Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Խաչը տիեզերքի իրական ու անճանաչելի հիմքն է

Խաչը տիեզերքի իրական ու անճանաչելի հիմքն է
09.09.2016 | 08:13

Այս հիշարժան տոնի եկեղեցական հիշատակության օրը կոչվում է տոն Սուրբ խաչի, բայց ժողովուրդը այն շարունակում է անվանել սբխեչ, ինչը սուրբ խաչի կրճատ տարբերակն է: Ինչևէ, լավ է, որ շատերն են հիշում այդ օրը, քանզի հիշատակելի է թե՛ ողջերիս, թե՛ ննջեցյալների համար, մեր ազգի մեծ մասը այդ օրը կապում է անցած-գնացած հոգիների հիշատակման հետ, քանի որ Տեր Հիսուսը խաչելությունից երեք օր հետո հարություն առավ մեռելներից։ Լավ է, որ հիշում ենք մեռելներին, բայց և չմոռանանք ողջերիս, քանզի Սուրբ խաչով է, որ մարդկությունը փրկվեց մեղքի ու մահվան իշխանությունից, ինչպես Պողոս առաքյալն է ասում. «Կորստյան մատնվածների համար Խաչի քարոզությունը հիմարություն է, իսկ մեզ՝ փրկվածներիս համար՝ Աստծո զորություն» (Կողոս. 2.17)


Իսկ տոնակատարության բուն իմաստը կապվում է գերությունից Սուրբ խաչի վերադարձի հետ, քանի որ, երբ 614 թվականին պարսիկները գրավում են Երուսաղեմ քաղաքը և կողոպտում թանկարժեք իրերն ու սուրբ մասունքները, որպես անարգանք քրիստոնյա աշխարհին իրենց հետ գերության են տանում նաև Քրիստոսի Խաչափայտը, մինչև որ 14 տարի անց՝ 628 թվին, Բյուզանդիայի Հերակլ կայսրը հարձակվում է պարսիկների վրա և ազատագրում Սուրբ խաչը։


Քրիստոնեական զորքերի հետ կռվում էին նաև հայոց զորագնդերը՝ Մժեժ Գնունու հրամանատարությամբ։ Խաչի վերադարձի ժամանակ հաղթող զորքերը անցան Հայաստանով դեպի Կոստանդնուպոլիս, որտեղ առժամանակ մնալուց հետո, Հերակլ կայսրը անձամբ այն իր ուսի վրա վերցնելով տարավ Երուսաղեմ և զետեղեց Գողգոթայի վրա։ Այդ պատճառով էլ այս տոնը կոչվեց Խաչվերաց, այսինքն՝ Սուրբ խաչի վերադարձը իր նախկին տեղը։
Իսկ Խաչվերացի տոնի վերաբերյալ Կիլիկյան Հայաստանում մի այսպիսի պատմական հուշ է մնացել։ Թորոս մեծ իշխանի մահից հետո սելջուկ թուրքերը՝ մի կողմից, խաչակիրների թափթփուկները՝ մյուս կողմից (թափթփուկ մականվանեցի այդ զորքը, որովհետև իսկական ասպետ խաչակիրները նման բան չէին անի), հարձակվեցին Կիլիկիայի վրա, քանզի ամբողջ Արևելքում միայն Կիլիկիայի հայերը զորավիգ եղան խաչակիրներին, որպեսզի ջլատված ուժերը վերականգնելով՝ համախմբվեն ու գրավեն Երուսաղեմը։


Թշնամու զորաբանակները մի քանի գյուղեր ավերելուց ու թալանելուց ավելի բան չկարողացան անել, քանզի հայերը ուժգին հակահարված հասցրին։ Տեսնելով, որ առանձին-առանձին չի կարողանում կոտրել հայերի դիմադրությունը, թշնամին որոշեց միաբանվել ու սեպտեմբերի 13-ին մեկտեղ հարձակվել։ Լսելով այդ մասին՝ Թորոս իշխանի հետնորդը` Լևոնը, որոշում է ռազմական խորամանկություն բանեցնել. նա իր մոտ է կանչում մի քանի ծանոթ խաչակիրների և, մեծ գումարներ տալով, ասում է, որ գնան իրենց բանակում այս լուրը տարածեն. «Քրիստոնյա աստվածապաշտ զինվորներ, մեր դքսերն ու մարքիզները հրամայում են, որպեսզի հայերի վրա հարձակվենք սեպտեմբերի 13-ին։ Դա քրիստոնեավայել բան չէ, քանի որ դրա հաջորդ օրը` 14-ին, Խաչվերացի տոնն է, ու բանից դուրս է գալիս, որ մենք անհավատ թուրքերի հետ պետք է այդ տոնի նախօրեին դուրս գանք կռվելու քրիստոնյա հայերի դեմ։ Այդ մեր չար արարքի համար Աստված մեր հոգիները դժոխք կուղարկի։ Ավելի լավ է, մենք չմասնակցենք այդ պատերազմին»։


