Լենինականի Ա. Մռավյանի անվան թատրոնում, նկարահանվել է կինոֆիլմերում:
Որպես ռեժիսոր նկարահանել է գեղարվեստական և վավերագրական կինոնկարներ: 2004 թվականին, երբ Իսահակյանը 96 տարեկան էր, ես հաղորդում պատրաստեցի ռեժիսորի մասին: Ի դեպ, երկարակյաց են եղել ռեժիսորի պապը, հայրը, մայրը: Չնայած տարիքին, Լևոն Իսահակյանը ապրում էր ակտիվ կյանքով: Նա ամեն առավոտ մարզանք էր անում, հաճախ 4-րդ հարկից, որտեղ գտնվում էր նրա բնակարանը, իջնում էր կրպակ, գնում «Голос Армении» թերթը, որտեղ հանդես էր գալիս հոդվածներով: Ի դեպ, ռեժիսորը աշխատել է որպես լրագրող «Խորհրդային Հայաստան» թերթում, արժանացել է «Голос Армении» թերթի հատուկ մրցանակին: Նրա հոդվածները նվիրված էին հայկական կինոյի պատմությանը, գործիչներին, այսօրվա մեր կինոյի խնդիրներին: Գրում էր նաև անկախ Հայաստանի հիմնախնդիրների մասին:


Ահա թե ինչ էր պատմում Լևոն Իսահակյանը այդ հաղորդման ընթացքում:
«Հայրս հաճախ էր տանում ինձ տարբեր քաղաքներ: 1912 թվականն էր, հորս և մորս հետ կառքով Կարս ենք գնում: Ես նստած եմ դիմացի նստարանին, շատ անհարմար է, և գնում ենք երկար: Հայրս ասում է. «Սովորիր դժվարություններին, կյանքը բարդ բան է»: Հորս հետ Աշտարակում ենք՝ ունևոր մի մարդու տանը: Բակում մի խումբ մարդիկ մեծ զնդանի մեջ ինչ-որ բան էին տրորում: Պարզվեց՝ խաղող է, գինի են պատրաստում և մանրամասն պատմում են ինձ այդ պրոցեսի մասին:


«Տղաս, Անին աշխարհի ամենամեծ քաղաքներից է»,- ասում է հայրս, երբ գալիս ենք Անի: Հիշում եմ Անիի պարիսպները՝ բարձր-բարձր: Ապշեցուցիչ էր: 1914 թվականին արևի խավարում եղավ: Ասում են՝ դա վատ նշան է: Օգոստոսի 1-ին սկսվեց Համաշխարհային պատերազմը, որը բացասական դեր խաղաց մեր ժողովրդի համար, ճակատագրական էր, զարհուրելի...
1916 թվականին ռուսաց թագավորը գնացքով պետք է գնար Էրզրում՝ զորքերը ստուգելու: Բոլորիս տարան կայարան՝ թագավորին ողջունելու: Վագոնից դուրս եկավ միջահասակ մի մարդ՝ մորուքով, բաց գլխով: Հավաքվածներից մեկն ասաց. «Տո էդի՞կ է ռուսաց հսկա արքան: Ինչխոր ճնճղուկ էղնի»:


