Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մակարավանքն ու թուրքը

Մակարավանքն ու թուրքը
09.09.2016 | 08:06

560 թ. Կիպրոսի հյուսիսում կառուցված Սբ. Մակարի վանքը հայոց հնագույն քրիստոնեական համալիրներից էր: ՈՒներ Սբ Աստվածածին եկեղեցի, զանգակատուն, բազմաթիվ ձեռագրեր, թանկագին անոթներ, եպիսկոպոսական զգեստներ ու թագեր: Տարբեր ժամանակներում թե հոգևոր հայրերը (Թադեոս, Նիկողայոս, Գրիգոր, Մարտիրոս եպիսկոպոսներ, Մինաս, Գալուստ-Կայծակ, Հովսեփ վարդապետներ), թե աշխարհիկ այրերը (Աբեթիկ Նևրուզյան, Մալաթիացի Սարգիս, Պողոս և Վիրապ Արթինյաններ, Հայրապետ Մելիքյան) ջանքուեռանդ և փող չէին խնայում վանքը շեն պահելու համար:


Մակարավանքը տնտեսապես ինքնաբավ էր, վերոհիշյալ անձանց ու շատ այլոց շնորհիվ ուներ ջրաղացներ, որթերով, ձիթենիներով, սալորենիներով և այլ պտղատու ծառերով պարտեզներ, ձիթհան, խոշոր ու մանր եղջերավորներ, մեղվափեթակներ և այլն, իսկ զուտ եկամուտը կազմում էր ավելի քան 500 օսմանյան ոսկի: Այս բարվոք վիճակին ի հետևանս, կիպրահայերը մկրտության, ամուսնության ու թաղման համար չէին վճարում:
Սակայն կար եկամտի ևս մի զարմանալի ու անբացատրելի աղբյուր: Տեղացի թրքուհիները` մոմերը ձեռքներին, վազքով մոտենում էին Սբ Աստվածածնին, ավագ դռան մոտ շունչ առնում, ապա մտնում ներս, մոմերը վառում և կանթեղը պտտեցնում դրանց շուրջ, որպեսզի… իրենց սիրելին վերադառնա: Եթե սիրահարված էին, երկու մոմ իրար փաթաթելով էին վառում, եթե ատելություն ունեին, մոմը գլխահակ էին անում ու վառում: Եվ այս արարողության համար վճարում էին:


Հույն կանայք էլ մի հնամենի սովորույթ ունեին: Երբ իրենց մանչուկն սկսում էր քայլել, կանայք երեխային բերում էին եկեղեցի, ոտնամանը հանում ու նոր կոշիկ հագցնում: Թե ինչ իմաստ ու նշանակություն ուներ սա` չգիտեմ: Միայն թե հին ոտնամանների մի ամբողջ կույտ էր գոյացել եկեղեցու մոտ:


…1974 թ. Թուրքիան բռնազավթեց Կիպրոսի հյուսիսը: Թուրքական գերության մեջ հայտնված Սբ Մակարի վանքը թալանվեց, պղծվեց, ավերվեց: Ստորև զետեղում եմ Մակարավանքի անցյալի ու ներկայիս լուսանկարները: Հիշո՞ւմ եք Վիկտոր Հյուգոյի խոսքերը. «Ամեն ինչ պղծված է և ավերված, այստեղով թուրքն է անցել»: Մեր վանքի պարագայում թուրքը, դժբախտաբար, չի անցել, մնացել է:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2453

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