Այդ լուրերի շնորհիվ Աստված քրիստոնյաներին հետ պահեց պատերազմելու ցանկությունից, և խաչակիրները հրաժարվեցին թուրքերի հետ միաբանվելուց։ Արդյունքը եղավ այն, որ Լևոնն իր զորքով կարողացավ ջախջախել թուրքերին և երկրից դուրս վանել թշնամու զորաբանակները Խաչի ամենահաղթ զորությամբ։ ՈՒ Լևոն թագավորը պալատական մատենագրության մատյանում գրել տվեց. «Եթե թուրքերին ու խաչակիրներին չանջատեի իրարից, չէի կարող հաղթել նրանց»։


Ահա այս պատմական դրվագը ևս մեկ ապացույց է այն բանի, որ Խաչվերացը մեծ ու հիշատակելի տոն է, և հարկ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա հայորդի մասնակցի այդ տոնի Սուրբ պատարագին, մեղա գա ու մաքրվի իր մեղքերից Խաչի վրա թափված Հիսուսի սուրբ Արյան քավչարար զորությամբ և սուրբ Հաղորդությամբ անմահացնի իր հոգին, քանզի կգա օրը (Աստված գիտի, թե երբ), մենք էլ ննջեցյալների շարքը կդասվենք, այդ պատճառով հարկ է, որ հոգեպես պատրաստ լինենք այդ հաշվետու օրվան, երբ յուրաքանչյուրս պետք է հաշիվ տա Արարիչ Աստծուն իր բոլոր արարքների համար, որ Նրանից էլ ստանա իր վարձքը թե՛ չարի, թե՛ բարու համար։


Աստված օգնական լինի բոլորիս անդատապարտ կանգնելու երկնային Դատավորի առջև. ամեն։
Այժմ, որպեսզի խորությամբ հասկանանք Սուրբ խաչի տոնի խորհուրդը, կարդանք եկեղեցու վարդապետների մի քանի գրվածքներ։
Անտոն Մեծ. «Եթե քեզ հրեշտակ է հանդիպում, և ինքն ասում է, որ հրեշտակ է, ասա՛ նրան թող խաչակնքի, քանի որ դևերը չեն կարողանում տանել Խաչի նշանը»:
«Դևերը հատկապես վախենում են Տիրոջ Խաչի նշանից, քանի որ մեր Փրկիչը Խաչով նրանց զորությունը խլեց ու հայտնապես խայտառակեց»:


Կյուրեղ Ալեքսանդրացի. «Այսուհետև ամոթ մի՛ համարեք Քրիստոսի Խաչը, այլ թեպետև մեկը թաքցնի, դու հայտնապես ճակատիդ դիր Խաչի նշանը, որովհետև դևերը արքայական այդ նշանը տեսնելով՝ սարսռում ու դողում են և փախստական դառնում։ Բայց դու առ նշանը ամենայն ժամանակ, երբ ուտում ես, խմում ես և բոլոր նպատակներով, թե նստես, թե կանգնես, թե քայլես, թե անկողին մտնես»։
Կյուրեղ Երուսաղեմացի. «Երկրպագի՛ր Տիրոջ Խաչի նշանին, որովհետև Խաչը Քրիստոսի հաղթության նշանն է՝ սատանայի ու նրա կամակատար դևերի և նրանց չար զորության դեմ, այդ պատճառով նրանք սարսափում և փախչում են Խաչից, երբ այն պատկերված են տեսնում»:
«Չամաչենք Խաչյալին խոստովանելուց։ Խաչակնքենք առանց երկմտելու, բոլոր պարագաներում. ուտելիս և խմելիս, տուն մտնելիս և դուրս գալիս, քնելուց առաջ պառկելիս կամ վեր կենալիս։ Սա մեծ պահապան է աղքատներին` ձրի, տկարներին` հեշտ, որովհետև շնորհքը Աստծուց է գալիս»։


