Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Բաց նամակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին

Բաց նամակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին
09.09.2016 | 07:36

Պարոն նախագահ


Դժբախտությունը միայն այն չէ, որ Գորբաչովը կործանեց մեր հայրենիքը, մեր ընդհանուր տունը, այլև այն, որ շուրջ քառորդ դար մեր ընդհանուր տունը չի վերականգնվում, ամենուր տնտեսություններն անկում են ապրում, գիտությունը, տեխնիկան ու տեխնոլոգիաները չեն զարգանում, արդյունաբերությունը վատ է աշխատում: Գորբաչովին հաջողվեց ոչնչացնել խորհրդային միակ ձեռքբերումը հանդիսացող ժողովուրդների բարեկամությունը, դժվարությունների ժամանակ միավորվելու ու միասնաբար ծանր դրություններից դուրս գալու մարդկանց կարողությունը, ինչպես դա տեղի ունեցավ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ, Աշխաբադի, Տաշքենդի ու Սպիտակի երկրաշարժերից, Չեռնոբիլի աղետից հետո: Հիմա անհասկանալի բաներ են կատարվում՝ մսաղաց Ղարաբաղում, մսաղաց Մալոռոսիայում, ամենուր երիտասարդներ ու խաղաղ քաղաքացիներ են զոհվում, իսկ հետխորհրդային երկրների նախագահներն ու նրանց մերձավորները միայն բազմապատկում են իրենց հարստությունները. որտեղ երկրի մեկ նախագահ, այնտեղ մեկ միլիարդատեր, որտեղ մեկ պատգամավոր, այնտեղ մեկ միլիոնատեր: Որտեղի՞ց, մատուցված ի՞նչ ծառայությունների դիմաց՝ հայտնի չէ, ամենուր գանձագողեր ու պետական ունեցվածքը հափշտակողներ ու գողեր են:


Վերջերս Հայաստանի հասցեին ձեր էկզոտիկ քաղաքական ծաղրածու Ժիրինովսկու արած հայտարարությունը հանգեցնում է այն մտքին, որ մեր ժողովուրդների բարեկամության մեջ սեպ խրելու գորբաչովյան քաղաքականությունը դեռևս շարունակվում է, ըստ երևույթին ոմանց համար դա հույժ կարևոր է ու շա՜տ է պետք, որովհետև պղտոր ջրում հեշտ կլինի ձուկ բռնել, սկսված թալանը շարունակել:


Ոչ, ես այն կարծիքին չեմ, թե Ժիրինովսկին թքում է Հայաստանի վրա: Ո՛չ: Ժիրինովսկին թքում է ուղիղ Ռուսաստանի ճակատին, Ռուսաստանի ազգային շահերի վրա, որովհետև Ռուսաստանը միայնակ, առանց Հայաստանի ու մյուս փոքրաթիվ ժողովուրդների աջակցության, չի կարող հաղթահարել առկա տնտեսական ու քաղաքական կոլապսը:
«Не плюй в колодец, пригодится воды напиться»,- ասում են իմաստուն ռուսները: Մի թարմ օրինակ, Ռիո-2016-ի ժամանակ առաջին օլիմպիական ոսկե մեդալները Ռուսաստանին բերեցին հայուհին, չեչենը և ինգուշը: Այսօր Ռուսաստանը իրավամբ կարող է հպարտանալ իր ատոմային գիտությամբ, տիեզերագնացությամբ, առաջնակարգ էլեկտրոնիկայով, ռազմական տեխնիկայով և այլն, որոնք զարգացան Իոսիֆյանի, Աղաջանովի, Ալիխանյան եղբայրների, Շչոլկին-Մետաքսյանի, Սիսակյանի, Սամվել Քոչարյանի, Մերգելյանի, Ավագյանցի, Համբարձումյանի, Գուրզադյանի ու հազարավոր ուրիշ հայ ականավոր գիտնականների վճռական մասնակցության շնորհիվ: Հայերը, որտեղ էլ նրանք ապրելիս ու աշխատելիս լինեն, մշտապես անվերապահորեն պաշտպանել են Ռուսաստանի ու ռուս մեծ ժողովրդի շահերը, իսկ հիմա կանգնած են խոր երկմտանքի առջև. արժե՞ր այդպիսի դիրքորոշում ունենալ ու մշտապես մնալ Ռուսաստանի շահերի պաշտպանության դիրքերում, եթե Ռուսաստանը այդքան անշնորհակալ մտավորականություն ունի: Վերջերս «Ռոսվոորուժենիեի» կազմակերպած ցուցահանդեսի ժամանակ որպես ռուսական գիտության կարևոր ձեռքբերում էր ցուցադրվում լազերային մի նոր միկրոսկոպ, որի լուծողունակությունը կազմում է 1 միկրոն: Այդպես չէ:

Այդ բնագավառում հայ գիտնականներն ավելի ակնառու արդյունքների են հասել դեռևս 1978 թվականին՝ արտադրելով սերիական լազերային միկրոսկոպ, որի լուծողունակությունը արդեն կազմում էր 0,8 միկրոն և ստեղծելով աշխարհում առաջին նանոսկոպը, որը 1979 թվականին ցուցադրվել է Ա. Ն. Կոսիգինին՝ Աբովյանի «Սիրիուս» գործարան այցի ժամանակ: Հայաստանի հայ գիտնականների զինանոցում կան 40 տարվա վաղեմություն ունեցող բազմաթիվ գյուտեր, որոնք դեռևս անհասանելի են աշխարհի տեխնոլոգիական կենտրոններին: Մեր գիտնականների համատեղ աշխատանքները կարող են փրկել դրությունն ու ԵԱՏՄ անդամ երկրները դուրս բերել տնտեսական ճգնաժամից: Դա հնարավոր է միայն օլիգարխ-պարազիտների սանձերը քաշելու, նրանց թալանի ախորժակը մեղմելու և մեր երկրներից դուրս բերված կապիտալը վերադարձնելու պայմանով: Կապիտալ, որն այսօր աշխատում է ուրիշ երկրների տնտեսությունները զարգացնելու համար:
Համոզված եմ՝ Դուք կարող եք ուղղել Գորբաչովի թույլ տված սխալները: Նշեմ, որ Ղարաբաղի խնդիրը մենք ընկալում ենք որպես 1915 թվականի Հայոց եղեռնի ու ստալինյան ռեպրեսիաների հետևանքների վերացման հարց:


Վահան Նորայրի ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր
Երևան, օգոստոսի 11, 2016 թ.
Հեռ: 093-35-95-53,
E-mail: technostandard@mail.ru

Դիտվել է՝ 2554

Մեկնաբանություններ