Սովորում էի երաժշտական դպրոցում, ֆլեյտա էի նվագում: Մեր ղեկավար Արտեմի Այվազյանը նվագախումբ էր ստեղծել: Մենք նվագում էինք թատրոնում: Թատրոնի առաջատար դերասան Արմեն Արմենյանը առաջարկեց ինձ դերեր խաղալ: Տարբեր ներկայացումներում փոքրիկ դերեր էի խաղում: Բարեկամս աշխատում էր կինոթատրոնում: Հաճախ ինձ տանում էր կինո դիտելու: Ես շատ էի զարմացած՝ ինչպե՞ս են պաստառի վրա մարդիկ հայտնվում, և որոշեցի անպայման զբաղվել կինոյով: Հայտնի խորհրդային ռեժիսոր Իվան Պերեստիանին նկարահանում էր «Անուշը»՝ ըստ Հովհ. Թումանյանի համանուն պոեմի: Նա ինձ առաջարկեց Մոսիի դերը: «Անուշ»-ից հետո «Востокфильм»-ը հրավիրեց ինձ նկարահանվելու: Պերեստիանիից ես սովորեցի դինամիկ մոնտաժ, գործողություն: Կինոստուդիան ինձ համար տաճար էր, ճեմարան: Ես ունեցա լավ ուսուցիչներ, շատ սիրում էի նրանց և շատ բան էի սովորում նրանցից: Համո Բեկնազարյանը միշտ լավ ստեղծագործական կոլեկտիվ էր հավաքում ու սիրում էր կրկնել. «Կինոն կոլեկտիվ ստեղծագործություն է»: Ափսոս, այսօր նրան մոռացել են:


Ես Լևոն Քալանթարի օգնականն էի և գլխավոր դեր էի խաղում «Խորտակված վիշապ» կինոնկարում: Այդ ֆիլմը նա նկարահանում էր Վավիկ Վարդանյանի հետ:
Քալանթարը լավ մարդ էր, նրան հարգում էին բոլորը, հումորի նուրբ զգացում ուներ»:
Լևոն Իսահակյանը միշտ ունեցել է հստակ քաղաքացիական դիրքորոշում: Նրա հոդվածների զգալի մասը նվիրված է Հայոց ցեղասպանությանը, նրա ճանաչմանը: Առաջին անգամ ցեղասպանության կադրերը ցուցադրվել են նրա «Երկիր հայրենի» ֆիլմում (1945 թ.):
«Ես ուզում էի, որ «Երկիր հայրենիի» հեղինակային տեքստը գրի Սերգեյ Յուտկևիչը: Սակայն նա շատ զբաղված էր, և ես դիմեցի Ալեքսանդր Դովժենկոյին: Խորիմաստ մարդ էր Դովժենկոն: Նա հիացմունքով էր խոսում հայկական ճարտարապետության մասին: Նա ասում էր. «Ֆիլմի յուրաքանչյուր կադր պետք է լինի ինչպես ձեր ճարտարապետությունը»:


50 վավերագրական ֆիլմերի հեղինակ է Լևոն Իսահակյանը: Նա նկարահանել է հայ արվեստի մեծերին՝ Արամ Խաչատրյան, Զարուհի Դոլուխանյան, Տաթևիկ Սազանդարյան, Գոհար Գասպարյան, Լուսինե Զաքարյան...
«Ես նկարահանեցի Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիայի կատարումը և հատված «Սպարտակ» բալետից (լենինգրադյան կատարում)»: Երբ Արամ Իլյիչը դիտեց ֆիլմը, արտասվեց: Ասաց. «Ինձ հաճախ նկարահանեք: Ես շուտով մեռնելու եմ»: Ես շատ զարմացա: Վահրամ Փափազյանին գիտեի դեռ Ալեքսանդրապոլի թատրոնից: Նա մեծ դերասան էր և մեծ ազդեցություն ուներ հանդիսատեսի վրա: Հետագայում մենք բարեկամացանք, և ես ուզում էի ֆիլմ անել նրա հետ: Չհասցրի: Նա հեռացավ կյանքից:
Ստուդիայի ռեժիսորներից մեկին հանձնարարել էին ֆիլմ նկարահանել Փափազյանի մասին: Չկարողացավ: Դիմեցին ինձ: Այդպես լինում էր: Երբ որևէ մեկին չէր հաջողվում ֆիլմ անել, դիմում էին ինձ: Եվ ես հասցնում էի ֆիլմը մինչև վերջ:


«Երևան» կրկեսային կոլեկտիվը բարձր կարգի կոլեկտիվ էր: Ես որոշեցի ֆիլմ անել կրկեսի մասին: Ծանոթացա Լեոնիդ Ենգիբարյանի հետ: Գործին նվիրված արվեստագետ էր, հանճարեղ դերասան, ինձ շատ սիրելի մարդ: Պահպանվել է Լեոնիդ Ենգիբարյանի նամակը Լևոն Իսահակյանին:


«Հարգարժան Լևոն Գեորգիևիչ
Ձեր նամակը ինձ մեծ ուրախություն պատճառեց: Ես միշտ երախտագիտությամբ եմ հիշում Ձեր աշխատանքը ինձ հետ նկարահանումների ժամանակ (խոսքը «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմի մասին է):
Ես միշտ հաճույքով եմ հիշում Ձեզ և համարում իմ ուսուցիչը կինեմատոգրաֆում:
Ընդմիշտ Ձեր՝ Լյոնյա:
17.03.64»


Լյոնյան տարբերվում էր բոլոր ավանդական ծաղրածուներից՝ առանց անբնական գրիմի, սովորական զգեստով, առանց տարօրինակ մեծ կոշիկների:
Սցենարում, որ գրվեց ֆիլմի համար, սյուժե չկար, միայն Լյոնյայի ռեպրիզներն էին: Իսկ ես Լյոնյայի օրինակի վրա ուզում էի ցույց տալ, որ միայն աշխատանքն է ստեղծում արժեք, ջանք պետք է դնել:
Որպես հիմք վերցրի հայ կրկեսի մյուս վարպետ Ստեփան Իսահակյանի կյանքը: Նա իմ հորեղբոր տղան էր, և ծնողները չէին ուզում, որ նա գնա կրկես: Բայց նա շատ համառ էր և շնորհիվ աշխատասիրության դարձավ հանրաճանաչ վարժեցնող: Եվ ստեղծվեց «Ճանապարհ դեպի կրկես» գեղարվեստական կինոնկարը (Հենրիկ Մալյանի հետ համատեղ):
Շնորհիվ Լյոնյայի, ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ: Այն ցուցադրվեց Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում կայացած միջազգային կինոփառատոնում: Գերմանիա էինք մեկնել ես և Իրինա Շեստուան: Ֆիլմը դիտեցին խորհրդային բոլոր հանրապետություններում: «Հայֆիլմը» հաճախ էր անդրադառնում հայ դասական գրողներին, սակայն աշխատող մարդու, վարպետի, հանքագործի, բանվորի, շինարարի մասին ֆիլմ չկար: Իմ ձեռքն ընկավ Չամանովի սցենարը աշխատանքի մարդկանց մասին: Նկարահանեցի «ՈՒմ է ժպտում կյանքը» կինոնկարը: Խաղում էին մեծ դերասաններ Մետաքսյա Սիմոնյանը, Բաբկեն Ներսիսյանը, Գուրգեն Ջանիբեկյանը, Դավիթ Մալյանը, Ցոլակ Ամերիկյանը: Ֆիլմը լավ ընդունվեց»:


Լևոն Իսահակյանը սիրով, մեծ ջերմությամբ էր վերաբերվում երիտասարդ արվեստագետներին: Նա կյանքի ուղեգիր տվեց Արտավազդ Փելեշյանին, երբ մշակույթի նախարարի տեղակալ էր: Մոսկվա գործուղեց երիտասարդ Ֆրունզե Դովլաթյանին՝ ԹթԼԽ ընդունվելու համար:
Հաղորդմանը մասնակցում էին Լևոն Իսահակյանի դուստրը՝ Լիլիթը, և թոռը՝ Լևոնը: Նրանք նշեցին, որ Լևոն Իսահակյանը իսկական մարդու էտալոն է՝ լավ հայ, լավ քաղաքացի, լավ ամուսին, լավ հայր: Նշվեց, որ Լևոն Իսահակյանը «Հայֆիլմի» պատմությունն է:
Ափսոս, որ տաղանդավոր ռեժիսորին չշնորհվեց ՀՀ ժողովրդական արտիստի կոչում:


Գարիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1159

Մեկնաբանություններ