Սուրբ Պողիկարպոս. «Ով Քրիստոսին չի դավանում մարմնով եկած, նա հակաքրիստոսն է, իսկ ով չի ընդունում Խաչի վկայությունը, նա սատանայից է»:
Տերտուղիանոս. «Ամեն ընթացքի՝ մուտքի և ելքի, հանվելիս, ուտելիս, մոմ վառելիս, քնի պատրաստվելիս ու տարբեր զբաղմունքներից առաջ մեր դեմքերին Խաչի նշանը պատկերելով՝ միշտ պաշտպանվել ենք չարի հնարքներից»։
Հովհաննես Ոսկեբերան. «Ոչ միայն մատներով պետք է Խաչի նշանը պատկերել դեմքին, այլև դրան պետք է նախորդեն սրտի հակվածությունն ու լի հավատը: Եթե այդպես խաչակնքես, ապա պիղծ ոգիներից և ոչ մեկը չի կարող մոտենալ քեզ, տեսնելով այն սուրը, որով նրանք խոցվել են, տեսնելով այն զենքը, որով նրանք մահացու վերք են ստացել: Չէ՞ որ, եթե մենք ահ ու դողով ենք դիտում այն տեղերը, որտեղ չարագործներին են մահապատժի ենթարկում, ուրեմն պատկերացրու, թե ինչպես են սարսափում դևերը, տեսնելով այն զենքը, որով Քրիստոսը ոչնչացրեց նրանց ողջ զորությունը և կտրեց սատանայի գլուխը»:
«Խաչը երկնայինների ու երկրայինների միացումն ու դժոխքի ավերումն է»:
«Շատերը չկարողացան հասկանալ, որ Խաչը տիեզերքի իրական ու անճանաչելի հիմքն է, որ այն Արարչի կնիքն է Իր ստեղծածների վրա»:


«Մեծ փութաջանությամբ դրոշմենք Խաչը մեր ճակատին ու սրտին, քանի որ մեր փրկության, ժողովրդի ազատության և Տիրոջ հեզության ու հաղթության նշանն է այն»։
Եփրեմ Խուրի Ասորի. «Տեսեք Նեռի խորամանկությունը. նա իր իշխանության տակ գտնվող բոլոր մարդկանց աջ ձեռքին և ճակատին իր կնիքը պետք է դնի, որպեսզի մարդը այլևս չկարողանա խաչակնքել, ինչպես սովորաբար անում են աջ ձեռքով սկսելով, նախ ճակատին դնելով, որի ժամանակ Տիրոջ անունն են տալիս, որովհետև անօրենը գիտի, որ Քրիստոսի Խաչի նշանը քանդում է իր ողջ զորությունը».
Իսահակ Ասորի. «Խաչը Քրիստոսի հանդերձն է, ճիշտ այնպես, ինչպես Քրիստոսի մարդեղությունը Նրա Աստվածության հանդերձն է»:
Սուրբ Օգոստինոս. «Եթե Խաչի նշանը չօգտագործենք կա՛մ հավատացյալի ճակատին, կա՛մ ջրի վրա, որից վերածնվում են, կա՛մ օծման ժամանակ, կա՛մ Սուրբ Զոհի վրա, որը մենք ուտում և ապրում ենք, ապա ամեն բան անպտուղ է»:


«Խաչի Նշանով ու Տիրոջ անունը կանչելով՝ սրբանում են Տիրոջ մարմինն ու արյունը, որ հացն ու գինին է, մկրտության ավազանը, եկեղեցու ձեռնադրվող ծառաները»:
Գրիգոր Նարեկացի. «Վերցրու ինձնից, աղաչում եմ Քեզ, Լուսավոր Խաչովդ՝ խեղդը հանցանքիս»:
«Կենաց Խաչիդ հաղթական սրով կտրատի՛ր բոլոր ցանցերը մարմնիս, որոնք ամենուր պաշարել են ինձ՝ մահու գերյալիս»:
Հովհաննես Սարկավագ վարդապետ. «Եթե սրբերի պատկերները լոկ «պատվելի» կամ «մեծարելի» են, ապա Քրիստոսի, Խաչի և Աստվածածնի պատկերները՝ երկրպագելի»:
Ներսես Շնորհալի. «Ոչ ամեն ինչ, որ խաչաձև է, սուրբ և պաշտելի պետք է համարվի, որովհետև բնության մեջ շատ խաչաձև բաներ կան, որոնց պաշտել ոչ ոքի մտքով չի անցնի։ Սուրբ պիտի համարվեն միայն օրհնված խաչերը»:


Խրիմյան Հայրիկ. «Տե՛ր, ի՞նչ է այս Քո օտար ու նորանշան գործը: Մարդիկ Խաչից խույս են տալիս, Դու դեպի այն ընթացար: Մարդիկ Խաչի մահն անարգանք են համարում, բայց Դո՛ւ, փառաց Տեր, Խաչը Քեզ փառք համարեցիր»:


«Տե՛ր, Դու փափագեցի՛ր Խաչը, գիտեմ, քանզի անհուն սիրովդ արբած՝ մարդկության փրկության համար դեպի մահը գնացիր, կախվելու Սաբեկա ծառից, որպեսզի Քո Հայրը հեռացնի վրեժխնդրության սուրը, որ բարձրացրել էր աշխարհին հարվածելու»:
Էմանուել քահանա. «Փառքը Խաչ է պատրաստում մարդուս համար, իսկ Խաչը՝ փառք»:


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3638

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